Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Երկրորդ Օրենք» գիրքը

«Երկրորդ Օրենք» գիրքը
07.08.2009 | 00:00

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԸ
«Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Բ Օր 30.19)։
Մովսեսի հինգերորդ գիրքը եբրայական բնագրում կոչվում է «Էլլէ հադդեբարիմ» («Սրանք են պատգամները»)` ըստ առաջին համարի առաջին բառերի։ Ռաբբիները` հրեա հոգևորականները, այն անվանում են նաև «Գիրք հանդիմանության», քանզի պարունակում է խստաբարո ժողովրդի հանդիմանությունն անցյալի և ապագայի մեղքերի համար։ Սույն գիրքը եբրայական ավանդության մեջ մեկ այլ անվանում էլ ունի` «Միշնե թորա»` «Օրենքի կրկնություն», որը Յոթանասնից թարգմանության մեջ թարգմանվեց Դոյտերոնոմիոն, այսինքն` կրկնօրենք, այստեղից էլ` նույն իմաստով գրաբարյան «Երկրորդումն Օրինաց»-ը, քանզի պարունակում է Ելք, Ղևտական գրքերում հիշված օրենքները։
ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԸ
29. 29 համարի խոստովանության մեջ գտնում ենք այն, ինչը մեզ մոտեցնում է այս գրքի սրտին. «Գաղտնի բաները մեր Տեր Աստծունն են, իսկ հայտնիները` հավիտյան մեզ ու մեր որդիներին, որպեսզի կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։ Եվ սա ասես ամփոփումը լինի գրքի գլխավոր թեմաների, որոնք են Աստծու խորհուրդը, ժողովրդի ընտրությունն իր պատմության շարունակական երթի մեջ, կյանքի բոլոր ոլորտներում գործելու պահանջները։
1) Իսրայելի Աստվածը։ «Լսի՛ր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստվածը մեկ Տեր է» (Զ 4)։ Սա, Իսրայելի ըմբռնմամբ, յուրաքանչյուր մտքի ու գործի հիմնական հեղինակավոր աղբյուրն ու ելման կետն է։
Իսրայելը կարող է ասել` մեր Աստվածը։ Ճիշտ է այն իրողությունը, որ Աստված, որպես մարդկության Արարիչ (Դ 32), Իրեն մեկ անգամ է հայտնում, հետևաբար հենց Նրան են նախ և առաջ խոստովանում, որ դա տեղի է ունեցել Իր ժողովրդի պատմության ընթացքում։ Այո՛, «Երկրորդ Օրենք»-ը քիչ է խոսում այս պատմության մասին, սակայն նրա քարոզները միշտ հիմնված են պատմության հիմնական փուլերին անդրադառնալու վրա. խոստումը «հայրերին» (Դ 31), Եգիպտոսից դուրս գալը (Է 19), օրենքի շնորհումը Քորեբում (Սինա) (Ե 5), անցումն անապատով (Ը 2), մուտքը խոստացյալ Ավետյաց երկիր (1, 25)` այնտեղ երկար ու երջանիկ ապրելու համար (Դ 40)։ Այս վերջին փուլը, որ Մովսեսի խոսքի մեջ ապառնի ժամանակով է գործածված, Աստծու գործերն են, որոնք անհրաժեշտ է միշտ հիշել (Դ 9)։ Այս դեպքերի միջոցով Իսրայելն իր աչքերով Աստծո զորությունը տեսավ, կամ, ավելի ճիշտ, Տերն Իսրայելին Իրեն` Իր իսկ գործերի մեջ տեսնելու կարողությունը տվեց (ԻԹ 3)։ ՈՒստի և Իսրայելի հավատամքը, որ հնուց ի վեր հենված է ժողովրդի կյանքում Աստծու կատարած մեծազոր գործերի վերհիշման վրա, «Երկրորդ Օրենքի» սրտում է գտնվում` ժամանակ առ ժամանակ բացահայտ կերպով խոստովանվելով (Զ 21-23, ԺԱ 2-3 և ԻԶ 5-9) ու կռահվելով, քանզի այն միշտ անթեղված է մնում։
