ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՎ ՍԱ՛ ԷԼ ԿԱՆՑՆԻ

ԵՎ ՍԱ՛ ԷԼ ԿԱՆՑՆԻ
30.11.2010 | 00:00

Սողոմոն թագավորի չափաբանությունը` սա՛ էլ կանցնի, այսօր առավել քան տեղին է:
Աստանայում վաղը մեկնարկող ԵԱՀԿ գագաթնաժողովը կլանել է հայոց ուշադրությունը: Լուրջ փորձագիտական սպասումների կողքին ցանկական սպասումներ են օդամղվում: Ասված է` բառը կենդանի է և առավել բնութագրում է այն արձակողին:
ԱՍՔ ՌՈԲԵՐՏԻ ԳՆԴԻ ՄԱՍԻՆ
Այն, որ ընդդիմությունը պետք է ռեֆերենտվեր Հայաստանի այսօրվա «պարտվողականության» և իրենց «հաղթողականության» մասին, ինքնին հասկանալի էր: Բոլոր ժամանակների ընդդիմության բան ու գործն էլ դա է:
Բայց Աստանայի ֆոնին առավել հետաքրքիր են ձևով ընդդիմադիր, բովանդակությամբ «չգիտես ինչ» «ուժի» դրսևորույթները:
Իհարկե, կարելի էր ավելի լայնարձակ դիտարկում կատարել այդ «չգիտես ինչ» թիմի առիթով, և ի վերջո, ու գոնե հանուն հարգանքի անդրադառնալ արտածումներին, որ անում է այդ թիմի «ժողովուրդների հայր» Ռոբերտ Քոչարյանը մամլո էջերում` վերջին իր ծավալուն հայտնություններով, որոնց քար լռությամբ որևէ արձագանք չի տալիս նույնիսկ ընդդիմությունը, ինչն էլ, ըստ էության, «ամենաաբիդնին» է այս ամենում, որովհետև մեկընդմիշտ ու անվերադարձորեն արձանագրվում է, որ, իսկապես, այդ թիմն ու նրա հեգեմոնը` էքսնախագահ Քոչարյանը, քաղաքական խաղից ամբողջովին դուրս են: Մեղմ ասած:
Անդրադառնալով Քոչարյանի «գրավոր» հայտնությանը, պետք է ասել` խիստ սովետական ոճով ու կատարումով (ականջը կանչի Չեռնոմիրդինի, որ ասում էր. ինչ անում ենք` կամ ստացվում է ԽՄԿԿ, կամ` Կալաշնիկովի ավտոմատ) վերջին օրերին «նոն-ստոպ» տարբերակով երգվում և փառաբանվում է Քոչարյանի ղեկավարած տասնամյակը: «Դեկադան» բացվել է տնտեսական «ծանոթ»` ցուցանքից մաշված Հյուսիսային քար-պողոտայով: Հետո արդեն սովետաասելիքավորները թափանցում են բուն քաղաքական ոլորտ` «վոժդի» անմար ու դրական դաջվածքը թողնելու մեր կեղեքված սրտերում:
Տիպական հանգամանքներում կերտվող տիպական հերոսի սոցռեալիստական կերպարն իբր ֆաբուլային ու շատ ուժեղ համադրության-հակադրության մեջ է առաջին նախագահի «բացասական» կերպարի հետ:
Բայց իրականում թիրախն ու կալաշնիկովյան նպատակակետը, այո և անշուշտ, երրորդ նախագահն է:
ՈՒ թե շատ հեռու գնանք ու մի քիչ էլ լրագրողորեն թունավոր լինենք, պիտի ասենք, որ առաջին և երկրորդ նախագահների «պոպուլուսական» տոկոսները նույնական են, երևի դրա համար է «էքսը» համեմատության մեջ մտնում Տեր-Պետրոսյանի հետ` մոռանալով, որ Տեր-Պետրոսյանն այսօր գործող ռեալ, ուժեղ ընդդիմություն է, որ խաղում է բաց դաշտում` առանց ֆաբուլաների ու ենթատեքստերի, և խիստ հասկանալի, նույնքան էլ հանրամատչելի ձևակերպել է, թե ինչ է ուզում ինքն այս փուլում և ինչու:
Եվ հետո` բոլորը վաղուց (և մանավանդ մարտի մեկից հետո) գիտեն, որ թիրախը հենց երրորդ նախագահն է, և այդ նա, ոչ թե առաջին նախագահը, սկսեց «հայ-թուրքական քիրվայությունը» (խիստ ռաբիս բնորոշում), որի ժամանակ, ըստ նույն «դեկադային» հրապարակումների, Քոչարյանը կարող էր մտնել «շահարկումների դաշտ, բայց մեծահոգի գտնվեց ու չմտավ»...
