ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԵՐԲԵՄՆ ՎՃՌՎՈՒՄ Է ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ»

«ԱՇԽԱՐՀԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԵՐԲԵՄՆ ՎՃՌՎՈՒՄ Է ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ»
14.02.2012 | 00:00

«Քաղաքական իրադարձությունները միշտ էլ խճճված ու բարդ են: Դրանք կարելի է համեմատել շղթայի հետ. ամբողջ շղթան պահելու համար հարկավոր է բռնել հիմնական օղակից»,- կարծում էր Լենինը:
Մենք արդեն վաղուց սովոր ենք, որ քաղաքականության մեջ նման օղակը, համենայն դեպս, մեր տարածաշրջանում, համաշխարհային տերությունների համար դարձել է «էներգետիկ անվտանգությունը»: Դրա հերթական վկայությունները հնչեցին օրերս Բուդապեշտում կայացած երրորդ էներգետիկ համաժողովում: Միջոցառմանը մասնակցում էին էներգետիկ ոլորտի փորձագետներ ու առաջատար քաղաքագետներ, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների քաղգործիչներ, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նրանց առաջարկություններից շատերը հետագայում կօգտագործվեն քաղգործիչների կողմից: Այսպես, Եվրախորհրդարանի անդամ ՈՒրսուլա Գացեկը հայտարարեց, թե «կասպյան երկրները պետք է մոտ լինեն Եվրոպային, որպեսզի ապահովեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը»: Իսկ Մոդեստ Կոլերովը Եվրոպային «նախազգուշացրեց» էներգետիկ անվտանգության ուտոպիայից, որը Եվրոպա է ներմուծվել ԱՄՆ-ից։ Ռուս փորձագետը, իր հակաամերիկյան հռետորաբանությանը հարազատ, հայտարարում է. «Նոր հարևանության» գաղափարախոսությունը քաղաքական ներթափանցման և հակամարտության գաղափարախոսությամբ նենգափոխելիս, Եվրոպայի համար կարևորագույն նավթի ու բնական գազի պաշարների թվում առաջին անգամ, բացի Հյուսիսային Աֆրիկայից և Ռուսաստանից, նշվեցին Կասպից ծովի ավազանն ու Կենտրոնական Ասիան»: Ի պատասխան, ԱՄՆ-ի Եվրասիական քաղաքականության կենտրոնի ներկայացուցիչ Զեյնո Բարանը նշում է, որ «Հարավային հոսք» և «Հյուսիսային հոսք» գազամուղների (ռուսական նախագիծ) խնդիրն է պատժել այն երկրներին, որոնք հակընդդեմ են Ռուսաստանի շահերին, և պարգևատրել նրանց, որոնք ընթանում են ռուսական քաղաքականության հունով»: Այսպես, Ռուսաստանից Թուրքիայի անկախությունն աճում է այն ժամանակվանից ի վեր, երբ շահագործման հանձնվեց «Երկնագույն հոսքը»: Այդ գազամուղով Թուրքիան ստանում է ամենաթանկ գազը, և, որպես հետևանք, Թուրքիայի դիրքորոշումը մոտենում է Ռուսաստանի դիրքորոշմանը: «Ռուսաստանը ձգտում էր գժտեցնել բոլոր այն երկրներին, որոնք ընկած են «Նաբուկոյի» ճանապարհին, ընդհուպ մինչև այդ երկրների ընտրություններում կուսակցությունների ֆինանսավորումը»,- նշում է ամերիկացի քաղաքագետը: Այս առումով բավական հատկանշական են ամերիկյան մեկ այլ փորձագետի` Ռոման Կուպչինսկու կանխատեսումները. «Երբ խոսում են Եվրոպային էներգակիրների այլընտրանքային մատակարարումների մասին, ապա պետք է հասկանալ, որ ռուսական գազի միակ այլընտրանքն իրանական գազն է»:
Սակայն այս բոլոր էներգաքաղաքական մտադրությունները չեն կարող իրականացվել առանց տարածաշրջանի երկրների ակտիվ աջակցության, իսկ մենք թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում, թե՛ Իրանում ականատեսն ենք գործընթացների, որոնք չեն նպաստում համընդհանուր խնդիրների լուծմանը: Տարածաշրջանի երկրներից ստացվող լուրերի հիմնական հոսքերում փորձենք առանձնացնել առաջնայինները, որոնք, մեր կարծիքով, կարող են հեռագնա հետևանքներ ունենալ:
