ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԵՎՍ 4 ՏԱՐԻ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԼԾԻ ՆԵՐՔՈ

ԵՎՍ 4 ՏԱՐԻ ԽԼՂԱԹՅԱՆԻ ԼԾԻ ՆԵՐՔՈ
22.03.2011 | 00:00

Հավակնորդները չորսն էին` գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Առնակ Գևորգյանը, Կարեն Վարդանյանը և Սևակ Մինասյանը։ Բոլորն էլ հինավուրց արմավիրյան հող ու ջրի մարդիկ։
Մի խոսքով, լրագրողական խանդավառությամբ ներխուժելով նախկին Հոկտեմբերյան, իսկույն ևեթ համոզվում ես` ժամանակն անզոր է Հավերժի առջև։ Այս մասին, սակայն, քիչ անց։

Մարտի 20-ին Արմավիր ճանապարհվելուց առաջ եղա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են», բարձրաձայնում ես ակամա։ Առավոտյան 10.00-ն է, ԿԸՀ-ում կիսաքուն հերթապահ ոստիկանն էր, ով աշխույժ հակադարձում է «բարի լույս» և անվրդով «զեկուցում»` հանձնաժողովում մարդ-մադաթ չկա։ Պարոն Ազարյա՞նը... կժամանի ուր որ է։
Զեկուցեմ արգո ընթերցողիս, որ հենց էնպես չէի փորձում հանդիպել տիար Ազարյանին կամ հանձնաժողովական այլ մեկին։ Արմավիրից ահազանգ էր հնչել` մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը կտրականապես արգելել է դիտորդական և այլ առաքելություններին, թեկուզ հպանցիկ, պատմության անողոք դատին հանձնել, ասել է` տեսագրել, նախընտրական հանձնաժողովների ժողովրդական տվայտանքների ինչ-ինչ դրվագներ։
Սա դեռ ոչինչ։ Զարմացրեց այն, որ երկրիս նշանավոր քաղաքներից մեկում քաղաքապետի ընտրությունները մեկնարկել են վաղ առավոտյան, ճիշտ 8.00-ին, տարաբնույթ հանձնաժողովականները, վստահված անձանց մարտաշունչ ջոկատներն ու դիտորդական օրինապաշտ առաքելությունների ներկայացուցիչները 7.00-ին կազմ ու պատրաստ նախընտրական տենդի մեջ էին, մայրաքաղաքում լեթարգիկ տեղատվություն էր։ Գուցե թե կապված լիալուսնի աննախադեպ գրոհի հետ։