Հետևաբար, անցյալի իրադարձությունը Աստծու` Իր ժողովրդի հանդեպ տածած հավատարմության մեծագույն ապացույցն է։ Սակայն գոյություն ունի ևս մեկ ապացույց. դա Տիրոջ խոսքի պատգամախոսն է։ Այս առումով Մովսեսը բացառիկ դեր կատարեց (ԼԴ 10-11), որը հավիտյանս շարունակվում է նրա հրապարակած օրենքի մեջ։ Սակայն մարգարեները, այնուհետև ղևտացիները, մի քիչ այլ կերպ, Իսրայելի բովանդակ կյանքի ընթացքում Տիրոջ վկաներն են, Նրա խոսքի մեկնիչները, Նրա և ժողովրդի միջնորդները։ Շնորհիվ բոլոր այս ապացույցների, Իսրայելը կարող է խոստովանել, որ իր Աստվածը մոտ Աստված է (Դ 7), և իր համար պարտադիր է համարում ՈՒխտը (ԻԶ 17), որովհետև սիրում է նրան (Զ 5)։
Ըստ Իսրայելի ըմբռնման` Տերը մեկ է և Իր նմանը չունի, իսկ կարծեցյալ չաստվածները ոչ այլ ինչ են, եթե ոչ փայտ ու քար (Դ 28)։ Հետևաբար, անհրաժեշտ է այս բացառիկ տարբերակիչ հատկանիշը պարզորոշ կերպով բացահայտել։ «Երկրորդումն Օրինացը» առաջին գիրքն է, որ ներառավ սրբարանի (ԺԲ 5) միասնության սկզբունքը, ուր, ինչպես Քորեբում էր, տեղի էր ունենում բովանդակ իսրայելական ժողովրդի հանդիպումը (Ե 22)։ Սրանով մերժվում է այն ամենը, ինչը կարող էր տրոհել Տիրոջ պաշտամունքը (Զ 4)։ Օրենքը նույնպես միասնության ապացույց է։ ՈՒշագրավ է այն, որ հրամանների ու կանոնների երկար շարքին անդրադառնալը բնավ չի արգելում օրենքի կամ պատվիրանի մասին առանձնաբար խոսել (Ա 5, Ե 31 և Զ 1)։ Օրենքն ուղենշում-սահմանում է այն միակ ուղին, որով ժողովուրդը պետք է ընթանա։ Այսպիսով, միաստվածությունը «Երկրորդ Օրենքում» հանգեցնում է բովանդակ կյանքի միասնական ըմբռնմանը` Մեկ Աստված, մեկ սրբարան, մեկ օրենք և մեկ ժողովուրդ։
2) Աստծու ժողովուրդը։ Իսրայելը, հետևաբար, գիտի, որ Մեկ Աստվածն իրեն դարձրել է Իր սեփական ժողովուրդը (Է 6 և ԻԸ 10), Իր սուրբ ժողովուրդը (Է 6), առատորեն շնորհներ (Թ 5) բաշխել իրեն, հակառակ նրա, որ մանուկ է (Ա 31)։ Այս աստվածային ընտրությունը, որ արմատավորվել է անցյալի անցքերի մեջ, վերսկսվում է յուրաքանչյուր սերնդի համար (ԺԱ 2 և ԻԹ 14)։ Իսկ ժողովուրդը սերնդից սերունդ պետք է խոստովանի, որ իր Աստվածն այսօր կանչում է իրեն (Ա 10)։ Սա ենթադրում է այնպիսի մի գործնական արձագանք, որը կստիպի նրան ամբողջապես անձնատուր լինել։ Նա պետք է թլփատի իր սիրտը, այսինքն` ի սրտե ուխտի մեջ մտնի։ Եվ պետք է հրաժարվի հեթանոս ժողովուրդների ու նրանց չաստվածների հետ համաձայնության գալուց (Դ 9 և ԺԷ 3), որպեսզի սնվի խոսքով (Զ 8), կատարի ու պահպանի դրանք` հետևելով օրենքի բոլոր մանրամասնություններին։ Մի խոսքով. «Պետք է իր Տեր Աստծուն սիրի ամբողջ հոգով, ամբողջ էությամբ և ամբողջ ուժով» (Զ 5)։ Այսպիսով, կդառնա արդար մարդ (Զ 25) և իր ողջ կյանքը կվերածի հավատքի վկայության նույնիսկ պատերազմի ժամանակ (Ի 1 և 4)։