Ակներև է, որ կարևորությամբ ամենաառաջնայինը մնում է ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կարգավորման հարցը: Նկատենք, որ դեռ ընթացիկ տարվա սկզբին Ռուսաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, իսկ այժմ ամերիկյան պետդեպի երրորդ դեմք Վիլյամ Բեռնսն իր ելույթներից մեկում ակնարկեց, թե մոտ ապագայում Վաշինգոնը կարող է կարգավորել իր հարաբերությունները Թեհրանի հետ և անգամ Իրանի մայրաքաղաքում բացել սեփական շահերը սպասարկող գրասենյակ: Ընդ որում, Իրանի ղեկավարությունն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է կարգավորելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները փոխեն Թեհրանի հանդեպ վերաբերմունքի տոնը և անկեղծ ցանկություն դրսևորեն վարելու իրավահավասար բանակցություններ: «Ինչո՞ւ են նրանք աշխատում մեզ հետ խոսել միջնորդների, օտարերկրյա դիվանագետների միջոցով. ստացվում է` նրանց ավելի շատ են պետք բնականոն հարաբերություններն Իրանի հետ, քան հենց Միացյալ Նահանգների՞ն»,- հարց է տալիս Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Քազիմ Ջալյալին: Այդ ամբողջ դիվանագիտական խաղում` թե «ով ում առաջինը պիտի հրավիրի խոսակցության», ուրվագծվում է ծայրաստիճան հետաքրքիր մի երևույթ: Ակնհայտ է, որ իրանցիներն ամեն գնով ժամանակ են ձգում, որպեսզի հնարավորություն ունենան ավարտին հասցնելու իրենց միջուկային ծրագիրը: Իսկ ինչպես նշում են արևմտյան լրատվամիջոցները, Իրանի միջուկային կարգավիճակի ձեռքբերման հարցը «եթե»-ի հարթությունից անցել է «երբ»-ի հարթություն: Ընդ որում, փորձագետներից քչերն են կասկածում, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմը ստիպված կլինի լրջորեն զբաղվելու Իրանի խնդրով: Սակայն ոչ ոք Վաշինգտոնում առայժմ չի էլ կարող հաշվարկել, թե ինչ կլինի իրականում, հենց որ Իրանը ավարտին հասցնի իր միջուկային ծրագիրը: Իսրայելի համար նման սցենարն անընդունելի է, և եթե Եվրամիությունն ու Միացյալ Նահանգներն այսուհետ ևս Թեհրանի հետ միայն անպտուղ բանակցություններ վարեն, Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, պատրաստ է գործելու ինքնուրույն` չսպասելով որևէ մեկի ցուցումներին: Այնինչ, վերջերս պաշտոնաթող եղած Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարեց, որ այն ենթադրությունը, թե, իբր, Իսրայելը մտադիր է հարված հասցնել Իրանին, կարող է չհամապատասխանել իրականությանը։ Հենրի Սոկոլսկին` միջուկային զենքի չտարածման կենտրոնից, ենթադրում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի նոր ղեկավարը պետք է Թեհրանի հետ բանակցություններ սկսի, ընդ որում, ավելի լայն հարցերի շուրջ, քան առաջ: «Ես ուշադրությունս կկենտրոնացնեի այն ոլորտների վրա, ուր մենք առավելություն ունենք, և որոնք առաջ են բերում իրանական կողմի դժգոհությունը: Նրանք պահանջում են անվտանգության երաշխիքներ տալ իրենց: Այդ երաշխիքներն էլ պետք է քննարկման առարկա դառնան»: Սակայն ԱՄՆ-ի նոր նախագահի վարչակազմը կձևավորվի ոչ շուտ, քան գալիք տարվա ամռանը, և, դատելով ըստ ամենայնի, այդ ուղղությամբ Վաշինգտոնից ոչ մի կտրուկ շարժում չի լինի: ԱՄՆ-ի հետ իրենց տարաձայնությունների հարթումը չեն ուզում արագացնել նաև իրանցիները, որոնց նույնպես նախագահի ընտրություններ են սպասում գալիք տարվա հուլիսին:
Իսկ հիմա, փորձագիտական ընկերակցության կարծիքով, «գնային պատերազմ է մղվում» էներգակիրների ճակատում: Այսպես, եվրոպացիների հետ համատեղ ջանքերով Միացյալ Նահանգները պատրաստ է առժամանակ (այս հարցով Վաշինգտոնն արդեն կապի մեջ է մտել առաջատար նավթարտադրողների հետ) հասնելու համաշխարհային շուկայում նավթի գների իջեցման: Դրանով կտրուկ կկրճատվեն արժութային մուտքերը ոչ միայն Իրան, այլև Ռուսաստան և Վենեսուելա, այսինքն, այն երկրներ, որոնք բացահայտորեն ԱՄՆ-ի դաշնակիցները չեն: Սակայն ակնհայտ է, որ դա անուղղակիորեն խփում է նաև նավթ արտադրող մյուս երկրներին: Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Ադրբեջանը լուրջ վարկային ճգնաժամ է ապրում, ինչը կարող է հանգեցնել տնտեսության անկման: Ենթադրվում էր, որ Ադրբեջանը բավականաչափ պաշարներ ունի երկրի ֆինանսական համակարգին սպառնացող վտանգը կասեցնելու համար: Այնինչ հաշվարկներն արվել էին այն հույսով, որ մեկ բարել նավթի գինը կպահպանվի 90 դոլարից բարձր մակարդակի վրա: Սակայն նավթի գները կտրուկ ընկան, ու թեև Ալիևը, երևում է, չի ուզում խոստովանել, թե հանգամանքներն այնքան էլ լավ չեն դասավորվում, և ներկայացնում է ադրբեջանական տնտեսության զարգացման միանգամայն կայուն պատկեր, իշխանության միջանցքներից դուրս բանկիրները միանգամայն այլ կերպ են մտածում: Բաքվի ֆինանսական մեկնաբան Անար Խանբեկովի ասելով` «մինչև վերջերս Ադրբեջանի առաջատար բանկերը ներգրավել են մեծ քանակությամբ համեմատաբար էժան արտասահմանյան վարկեր, իսկ հիմա դրանք կա՛մ անհասանելի են, կա՛մ խիստ թանկացել են, ինչը դժվարություններ է առաջացրել շատ բանկերի համար»: Եթե, այնուամենայնիվ, այդ կապակցությամբ կառավարության միջամտության անհրաժեշտություն ծագի, ապա Ալիևի վարչակազմը կարող է հայտնաբերել, որ իր հնարավորությունները սահմանափակ են էներգակիրների համաշխարհային գների անկման հետևանքով: Ավելին, Ադրբեջանում հրատապ է դառնում այն հարցը, թե որքանով արդյունավետ կլինեն նոր հանքավայրերի հետախուզումն ու արդյունահանումը: Նավթի գների անկումը կասկածի տակ է դնում նոր հանքավայրերի որոնում սկսելու որոշ ընկերությունների հնարավորությունները:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ներքին կարգի բոլոր դժվարություններով հանդերձ, Մոսկվայի և Թբիլիսիի դիմակայությունը լուծում չի ստացել: Դրա վկայությունն են ոչ միայն շարունակվող ռազմական լարվածությունը, այլև Ռուսաստանի և Հարավային Օսիայի, Ռուսաստանի և Աբխազիայի միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերի միաձայն վավերացումը Պետդումայում: Ինչպես գրում է «պուտինյան Կրեմլի» վաղեմի թշնամի Բորիս Բերեզովսկին, ով հիանալի իրազեկ է կրեմլյան տրամադրություններին, «Ռուսաստանը կանգ չի առնի: Բայց դրանից հետո նրան ուղղակի կկանգնեցնեն, և Ռուսաստանին չի հաջողվի հասնել իր նպատակին: Ի վերջո, նա չի կարողանա իրեն ենթարկել ո՛չ Աբխազիան, ո՛չ Հարավային Օսիան»: Հետաքրքիր է, որ նրա կարծիքը զուգադիպում է Ժիրինովսկու կարծիքին, որին դժվար է կասկածել հակառուսական տրամադրություններ ունենալու մեջ. «Դեռ սպասեք, ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունն աբխազներին եվրաթոշակ են վճարելու, և նրանք սեփական կամքով կհրաժարվեն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրից: Այ, կտեսնեք, մոտ ժամանակներս նրանք կգնեն թե՛ Աբխազիան, թե՛ Հարավային Օսիան, ինչպես գնեցին Կոսովոն»: Ինչ էլ որ լինի, ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած 3-րդ էներգետիկ գագաթնաժողովում, Վրաստանի փոխվարչապետ Բարամիձեն հայտարարեց. «Վրաստանը կարիք ունի պաշտպանության, և ես հույս ունեմ, որ նրան կաջակցեն ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրի տրամադրման հարցում։ Եվրոպայի և ամբողջ ազատ աշխարհի քաղաքական ճակատագիրը երբեմն խաղարկվում և վճռվում է փոքր երկրների տարածքում»:
Դժվար է չհամաձայնել այս կարծիքին նաև Հայաստանի առնչությամբ:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 964

Մեկնաբանություններ