Արմավիրում օլիմպիական անդորր էր, դարակազմիկ փոշի և զարմանալի զգացողություն, թե խորհրդային իշխանությունը վաղուց լքել է պատմության թատերաբեմը, անկախ ու ազատ հանրապետությունը` շրջանցել քաղաքը։ Ինչո՞ւ։ Ամենուր խարխլված մայթեր են և քարուքանդ փողոցներ, թալանված արտադրական ձեռնարկությունների մնացորդներ ու անտանելի փոշի։ Առաջին տպավորությամբ անբեկանելի է «դատավճիռը»` Արմավիրում քաղաքային իշխանություններ և քաղաքապետ չեն եղել առնվազն քառորդ դար։ Եվ զարմանալի էր գործող «քաղաքապետ» Ռուբեն Խլղաթյանի անհավանական հանդգնությունը` առաջադրվել մի քաղաքում, ուր դու իրականում չես եղել և չկաս։ Դեֆակտո։
Ներկայացվող լուսանկարներն ավելի քան խոսուն վկայությունն են վերոնշյալի (ի դեպ, կատարված Արմավիրի կենտրոնում)։ ՈՒ թե ինչ վիճակ էր քաղաքի արվարձաններում, լռենք, միևնույն է, չեք հավատա։
Ինչևէ, ակնհայտ էր, որ առաջադրված չորս թեկնածուներից պայքար է ծավալվելու գործող «քաղաքապետի» և Սևակ Մինասյանի միջև։ Ս. Մինասյանը բավականին ներկայացուցչական էր իր համակիրներով։
Ռ. Խլղաթյանի շտաբը տեղակայված էր Արմավիրի միակ քիչ թե շատ բարեկարգ Հանրապետության փողոցը եզրափակող հրապարակում, ուր քաղաքի մշակույթի տունն էր։ Հրապարակը բոլորում են քաղաքապետարանը, մարզպետարանը և փոստը, ուր և տեղակայված էր մարզային ընտրական հանձնաժողովը։ Այսինքն, մարզի և քաղաքի վարչական ռեսուրսը տրամադրված էր Խլղաթյանին, մարզային ընտրական հանձնաժողովը գտնվում էր աչալուրջ վերահսկման ներքո, երեք քայլ հեռու նստավայրից։
Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ Գայանե Սուքիասյանն իմ առաջին զրուցակիցն էր, որը մի քիչ զարմացավ ոչ մարզային թերթի (իմա` «Իրատես de facto»-ի) ներկայությունից և պնդեց, որ նկարահանումները հանձնաժողովների աշխատանքների ընթացքում ինքն արգելել է օրենքի համաձայն։
Իսկ Սևակ Մինասյանի վստահված անձ, իրավաբան Սարգիս Ցականյանն այս մեկնաբանությունն ուներ. «Ընտրական օրենսգիրքը չի արգելում վստահված անձանց առանց կարգը խախտելու ընտրական գործընթացի պահին տեսաձայնագրում կատարել։ Ընտրական բոլոր հանձնաժողովներում արգելում են տեսաձայնագրում կատարել։ Եվ վկայակոչում են 27.1 հոդվածը, որը վերաբերում է վստահված անձանց, ուր խոսք չկա, թե վստահված անձն ինչպես կարող է իրականացնել իր դիտումը։ Բացի սա, Սահմանադրության թիվ 42 հոդվածը սահմանում է` այն, ինչ չի արգելված օրենքով, թույլատրելի է։ Խնդիրն այն է, որ տեսաձայնագրում անցկացնողները չպետք է խոչընդոտեն հանձնաժողովի աշխատանքին։ Հավատացեք, հանձնաժողովներում չեն էլ նկատել, որ տեսախցիկ է աշխատում։ Եվ ահա տեսաձայնագրում իրականացնող մեր վստահված անձանց հեռացրել են ընտրական տեղամասերից։ Այժմ արձանագրություն ենք կազմում, որը ներկայացնելու ենք դատարան»։