Ավելին, Իսրայելն օրենքի հանդեպ ունեցած իր հավատարմությամբ մտնում է փրկության իրադարձությունների մեջ, որովհետև նրա հնազանդությունը վերջին հաշվով պայմանավորված է Աստծու հետ հանդիպումներից բխած դիրքորոշումով (Ե 15)։ Քանի որ Աստված առաջնորդեց Իր ժողովրդին Քանանի երկիր, ուրեմն վերջինս պետք է այս երկրի բարիքներից ընծա մատուցի Նրան (ԻԶ 5), նշի տոները (ԺԶ 1,3 և 12), պահի շաբաթը (Ե 15), ելքի հիշատակը ոգեկոչելու համար պետք է այսօր իսկ հարգի աղքատներին (Ժ 18), խուսափի ամեն տեսակ բռնությունից (ԻԴ 18-22)` նույնիսկ չխորշի եգիպտացուց, ելքի հիշատակը ոգեկոչելու մեջ «Երկրորդ Օրենքը» պատեհություն է գտնում հաղթահարելու մտքի նեղությունը, որը սովորաբար մարդուն մղում է օտարելու պանդուխտին համագործակցության շրջանակից (ԺԴ 21, ԺԵ 3, ԻԳ 20, ԻԸ 12)։ Եվ ժողովրդի ամբողջ կյանքը, այդ թվում նաև` չնչին բաները, կվերածվի փրկության իրադարձությունների հավիտենական հիշատակի։
Այս ընդհանուր շրջանակի մեջ աղքատներին հարգելու պատվիրանները կենտրոնական տեղ են զբաղեցնում։ Մենք կարող ենք համոզվել այդ բանում` կարդալով այն պատվիրաններն ու հրամանները, որոնք վերաբերում են երեք տարին մեկ հատկացրած տասանորդին (ԺԴ 28), պարտքի ներմանը (ԺԵ 1), ստրուկների ազատագրմանը (ԺԵ 12-18), այգիների ճռաքաղին (ԻԳ 24-25)։ Անհրաժեշտ էր խիստ ընդգծել այս բաները։ Հարկավոր էր բոլոր իսրայելացիներին հիշեցնել, որ նրանք միևնույն անցյալն ունեն ու եղբայրներ են, և հանուն աղքատների մղած պայքարը օրակարգի մեջ մտցնել (ԺԵ 4)։ Այդժամ միայն կարելի էր լավատես ու համաձայն լինել այն բանում, որ Իսրայելը կարող է հետևել Աստծու կոչին և իրականում իր կյանքը վերածել փրկության իրադարձությունների հիշատակի (տե՛ս ԺԲ 28 և ԻԶ 16-19)։
Այնուամենայնիվ, այս գրքի մեջ նկատում ենք իրական ողբերգության ապրումներ։ Եթե փրկության իրադարձությունների տեսանկյունից դիտարկենք, կյանքն Աստծու հետ հանդիպելու մշտնջենական պատեհություն է։ Եվ այս հանգամանքը պարտադրում է մարդուն ամեն պահ հավատարիմ լինել։ Ընդ որում, այս հավատարմությունը մատչելի է (Լ 14)։ Հավատացյալ մարդու առջև բացված են երկու ճանապարհներ` հավատարմության և երջանկության, ապստամբության և դժբախտության (ԺԱ 27-28 և ԻԸ գլուխը)։ Եվ հարկավոր է, որ մարդ ընտրություն կատարի և ճակատագիրը կապի այդ ընտրության հետ ( Լ 15-20)։ Ի՞նչ է, սակայն, իրականում կատարվում։ Պատմությունը պատասխանում է այս հարցին, բայց պատասխանը մեզ չի հանգստացնում։ Ելքից ի վեր ժողովուրդը շարունակ ըմբոստանում է, և անհրաժեշտ է Մովսեսի մշտական միջնորդությունն ու Աստծու անսասան հավատարմությունը, որպեսզի Իսրայելը չընկնի զայրույթի հարվածների տակ, որին արժանի է (Թ 7)։ Գործերն ինչպե՞ս կընթանան փրկության պատմության մյուս ժամանակահատվածներում, այն «օրը», երբ յուրաքանչյուրը կկանչվի որոշում կայացնելու համար։ Ակնհայտ է իրավիճակի ողբերգականությունը։ Սակայն կգա ժամը, և կանհետանան բոլոր պատրանքները. չի թվում, որ Իսրայելը կարող է իրականում ընտրել Աստծուն և այսպիսով ստանալ կյանքը։ Դժբախտությունն անխուսափելի է։
