Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սևանի հաշվին հարստանալ ցանկացողների պակաս չի զգացվում

Սևանի հաշվին հարստանալ ցանկացողների պակաս չի զգացվում
26.05.2009 | 00:00

ՊԵՏՔ Է ԿԱՐԵՎՈՐՎԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
2006 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Արևելյան Սիբիր-Խաղաղ օվկիանոս» նավթային խողովակաշարի երթուղին փոփոխելու վերաբերյալ որոշում էր ընդունել։ Խողովակաշարը պետք է տեղաշարժվեր Բայկալ լճից հնարավորինս անվտանգ հեռավորությամբ։ Խողովակաշարը կառուցող ընկերությանն այս որոշումը լրացուցիչ միլիոններ արժեցավ։ Փաստորեն, այդպիսով ՌԴ նախագահը լիճն ապահովագրում էր խողովակաշարից նավթի արտահոսքի, սեյսմիկ վտանգի և սողանքների հավանականություններից: Նախանձելի որոշում էր։ Նշենք, որ Բայկալը երկրագնդի ամենախոր լիճն է, որի մեջ կուտակված է աշխարհի մակերեսային անուշահամ ջրի ողջ պաշարի մեկ հինգերորդը։ Նման բնական ջրամբար է նաև Սևանա լիճը։ Ի դեպ, ամբողջ աշխարհում միայն այս երկու լճերի մասին է հատուկ օրենք ընդունվել։ Նկատի ունենալով կլիմայի գլոբալ տաքացումները, ամբողջ աշխարհում ընթացող անապատացման երևույթները, խմելու ջրի սպառման միտումները՝ հատկապես պետք է կարևորվի Սևանա լճի դերն ու նշանակությունը։
Սակայն Սևանի նկատմամբ ոտնձգությունների և Սևանի հաշվին հարստանալ ցանկացողների պակաս երբեք չի զգացվել։ Վերջին շրջանում հասարակական հնչեղություն է ստացել «Գեոպրոմայնինգ» ընկերության ծրագիրը, համաձայն որի՝ Սևանա լճի ավազանում՝ Սոթքի տարածքում, նախատեսվում է կառուցել ոսկու արդյունահանման ձեռնարկություն։ Նախաձեռնություն, որի նպատակը լոկ ընկերության համար գերշահույթներ ապահովելն է։ Ընկերության ղեկավարները հաշվել են, որ ոսկու հանքաքարը Սոթքից երկաթուղով Արարատ տեղափոխելը թանկ է, և որոշել են ոսկու վերամշակման ձեռնարկություն կառուցել հենց Սևանի ավազանում։
Բնապահպանական կազմակերպությունների ձեռքն է ընկել «Սոթքի հանքավայրի տարածքում ոսկու արդյունահանման ֆաբրիկայի տեղադրման հայեցակարգ` հաշվի առնելով բնապահպանական ռիսկերը» վերնագրված մի փաստաթուղթ, որտեղ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը շնորհակալություն է հայտնում ԳԱԱ ղեկավարությանը, ԳԱԱ էկոլոգանոոսֆերային կենտրոնին, երկրաբանական ինստիտուտին, կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության կենտրոնին, բնապահպանության նախարարությանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և այլ շահագրգիռ պետական հաստատությունների` աջակցության և խորհրդատվության համար: Փաստաթղթում նշված է, որ հայեցակարգային որոշումները համաձայնեցված են վերոհիշյալ կազմակերպությունների հետ: Փաստաթուղթը քննարկվել է նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով Սևանի ավազանում ոսկու վերամշակման ձեռնարկության կառուցման նախագծին՝ «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի երկրորդ գումարման բնապահպանության հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու ԳԱԳԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում խնդրի շուրջ ցանկացած քննարկում անիմաստ համարեց, քանի որ կա 2001 թ. մայիսի 15-ին ընդունված «Սևանա լճի մասին» օրենքը, որի 10-րդ հոդվածն արգելում է հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը Սևանի ավազանում։ Բացի այդ, հանրապետության նախագահին կից գործում է Սևանա լճի հիմնախնդիրներով զբաղվող մասնագիտական հանձնաժողով, որը պետք է կյանքի կոչի «Սևանա լճի մասին» օրենքով հաստատված լճի էկոհամակարգի վերականգնման և պահպանման համալիր ծրագիրը: Ի դեպ, Գ. Թադևոսյանն ընդ-գծեց, որ «Սևանա լճի մասին» օրենքի մշակման աշխատանքներին ավելի քան 80 գիտահետազոտական ինստիտուտի են մասնակցել, այդ թվում նաև` նրանք, որոնք այսօր համաձայնություն են տալիս «Գեոպրոմայնինգի» ծրագրին։
