ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՉՈՐՍ «ՍՑԵՆԱՐՆԵՐԻՑ» Ո՞ՐԸ ԿԽԱՂԱՐԿՎԻ

ՉՈՐՍ «ՍՑԵՆԱՐՆԵՐԻՑ» Ո՞ՐԸ ԿԽԱՂԱՐԿՎԻ
20.03.2012 | 00:00

ԱՄՆ-ը և Ֆրանսիան բավականաչափ ժամանակ ունեին, ըստ էության, հասկանալու, թե ինչ սպառնալիքներ են կախված Սիրիայի ու ամբողջ Մերձավոր Արևելքի գլխին։ Երկու տերություններն էլ ընդունակ չեն լիակատար պատասխանատվություն ստանձնելու որևէ սցենարով Սիրիայում իրադարձությունների ծավալման համար, քանի որ հնարավոր «հեղափոխական» սցենարներից յուրաքանչյուրը հանգեցնում է ամբողջ տարածաշրջանի անվերահսկելի մասնատման։ Մասնատումը, իհարկե, աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման վարկածներից մեկն է, որոնք հետևողականորեն կենսագործվել են։ Բայց, տվյալ դեպքում, ակնհայտ է, որ առայժմ Սիրիայի աղետն ամենևին չի մտնում արևմտյան տերությունների ծրագրերի մեջ։ Ըստ երևույթին, խնդիրն այն է, որ Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում ԱՄՆ-ի դիրքերի թուլացման պայմաններում դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ կարելի է տարածաշրջանը հսկողության տակ պահել։ ՈՒ թեև ԱՄՆ-ը միանգամայն գիտակցված նվազեցնում է իր պատասխանատվությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի հարցում, ձևավորելով իր ազդեցության ու ներկայության նոր ձևաչափ, բայց հենց այս պահին Վաշինգտոնը զգուշանում է այդ գործընթացն սկսելուց։
Սիրիայում հնարավոր է չորս սցենարի խաղարկում. պահպանել ներկա վարչակարգը` անցկացնելով երկրի պետական-քաղաքական կառուցվածքի բարեփոխումներ, ստեղծել Սիրիայի դաշնային հանրապետություն, ինքնավար կանտոններ` պայմանագրային և սահմանադրական հիմքի վրա պահպանելով ուժերի որոշակի ներքին հավասարակշռությունը, իշխանության բերել սուննիական մեծամասնությանը, որն արտահայտում է կա՛մ «Մուսուլման եղբայրների», կա՛մ «Ալ Քաիդայի», իսկ, ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի և արաբական պետությունների մեծամասնության շահերը, և որն ավարտվելու է բնակչության փոխադարձ կոտորածով, շարունակական ռազմական գործողություններով ու երկրի մասնատմամբ, աղետալիորեն թուլացնելու է ներկա կառավարող վարչակազմն ու պետությունը, ստեղծելով ինչ-որ ձևաչափի պայմանագրային դաշնապետություն` քվոտավորել իշխանական լիազորությունները` պահպանելով մի թույլ պետություն։ Բոլոր չորս տարբերակները չէ, որ ձեռնտու են ԱՄՆ-ին ու Իսրայելին, դրանցից և ոչ մեկը ձեռնտու չէ նաև Ֆրանսիային, իսկ առաջատար արաբական պետություններին ձեռնտու են միայն այն տարբերակները, որոնք հանգեցնում են ալավների իշխանության լիակատար վերացմանն ինչպես ամբողջ Սիրիայում, այնպես էլ նրա տարածքի մի մասում։