Բայց և այնպես «Երկրորդ Օրենք» գրքի գաղափարները չեն հանգեցնում հուսահատության, քանզի անհնար է, որ մարդու մեղքը լինի վերջին խոսքը։ Անպայման կգա մի օր, և ժողովուրդը Աստծու կամոք կապաշխարի և մեղքերի թողություն կստանա (Լ 3)։ Սակայն մինչ այդ օրվա գալուստը մարդը պետք է ընդունի փորձությունն ու ցավը` դասեր քաղելով ու ձգտելով իր սիրտն ուղղել առ Աստված։
«ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ» ԳՐՔԻ ՏԵՂՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵՋ
Այս գիրքը զգալի տեղ է գրավում Աստվածաշնչի մեջ։ Եվ այս այն պատճառով չէ, որ Իսրայելը սրա մեջ է գտնում իր հիմնական հավատքը. «Լսիր, Իսրայե՛լ, մեր Տեր Աստված մեկ Տեր է» (Զ 4) և ոչ էլ այն պատճառով, որ Հիսուս նրանից է մեջբերում ամենամեծ պատվիրանը. «Քո Տեր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էությամբ ու քո ամբողջ ուժով» (Զ 5), այլ «Երկրորդ Օրենք» գիրքը, այդ թվում նաև` նրա առանձնահատուկ ոգին, ունի հեռագնաց կարևորություն։ Բազմիցս է ուշադրություն հրավիրվել այս գրքի ու Երեմիայի ուսմունքի միջև առկա բառերի ու թեմաների ընդհանրության վրա։ Նշենք, որ Երեմիայի առաքելությունը Հոսիայի բարեփոխության ընդօրինակումն էր. օրինակ` Տիրոջ բարիքները մոռանալը (Երեմ. Բ 4-7 և Բ Օրենք Զ 10-13), սրտի թլփատությունը (Երեմ. Դ 4, տե՛ս Բ Օրենք Ժ 16), նոր ուխտը (Երեմ. ԼԱ 31-34, տե՛ս Բ Օրենք Լ 1-10)։ Սրանք բոլորն էլ «Երկրորդ Օրինացին» բնորոշ թեմաներ են։ Այս հեղինակը մասնավորապես հետաքրքրվում է, ինչպես «Երկրորդ Օրենքի» պարագայում է, Երուսաղեմի Տաճարով և օրենքի պատվիրաններին հնազանդությամբ, իսկ «Երկրորդ Օրենք» գրքի օրենքը համարում է պատմության իմաստն ըմբռնելու բանալի։ Երկու ճանապարհներից մեկը ընտրելու թեման. առաջինը տանում է կյանքի, երկրորդը` մահվան (տե՛ս Բ Օրենք 30), հասնում է հեռու` մինչև ուշ շրջանի հրեական կրոնի բարոյական ուսմունքին, ինչպես նաև Ավետարանին (Մատթ. Է 13-14)։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իրական համագործակցությունն աղքատ եղբայրների հետ, որ «Երկրորդ Օրենքի» մշտական մտահոգության առարկան է, պիտի գտնվի Ավետարանի սրտում։
«ԵՐԿՐՈՐԴՈՒՄՆ ՕՐԻՆԱՑ» ԳԻՐՔԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ
Արդյոք քսաներորդ դարում ապրող քրիստոնյայի համար օգտակա՞ր է այս գիրքը։ Գրքի պատվիրանների ճնշող մեծամասնությունը վերաբերում է ընկերային ու մշակութային մի իրավիճակի, որն էապես տարբերվում է մերից։ Ավելին, այն բանից հետո, երբ Քրիստոս հաստատեց հավատքի, շնորհի ու հոգու կյանքը (տե՛ս Հռոմ. Գ 28, Զ 14. Գաղատ. Գ 23, Ե 18), արդյո՞ք օրենքը չլուծարվեց։
Արժե կրկնել, որ «Երկրորդ Օրենքը», նախքան պատվիրանների ժողովածու լինելը, խորհրդածություն է առ Աստված տածած մեր հնազանդության հիմքի վերաբերյալ, իսկ այս հիմքը Աստծու գործունեությունն է ժողովրդի կյանքում ու պատմության մեջ։ Հետևաբար հավատացյալի կյանքում առաջնայինը երախտագիտությունն է, ինչը նշանակում է, որ մարդը բացահայտում է իր կյանքում աստվածայինի ներկայությունը և գոհանում Նրանից Իր բարիքների համար։