Ի դեպ, Ռ. Խլղաթյանը ՀՀԿ Արմավիրի մարզային կառույցի փոխնախագահն է։
Իսկ այժմ շրջայց ընտրական Արմավիրի փոշեկուլ ու աշխարհից քշված փողոցներով։
Թիվ 9 միջնակարգ դպրոցում էր տեղակայված 21/08 տեղամասը, որի նախագահ Հենրիկ Մարգարյանի հավաստմամբ` «Այս պահի դրությամբ ամեն բան նորմալ է, առավոտյան ժողովուրդը պասիվ էր, բայց գնալով հոսքն աշխուժանում է»։ Ե՛վ այս, և՛ մյուս ընտրական տեղամասերում հարաբերական անդորր էր, վստահված անձինք` կազմ ու պատրաստ «գալիք սխրանքներին»։ Լարվածությունը կուտակվում էր քաղաքի հետնախորշերում։ Ինչի վառ առհավատչյան ոստիկանության սպայակազմի ներկայությունն էր ընտրատեղամասերի բակերում։ Ընդ որում, ոստիկանության ծառայողականները փակել էին մեքենաների մուտքը։
Մյուս տեղամասերում Մինասյանի վստահված անձինք դժգոհ էին մեկ բանից` տեսաձայնագրման արգելումից։
Սակայն միջօրեին հանձնաժողովի առանձին նախագահներ «զիջեցին դիրքերը», խոստովանելով, որ դեռ սեմինարների ընթացքում է Գ. Ազարյանը խստորեն հրահանգել` հանձնաժողովի աշխատանքը թույլ տալ տեսաձայնագրել... ոչ ավելի, քան 5 րոպե։
Տեղամաս 21/07։ Գոհ էին դիտորդները, հանձնաժողովականները, մասնակի` վստահված անձինք։
Տեղամասում նախագահն Անդրանիկ Սասունյանն էր։ Դարձյալ գոհ ու երջանիկ։ 12.00-ին ընտրական ակտիվությունն ամենուր նորմայի սահմաններում էր։
Ժամը 13.00-ի սահմաններում նախընտրական շուրջպարի առաջին շորշոփները սփռվեցին` առանձին ընտրողներ զարմացած էին իրենց բնակարանում այլ անձանց հայտնաբերելով։ Հունան Ավետիսյան փողոցի 28 շենքի 29 բնակարանի սեփականատեր Մելանյան, իրենից բացի, ընտրացուցակում ևս չորս անծանոթ և ընտրելու իրավունք ունեցող անձինք է հայտնաբերում։ Տեղամասում խորհուրդ են տալիս դիմել ոստիկանության անձնագրային բաժին։ Ի դեպ, նման իրավիճակում հայտնված հաշմանդամ մի քաղաքացի բողոքում էր, որ արդեն երկրորդ ընտրությունն է, իր բնակարանում գրանցված է Ծառուկյան ազգանունով (ոչ Գագիկ, անշուշտ) մեկը։
Անձնագրային բաժնում պարզվեց, որ նման օրինակները բազմաթիվ են։ Բաժնի պետ Գ. Տոնոյանը բացատրական աշխատանք տանելով եզրահանգման եկավ, որ յուրաքանչյուր տեղեկություն` կապված Արմավիրի անձնագրային ծառայության հետ, կարող ենք ճշտել 02 ծառայությունում։

Երբ դուրս էի գալիս ոստիկանությունից, երկու երիտասարդի, ձեռնաշղթայված, բերեցին ոստիկանություն։ Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։
Ժամը 9.30-10.00-ի սահմաններում է գրանցվում ընտրակաշառք բաժանելու փորձը` չորս կանանց կողմից։ Մեկի գործողությունը կանխարգելում են Ս. Մինասյանի նախընտրական շտաբի անդամները, երեքը ճողոպրում են։ Այս դեպքն արձանագրվում է թիվ 3 միջնակարգ դպրոցի հարևանությամբ, որը հասկանալի է, նաև ընտրատեղամաս է։ Շտաբում տեսաձայնագրում են կաշառատուի ցուցմունքը և հայտարարություն տալիս ոստիկանության բաժնում։ Կաշառք բաժանողը ոմն Տիգրան է, քաղաքի մանկապարտեզներից մեկի վարիչի ազգականը, ում ոստիկանությանն են հանձնում կաշառացուցակի և 50 հազար դրամի առկայությամբ։ Տիգրանը ձախողակ կաշառատու է, սակայն ազնվորեն խոստովանում է, որ գումարը հանձնել են Ռ. Խլղաթյանի նախընտրական շտաբում, խնդրել բաժանել։

Քիչ անց պարզվեց, որ ձեռնաշղթայված ակտիվիստներից մեկը բռնվել է Նորապատի ընտրատեղամասի տարածքում։ Մյուսը` քաղաքում շրջելիս։
Ժամը 14.00-ին` շշուկներ քաղաքում` «ժամանել են Նեմեց Ռուբոյի և Լֆիկ Սամոյի զորախըմբերը` «շեֆերի» գլխավորությամբ»։ Անշուշտ, «քյոմագ» անելու։ Տեղին էր լինել Ռ. Խլղաթյանի նախընտրական շտաբում, հաղթահարելով հրապարակը շրջափակած բազմագլուխ շարժակազմերի «նախիրը»։ Շտաբի պետ պարոն Ավագյանը շատ գոհ էր ընտրությունների ընթացքից, մարմանդ եղանակից, վստահված անձանց բարեկրթությունից, հանրապետական ԶԼՄ-ների բացակայությունից։ Այնուամենայնիվ, կտրուկ բացառեց, որ ընտրակաշառքի բաժանման դեպք է գրանցվել։ Ձեռնաշղթաները, ըստ նրա, աչքիս էին երևացել։ Ինչպես նաև բազմաթիվ ականատեսների աչքերին։