Ամեն դեպքում, այդ գործընթացներն ԱՄՆ-ի վրա մեծ գումարներ կնստեն, ինչն ամենևին ձեռնտու չէ նրան։ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար կատարյալն այն սցենարն է, եթե Ասադների ընտանիքը հեռանա իշխանությունից, իսկ պետական-քաղաքական կառուցվածքը բարեփոխվի ունիտարիզմի և իրական պառլամենտարիզմի պահպանման հիմքի վրա։ Բայց դա միայն կատարյալ տարբերակն է։ Բոլորն սկսում են հասկանալ, որ իշխանությունից Բաշար Ասադի և ալավական կլանի հեռանալու պարագայում Սիրիան չի կարող մնալ նախկին աշխարհառազմավարական շրջանակներում, ու նրան աղետ է սպասում։ Երևի «ըստ արժանվույն» է գնահատված նաև գործող վարչախմբի ներկա քաղաքական ու ռազմական կարողությունը, ու ոչ ոք չի ուզում արագացնել իրադարձությունները, թեև ամեն տեսակի հայտարարություններ որքան ասես արվում են։ Սիրիան զգացել է Ռուսաստանի ու Չինաստանի աննախադեպ աջակցությունը, ու երևի սիրիական հանրության լայն խավերը շարունակում են պաշտպանել նախագահին ու ներկա վարչակարգը, տեսնելով, որ քաղաքական ղեկավարությունն անկեղծորեն ցանկանում է իրական քաղաքական ու հասարակական բարեփոխումներ կատարել։ Ասել, թե սուննիական բնակչությունը չի աջակցում ընդդիմությանը, ճիշտ չի լինի, ինչպես ճիշտ չի լինի ժխտել, որ այդ իրադարձությունների հիմնապայմանն արտաքին աջակցությունն է եղել։ Բուն Սիրիայում, ինչպես նաև հարևան Լիբանանից իրադարձություններին հետևելիս կարելի էր համոզվել, որ այնտեղ, ուր դրսից երկիր ներթափանցած զինված խմբեր չկան, լիակատար կարգուկանոն է, բավականին անվտանգ` նույնիսկ եկվոր օտարերկրացիների համար։ Խնդիրն այն է, որ Սիրիայի կառավարող վարչակազմը չափազանց երկար ժամանակ և շատ համառորեն ձգտում էր ճնշում գործադրել և ազդեցություն գործել հարևան պետությունների վրա` երբեմն բռնելով հակասական դիրքորոշում, հավասարակշռություն պահպանելով տարբեր տարածաշրջանային ու արտաքին ուժերի միջև։
ԱՄՆ-ի և Եվրոպայի փորձագիտական ընկերակցության դիրքորոշումներն ու պատկերացումները սիրիական իրադարձությունների վերաբերյալ լուրջ փոփոխություններ են կրում։ Փոփոխվում են նաև կանխատեսումները։ Ներկա դրությամբ Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ որևէ հետաքրքիր ու արդարացված բանավեճ չի ծավալվում նաև միջազգային փորձագիտական շրջանակներում։ Գերիշխում են վերացական և զգուշավոր գնահատականները, քանի որ նրանք հենց սկզբից էլ նախընտրում էին զուգահեռներ անցկացնել Թունիսի, Լիբիայի և Եգիպտոսի, թվում է, նույնանման իրադարձությունների հետ։ Իրենց վերլուծություններով իրականությանն առավել մոտ են ֆրանսիացի փորձագետները, որոնք, երևի, այդ իրադարձություններին հետևում են, ելնելով Արևելյան Միջերկրականում գտնվելու իրենց փորձից, և նրանց վրա քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների այնքան էլ մեծ ճնշում չի զգացվում։ Միաժամանակ, եվրոպական որոշ փորձագետներ հակված են ՆԱՏՕ-ի կողմից Սիրիա ներխուժելու և այդ երկիրն օկուպացնելու հեռանկար տեսնելու։ Այդ փորձագետների մի մասը երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքում և քաջ ծանոթ է տարածաշրջանին, այդ թվում` Սիրիային և Լիբանանին։ Որոշ բրիտանացի փորձագետներ ֆրանսիացիների հետ համակարծիք են այն հարցում, որ, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կամ Եվրոպայի մի խումբ երկրներ ու ԱՄՆ-ը ծրագրում են ներխուժում կատարել` նպատակ ունենալով հասնելու Սիրիայի զինված ուժերի աղետալի թուլացմանն ու փլուզմանը, երկրի տրոհմանը։ Եվ այդ ներխուժումը կլինի ավելի քան օրինակարգ ու արդարացված։ Միաժամանակ, այդ փորձագետները հասկանում են, որ Սիրիայում ոչ մի ազգային ու կրոնական խմբերի համատեղ ելույթի մասին խոսք լինել չի կարող։ Եթե նույնիսկ ենթադրելու լինենք, թե ալավներն ու սուննիները կփորձեն ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերել, ու նրանց կմիանան քրիստոնեական համայնքները, ապա Սաուդյան Արաբիայի ու նրա արբանյակների շահերը ներկայացնող արտաքին ուժերը թույլ չեն տա իշխանության որևէ բաժանում սուննիների և ալավների միջև։ Այս պատերազմը մղվում է ո՛չ դրա համար, այլ սալաֆական հոսանքի արմատական աստվածապետական վարչակարգի հաստատման համար։ Հենց դրան են ձգտում զինված խմբերը։ Ընդ որում, եվրոպացի քաղգործիչներն արդեն շտապում են սահմանազատվել հնարավոր ռազմական ներխուժումից։
Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է. «Սիրիա զինված ներխուժման մասին ցանկացած խոսակցություն մերժելի է։ Մենք պետք է խուսափենք լայնընդգրկուն հրդեհից, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի համար»։ Այս կարծիքին համամիտ է Եվրոպայի քաղգործիչների մեծ մասը, եթե չասենք` բոլորը։
Սիրիայից հեռանում են գեներալներ ու քաղաքական գործիչներ և ո՛չ այն պատճառով, որ համաձայն չեն նախագահի քաղաքականությանը, վախենում են լայնածավալ ու երկարատև զեղծարարական գործունեության համար պատասխանատվությունից և չեն ուզում կորցնել իրենց աստղաբաշխական հարստությունը։ Հենց գեներալներն ու նախարարները, ինչպես նաև օլիգարխիան, որոնք առավելապես սուննիներ են, թույլ չտվեցին բարեփոխումներ կատարել Սիրիայում, որ մտադիր էր անել Բաշար Ասադը` նախագահ Հաֆեզ Ասադի մահվանից անմիջապես հետո։ Ըստ էության, որքան շատ դասալիքներ ու փախստականներ լինեն գեներալների ու վարչական պաշտոնյաների շրջանում, այնքան լավ, քանի որ քաղաքական դաշտն ավելի արագորեն կմաքրվի` տեղ բացելով իրական բարեփոխումների համար։
Չի կարելի քննության առնել Սիրիայի քաղաքական հեռանկարները` առանց հաշվի առնելու նրա կարևոր աշխարհառազմավարական և աշխարհատնտեսական նշանակությունն ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Արևմտյան ընկերակցության համար։ Նախ և առաջ պետք է քննարկել Սիրիայի դերը Թուրքիայի տարածաշրջանային նվաճամտության «զսպման» ամերիկյան ռազմավարության հարցում` արաբական պետությունների կողմից ամերիկացիներին ցուցաբերվող համերաշխ աջակցության պայմաններում։ Հազիվ թե սաստիկ բարեփոխված Սիրիան դառնա Թուրքիայի գործընկեր կամ գործակցի վերջինիս հետ Մերձավոր Արևելքում նրա ազդեցության մեծացման ուղղությամբ, քանի որ սիրիացիներն արդեն լիովին հասկացել են իրենց հյուսիսային հարևանի մտադրությունները։ Սիրիայի դաշնապետական կառուցվածքը` ալավական ու քրդական կանտոնների առկայության պայմաններում, նույնպես հազիվ թե դառնա