Ավելացնենք, որ պատվիրաններն այնպես, ինչպես կան, եթե բացարձակապես չեն էլ պահանջում մեր աջակցությունը, ապա ի զորու են լուսավորելու մեր մտքերը։ Իրականում սույն ուսմունքում տիրում է այս փոփոխական աշխարհի (ԺԵ 1) սրտում ճշմարիտ հավատարմություն գտնելու ցանկությունը։
Մեր օրերում, երբ բոլոր կրոններին պատկանող հավատացյալները հարցուփորձ են անում բարոյականության օրինականության մասին. «Երկրորդ Օրենքում» գտնում ենք օրենքի իմաստ պարունակող օրինակ, որն իրեն չի պարտադրում մարդու կյանքից դուրս, այլ արմատավորվում է մտքի ու սրտի կայացրած որոշման մեջ։ Դա բարոյականությունն է, որի մասին խորհում է մարդը, և որը հասուն գիտակցություն է ու ճշմարիտ իմաստություն (Դ 5-8)։ Քանի որ մեր հանդիպումները Աստծու հետ տեղի են ունենում պատմության մեջ, ուստի անհրաժեշտ է, որ մեր առօրյա վարքագիծը կյանքում առաջ ընթանա` հենվելով փրկության իրադարձությունների վրա։
Այս գիրքը մեզ սովորեցնում է գործերով արտահայտվող սիրո բարոյականությունը։ Տիրոջ սերը պարտավորեցնում է մարդկանց գործելու իրենց կեցության բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչև առողջություն, ընկերային կամ ընտանեկան կյանքից մինչև եղբոր հետ հանդիպում, անգամ տարածվում է կենդանիներին (ԻԲ 7) կամ ծառերը (Ի 19) խնայելու բնապահպանական բնագավառի վրա։ Յուրաքանչյուր դիրքորոշում մեզ կանգնեցնում է ընտրության առաջ` Տիրոջ հե՞տ, թե՞ Տիրոջ դեմ, և ըստ մեր կատարած ընտրության, իրականանում է մեր ճակատագիրը, որովհետև մենք դատվելու ենք մեր գործերի և, մանավանդ, աղքատների նկատմամբ ունեցած դիրքորոշման համեմատ։
Տպագրության պատրաստեց Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆԸ

ՈՒինսթոն Չերչիլը Մովսես մարգարեի մասին
«Մենք արհամարհանքով ենք մերժում գիտականորեն մշակված բոլոր առասպելներն այն մասին, որ Մովսեսը, ում վրա ժողովուրդը հիմնել էր իր կրոնական և հասարակական կարգերը, առասպելական անձնավորություն է։ Ըստ մեզ` սուրբգրային պատումների տառացի ընկալումը հենց ամենագիտականը, ամենաողջամիտը և ամենից բավարարող համոզմունքն է։ Մենք համոզված ենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես գրված է Սուրբ Գրքում։ Մենք կարող ենք խորապես համոզված լինել այն բանում, որ այն ամենը, ինչ նկարագրված է, կատարվել է մեզ նման մարդկանց հետ, և որ նրանց ապրումները խնամքով գրի են առնվել ու հընթացս դարերի պահպանվել ավելի անաղարտ, քան մերօրյա բազում հեռագրական հաղորդակցություններ։ Ըստ պարոն Գլադսթոնի մոռացված աշխատասիրության խոսքերի` մենք մեծ հավատով կարող ենք հանգրվանել «Սուրբ Գրքի աներեր ժայռի վրա»։ Թող գիտնականներն ու հետազոտողներն ընդարձակեն իրենց գիտելիքը` մեզ հասած այդ հեռավոր դարերի գրառումների մանրամասնությունները բազմապիսի քննությունների ենթարկելով։ Այդպիսի հետազոտություններով նրանք միմիայն կապացուցեն պարզությունն ու գոյություն ունեցող ստույգությունը գրի առնված ճշմարտությունների, որոնք ցայսօր մարդու ճամփորդության լուսաշավիղ առաջնորդն են»։

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