ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՐԱՆ ՃԱՆԱՉԵԼՆ Է

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՐևՈՐԱԳՈՒՅՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՆՐԱՆ ՃԱՆԱՉԵԼՆ Է
20.03.2012 | 00:00

Այսօր արդեն շատերն են խոստովանում, որ երկարամյա լռությունից հետո պաշտոնական Երևանի նախաձեռնողական արտաքին քաղաքականությունն ունեցավ սպասվածից շատ ավելի մեծ արձագանք: Ավելին, երկկողմ, իսկ ավելի ճիշտ` երրորդ երկրով միջնորդված հարաբերությունների շրջանակներից այն տարածվեց տարածաշրջանի և միջտարածաշրջանային մի շարք խնդիրների ու փոխկապակցված հարաբերությունների վրա: Վերջապես, նման քաղաքականության կարևորությունը գնահատեցին բառացիորեն բոլոր առաջատար պետությունները` հանգեցնելով պատմական դարձած հայտնի արձանագրությունների ստորագրմանը: Ստորագրմանը, բայց ոչ` վավերացմանը:
Մինչ բուռն քննարկման առարկա են դարձել արձանագրությունների վավերացման գործընթացի վերսկսման նպատակահարմարությունն ու իրատեսականությունը, պակաս կարևոր չեն նաև հարցի այլ կողմերը: Ակնհայտորեն քիչ են այն հարցերը, որոնց շուրջ ժողովուրդը միաբանվում է: Մեր օրերում դժվար գտնվի մեկը, ով դեմ լինի ցեղասպանության ճանաչմանը: Այս հարցում կարծես այլ կարծիքներ չկան: Համամիտ ենք նաև մեկ այլ հարցում` Թուրքիայի հետ հարաբերությունների մերձեցմանը: Առաջին հայացքից իրարամերժ թվացող հարցեր են, բայց նաև` միաբանող:
Նախ կարևոր է պարզել, թե ում է ձեռնտու այդ հարաբերությունների մերձեցումը: Մեր համոզմամբ, առաջին հերթին և հիմնականում` Հայաստանին և Թուրքիային: Պակաս շահագրգռված են դրանում երկու երկրների ռազմավարական դաշնակիցներ ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այդ պարագայում չի բացառվում նաև ռազմավարական նոր դաշնակցություն տարածաշրջանում, ինչը, բնականաբար, թույլ չի տա նույն արդյունավետությամբ և միակողմանիորեն շարունակել ներկա դաշնակիցների հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ նման զարգացումները հրապուրիչ կարող են լինել նաև որոշ հարևանների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի համար: Ի վերջո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման պարագայում ակնհայտ է Ադրբեջանի խիստ բացասական կեցվածքը, այդ իսկ պատճառով կարելի է համոզմունք հայտնել, որ Թուրքիայի կողմից Հայաստանին ի նպաստ ցանկացած քայլ առնվազն նույնչափ հեռացնում է Թուրքիային այսօրվա Ադրբեջանից: Ինչո՞ւ, քանի որ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման և տարածաշրջանում համագործակցային հարաբերությունների ծավալման դեպքում չի կարելի բացառել, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը կարող է գիտակցել նաև բազմակողմ հարաբերությունների կարևորությունը սեփական երկրի զարգացման հարցում: Իսկ մինչ այդ, պաշտոնական Անկարայի նախաձեռնած «Կայունության և համագործակցության պլատֆորմի» ծրագիրը բազմագործոն, ավելի ճիշտ, բազմախոչընդոտ գործընթաց է, ինչը, հասկանալի է, իրականացման կարճ ժամանակահատված չի կարող ենթադրել և անհրաժեշտաբար պետք է ներառի Իրանի մասնակցությունը իրական կայունության հաստատման և իրական համագործակցության ծավալման նպատակով:
Միաժամանակ, օգտակար է հիշել, որ նման տարածաշրջան դժվար է մատնանշել աշխարհի մեկ այլ մասում, ուր միևնույն երկրները կարող են անդամակցել միանգամից մի քանի տարածաշրջանային միության, որոնք եթե ոչ բացահայտ հակառակ, ապա միմյանցից տարբեր քաղաքական և տնտեսական շահեր են հետապնդում: Խոսքը Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո 1992-ին ծնունդ առած միանգամից երկու տարածաշրջանային միությունների` Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) մասին է: Ակնհայտ է, որ եթե ԱՊՀ-ի ստեղծման նախաձեռնությունը Ռուսաստանինն է և առաջին հերթին բխում է հենց այս երկրի շահերից` իր ազդեցության ոլորտները պահպանելու նախկին խորհրդային տարածքում և լինելու դրա իրավահաջորդը գոնե տնտեսապես, ապա ՍԾՏՀ-ն նույն պատճառներով Թուրքիայի նախաձեռնությունն է և նպատակ է հետապնդում ոչ միայն չզիջել Ռուսաստանին հատկապես Կովկասում, դառնալով լուրջ մրցակից ազդեցության ոլորտների առումով, այլև օգտագործել ՍԾՏՀ-ն Եվրամիության անդամակցության բարդ ու երկարատև գործընթացում: Հետաքրքիր է, որ Անդրկովկասի կամ, ինչպես այսօր ընդունված է ասել, Հարավային Կովկասի երեք երկրներն էլ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) միաժամանակ անդամակցեցին թե՛ ԱՊՀ-ին (2008-ի հոկտեմբերին Վրաստանը պաշտոնապես դուրս եկավ ԱՊՀ-ից), թե՛ ՍԾՏՀ-ին: Ավելին, այս տարածաշրջանի երեք երկրներից երկուսը միաժամանակ անդամակցում են բացահայտ հակառուսական ուղղվածություն որդեգրած ՎՈՒԱՄ-ին (Վրաստան, ՈՒկրաինա, Ադրբեջան, Մոլդովա): Եթե այս ամենին ավելացնենք Ադրբեջանի և Վրաստանի անթաքույց ճիգերը անդամակցելու ՆԱՏՕ-ին, որին վաղուց մաս է կազմում նաև Թուրքիան, ապա պարզ կդառնա, թե ինչ լուրջ խոչընդոտներ են առկա «Կայունության և համագործակցության պլատֆորմի» գաղափարն իրականություն դարձնելու ճանապարհին:
Հաջորդ խնդիրն այն է, թե ի՞նչ իրատեսական հիմքեր կան հայ-թուրքական արդյունավետ երկխոսության ծավալման, իսկ հետագայում նաև` երկու երկրների միջև սահմանի բացման հարցում: Եթե մինչ օրս առկա լարվածության շրջանը դիտարկենք որպես սառը պատերազմի, իսկ այժմ նաև, որոշ առումով տեղեկատվական պատերազմի տարիներ, ապա տեղին է հիշել այն ճշմարտությունը, որ հակառակորդին հաղթելու կարևորագույն գրավականներից մեկը նրան ճանաչելն է: Այս իմաստով տեղին կլիներ պարզել, թե որքանով է հայ հասարակությունը ճանաչում ժամանակակից Թուրքիան: Ի՞նչ գիտենք այդ երկրի տնտեսության, ներքաղաքական զարգացումների և այլ հիմնահարցերի մասին: Պարզվում է` մեր պատկերացումները սահմանափակվում են հիմնականում լրատվական հաղորդումներով, իսկ քաղաքագետների և թուրքագետների աշխատություններն ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չեն դառնում ողջ հասարակության սեփականությունը: Նշանակում է` կարիք կա ավելի հաճախակի և մատչելի վերլուծությունների, որոնք կներկայացնեն այսօրվա Թուրքիան` իր բոլոր ձեռքբերումներով և չլուծված խնդիրներով:
Հատկանշական է, որ երկու հարևան երկրների միջև փակ սահմանի գոյությունը ձեռնտու չէ ոչ միայն դեպի ծով ուղիղ ելք չունեցող «ցամաքային» երկիր Հայաստանին, այլև Թուրքիային: Առանց ավելորդ լավատեսության կարելի է արձանագրել, որ Թուրքիայում գնալով աճում է հասարակության այն անդամների թիվը, ովքեր, մի կողմից, այլընտրանք չունեն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության առումով (հաշվի առնելով քաղաքական, ռազմավարական շահերն ու ազգային-մշակութային ընդհանրությունները), մյուս կողմից էլ չեն պատկերացնում տեսանելի հեռանկարում Հայաստանի հետ ներկա հարաբերությունների ներքին լարվածությունը: Թուրքիայում արդեն հնչում են տեսակետներ առ այն, որ այս երկրի ժողովուրդը Հայաստանի հետ կապերի մերձեցման առումով պատանդ է դարձել Ադրբեջանի ձեռքին: Մասնավորապես, 2011 թվականի հոկտեմբերին հրապարակավ նման տեսակետ է արտահայտել ճանաչված քաղաքագետ-միջազգայնագետ, Անկարայի Միջին Արևելքի համալսարանի միջազգային համագործակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հուսեյն Բախչին` տարածաշրջանային զարգացումներին նվիրված գիտաժողովի ժամանակ: Ավելին, Թուրքիայում հրատարակվում են Ադրբեջանի ներկայիս ղեկավարության ու հասարակության ստվերոտ կողմերին նվիրված ուսումնասիրություններ ու մենագրություններ, որոնց հեղինակներն անցանկալի հյուր են դարձել Ադրբեջանում: Ո՞Ւր են միտված այս գործընթացները, և ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ դրանցից Հայաստանը, առայժմ դժվար է ասել: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջադեմ թուրք երիտասարդության մի ստվար զանգված արդեն սկսել է ստորագրահավաք` հայ-թուրքական սահմանը բացելու պահանջով, կարելի է եզրակացնել, որ Թուրքիայում այլևս դժվար կլինի անտեսել նոր իրողություններն ու շարունակել երրորդ երկրով միջնորդված փակուղային դարձած արտաքին քաղաքականությունը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