Օրվա երկրորդ կեսին դեպքերի զարգացումը սրընթաց էր, ուշագրավ, քիչ էլ խորհրդավոր։
Քաղաքապետի թեկնածու Առնակ Գևորգյանը վստահ էր իր հաղթանակին։ Գոհ էր նաև մնացյալ ամեն բանից։
Կարեն Վարդանյանի նախընտրական շտաբում ճոխ ընդմիջում էր։ Թեկնածուն ներկայացավ որպես իրավաբան և ձեռնպահ մնաց ընտրակաշառքի դեպքը մեկնաբանելուց։ Զի փաստերին ամբողջովին չէր տիրապետում։
Վերջին երեք ամիսներին Արմավիր քաղաքում ժամանակավոր բնակություն է հաստատել և գրանցում ստացել մի քանի հազար քաղաքացի, որոնք, համաձայն գործող օրենքի, ընտրողներ են։ ՈՒ թե ինչու են գյուղբնակիչները Ամանորից հետո գրոհել Արմավիրը, լուրջ գիտավերլուծական քննության է ենթակա։
Ժամը 22-ի տվյալներով` հավասար պայքար էր ընթանում Ռ. Խլղաթյանի և Ս. Մինասյանի միջև։ Եվ ահա 22.15-ին Ռ. Խլղաթյանի նախընտրական շտաբի շրջակայքում հրավառություն սկսվեց և բացվեցին շամպայնի առաջին շշերը։
Եղա մարզային ոստիկանությունում։ Այցս նախ զարմացրեց, հետո առիթ հանդիսացավ, որ բավականին բարեհամբույր ոստիկանապետը ներկայացնի ընտրական օրվա «սվոդկան», համաձայն որի` մեկ քաղաքացու... առևանգել են կաշառք բաժանելու փորձը կանխելու նպատակով (Տիգրան Ավետիսյանին առևանգել էր Անուշավան Ալեքսանյանը)։
Ա. Ալեքսանյանը ստորագրությամբ բաց է թողնվում։ Մյուս երեք դեպքը վերաբերում է ընտրակաշառքի բաժանմանը։ Թե ում հրավերով, մնաց անհայտ ու անմեկնելի։
Ժամը 18.00-ի սահմաններում ՆԳ հատուկ վարչության գրոհայինները հայտնվեցին Արմավիրում։
(Ժամը 20.15-ին Ռուբեն Հայրապետյանն անսպասելի լքեց քաղաքը)։
Իսկ ահա բնակչության հետ հանդիպումներս հիմնավորեցին` ղեկավարելով Արմավիրը` Ռ. Խլղաթյանը համակրանք չի վայելում քաղաքի որևէ հատվածում։ Ավելին, նրանից ձերբազատումը, շատ շատերի կարծիքով, կդառնա խոր ճգնաժամի մեջ հայտնված քաղաքի փրկության ավետիսը։ Եվ, այսուհանդերձ, «քաղաքապետը» վերընտրվեց։
Ողբամ զքեզ, քաղաք իմ, Արմավիր։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Վերջնական տվյալները.
Քաղաքի 28240 ընտրողից այս ընտրությանը մասնակցել են 14164-ը։
Ռ. Խլղաթյանին ձայն է տվել 6849 ընտրող։
Ս. Մինասյանին` 5811 ընտրող։
Չափազանց համեստ էին Առնակի (710 ձայն) և Կարենի (330 ձայն) տվյալները։ Անվավեր է ճանաչվել 463 քվեաթերթիկ։ Յոթը խոտանվել է։
Ի դեպ, Սևակ Մինասյանը պատրաստվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների գործողությունները բողոքարկել դատական կարգով։
Իսկ ինձ մնում է շնորհավորել Խլղաթյանի հերթական նշանակումը։

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