ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷԼ ՊԱԿԱՍԸ ՉԷՐ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԷԼ ՊԱԿԱՍԸ ՉԷՐ
29.04.2011 | 00:00

Անցնող օրերի ընթացքում հայ հանրությունն աննախադեպ իրողության ականատեսը եղավ վերջին քսան տարվա մեջ: Հազար ու մի բան տեսած ժողովուրդն էս մեկը հաստատ չէր տեսել: Ընդդիմության և իշխանության արժանապատիվ պահվածք: Հանդուրժողություն: Միմյանց նկատմամբ ուշադրություն: Զգոնություն: Այլ կերպ՝ շարունակականություն, ինչի կարիքն ամենից շատ կա քաղաքականապես ավերված այս երկրում:
Մի խոսքով, շատերին էր պարզ, որ քսանութը ջրբաժան չի դառնալու մի շարք, ինչպես նաև Սերժ Սարգսյանի նախորդ օրվա ժեստի պատճառով: Բոլորն էին սպասում՝ ոնց է արձագանքելու դրան Տեր-Պետրոսյանը: Տեղ-տեղ դիպուկ հումորով: Ամբողջության մեջ՝ հիմնադիր նախագահի բարձունքից: Բայց դեռ հումորի մասին. անդրադառնալով «ընդդիմախոսների» բարձրաձայնումներին, որոնք կարծում էին՝ երեք պահանջներն առանց ՀԱԿ-ի էլ իշխանությունները կատարում էին (ընդ որում, հիմնական թիրախը դաշնակցությունն էր, որի սրտին չի նստում սկսված երկխոսությունը՝ հազար ու մի պատճառով), Տեր-Պետրոսյանն ասաց. դե որ էդպես է, թող իշխանությունը շախից հետո մատ հայտարարեր և Քոչարյանին հանձներ Հաագայի դատարանին։ Հետո «ծերուկը լուռ չարչարանքով մի քանի կոճղ դրեց կրակին», իմա՝ ջուր խմեց, սպասեց քիչ և ահավոր ոգևորված ժողովրդին թե՝ «հուսով եմ` ինձ ճիշտ հասկացաք. նկատի ունեի Անդրանիկ Քոչարյանին»: Արժանին մատուցենք Տեր-Պետրոսյանի հումորի խորունկությանն ու անցնենք առաջ: Հետո եկավ ավանդական, իր ռուսությունը կորցրած՝ «ինչ անել» հարցի պատասխանի պահը: Տեր-Պետրոսյանը գրեթե ամբողջությամբ ցիտեց Սերժ Սարգսյանի նախորդ օրվա նույնքան հետաքրքիր հարցազրույցը: Ասաց` մարտի մեկի առնչությամբ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նույնիսկ ավելին էր, քան սոսկ պաշտոնական հայտարարություն: Բայց դե, ի՞նչ Լևոն, որ համ էլ «պոչ» չկպցներ. «չնայած այն առայժմ դատարկ խոսք է, իհարկե, չեն կատարելու, իհարկե, պարտակելու են. բա մե՞նք ինչի համար ենք. թույլ չենք տալու»: Նկատենք, որ այստեղ նոր շերտ է առաջանում, և մարտի մեկի հետ կապված զարգացումներում դեռ շատ հետաքրքիր բաների ականատեսն ենք լինելու (երևի, Անդրանիկ Քոչարյանին մի հատ էլ էս առիթով ուղարկենք... հասկացաք):
Դե քանի որ միտինգը համացանցում օնլայն դիտում էինք հենց Ազատության հրապարակից, Ազատության հրապարակի առնչությամբ չասենք` ինչ ասաց Տեր-Պետրոսյանը:
Ամենակարևորը նրա երրորդ (Աստված սիրո՜ւմ է երրորդությունը) միտքն էր: Իրենց թերթերին անգամ այս մտքի ստուգաբանությունը նրանք նախորդ օրը «պահ» չէին տվել: Այն վերապահված էր Տեր-Պետրոսյանի շուրթերին: Ինչն էլ նշանակում էր՝ էս ո՜նց են խաղում առաջին և երկրորդ նախագահներն իրար հետ, էն ո՜նց են երկխոսում, որ կարծես բոլորիս ուշադրությունից էր վրիպել Սերժ Սարգսյանի միտքը. այն է՝ Անկախության տոնակատարությունները շարունակվելու են ողջ մայիս-հաղթական ամսվա ընթացքում, երբ տոնելու ենք նաև Հանրապետության օրը, «զնաչիտ»՝ մայիսի քսանութին կհայտարարվի, որ տղերքն ազատվում են: Էստեղ արդեն տեղի ունեցավ ամենահետաքրքիրը. ժողովուրդը թե՝ «հիմա-հիմա»: Տեր-Պետրոսյանի համար էլ հետաքրքիր էր, թե իր այդ մտքերից հետո ժողովուրդն ինչպես է իրեն պահելու, իր ներսում նա իրեն հատուկ պաուզան վերցրեց ու աչքերի իր արտահայտությամբ ասաց. «Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք, ՀԱԿ-ի անունից ներողություն եմ խնդրում Սասունից, Նիկոլից և մնացած տղաներից, որ նրանց ազատ արձակելու խնդիրը չլուծվեց մեր նշած ժամկետում... Բարի երթ, սիրելի ժողովուրդ»: Սերժ Սարգսյանի տեղը լինեի, «հիմա» կազատեի տղերքին, որպես բարի կամքի դրսևորում: Որպես բարի երթի շարունակականություն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1019

Մեկնաբանություններ