Թուրքիայի հուսալի գործընկեր. սիրիական հասարակության արմատականացումը, քաղաքական իսլամի դերի բարձրացմամբ, այս կամ այն ձևով կհանգեցնի Թուրքիայի հանդեպ սպառնալիքի առաջացման, երբ Սիրիան հենա-հրապարակ դառնա իրենց գործունեությունն արտահանող իսլամական արմատական խմբերի համար։ Տարածաշրջանային և արտաքին բոլոր դերակատարները շատ լավ են հասկանում, որ Թուրքիային չի հաջողվի իրագործել տարածաշրջանային նվաճողամտության իր ծրագրերը` առանց արաբական աշխարհի հյուսիս-արևմտյան միջնաբերդի` Սիրիայի «վրայով անցնելու»։ ԱՄՆ-ի և Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերի բախումից բացի, տարածաշրջանում կան նաև մի շարք այլ դերակատարներ, որոնք արդեն ցուցադրել են խուսանավելու և հավասարակշռելու քաղաքականություն վարելու իրենց ունակությունը։ Առայժմ որպես պանարաբականության քաղաքականության էպիկենտրոն հանդես է գալիս միայն Սաուդյան Արաբիան, որը հենվում է ԱՄՆ-ի աջակցության ու գործընկերության վրա։ Բայց, վաղ թե ուշ, «մեծ քաղաքականություն» կվերադառնա Եգիպտոսը, որը կառաջադրի սաուդյանից նկատելիորեն տարբերվող քաղաքական գերակա խնդիրներ, սակայն, այսպես թե այնպես, արաբական պետությունների միջազգային դիրքերը կուժեղանան։
Եգիպտոսում ամրապնդվում են «Մուսուլման եղբայրների» դիրքերը, որոնց շահերը արմատապես տարբերվում են «սալաֆական ճակատի» շահերից, և, չնայած իսլամական կարգախոսներին, Եգիպտոսն ապագայում գուցե և դառնա ավելի «արևմտականացած» պետություն, քան հիմա է։ Եգիպտոսում ձևավորվել են բազմաթիվ սոցիալական խմբեր, որոնք երկարաժամկետ հեռանկարում կապահովեն երկրի կայունությունն ու զարգացումը, ինչը նախատեսում է արտքաղաքական միտումների շարունակում, նախ և առաջ` Մերձավոր Արևելքի առնչությամբ հավասարակշիռ քաղաքականության իրականացում։ Եգիպտոսը, իհարկե, շահագրգռված է Սիրիայի զարգացմամբ, ինչը ոճով ու բովանդակությամբ պետք է համադրելի լինի բուն Եգիպտոսի գործընթացների հետ։ Սիրիայում ալավական վարչակազմի բազմամյա գոյությունը, չնայած եգիպտական ղեկավարության որոշ հավակնոտ հարձակումներին, լիովին համապատասխանել է Եգիպտոսի շահերին, և Եգիպտոսի ու Սիրիայի նախկին վիճակը եղել է արաբական աշխարհում ու Մերձավոր Արևելքում անվտանգության ու աշխարհաքաղաքական հավասարակշռության գործոն։ Եգիպտոսի ու Սիրիայի հարաբերությունները մի քանի տասնամյակ շարունակ եղել են արաբական քաղաքականության և արաբական պետությունների միջազգային դիրքորոշումների առանցքը։
Իրանը հսկայական ռեսուրսներ է ներդրել Սիրիայի ու Լիբանանի շիական համայնքների աջակցության գործում, կշարունակի պաշտպանել Արևելյան Միջերկրականի իր գործընկերների դիրքորոշումները և թույլ չի տա անտեսել շիաների իրավունքները։ Ժամանակի ընթացքում Իրանը փորձեր կանի նախ եվրոպական պետությունների, հնարավոր է Վատիկանի, այնուհետև նաև ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բեր-ելու Միջերկրական ծովի արևելյան ափի առնչությամբ։ Համենայն դեպս, ներկայումս Իրանը Սիրիայում ունի մեծ թվով զորախմբեր, որոնք ընդունակ են լուծելու իսլամական արմատականների դեմ պայքարի շատ խնդիրներ, իսկ Թուրքիան դեռևս չի համարձակվում խախտել արգելված գիծը և ապահովել իր ռազմական ներկայությունը Սիրիայում։