Քոչարյանի «վերադարձի» նյուանսները թողնենք ավելի պայծառ օրվա, «թըմի» համար պարզապես արձանագրենք, որ Աստանայից առաջ այն փորձում է վերադասավորվել, պատրաստ լինել, որ ֆորսմաժորի դեպքում իրադրությունը ձեռքից բաց չթողնի:
Շատ կարճ ներկայացնենք թիմի քրոնոլոգիական պահվածքն Աստանայից առաջ:
Այսպիսով, ԲՀԿ-ն «քսիվ» ուղարկեց հայաստանյայց ծագերը` «բա չեք ասի, ոնց որ թե` էլի, բայց` կարծես, իսկ գուցե` մի՞թե» կոնտեքստով: Մի խոսքով, ասաց` կարող է դուրս գա կոալիցիայից:
Դուրս գաք` ո՞ւր գնաք, հարգելիներ: Թե՞ ոգևորվել եք Պոպուլուսի` «ձեզ վրա» գրված տոկոսներից:
Պարոն ԲՀԿ, կարելի՞ է մի քանի անկեղծ, այսպես ասած, ճակատային հարց: Շնորհակալություն: Այսպիսով. Պոպուլուսի գրած այդ 26 տոկոսի մեջ քանի՞սն է քոնը և քանի՞սը Սերժ Սարգսյանինը: Քանի՞սն են ԲՀԿ բուն վերնախավում, քանիսը` ԲՀԿ շարքերում խաղում նախագահականի համար... թե՞ ձեզ նույնպես ձեռնտու է նրանց այդ խաղը` նախագահականի «մայլում», որպես «յայլեն» պարապ չմնալու գրավական, որովհետև (ինչպես դուք եք կարծում) Սերժ Սարգսյանի հետ ավելի հեշտ է աշխատելը, նա կարողանում է կոմպրոմիսների գնալ, իսկ այ Քոչարյանի հետ հնարավոր չէր, նա ահավոր... ես չէ, դուք եք ասում, իսկ մենք չենք բարձրաձայնում ձեր ասածը:
Հա, ի դեպ. փորձագիտական շրջանակներում շատերն են այսօր սպասում, թե ԲՀԿ-ն կամ պետք է դուրս գա կոալից-իայից, կա՛մ արտաբերի, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ոչ մի նման բան էլ չի լինելու: ԲՀԿ-ն ժամանակ է շահելու (համ էլ խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ իբր «բարիշեն» Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը. մի հարցնող լինի` էդ ե՞րբ են նրանք կռվել. համ էլ, մենք, այս առումով, ունենք մեր հատուկ կարծիքը, սակայն չենք բարձրաձայնում. բարև Ձեզ, Հովիկ Արգամիչ, հուսանք` լավ եք):
Այսպիսով, ԲՀԿ-ն դուրս չի գա կոալիցիայից (եթե դուրս գա, ապա դուրս կգա միայն նախագահականի հետ պայմանավորվածության-համաձայնեցվածության արդյունքում): Նույն նախագահականի խաղի տեսանկյունից ճիշտ չէ նաև, որ ԲՀԿ-ն այժմվանից բարձրաձայնի, որ պաշտպանում է Սերժ Սարգսյանին: Դա հնարավորություն չի տա, որ ընդդիմադիր, բողոքավոր մասսան դառնա ԲՀԿ պոտենցիալ էլեկտորատ, և ԲՀԿ-ն «ուռցվի»` ի անհրաժեշտություն:
Այնպես որ, Աստանայից առաջ և էլ առավել Աստանայից հետո, ԲՀԿ հարցում առաջնահերթությունները մնում են նույնը:
Քիչ ներքևում մենք կանդրադառնանք «թըմի» արտաքին քաղաքական բաղկացուցչին` Օսկանյան Վարդան Մինասիչին ևս։
ՏԵՂԵԿԱՆՔ` ՀԱՏՈՒԿ «ՉՇԱՀԱՐԿՈՂՆԵՐԻ» ՀԱՄԱՐ
Նախ` անիմաստ երկու հարցադրումների մասին: Սերժ Սարգսյանը «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում»: Ահա էլի խառնեցինք: Հարցադրում. Սերժ Սարգսյանը կգնա՞ Աստանա, թե՞ չի գնա: Հետաքրքիր է, որ լոկ «ոզնու մտքով» կարող էր անցնել նման անհեթեթ հարցադրում: Բայց ոնց երևում է ոչ միայն անցնում է, այլև «թըմային» մեկ այլ անդամ հոդաբաշխ և «հեթեթ» պատասխան է գտնում` «իրադրությունից է կախված այդ գնալը» (Դավիթ Հարությունյանի մտամարգարիտներից):
Ներեցեք. «ո՞ւմ» իրադրությունից:
Չխորանանք քաղաքագիտական վերլուծությունների մեջ, որովհետև արդեն ասել ենք` ինչու Ս. Սարգսյանը չմեկնեց Լիսաբոն: Ասել էինք նաև, որ Աստանայում ինչ-ինչ խորհրդանիշ-փաստաթուղթ, ըստ ամենայնի, կստորագրվի, սակայն դա հաստատ ու երբեք չի լինի «ճանապարհային» կամ մեկ «այլային» քարտեզ:
«Չշահարկվող» երկրորդ աբսուրդն էլ այն էր, որ ընդդիմախոսները կարծում են` հնարավոր է Աստանայում ընդունվի հռչակագիր, որտեղ, ինչպես ՆԱՏՕ-ում, ամրագրված կլինի միայն հելսինկյան եզրափակիչ ակտի մեկ սկզբունքը:
Նախ, ԵԱՀԿ-ն բազում-բազմաթիվ անգամ, նույն համանախագահող երկրների նախագահների մակարդակով (Աքվիլա, Կանադա) բոլորովին այլ հռչակումներ է արել` երեք սկզբունքից բաղկացած: Եվ հետո, նույն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վայրկյաններ անց նույն երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա) դեսպանատները մեկ անգամ ևս վերահաստատեցին այդ մոտեցումը, փաստորեն, «ոչ ևս անելով» ՆԱՏՕ-ի հռչակագիրը` Ղարաբաղի մասով. գերակայությունը վերապահելով ԵԱՀԿ մանդատին: Էլ չենք ասում Ռոբերտ Սիմոնսի մասին, որը նույն «ժխտումն» արեց առավել ծավալուն, բուռն և երկարատև:
Այնպես որ, որքան էլ ցանկանում են «շահարկող ու չշահարկողները», որ Սերժ Սարգսյանը «չմեկնի» Աստանա, նա մեկնելու է:
Ավելին` հանդես է գալու խնդրո առնչությամբ սկզբունքային զեկույցով: ՈՒ ինչպես «ցանկանում» ու պահանջում էին օպոնենտները` բարձր ամբիոնից լսելի է դարձնելու հայկական կողմի մոտեցումները, պահանջները միջազգային ատյանում:
ՎԱ՛Յ ՄԵ, ՕՍԿԱՆՅԱ՜Ն
Երկար ժամանակ դուրս էր եկել և չէր վերադառնում: Վարդան Մինասիչը: Որոշեց վերադառնալ: Հարցնում եք` որ խի՞:
Դե նա ԵԱՀԿ երկու (96 թ. Լիսաբոն, 99 թ. Ստամբուլ) գագաթնաժողովներում որոշիչ-առանցքային դերակատարություն է ունեցել: Ժողովուրդն ասում է` «դերակատարը» սիրում է վերադառնալ իր «առանցքի» վայրեր:
Վերադարձավ: ՈՒ ինքն իրենից առաջ անցավ: Փափուկ, իբր քաղաքականությունից է խոսում, վերցրեց ու սրընթաց մտավ երևակայության բաղչեքը, իբր խոսում է Աստանայից, իրականում խոսում է իրենից և Քոչարյանից:
Իրենից: 96-ին Լիսաբոնում ինքն էր գործընթացն առաջ տանում, զանգում էր Տեր-Պետրոսյանին ու թե` «պայոն նախագա, ոչ մի վտանգավոր բան չկա ռեզոլյուցիայում»: Վարդան, իսկապե՞ս ոչ մի վտանգավոր բան չկա Ղարաբաղի հարցով. հարցնում ու փորձում էին ճշտել Հայաստանից: «Ոևէ բան չկա, ոևէ բան»:
Լիսաբոնում հայտնված Տեր-Պետրոսյանն անակնկալի էր եկել: Եվս մեկ անգամ` Աստանայից ժամեր առաջ հիշենք Լիսաբոնը. սպառնալով վետոյի ենթարկել գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերը, այդ թվում` հռչակագիրը, Ադրբեջանը պահանջել էր արձանագրել, որ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է հիմնվի Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա: Այդ ճնշումների արդյունքը եղավ հռչակագրում տեղ գտած ձևակերպումը (20-րդ կետ) առ այն, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Այն բանից հետո, երբ Հայաստանը` Տեր-Պետրոսյանը, վետո դրեց այդ կետի վրա, Ադրբեջանն իրականացրեց իր սպառնալիքը և վետո դրեց գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերի վրա: Իր նկատմամբ գործադրվող ճնշումները Հայաստանի վրա ուղղելու նպատակով Ադրբեջանը, որպես վետոն հանելու նախապայման, նշեց 20-րդ կետի պահպանումը, որը Լ. Տեր-Պետրոսյանը մերժեց: Նրա հաստատակամությունը բացառեց Հայաստանի վրա ճնշում գործադրելու որևէ հնարավորություն, և Ադրբեջանը հանեց իր վետոն՝ մերժված կետը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆ. Կոտիի հայտարարության մեջ ներառելու պայմանով:
Հակառակ 96-ին, հիշենք Օսկանյանի հաջորդ վագրաթռիչքը` 1999 թ. Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում. դարձյալ ինքն էր իրերի առանցքում, ինչի արդյունքում էլ Քոչարյանն առանց վերապահումների ստորագրեց ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովի փաստաթղթերը, որոնցով հակամարտությունների լուծման հարցում գերապատվությունը տրվում էր տարածքային ամբողջականության սկզբունքին:
Հարցը ԵԱՀԿ բարեփոխումների ենթակա կառույցում «թողնելով» այս վիճակում` «Վարդան-Վարդան, հոգիս էղնի քեզ ղուրբանն» այս օրերին կրկին աննկատ վերադարձավ ու ոչ ավել-ոչ պակաս, նախ, «մտածեց», որ եթե համանախագահող երկրների նախագահները գնում են Աստանա, ապա հաստատ մի վատ բան էլ այնտեղ կլինի (ի ցավ Օսկանյանի նշենք, որ Սարկոզին` «մերկ արքան» այնտեղ չի լինելու), և քանի որ բոլոր նախագահներն այնտեղ են լինելու, Օսկանյանը պահանջում է, որ այս մի գագաթնաժողովում (բռնե՜ք) ստորագրվի Ղարաբաղի անկախության հանրաքվեի ժամկետի մասին համաձայնագիր (ըստ ամենայնի` այն ընթացքում, երբ նա չէր երևում, լուսնի վրա է անցկացրել իր ժամանակը, հիմա իջել լուսնից ու լուսնոտային լիքը զվարճալի պահեր է մեզ պարգևում):
Ասում են` նման դեպքերում օգնում է ոտքի տակ գցված թաց շորը:
Գցենք շորն ու սպասենք Աստանայի արդյունքներին` առավել հանգամանալից անդրադառնալու նրա ու «թըմի» լուսնային անդրադարձներին: Հիշեցմամբ, որ դա կլինի Վարդան Մինասիչի երրորդ «պոլյոտը նա լունու»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3147

Մեկնաբանություններ