Ըստ մասնագետների՝ Արարատի ոսկու հանքաքարի հարստացման և կորզման կոմբինատն իր պոչամբարի հետ Սոթքի ոսկու հանքավայրի տարածք, այսինքն՝ Սևանա լճի ջրահավաք գոտի տեղափոխելն ունի մի շարք ռիսկեր։ Մասնավորապես, վտանգներից մեկը հանքանյութի վերամշակումից հետո դատարկ ապարների կուտակումն է, որոնց ծավալները կարող են հասնել մինչև 300 միլիոն տոննայի: Այս հսկայական քանակությունը տարբեր տեսակի մասնիկների և փոշու տեսքով, որոնք ունեն թունավոր բաղադրություն` ծանր մետաղներ, ծարիր, մկնդեղ և այլն, մթնոլորտային տեղումների և քամիների հետ կներթափանցեն ստորգետնյա և գրունտային ջրերի մեջ, դրանցով` նաև Սևան: Այսօր, երբ ամբողջ աշխարհում ամենաթանկ բանը խմելու ջուրն է, և քաղցրահամ ջրի պաշարները, դրանց բնական պահեստարաններն ամենակարևոր օբյեկտներն են համարվում, նման քայլի գնալն ուղղակի անմտություն է։ Բացի այդ, Սոթքը գտնվում է սեյսմավտանգ գոտում, և կարելի է ենթադրել, թե աղետի դեպքում ինչի կբերի ցիանային միացություններով, ծանր և թունավոր տարրերով պոչամբարի շահագործումը։
Հիշեցնելով, որ Հայաստանի ջրային ողջ պաշարն ընդամենը 35 միլիարդ խմ է, որից Սևանա լճինը` 33 միլիարդ խմ, Գ. Թադևոսյանն ընդգծում է, որ հիմնական ջրային ռեսուրսի աղտոտումը չափազանց ծանր հետևանքների կհանգեցնի՝ թունավորված խմելու ջուր և ոռոգման համակարգ, շարքից դուրս եկած գյուղատնտեսական տարածքներ, ռեկրացիոն տարածքների և ձկնորսության գոտիների ոչնչացում: Ավելորդ չէ նշել, որ Սևանով պայմանավորված է Հայաստանի գոյությունը. լիճն ունի ունիկալ համակարգ։ Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա գտնվող քաղցրահամ ջուրը բնական եղանակով ֆիլտրվում է՝ անցնելով բազալտի և այլ ապարների շերտերով ու նաև այդ ընթացքում հարստանալով հանքանյութերով, իսկ 1500, 1300, 1000 մետրերի վրա բխում Նուռնուսում, Արզնիում, Գառնիում, Աղբուլաղում, Բջնիում` իբրև խմելու ջուր: Սևանից են բխում շատ հանքային ջրեր և աղբյուրներ: Սևանից է սնվում նաև Երևանը:
Խնդիրն ունի նաև քաղաքական կողմ։ «Սոթքը սահմանակից է Քելբաջարին: Նոր վտանգավոր օբյեկտի հայտնվելը սահմանին կարող է դառնալ քաղաքական սպեկուլյացիայի, ինչպես նաև անդրսահմանային մակերևութային և գրունտային ջրերի աղտոտման պատճառ, ինչը հղի է նաև միջազգային սկանդալային իրավիճակներով»,- նշում է Գ. Թադևոսյանը։ Ինչ վերաբերում է Սևանի ավազանում աշխատատեղեր բացելու խոստումներին, Գ. Թադևոսյանը հակադարձում է, որ գործարանն Արարատում փակելու դեպքում նույնքան աշխատատեղեր կկրճատվեն այստեղ։ Բացի այդ, կաթվածահար կլինի Սոթք-Արարատ հատվածի երկաթգիծը, որի շահագործումը խիստ կարևոր է։
«Գեոպրոմայնինգ»-ի ղեկավարները նման ծրագրով կխախտեն ոչ միայն «Սևանա լճի մասին» օրենքը, այլև մի շարք օրենքներ («Ջրային օրենսգիրքը», «Շրջակա միջավայրի պահպանման մասին», «Կենսաբազմազանության մասին», «Անապատացման դեմ պայքարի ազգային ծրագիր», «Ընդերքի մասին», «Ընդերքի շահագործման կոնցեսիաների մասին» օրենքները), ինչպես նաև մի շարք միջազգային կոնվենցիաներ ու պարտավորություններ, որոնց միացել է մեր հանրապետությունը: Նշենք, որ դեռևս 2005 թ. Սևանի ավազանում ոսկու հարստացուցիչ գործարան կառուցելու ցանկություն ուներ նաև հնդկական Vedanta Resources խումբը, սակայն նրանց շինարարության թույլտվություն չտրվեց։
Ի դեպ, Գագիկ Թադևոսյանը նկատեց, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն առաջարկում է այլընտրանքային տարբերակ՝ ոսկու հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել Գագարինում, ինչը հերթական ծուղակն է։ Այս տարբերակը ևս հղի է վտանգներով և լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Պարոն Թադևոսյանն անթույլատրելի է համարում Սևանից ջրառի ծավալների մեծացումը։ Մասնավորապես, նա չհիմնավորված համարեց 2008 թ. օգոստոսի 21-ից մինչև դեկտեմբեր ամիսը Սևանա լճից ջրառը մինչև 360 մլն խորանարդ մետր ավելացնելը, թեև 2008-ի համար օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրն արդեն իսկ հասցվել էր 240 մլն խմ-ի:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Մեկնաբանություններ

վազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am