Որ վիբրացիաներն անսահման արագացել էին, գիտեինք: Որ աշխարհակարգը փոփոխվում է, դարձյալ գիտեինք: Որ անչափ անողոք պայքար էր սպասվում, դա էլ գաղտնիք չէր: Այնուհանդերձ, իրար հերթ չտվող զարգացումները չեն թողնում նույնքան արագ համադրել իրադարձությունները` հասկանալու` բա սա՞ ինչու եղավ:
Երևույթների հետևում «կանգնածների» հաշվարկի ողջ հմայքն էլ, ըստ ամենայնի, հենց դրանում է` հնարավորություն չտալ «ջոկելու», այլապես խաղը նպատակից կվրիպի, որովհետև արագության ու չկողմնորոշելու մեջ են շահելու: Ինչևէ:
Հետխորհրդային «գունավոր» հեղափոխությունների կանգն ավարտվեց ոչ թե «կակաչների» հեղափոխության երկրում, ինչպես սպասում էինք, այլ այդ հեղափոխություններն արտահանող Զբիգնև Բժեզինսկու հայրենիք Լեհաստանի շուրջը տեղի ունեցածով: Չմոռանանք, դեմոկրատ Մադլենի` Օլբրայթի, գունավոր քաղտեխնոլոգիաների կենտրոնը գտնվում էր հենց այդ երկրում, որտեղից «փորձագետներ», գումար, «ճանապարհային քարտեզներ», «նարինջներ, վարդեր, կակաչներ» էին ուղարկվում հետխորհրդային երկրներ:
«Խորախորհուրդ» հարցերին` ինչո՞վ կպատասխանի Միացյալ Նահանգները Ղրղզստանում Ռուսաստանի արածներին, հակընդդեմ «ուդարը» ո՞ր կողմից կտա, կարո՞ղ է խաղի հաջորդ բաղկացուցիչը հենց Հարավային Կովկասն է... Այս հարցերին, լեհական ողջ էլիտայի հետ կատարվածի ընդերքային ենթաշերտերին աշխարհի ոչ մի լրատվամիջոց դեռ չի անդրադառնում (զոհերը հողին չեն հանձնվել, չնայած Ղրղզստանում` արդեն), մենք էլ ձեռնպահ կմնանք «հեղափոխական-վիրտուալ-տես-անտես» «պատերազմների» ենթատեքստերը լույսի մեջ բերելու անշնորհակալ գործից ու ողջ աշխարհի նման աչքներս կհառենք դեպ Վաշինգտոն, ուր մի պստիկ ազգ` 1700-եսիմքանիամյա քրիստոնեությամբ էս խառն օրերին աշխարհի ուշադրությունը կրկին սևեռել է իր վրա: Այդ «փոքրիկ ածուն» մեծ հաշվով խաղացող էլ չէ ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան` մեծ աշխարհների այս մեծ խաղ-առանցքում, բայց, դե, առանց նրա էլ, ասես, էս մեծ աշխարհում բան դուրս չի գալիս: Մանավանդ վերջին 20 տարիներին, երբ վիրտուալ կռվում ինքը «աղի» կամ չգիտես ինչի դերում է հայտնվել. սովետը քանդեց ինքը, հիմա ինչ է «անում», կտեսնենք:
Սպասենք ևս մեկ-երկու օր:
ԱՍՏՎԱԾ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ
Երեք օրվա համադրությամբ խոսեցին ՀՀ երեք նախագահները («երեքն» ամենասիմվոլիկ թիվն է տիեզերակարգում. այն Հայր Աստծո թիվն է):
Համա՜ «պսիխոանալիզի» հարուստ նյութ հավաքվեց այդ երեք օրվա ընթացքում: Նույնիսկ կարելի է ողջ աշխարհում տեղի ունեցողը այդ երեք «ելույթների» վրա քարտեզագրել: Գեոպոլիտիկ: Ներքաղաքական: Հոգեբանական: Բոլոր կոդերը կային: Ափսոս, ժամանակ չունենք։
