ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԱԶՆԻՎ ՉԵ՛Ք

ԱԶՆԻՎ ՉԵ՛Ք
06.09.2011 | 00:00

Երբ ծանոթացա Հայ հեղափոխական դաշնակցութեան Արևմտյան Ամերիկայի կեդրոնական կոմիտեի 18.08.2011թ. (գիտակցաբար չեմ փոխել արևմտահայերենը) հայտարարությանը, ակամայից հարց առաջացավ. մի՞թե դարից ավելի կենսագրությունը ոչինչ չի սովորեցրել, մի՞թե այդ կուսակցությունն իր նեղ կուսակցական շահերից չի կարողանում վեր կանգնել, թեև դարից ավելի միշտ խոսում է «ժողովրդին հետ» (ինչպես այս անգամ) կամ, ինչպես ասվում է հայտարարությունում, «կեանքի բոլոր կամուրջները մեզ կկապեն հայրենիքին ու հայրենի երկնակամարին տակ անարդարութեան ծանր պայմաններուն մեջ տառապող ու պայքարող մեր ժողովրդին հետ»: Սկզբից ևեթ ասեմ, որ դուք երբեք ժողովրդի հետ չեք եղել, որովհետև, եթե ժողովրդի հետ լինեիք, երբեք հայ ժողովրդի Գողգոթան չէր լինի, եթե ժողովրդի հետ լինեիք, մենք այսօր ավելի մեծ Հայաստան կունենայինք, եթե ժողովրդի հետ լինեիք, իսկական ժողովրդական մարդիկ` Անդրանիկը, Նժդեհը, Շահեն Նաթալին և շատ շատերն այդ կուսակցությունից չէին հեռանա: Ժողովուրդ կոչվածը իսկական մանրադրամ է եղել դարից ավելի այդ կուսակցության քաղաքական լիդերների համար: Մի երկու թուրք հանցագործի սատկացնելն ամենևին լուսապսակով չի զարդարում այդ կուսակցության ճակատը: Չեմ փորձում վերլուծական հոդված գրել հայ ժողովրդին այդ կուսակցության բերած դժբախտությունների մասին, քանզի դա տվյալ պահին անօգուտ աշխատանք կլինի, սակայն հայտարարության կապակցությամբ լռել չեմ կարող, որովհետև դա է թելադրում ինձ պետական իմ մտածելակերպը, հայի իմ տեսակը: Ես երբեք լեռնական չեմ եղել, բայց պաշտպանեցի հրապարակավ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ 1994 թվականին (հնարավոր է` թիվը սխալ եմ հիշում) Ամերիկայի նախագահի կողմից նրան տրված ճաշկերույթին հրավիրված դաշնակցությունը չմասնակցեց, մեղմ ասած` բոյկոտեց: Լավ հիշում եմ հոդվածիս տողերը. «Նախագահը մասնավոր անձ չէ: Նա հայ ժողովուրդն է, լավ, վատ` նա ներկայացնում է մեր երկիրը, այնպես որ, Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսության կողմից «Պեվըրլի Հիլթըն» հյուրանոցում ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ճաշկերույթը հայ ժողովրդի պատվին կազմակերպված ճաշկերույթ է, որովհետև միայն նախագահը (լավ թե վատ) իրավունք ունի խոսելու ժողովրդի անունից»:
Որպես հայ մարդ դատապարտեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ, քաղաքական ինչ-ինչ նպատակներից ելնելով, Հայաստանից վտարեց Մարուխյանին, դատապարտել եմ բոլոր այն հայ պատմաբաններին, որոնք թեկնածու, դոկտոր դառնալու համար դաշնակցությանը փնովող հարյուրավոր հատորներ են գրել (մինչդեռ վրացիք, Կովկասի թաթարներն իրենց ազգային կուսակցությունների մասին խելացիորեն լռել են): Դատապարտել եմ նաև այն վայ-կոմունիստներին (ազնիվների առաջ խոնարհվել եմ), որոնք անմտությամբ շրջանառության մեջ դրեցին «հայկական իմպերիալիզմ» հասկացությունը (պատկերացնում եք, չէ՞, կիսամեռած մի ժողովուրդ` իմպերիալիստ): Ինչո՞ւ եմ շեշտում այդ ամենը։ Միայն մի նպատակով. մինչև ե՞րբ պետք է ցուցաբերենք պետական տհասություն, ախր մենք այսօր այնքան ուժեղ չենք, որ թույլ տանք մեզ ամեն ինչի մասին այդքան հիմար ձևով խոսել:
Ճաշկերույթի կգնաք թե ոչ, ընկեր դաշնակցականներ, դա ձեր գործն է, բայց շեշտադրել շատ բաներ և այդ ամենը վերագրել գործող նախագահին` անամոթություն է: Մեր քսանամյա անկախության ընթացքում կառավարման երեք տարին է այս նախագահի, և դուք էլ լավ գիտեք, թե նա ինչպիսի ժառանգություն է ստացել նախկիններից, և թե այսօր ինչպիսի տնտեսական վիճակում է գտնվում աշխարհը, դա էլ լավ գիտեք:
Եվ այդքան ծանր ժառանգություն ստացած երկրում ամեն ինչ կոտրել ներկա նախագահի գլխին` առնվազն անազնվություն է: Անազնվություն է նաև, կեդրոնական կոմիտեի հարգելի ընկերներ, նստել Լոսում, սառը վիսկի խմել, նայել օվկիանոսի ալիքներին և հեռվից դասեր տալ, այն էլ այն դեպքում, երբ ժամանակին այս երկրի կառավարության տաքուկ անկյուններում հաջող ձվադրում էին ձեր տեղաբնակ ընկերները։ Համաձայնեք. այնքան էլ բարոյական կեցվածք չէ: Չկարծեք, թե նախագահի երդվյալ բարեկամն եմ: Ամենևին: Նախագահին պետք է քննադատել, պետք է ստիպել զգոն լինել, հեռու պահել գլոբալ սխալներից, ոչ թե Պիղատոսի նման ձեռքերը լվանալ և փախչել պատասխանատվությունից: Նախագահին ընտրում է ժողովուրդը, և այդ ընտրյալին պետք է խստորեն մոտենալ, ոչ թե տեղին-անտեղի հրաժարական պահանջել (ովքե՞ր են այդ պահանջողները. նրանք, որոնց կառավարման տարիներին շեն երկիրը ավերակ դարձավ) կամ էլ քնել, քնել և քնից արթնանալուց հետո չգիտակցել ասված խոսքի իմաստը, հայտարարել, թե կեդրոնական կոմիտեն կբոյկոտի այս ճաշկերույթը: Անկեղծ լինենք, հարգելի կեդրոնականներ, և ասենք, որ դրանից Ձեր տեսակարար կշիռը հայաստանաբնակ իմ տեսակի մոտ ամենևին չի աճում: Գիտեմ, դաշնակցական բարեկամս կնեղանա, բայց չասել չեմ կարող. հարգելի տեղական դաշնակցականներ, ինչո՞ւ փախաք կոալիցիայից: Մի՞թե այդ քայլով խուսափեցիք պատասխանատվությունից: Ամենևին, քանզի տեղական մի բարձրաստիճան դաշնակցական, որքան էլ ճառաբանի ազնվությունից, հայրենասիրությունից, միևնույն է, նա միշտ կմնա իմ մեջ որպես քաղաքական մի գործիչ, որը փորձում էր քրեական պատասխանատվության արժանի իր ընկերոջն արդարացնել Ռոբերտ Քոչարյանի միջոցով ամենօրյա ճնշում բանեցնելով դատախազության քննչական վարչության վրա։ Եվ հասավ դրան: Հարգելի կեդրոնականներ, քննադատությունը, առավել ևս ձեր մակարդակի, սուրբ և ազնիվ բան է, այն պետք է ծառայի վեհ նպատակին` հայրենիքի շենացմանն ու նրա հեղինակության բարձրացմանը: Մինչդեռ, կներեք, ձեր հայտարարությունը անազնիվ է և ապակառուցողական:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