ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Թթու թան չի...

Թթու թան չի...
10.04.2012 | 00:00

Արդեն մի քանի ամիս է` մեր հասարակությունը մի առանձին իրարանցման մեջ է, տպագիր ու էլեկտրոնային մամուլը, հեռուստաալիքները, ռադիոն խառնվել են իրար, պաշտպանում կամ անուշադրության են մատնում առանձին կուսակցությունների, որոնցից շատերը, ինչ խոսք, հասարակությանը պետք չեն։ Իսկ այս բոլորի պատճառը խորհրդարանական ընտրություններն են։

Երևույթն ինքնին հասկանալի է և անհրաժեշտ, բայց ինձ համար տարօրինակն այն հսկայական բազմությունն է այս փոքրաթիվ ժողովրդի մեջ, ովքեր ցանկանում են դառնալ պատգամավոր։ Մի՞թե այդքան հեշտ է դառնալ պատգամավոր, կամ, որ դարձյալ կարևոր է, մենք ունե՞նք պատրաստված, կրթված, լեզուներ իմացող անհատներ, որ արժանի լինեն պատգամավորի կոչմանը, չէ՞ որ նա իր գործունեության ընթացքում պետք է կարողանա լսել իրավաբանին, տնտեսագետին, բժշկին, գիտության և արվեստի գործչին։ Ճիշտ է, սրանք իմ` Հայաստանի շարքային քաղաքացու, քաղաքականությունից հեռու անձի (ավարտել եմ Երևանի ճարտարագիտական և բժշկական համալսարանները) պատկերացումներն են պատգամավորի մասին, բայց, կարծում եմ, այստեղ ճշմարտության ինչ-ինչ տարրեր, այնուամենայնիվ, կան։

Ոչ վաղ անցյալում, «սովետի վախտ», որի առանձին բարքեր երբեմն քննադատվում են, խորհրդարանական ընտրությունները հասարակության հիմնական մասի համար անցնում էին կամ աննկատ, կամ տոնական տեսքով (ոչ ստիպողաբար)։ Պատգամավոր դառնում էին հիմնականում գրագետ անձինք, իսկ եթե կային նաև կոլխոզնիկ, էքսկավատորավար, խառատ, կոլխոզի նախագահ, նրանք ճանաչված էին հասարակության կողմից և իրենց երկրի համար անում էին առավելագույնը։ Անձը մեզ համար այնքան էլ կարևոր չէր, և գուցե այդ հսկայական երկրի մեջ խորհրդարանական ընտրություններն այնքան փող չէին պահանջում, ինչքան հիմա մեզ մոտ։ ՈՒ հիմա հասկանում եմ, որ եթե մեզնից ամեն մեկն ունենար իր սիրած գործը, աշխատեր, փող վաստակեր թեկուզ քիչ, բայց աշխատանքից հետո զգար հանգիստ, ընտրություն կլիներ, թե ոչ, այնքան էլ չէինք խառնվի իրար։ Այսօր այլ է վիճակը։ Շատ շատերն են ցանկանում դառնալ պատգամավոր` անկախ կրթական ցենզից, անցած ճանապարհից, անկախ նրանից, թե ինչպես է ինքը ներկայացվել հասարակությանը լրատվական դաշտի միջոցով, ինչ ծառայություն ունի երկրի հանդեպ։ Ես չգիտեմ, թե պատգամավոր դառնալու համար այսօր ինչ պահանջներ կան, սակայն ես կցանկանայի, որ նա լիներ գոնե 35-ից բարձր տարիքի, այսինքն` ուսումն առած, ծառայած, կայացած, անպայման բարձրագույն կրթությամբ (մեկից ավելի համալսարանական կրթությամբ), ցանկալի է` տնտեսագիտական, իրավաբանական, քաղաքագիտական, թեզեր պաշտպանած, մամուլում հոդվածներով հանդես եկած, որոշ հարցեր արծարծած, շատ թե քիչ ճանաչված, նաև հարգված անձ, մաքուր խղճով։ Կասկած չունեմ, որ հայ հասարակության մեջ ճանաչված, հարգված տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր մարդիկ կան, բայց պատգամավորության թեկնածուի նկատմամբ մոտեցումն այլ պետք է լինի։ Այդ դեպքում և՛ ցանկացողները քիչ կլինեն, և՛ էթիկայի հանձնաժողովի ընտրությունը հեշտ կլինի։ (Ասում են, մի ժամանակ բժշկական բուհ ընդունվելու ժամանակ հաշվի են առել նաև հաբիտուսը` արտաքին տեսքը, կեցվածքը)։

Այս պահանջներով ընտրված Ազգային ժողովն աչքի կզարնի իր բարձր մակարդակով, ընդունած ողջամիտ օրենքներով, և մեծ կլինի երկրի դերը ողջ աշխարհում, թող նաև մեր օրենսդիր օրգանն աչքի ընկնի իր ճկուն գործունեությամբ, թող մեզնից էլ սովորեն, և մենք չկրկնենք ուրիշներին. չէ՞ որ հայի կրթական մակարդակն անվիճելի բարձր է, և այսօր մեզ պետք է ունկնդրեն։ Ամեն մի հայ երեսփոխան պետք է լինի տրիբուն մեր երկրի համար։ Դեպի Ազգային ժողով հոսքը կպակասի նաև այլ պահանջներ ներկայացնելով թեկնածուին, ասենք, անձեռնմխելիությունից, պետական հովանավորությունից զրկելը, քանի որ պատգամավորն էլ Աստծո ստեղծածն է, ոչ մի առավելություն չունի մյուսների նկատմամբ։ Իսկ եթե ունի բարձր մակարդակ, գործունյա է, պետք է պետական բոլոր ծառայողներից ավելի շատ վարձատրվի («սովետի» ժամանակ ամենաբարձր աշխատավարձն ստանում էր գիտությունների ակադեմիայի նախագահը, և ոչ ոք չէր նախանձում կամ բամբասում)։ Թող բիզնեսմենն ազատ բիզնես անի, իսկ ԱԺ պատգամավորը երկիրը ծաղկեցնող, շենացնող օրենք ստեղծի, երկրի պաշտպանը պատրաստ լինի անձնազոհության և, ինչպես հնչում է մանկան շուրթերից, «թող մեր Հայաստանն ամենաուժեղը լինի»։ Սրանք են իմ պատկերացումները ԱԺ գնացողի մասին, և երբ մամուլում կարդում եմ Թաթուլ Մանասերյանի, Իգոր Մուրադյանի, Սուսաննա Պողոսյանի վերլուծական հոդվածները, մտածում եմ, որ հենց այսպիսիները պետք է լինեն ԱԺ պատգամավոր։

Ռաֆիկ Տեր-ԳՐԻԳՈՐՅԱՆ

Թոշակառու

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