Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ԻՆՉՔԱՆ Է ՏԵՎՈՒՄ 100 ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՌԱՋ ԴԵՊԻ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ԻՆՉՔԱՆ Է ՏԵՎՈՒՄ 100 ՏԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
20.03.2012 | 00:00

Այս երևույթը հոգեբանության մեջ կոչվում է անձի երկվություն: Չխորանալով մասնագիտական մանրամասների մեջ, որոնք կարող են շատ հեռուն տանել (սատանան, ինչպես գիտեք, մանրամասների մեջ է), ասեմ միայն, որ երևույթի ըմբռնման համար դասական օրինակ է Վարդան Օսկանյանը: ՈՒղղակի դիդակտիկ պարագա, որով գիտության մեջ անհասկանալին դարձնում են հասկանալի: Իսկ թե որքանով է ամեն հասկանալի դառնում ընդունելի, արդեն բոլորովին այլ հարթության հարց է: Հասարակական ընկալման` հիմնականում, և` անձնական ընկալման` մասնավորապես:
Սկսենք քաղաքական հարթությունից: Համարյա մեկ տասնամյակ Վարդան Օսկանյանը եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, գերատեսչություն, որի ղեկավարին նշանակում էր անձամբ նախագահը, այսինքն` 10 տարի Վարդան Օսկանյանը նվազագույնը համաձայն է եղել վարվող քաղաքականությանը, որը և կենսագործել է: 10 տարի Վարդան Օսկանյանը համաձայն է եղել ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլև ներքին, որովհետև արտաքին ու ներքին քաղաքականությունները սերտ շաղկապված են իրար ու միմյանց շարունակությունն են: Եթե նա այսօր միայն հասկացել է, որ արտագաղթը լրջագույն խնդիր է, որ «եթե չփոխվի երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, ապա մենք կհատենք 2,5 միլիոնի շեմը. երկիրը լքում են, որովհետև հոգնել են ներկա իրավիճակից ու կորցրել են հավատը ապագայի նկատմամբ», ինչքա՞ն ժամանակ է նրան պետք հասկանալու համար, որ դա ոչ միայն այսօրվա, այլև երեկվա խնդիրն է, որ «երկրի բարոյահոգեբանական մթնոլորտի» ձևավորման համար մեծագույն պատասխանատուներից մեկն էլ ինքն է` 10 տարի լինելով արտաքին գործերի նախարար ու արդեն համարյա մեկ ամիս անդամակցելով մի կուսակցության, որ հինգերորդ տարին կոալիցիայի կազմում ձևավորում է այդ բարոյահոգեբանականը ու իշխանությունն է արտագաղթող հայերի: Եվ վերջապես, ո՞վ, եթե ոչ ինքն էր հայտարարում, որ Հայաստանի Հանրապետությունը ևս 100 տարի կարող է ապրել փակ սահմաններով: Ո՞վ, եթե ոչ ինքն էր ձոներգում տնտեսության վագրի թռիչքը, որի աննպատակ ու անհույս ցատկն էլ հենց արտագաղթի բուն պատճառն է, որովհետև մարդիկ հեռանում են աշխատանք գտնելու և արդարություն որոնելու: Եվ եթե իրոք իրավիճակը շտկելու համար «ընդամենը պետք է քաղաքական կամք, որ իշխանություն եկող անձինք կարողանան իրենց հատվածական շահերը մի կողմ դնել», ինչո՞ւ այդ կամքը չունեին ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ ինքը, ինչո՞ւ այդ կամքը չդրսևորեց Գագիկ Ծառուկյանը: Ժամանակը լիուլի էր, լծակները` ապրիր, չեմ ուզում, ֆինանսները` Աստված շատ չհամարի: Եվ արդեն միայն հիմարը չի հարցնի` ինչո՞ւ են նման հանճարեղ մտքերը ծնվում միայն պաշտոնանկությունից հետո, և միայն նույն հիմարը չի կասկածի` իսկ ի՞նչ երաշխիք, որ վերստին պաշտոն ստանալով այդ հանճարեղ մտքերը մոռացության չեն մատնվելու:
Եթե նույնիսկ ներողամտորեն վերաբերվենք Վարդան Օսկանյանի հասկանալ-չհասկանալու ժամանակի մեջ «սանկ» կամ «նանկ» տեղաբաշխվելու փաստին, ինչպե՞ս վերաբերվենք նրա հիշողությանը: Այսօր բացճակատ ու հուզախռով նա խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, որի լուծման ու չլուծման գործընթացի մեջ իր պատասխանատվությունը զիջում է միայն նախագահի պատասխանատվությանը: Իսկ ո՞վ էր նույն բացճակատ հուզախռովությամբ խոսում «օկուպացված տարածքների» վերադարձի մասին, ո՞ւմ պաշտոնավարության ժամանակ ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները, ո՞ւմ պաշտոնավարության ժամանակ սկսվեցին ու ձախողվեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման փորձերը:
Եվ` ինչո՞ւ: Ինչո՞ւ մեկ տասնամյակ ժողովրդավարությունը իբրև ճաշից հետո ոչ պարտադիր աղանդեր ընկալող Վարդան Օսկանյանը հանկարծ ժողովրդավարության կարիք է զգացել, սուր կարիք, և նույնքան հանկարծ հայտնագործել է, որ իշխանական որոշ շրջանակներում ու հասարակության մեջ Ադրբեջանի սպառնալիքներն ու հոխորտանքները սկսել են դիտվել որպես երկրի զարգացումը կաշկանդող գործոն: Իսկ առաջ խթանո՞ղ գործոն էին: Այսօ՞ր է հիշել, որ «Մենք ունենք Ղարաբաղի հիմնախնդիրը, և պետք է հնարավորինս արագ դառնանք ժողովրդավարական, հնարավորինս ունենանք բաց ու արդար, մրցունակ տնտեսություն, որովհետև մեզ սպառնում է պատերազմի վտանգը»: Ղարաբաղի հիմնախնդիրն այսօ՞ր ունեցանք, ժողովրդավարության ու Ղարաբաղի հիմնահարցի անքակտելի կապն այսօ՞ր ի հայտ եկավ: Իսկ ո՞վ էր իր հրապարակային ու ոչ հրապարակային ելույթներում թիվ մեկը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը համարում, որից հետո միայն ժողովրդավարության մասին կարող ենք մտածել: Իսկ ավելի շատ` չենք կարող մտածել, որովհետև դեռ պիտի մտածենք ազգային անվտանգության, սահմանների պաշտպանության, բանակի մարտունակության ու սպառազինության մասին: Այսօ՞ր միայն պարզ դարձավ, որ «Մեր խնդիրն է այսօր արդեն ինքնորոշման իրավունքից անցնել ինքնորոշված փաստի ճանաչմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդավարանալ»: Առաջ հրամայված էր մոռանալ, այսօր հրամայված է հիշե՞լ: Ինչ ֆենոմենալ ճակատագիր է: Ոչ Վարդան Օսկանյանինը: Ժողովրդավարությանը:
ՈՒ երբ նա համագումարի ամբիոնից ասում է. «Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները սոսկ խորհրդարանական ընտրություններ չեն, այլ ապագայի ընտրություն», անհաղթահարելի ցանկություն է առաջանում հարցնելու` իսկ ի՞նչ եք հասկանում «ապագա» ասելով, այն անցյա՞լը, որտեղից գալիս եք և դեպի ուր առաջարկում եք գնալ: Չէ, իհարկե, հավատարմությունը քաղաքականության մեջ եզակի ու գնահատելի հատկություն է, շատ եզակի ու շատ գնահատելի, բայց ևս մի Հյուսիսային պողոտա Երևանին պետք չէ, հաստատ չի դիմանա, որքան էլ տնտեսական երկնիշ աճ նշանակի, Հայաստանը չի դիմանա, հաստատ չի դիմանա ևս մեկ տասնամյակ` պարտքի դիմաց գույք հանձնելով, ընդերքը անձնաշնորհելով ապրելուն ու մարտի 1-ով պաշտոնավարման 10 տարիները ավարտած մի իշխանության վերադարձին, որի դավանած միակ արժեքը ամեն գնով իշխանություն լինելն էր, իսկ մարդը և մարդկանց հանրությունը դիտվում էր այդ խնդրի լուծման միջոց:
Իսկ դա ոչ միայն նշանակում է, որ Վարդան Օսկանյանն իր վերադարձի հնարավորությունը իր իսկ ձեռքով փակել է բարոյական հարթության մեջ, այլև հաստատում է նրա ու նրա դավանած արժեքների վերադարձի վտանգավորությունը: Որովհետև այդ պարագայում պարտադրված ենք լինելու քարանձավ գտնել ու արդեն այնքան նվազած կլինենք, որ հարմար կտեղավորվենք քարանձավում ու կանցնենք նախնադարյան-համայնական կարգերի վերակերտմանը: Եվ` ոչ փոխաբերաբար, ոչ հանուն պատկերավոր խոսքի, այլ ամենաուղղակի իմաստով: Որովհետև երբ Վարդան Օսկանյանն ասում է. «ԲՀԿ-ն այս ընտրությունների արդյունքում կաշխատի հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել հաջորդ հինգ տարիների ապագայի կերտման գործում», ու համագումարի պատվիրակներն էլ իրենց համաձայնությունը ելույթի ավարտին ծափերով են արտահայտում, դա ԲՀԿ-ի 50+1-ի հայտն է, որ եթե առաջ ընդամենը ուրվական էր, հիմա մարմնավորվելու պահին է սպասում: Բայց դա արդեն եղել է նախորդ դասին:

ՏԽՈՒՐ, ՇԱՏ ՏԽՈՒՐ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ասեմ` ինչով է այս ամենն ավարտվելու: Ինչպես իր ստեղծման ժամանակից իշխանական նախագիծ էր, ԲՀԿ-ն առաջիկա 5 տարիներին էլ մնալու է իշխանություն` թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր: Օրենսդիր ԲՀԿ-ականները նախորդ հինգ տարիների նման հոգեցունց ելույթներ երկրի ներսում ունենալու են միայն մինչև նախագահական ընտրությունները, հետո իմաստնանալու են, հանդարտվեն, դառնան ոչ միայն բարգավաճ, այլև ծանրակշիռ: Երկրից դուրս նրանք լինելու են նույնքան կառավարելի ու նույնքան կանխատեսելի, որքան եղել են դիտարկելի անցյալում: Գործադիր ԲՀԿ-ականները պարբերաբար հերթագայելու են իրար նախարարական, փոխնախարարական, վարչության պետական պաշտոններում, և նրանց պաշտոնակալության ու պաշտոնանկության պատճառները միայն մի մարդ է հասկանալու, մյուսները ըմբռնումով են վերաբերվելու (փաստորեն, ԲՀԿ-ական միակ կայացած նախարարը Արտյոմ Քուշկյանն է, որ ԲՀԿ-ի հետ կապ ունի պետական կառավարման համակարգի ձևավորման մեխանիզմով միայն): Եվ առանց բացառության բոլորը շատ երջանիկ են լինելու: Իրենք իրենց ներսում: Իսկ նախընտրական հերթական ժամանակաշրջանում ԲՀԿ-ն վերստին իր դռները բացելու է անկապ-անհասկանալի մարգինալների առաջ, ու դա կոչվելու է քաղաքական համերաշխություն: ԲՀԿ-ն վերստին հայտնվելու է իշխանության մեջ ընդդիմության, ընդդիմության մեջ իշխանության իր սիրած դերում, որը ոչինչ չի նշանակում ըստ էության, որովհետև որքան էլ չղջիկը թռչունների մեջ մուկ է, մկների մեջ` թռչուն, նույն չղջիկն է մնում: Սա, իհարկե, լուրջ պատճառ է տխրության համար: Տխրություն` կուսակցությունից դուրս: Տխրություն ընդհանրապես: Տխրություն, որ բացատրվում է 20-ամյա անկախության պարագայում քաղաքական դաշտի չկայացածությամբ: Բայց այս տխուր պատմությունը շատ տխուր է դառնում, որովհետև նույն անկապ-անհասկանալի մարգինալներով ամայացվում են և մյուս կուսակցությունները, ու դա կոչվում է նոր դեմքերով համալրում, քաղաքական ուժի կենսունակության ավելացում, հզորացում, Աստված գիտի` էլ ինչ, բայց, ըստ էության, վերստին չի նշանակում ոչինչ: Ոչինչ, եթե հաշվի չառնենք մի հանգամանք` որոշակի թվով մարդկանց կենսագրության մեջ հավելվում են որոշակի թվով պաշտոններ, կարիերայի կորագիծը բարձրանում է վեր: Ընդամենը: Որովհետև, այդպիսին է համակարգը: Արդեն 20 տարի: ՈՒ համարյա հասցրել է օրինաչափություն դառնալ, ավանդույթ, իսկ հայերս պահպանողական ենք: Համենայն դեպս, քաղաքական մեծամասնությունը (առանձնապես մեծ մխիթարություն չէ, որ նոր գումարման խորհրդարանի նստաշրջանների սկզբում այսուհետ օրհներգի ձայնագրության փոխարեն կենդանի երգեցողություն կարող է հնչել): Եվ այս անկապ-անհասկանալի ընթացքում վարդանօսկանյանները պտուտակ են, որ ապահովում են շարժումը: Դեպի ուր, երբ, ինչու, ինչքան ու մինչև ուր, ոչ ոք չգիտի, որովհետև ի զարմանս իրենց, հայերը հնարել են հավերժական շարժիչ, բայց իրենք էլ դեռ դա չեն հասկացել ու ապրում են ինչպես ապրվում է` միմյանց հաշվին` մարդկանցից մինչև կուսակցություններ ու պետական կառավարման համակարգ, իսկ խոշոր հաշվով ապառիկ, որովհետև այս եզակի պարագայում փողի չափը չէ վճռողը, այլ տերը, որ պարբերաբար պտուտակները վերադասավորելու իրավասություն ունի: Մարտի 17-ին ԲՀԿ արտահերթ համագումարում Վարդան Օսկանյանը ևս մեկ անգամ ապացուցեց վաղուց բոլորին լավ հայտնին: Իսկ թե ինչքան է տևելու ապացուցվածն ապացուցելու ու վերապացուցելու այս դանայան գործընթացը, կախված է հասարակության ինքնագիտակցությունից. որքան էլ առաջադիմեն տաբուներ չունեցող մարդիկ, տաբուներ չունեցող հասարակությունները անխուսափելիորեն հայտնվում են իրենց հնարած լաբիրինթոսում, որից ելքը հնարավոր է միայն այն մարդկանց շնորհիվ, ովքեր Արիադնայի կծիկը իրենց ձեռքում են պահում: Եթե, իհարկե, լաբիրինթոսում դեգերելիս այդ մարդկանց չեն զոհաբերում հանուն հանուրի բարեկեցության հավասարակշռությունը պահելու, որովհետև երբ բոլորը կույր են, բոլոր կույրերի միակ թշնամին նա է, ով դեռ կարողանում է տեսնել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