Հայաստան- Եվրամիություն բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ՝ «Ազատության» հետ հարցազրույցում ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն։ «Այժմ մենք բանակցում ենք այս գործընկերության օրակարգի շուրջ, որպեսզի տեսնենք, թե որքան հեռու են մեր գործընկերները ցանկանում գնալ, որքան հեռու ենք պատրաստ գնալ մենք և համապատասխանեցնել մեր նպատակները»,- շեշտել է դիվանագետը:                
 

ՀՀԿ-ի ձևավորած իշխանությունն արտաքին հարաբերություններում ոչ մի խնդիր չունի

ՀՀԿ-ի ձևավորած իշխանությունն արտաքին հարաբերություններում ոչ մի խնդիր չունի
12.06.2012 | 01:50

Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիներին հայրենի ընդդիմության նախընտրած թեման իշխանության լեգիտիմության և Արևմուտքի կողմից ընդունված չլինելու փաստերը շահարկելն էր: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ ընդդիմադիր ուժերը շատ են խոսել այս թեմաներով, սակայն խնդրո արծարծումն ավելի շատ իներցիոն բնույթ է կրել: Իրենց ընդդիմադիր համարող արմատականներն այդպես էլ չնկատեցին, որ ժամանակի ընթացքում իրավիճակ է փոխվել, և հայաստանյան իշխանությունն այլևս «ռուսական սվինների» վրա պահվող, բայց «քոմփլեմենթար» արտաքին քաղաքականություն ունեցող վարչախումբ չէ:

Եվ, իրոք, վերջին տարիներին Սերժ Սարգսյանի թիմին հաջողվել է որակապես փոխել Հայաստանի իմիջը Արևմուտքում: Նախագահի «ֆուտբոլային դիվանագիտությունն» ապացուցեց եվրատլանտիստներին, որ Հայաստանը բաց է Թուրքիայի հետ երկխոսության հարցերում` միևնույն ժամանակ սեփական շահերի պաշտպանության հարցերում ցուցադրելով կամային որակներ և հետևողական աշխատանք: ՈՒշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս տարիներին Սերժ Սարգսյանի թիմում առանցքային դերակատարություն ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հետևողական աշխատանք է տարել Արևմուտքում Հայաստանի մասին պատկերացումները փոխելու և եվրոպական շրջանակների հետ կայուն զարգացման հեռանկար ապահովելու համար: Նշենք նաև, որ այս ամենից ոչ մի կերպ չեն տուժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Կարելի է ասել, որ քոչարյանական արտաքին քաղաքականության «քոմփլեմենթարիզմը» իրականացվեց Սերժ Սարգսյանի օրոք: Ի տարբերություն Վարդան Օսկանյանի, անցած հինգ տարում Էդուարդ Նալբանդյանը միջազգային ամբիոններից «կատու չճղեց» և կարողացավ ապահովել երկրի արտաքին քաղաքականության «բազմասլաքության» սկզբունքը: Ասել կուզի, խոսքը գործի վերածվեց:
Վերադառնանք մեր «ընդդիմադիրներին»: Խորհրդարանական ընտրությունների նախընտրական և հետընտրական շրջաններում ընդդիմադիրներն իշխանությանը փնովելու համար նորից փորձում էին շահարկել արտաքին աշխարհի հետ ունեցած խնդիրների հարցը: Մինչդեռ վերջին օրերին միջազգային հարաբերություններին առնչվող մի շարք իրադարձություններ ապացուցում են, որ ՀՀԿ-ի ձևավորած իշխանությունն արտաքին հարաբերություններում ոչ մի խնդիր չունի: Դրա մասին են խոսում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի հայտարարությունները և անթաքույց աջակցությունը Սերժ Սարգսյանին, ինչը կարող է նշանակել միայն, որ իշխանությունը կարողացել է «լեզու գտնել» ամերիկացիների հետ:
ՈՒշագրավ էր նաև Տիգրան Սարգսյանի այցը Բրյուսել, որտեղ հերթական անգամ ՀՀ վարչապետն ընդունելության է արժանանում ամենաբարձր մակարդակով: Եվ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Տիգրան Սարգսյանն իր հրաժարականից ընդամենը մեկ օր առաջ հանդիպում ունեցավ նաև Դմիտրի Մեդվեդևի հետ, ապա ստացվում է, որ մեր ընդդիմությունը հերթական անգամ սխալվել է, և հիմա հետաքրքիր է, թե ինչպիսի առոգանությամբ է խոսելու Հայաստանի «տապալված արտաքին քաղաքականության և երկրում բռնատիրական կարգերի» մասին: Ստացվում է նաև այնպես, որ վերափոխվող ՀՀԿ-ն «շախ ու մատ» արեց հատկապես ընդդիմության այն թևին, որի պայքարի կարևորագույն ռեսուրսը հանդիսանում է արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների շահարկումը:
Ինչևէ, առաջիկայում հաստատ նոր բամբասանքներ են հորինվելու: Մեզ մնում է հետևել և հաճույք ստանալ հիվանդ ուղեղներում առաջացած մտքի թռիչքներից:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3485

Մեկնաբանություններ

Երբ դա­նա­կին ու դմա­կին փո­խա­րի­նում են մուրճն ու գան­ձա­նա­կը