ՈՒ` շատ կարճ. առաջին նախագահն իր «պարտիան» գրեթե ավարտեց` ոճական հետաքրքիր վերջաբանով: Արձանագրվում էր. գրչի, մտքի մարդը ո՜նց է հոգնել էս քաղաքականությունից: Հերթական անգամ: Լևոնն ինքնատիպ ոճավորմամբ ասաց` տղերք, իմ արև, ես գնում եմ: Ասաց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին:
Իրականում Սերժ Սարգսյանը պետք է հարգ ու մաղթանքներով ճամփի Տեր-Պետրոսյանին` դեպ գրչի աշխարհ: Տեր-Պետրոսյանն անչափ օգնեց Սերժին` Քոչար-յանին թուլացնելու, հետդարձի ճամփեն փակ պահելու, կոնֆլիկտը` Սերժ-Ռոբերտ անթույլատրելի սահմանի չհասցնելու (ընդունված էր համարել, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սիամական երկվորյակներ են, և բաժանումն անչափ դժվար է լինելու)։ Լևոնն այդ անցումի սահունությունն է ապահովում:
Եվ ո՞ւմ հայտնի չէ, որ այս անգամ Քոչար-յանը հետ քաշվեց, որովհետև` ա) պալատական հեղաշրջման համար Սերժը նրան քարտ-բլանշ չտվեց, բ) բունտը` սոցիալական (ուզում էին, չէ՞, դաշնակները դա անել` քոչարյանական օլիգարխների փողերով), գազի և հարակից թանկացումների, Ղարաբաղի և հայ-թուրքականի մասով չստացվեց, զի այդ դեպքում «փայ» չէր հասնելու Քոչարյանին։ Հասարակական բողոքի ակունքում կանգնած էր արթուն պահակը` Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը:
Մի խոսքով, առաջին նախագահը, «Ինձ բաց թողեք, ես գնամ» սահյանական թեթև ժեստով, մի շատ հետաքրքիր բան արեց` վերջին ելույթով արթնացրեց տեսակը մյուս երկու նախագահների մեջ: Ինչո՞ւ: Որովհետև տասը տարվա իր լռությունից հետո նա կուտակած կինետիկ էներգիան (վախեցա՞ք Քոչարյանի կուտակած կինետիկայից, մտածեցիք` էս որ չկուտակածն է, բա տասը տարվա կուտակա՞ծն ինչ կլինի. մի վախեցեք, Աստված նրա այդ էներգիան երբեմն-երբեմն «պուսկ» է անում, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ էս էթնոսին շատ վնաս չլինի) արձակեց, պարպվեց: Հիմա, ժողովրդի ուժը իր ներքո հավաքած, առաջին նախագահը դիտում է «Վաշինգտոնը»:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահին, ապա նա ուսումնասիրության անսպառ նյութ է: Վերջին հայտարարությունից հետո նա արդեն անչար ժպիտ է առաջացնում (Վիկտոր Սողոմոնյանը, ոնց երևում է, որպես Քոչարյանի վերջին մտավոր-հենակետ, իր ղեկավարի նկատմամբ ամենևին էլ սրտացավ չէ, նա պետք է զորի` տեքստերը կազմելիս Քոչարյանին այդքան խոցելի չդարձնել. քաղաքական գործիչ են, երիտթոշակառու են, տղամարդ են, կարող են և երբեմն հայհոյել, գլուխ գովել` արջի մասով, մանավանդ եթե ներքևի` ցածր չակրաների ահավոր զգացում ունեն. բայց հո չի՞ կարելի դրանք գիր դարձնել և հրապարակել. նախ, որ «գիրը կենդանի է ու սկզբանե է», և հետո` գիրը ճակատագիր է բերում, ու նրա հարվածներն ահավոր անողոք են, քան ցանկացած միջուկային ռումբ կամ «վաշինգտոնյան գագաթաժողով». ու եթե Քոչարյանն իր անցած ուղում շատ զբաղված է եղել, չի հասցրել այս թեզի հետ առնչվել, ապա ցանկացած մամլո խոսնակի, մանավանդ ով այդ արվեստը բացատրում-գիրք է հրատարակում, մանավանդ` ռուսերեն, մանավանդ` Պուտինի աշխատակազմի ղեկավարի սուր հայացքի ներքո, պե՞տք է բանավոր և գրավոր խոսքի տարբերությանը տիրապետի)։
