ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵԿԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՑ ՁԱՅՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ»

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵԿԵԼ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՑ ՁԱՅՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ»
04.02.2011 | 00:00

Հայաստանի բազմակուսակցական համակարգը համալրվում է ևս մեկով` «Շրջադարձ» կուսակցությամբ։ Թե որքանով այն կբռնի ժամանակի քննությունն ու կդառնա հրապարակային ուժ, ապագան ցույց կտա։ Իսկ մինչ այդ դեռ չգրանցված կուսակցության նախագահ ՍԻՄՈՆ ՂՈՆԱՂՉՅԱՆԸ, հյուրընկալվելով «Իրատես de facto» ակումբում, հավաստեց, թե նպատակ ունեն «շրջադարձել» հասարակական մտածողությունը։ Առայժմ 262 անդամ ունեցող այս քաղաքական ուժը մտավախություն չունի, որ իր շարքերը կհամալրվեն պատեհապաշտներով, քանի որ վերջիններիս համար «նորելուկ» կազմակերպությունը ֆինանսական ու կարիերիստական որոշակի «գրավչություն» չի ներկայացնում։ «Կուսակցությունը բազմամարդ չի լինելու։ Սա մեր առանձնահատկություններից մեկն է, այսինքն, զորակցության սկզբունքն է գերակայելու։ ՈՒզում ենք ունենալ շատ զորակիցներ, քիչ անդամներ։ Խոշոր կուսակցությունը ենթադրում է ֆինանսական մեծ ռեսուրսներ, ավելին, այն դժվար կառավարելի է և ծախսատար»,- ասաց ակումբի հյուրը։
Ազգային գաղափարախոսության, ժողովրդավարության, ազատականության հիմքի վրա ստեղծված այս քաղաքական միավորն իրեն համարում է աջ կենտրոնամետ, ընդդիմադիր դաշտում գործող ուժ, մյուս ուժերի համեմատ էլ կուսակցության օրիգինալությունը, ըստ Ղոնաղչյանի, կդրսևորվի իրենց որդեգրած վարքում։ «Շրջադարձը» միանշանակ կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանզի համոզված են, որ իրենց հնարավորությունները նախընտրական շրջանում բավականին մեծ կլինեն։ Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը, Սիմոն Ղոնաղչյանը նշեց, որ հավանական դաշնակից է համարում ընդդիմադիր դաշտում գործող ակտիվ քաղաքական ուժերին ու միավորներին։ ՀԱԿ-ի մասով էլ ընդգծեց. «Կոնգրեսի ղեկավար, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ խոր հարգանք ունեմ։ Կարծում եմ` կոնգրեսի տնտեսական թևը բավականին ուժեղ է և հմուտ»։
Չշրջանցվեց նաև կուսակցության ղեկավարի` ժամանակին ՀՀԿ անդամ լինելու փաստը։ «Այդ կուսակցությանն անդամակցել եմ երկու անգամ. առաջինը` ստեղծումից փոքր-ինչ ուշ, և բավականին դերակատարություն եմ ունեցել այդ ժամանակ։ Կուսակցությունից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ դարձավ իշխանություն, ստեղծվեց «Հանրապետություն» դաշինքը։ Ավելի ուշ` 2006-ին եմ կրկին անդամագրվել` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդով ու պայմանով, որ պասիվ անդամ եմ լինելու։ Այն պահից, երբ հասկացա, որ այդ կուսակցությունը չի կարող այլևս լինել իմ քաղաքական առաջարկությունների ու գաղափարների քննարկման վայր, որոշեցի դուրս գալ ու ստեղծել նոր միավոր։ Ինձ հետ դուրս եկան նաև մի քանի ոչ հայտնի հանրապետականներ»,- ասաց բանախոսը, հավաստիացնելով, թե այսօր էլ շատ ցավով է տանում այդ քաղաքական ուժի անհաջողությունները, քանի որ իր համար ՀՀԿ-ն շարունակում է մնալ հարազատ կուսակցություն։ Ղոնաղչյանը շեշտեց նաև որոշ թերություններ, որոնք առկա են իրեն հարազատ կուսակցությունում. «Շքեղությունը չպետք է չափանիշ և կենսակերպ դարձնել ու չքննադատել։ Ինքնամաքրման մեծ ճանապարհ ունի անցնելու ՀՀԿ-ն»։
Արդյոք «Շրջադարձը» իշխանական պրոյեկտ չէ՞։ Այս հարցադրմանն ի պատասխան Սիմոն Ղոնաղչյանն ասաց. «Մենք եկել ենք քաղաքական դաշտ միայնակ քայլելու համար, չենք եկել որևէ մեկից ձայն փախցնելու։ Այդպիսի հետևություններ անելուց առաջ գոնե պետք է թողնել կուսակցությունը որոշակի ճանապարհ անցնի»։
Հայաստանի արտաքին քաղաքականության շեշտադրումները նորաստեղծ կուսակցության ղեկավարը դրական է գնահատում, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների հարթության մեջ։ «Նախագահը փորձեց առաջանցիկ քայլ կատարել։ Ցավոք, արդյունքներն այն չեղան, բայց դա նախագահի մեղքը չէր։ Հայաստանը որևէ պահի այդպիսի քայլ պետք է աներ` հասկանալու, թե մեր հարևանն իրական քաղաքական գործընթացում ինչպիսի վարքագիծ է որդեգրում։ Համոզվեցինք, որ այդ վարքագիծը, մեղմ ասած, բարեկամական չէ»,- արձանագրեց ակումբի հյուրը, ղարաբաղյան հիմնախնդրի մասով էլ փաստեց, որ կարգավորումը հնարավոր է միայն փոխհամաձայնության, փոխզիջման տարբերակով։ Կարևորելով Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ` կուսակցության ղեկավարը նկատեց. «Ինձ համար ավելի նախընտրելի է քաղաքական մշակույթի եվրոպական մոդելը, բայց Ռուսաստանի դերակատարությունը Հայաստանում բավականին մեծ է»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