Սիրիայի իրադարձությունները, այսպես թե այնպես, դարձել են Իրաքում սուննիների ու շիաների հարաբերությունների սրման հայտանիշ, քանի որ հենց Իրաքն է եղել սուննիների զինված խմբեր Սիրիա նետելու հենակետը, և դա է՛լ ավելի է սրում միջհամայնքային պայքարը բուն Իրաքում։ Սիրիայում տիրող իրադրության վերջնական խարխլումը և երկրում իսլամական արմատական կամ անգամ չափավոր սուննիական վարչակարգի հաստատումը կհանգեցնեն Իսրայելի շուրջ մի ահավոր գոտու առաջացման, որը չի կարող նստած մնալ ներկա փաստական սահմանների հետևում, եթե շարունակական հարձակումների ենթարկվի Սիրիայի, հնարավոր է նաև Լիբանանի տարածքից։ Այս ամենը կհանգեցնի տարածաշրջանային իրավիճակի անկառավարելիության այնպիսի մակարդակի, որ ԱՄՆ-ը «կմոռանա» մյուս բոլոր խնդիրներն ու այդ գործընթացները մարելու վրա ավելի շատ կծախսի, քան իրաքյան ռազմարշավի վրա։ Եվ վերջապես, Սիրիայի ափերի մոտ է գտնվում Միջերկրական ծովում Ռուսաստանի միակ ռազմածովային բազան, ինչը հանգիստ չի տալիս ամերիկացիներին, թեև այդ ավազանում ռուսական նավատորմի դերակատարումը նշանակալի չէ։
Սիրիան կարևոր է նաև աշխարհատնտեսական առումով, եթե հաշվի առնենք, որ սիրիական երթուղիներն առավել խնայողական ու ապահով են արևմտյան ուղղությամբ իրաքյան նավթի առաքման համար։ Ներկայումս իրաքյան նավթի զգալի մասը դեպի Միջերկրական ծով է մղվում Թուրքիայի տարածքով, ինչն ամենևին ձեռնտու չէ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Իրաքին։ Իրաքյան նավթի արտահանության սիրիական ուղղությունը կստեղծի նոր ու ավելի նախընտրելի իրավիճակ, այդ թվում` անվտանգության հարցում։ Արաբական շատ երկրների համար Սիրիայի կայունությունն անհրաժեշտ է պարենամթերքի մատակարարման տեսակետից, քանի որ Սիրիան գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մատակարարներից մեկն է։
Ժամանակն է որոշելու հետագա անելիքները, և ամերիկացիներն ու եվրոպացիները հասկացել են, որ պատրաստ և ունակ չեն ո՛չ կարգավորելու իրավիճակը, ո՛չ առաջարկելու այնպիսի տարբերակ, որն ընդունելի լինի իրենց սեփական շահերի տեսանկյունից։ Հիմա ամերիկացիներին ու եվրոպացիներին պետք է մի տարբերակ, որն օգնի «պահպանելու իրենց դեմքը» ու միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերելու Սիրիայի ներկա վարչակազմի հետ։ Հասկանալի է նաև, որ Բաշար Ասադի հեռացումը նշանակում է նաև ներկա կառավարող վարչակազմի հեռացում, և ոչ ոք պատրանքներ չի փայփայում, թե առանց ներկա նախագահի կհաջողվի ապահովել իշխանության ընդունելի փոխանցում։ Երևի հարկ կլինի պայմանավորվել և առաջարկել մի տարբերակ, որը կբավարարի բոլոր կողմերին և կնպաստի պետական-քաղաքական կառուցվածքի իրական բարեփոխմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 819

Մեկնաբանություններ