Եվ ընդհանրապես, առանձին ու անչափ լուրջ քննարկման թեմա է... ո՛չ-ո՛չ, ոչ երկրորդ նախագահի կողմից «յամբ-անապեստյան» ոճով հնչեցրած հերթական «նոու հաուն»` «թութք» եզրույթը, որպես մարդու գիտակցարանի ու ենթագիտակցարանի համադրույթ: Այլ որ առավել էական էր, նա վերցրել ու գրավոր բացատրության «առարկա» էր դարձրել հանգամանքը, որ իրեն ընդդիմությունը չի սիրում (իսկ Պանիկովսկուն կանայք` սևաչք թրքուհիները, կարծես, չէին սիրում), ու ինքը հպարտանում է դրանով:
Սա արդեն նոր խոսք է երկրորդ նախագահի «կինետիկ էներգիայում»: Քոչարյանը խորք է գնում: Տիեզերքում էական չէ, թե ինչ բառ ասացիր: Էական է, թե ինչ սրտով ասացիր. տիեզերքում կարող են հավասարվել դաժանությամբ տրորված ծաղկի ու սպանված տասը հոգու էներգիաները. նայած` ինչ սրտով է տրորվել ծաղիկը:
Վերը նշված մտքով երկրորդ նախագահը (ով, հիշենք, բան էր ուզում ասել «Պապլավոկում» դաժանորեն սպանված Պողոս Պողոսյանին, «բայց ափսոս, որ նա մեռել էր») «ընդհանրական» դիտարկումներ է այլևս կատարում: Չխորանանք. այսքանով սահմանափակենք երկրորդ նախագահի օրերս արտաբերած մտքերը:
Երրորդ նախագահը: Անկե՞ղծ: Խնդրեմ: Նա փորձեց Վաշինգտոն գնալուց առաջ ինքնահաստատվել։ Հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներին հարցազրույց տվող Սերժ Սարգսյանը պաշտոնավարման երկու տարին «նշեց» Տավուշում, և այցից առաջ փորձեց հստակություն մտցնել ներհայաստանյան չափաբանությունում, ասել` ինքը կա, ուժեղ է (նկատեցի՞ք` հնարավորինս անկեղծ, անկաշկանդ էր. ձայնն էլ հատու էր, համ էլ ուզում էր ասել` չիմանաք, հա՜...), մի խոսքով, նա մի ձեռքով հեռվից, սահմանամերձ մարզից ավետեց` տիրապետում է իրավիճակին: Մյուս ձեռքով` Տիգրան Սարգսյանին ուղարկեց ավելի հեռու «սահմանամերձ տարածք»` Ղարաբաղ: Տիգրան Սարգսյանը «կամուֆլյաժ» հագած, անսահման առողջ ու առույգ «նայեց» Ղարաբաղի սահմանները, հետո Ղարաբաղի ու Հայաստանի (երկո՜ւ) կառավարությունների համատեղ նիստ անցկացրեց «այն պահին», երբ Սերժ Ազատի Սարգսյանը գոհունակությամբ խոսում էր 2010-ի առաջին երկու ամիսների կայուն ցուցանիշների մասին, ընդ որում` հատուկ չհասկացողների համար շեշտելով. «Կրկնում եմ, ուշադրություն դարձրեք, 2010-ի առաջին երկու ամսվա ցուցանիշների մասին է խոսքը. դրանք նույնն են, ինչ 2008-ի երկու ամսվանն էին»:
Դարձրինք:
Չե՞ք հիշում` ով էր 2008-ին երկրի նախագահը, որը տնտեսական «է՜ն ղդար» քաղաքականություն էր վարում, որ դարձել էր «արդյունավետ նախագահ»: ՈՒրեմն, եզրակացնենք, որ այսօր էլ, փաստորեն, ունենք «արդյունավետ վարչապետ»: Բա էլ ո՞նց հանի նրան գործից Սերժ Սարգսյանը ու այդ պաշտոնում նշանակի մեկ ուրիշի: Ասենք` «անարդյունավետ երիտթոշակառուի»:
Ընդ որում, ոչ միայն չի «հանվում» գործից վարչապետը, այլև մեկնում է Ղարաբաղ և այնտեղ երկու երկրների կառավարությունների համատեղ նիստ անցկացնում` տնտեսական, քաղաքական, գեոպոլիտիկ բոլոր հեռանկարներով հանդերձ: Չմոռանանք` դա վաշինգտոնյան այցից ժամեր առաջ էր:
Դառնանք Սերժ Սարգսյանի տավուշյան հարցազրույցի հաջորդ թեզերին: Էստեղ գործը հեշտերից է: Որովհետև Սերժ Սարգսյանը գրեթե երբեք չի ոճավորում իր խոսքը, անհարկի եզրույթներ չի օգտագործում, բայց հո՜ տողատակեր ու ենթաշերտեր չի բանեցնում:
Նախ` Ղարաբաղի, հայ-թուրքականի, պատերազմի մասին շատ նոր բաներ չասվեցին:
Նորն այլ բան էր: Այն, այո, առնչվում էր Ռոբերտ Քոչարյանին: Այո, առաջին հայացքից թվաց, թե Սերժ Սարգսյանը տեղը տեղին պաշտպանում է նրան, հիմնավորում նրա քայլերը` փնովում ընդդիմությանը: Հը՛ը:
Երբ «լուպան» առած «դիտում» ես խոսքի էներգետիկ շաղախը, կարող ես և ապշել. ո՞նց կարելի է, այդքան բան չասելով, այդքան բան ասել:
«Քոչարյանը ե՞րբ էր քաղաքականությունից հեռացել, որ հիմա էլ պետք է վերադառնա... »` հարցնում է Սերժ Սարգսյանն ու զարմանում, թե որոշ քաղաքական ուժեր ինչու են «ջղաձգություն դրսևորում» (ի դեպ, «որոշ քաղաքական ուժերի» տակ դարձյալ խոսքն առանձնապես ընդդիմության մասին չէ, էնքա՜ն քաղաքական ուժեր կան` է՛լ կոալիցիոն, է՛լ դաշնակցական) և որոշարկում, թե ինչ կարգի «քաղաքականությամբ» է զբաղված Քոչարյանը. «շրջագայություն, ճամփորդություն, հրապարակավ կարծիք»:
Էստեղ ո՞րն էր քաղաքականությունը: Շատ դժվար է ասել:
«Ես բնական եմ համարում, որ Քոչարյանը կարծիք է հայտնում, այցելում է այս կամ այն երկիր», շարունակում է Սերժ Սարգսյանը: Բայց սպանիչը շարունակությունն է. «Աշխարհում որտե՞ղ չեն այդպիսի բաներ լինում»... Հետո էլ ասում են` Սերժ Սարգսյանը հումոր չունի: Բա չունի՞:
Դառն է նաև հաջորդ նախադասությունը. «Մեր երկրում մեզ խելք են սովորեցնում, խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր երկու հոգու չեն ղեկավարել, երկու գիրք չեն կարդացել»:
Ոչինչ, օրենքներից են սկսել, գուցե հասնեն նաև գիրք կարդալուն: Եթե հասցնեն:
Իսկ արդեն վերջում Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս` «ավելորդ, չեղած բաներ չփնտրել»:
Ասել է` Քոչարյանը երբեք վարչապետ չի՞ նշանակվի:
ՈՒրեմն` էլ չենք «փնտրի»: Թե չէ, մեկ էլ տեսար` «ով փնտրում, նա գտնում է»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