Այսօր ընդդիմության գործողությունները վճռորոշ են լինելու։ ԿԿարողանա՞ միասնական ընդդիմությունն աթոռից պոկել Նիկոլ Փաշինյանին, ազատել Հայաստանն ամոթից ու խարանից։ Այսօրվա գործողություններից և հանրային տրամադրություններից շատ բան է կախված։ Մինչ այդ մի քանի հարց ուղղեցինք ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ։
-Մեկուկես ամիս շարունակ ընդդիմությունը բազմաքանակ երթեր է անում, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտնի կենդանու պես համառ է, հրաժարական չի տալիս։ Ի վերջո, կկարողանա՞ք այս ծանրագույն վիճակի մեջ բեկում մտցնել։
-Պետք է ամեն օր իշխանության նկատմամբ հասարակության ճնշումը մեծանա, ինչի ականատեսն ենք։ Հայաստանում գործող գրեթե բոլոր կառույցները՝ սկսած առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահներից, վեհափառ հայրապետներից, ԵՊՀ-ից մինչև մտավորականներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Փաշինյանը պիտի գիտակցի ու գնա հայրենիքը փրկելու այդ քայլին։ Սա ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն հայրենիքի փրկության պայքար է։ ՈՒ որոնք լոկ խոսքեր չեն։ Մենք ունենք վտանգավոր իրավիճակ, վտանգված են մեր երկրի ներքին և արտաքին կայունությունը, երկրի սահմանները, թուրքն անարգել մտնում է ՀՀ տարածք, զինադադարի փաստաթուղթ ստորագրելուց հետո թշնամին գերեվարում է մեր քաղաքացիներին։ Պետությունն այս իրավիճակում որևէ քայլ չի ձեռնարկում։ Պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հայ ժողովրդի շահերը։ Նա պիտի անցնցում հեռանա՝ թողնելով երկիրը մարդկանց, որոնք այս դժվար իրավիճակում ի զորու կլինեն վերցնելու պատասխանատվություն և ստանձնելու երկրի կառավարումը։
-Ընդդիմությունը գնում է սահմանադրական, օրինական ճանապարհով, սակայն մենք ունենք անօրինական ճանապարհով եկած, 2,5 տարի աղաղակող անօրինականություններ անող, այսօր էլ ուժայիններով իշխանություն պահող իշխանության հետ։ Այս իրավիճակում հնարավո՞ր է օրինական պայքարով արդյունքի հասնել։ Մտածող մարդիկ տեսնում են, որ ամեն օր մենք ինչ-որ բան ենք կորցնում, երկարատև պայքարի ժամանակ չունենք։
-Ճիշտ եք, մտածող մարդկանց անհանգստությունը մեծ է։ Մենք էլ ենք մտածող մարդ և գիտենք, որ հակասահմանադրական, ապօրինի ճանապարհով արված քայլերը հանգեցնելու են մեր երկրի թուլացմանը։ Անթույլատրելի է երկրի ներսում անել այնպիսի քայլեր, որոնք հետագայում վատ անդրադարձ կարող են ունենալ միջազգային գործընկերների, կառույցների հետ հարաբերություններում, սպասվող աշխատանքներում։ Ինչու՞ ենք մենք ասհմանադրական ճանապարհին կողմնակից, որովհետև հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնելը հետագայում մեծ խնդիրների առաջ կկանգնեցնի։ Դրա համար մեր հայրենակիցներին կոչ եմ անում՝ դուրս գալ փողոց, ոչ թե տանը նստած ասել, որ Նիկոլը պետք է գնա։ Հանրության շրջանում գրեթե 100 տոկոս կոնսենսուս կա, որ Փաշինյանը պիտի գնա, բայց շատերը փողոց դուրս չեն գալիս, չեն վստահում այն գործիչներին, որոնք այսօր Փաշինյանի հրաժարականն են պահանջում։ Շատերը պարզապես անտարբեր են իրողություններին, ասում են՝ կանցնի, կգնա։ Ոչ, չի գնա, և եթե փոփոխություններ չլինեն, ամեն օր ունենալու ենք տարածքների կորուստ, գերեվարված մարդիկ, բոլոր առումներով երկրի դիրքերի թուլացում։ Երկրի անվտանգության համակարգը երկրի կարևորագույն բաղադրիչներից է, այն կարող ենք անգամ համեմատել առողջության հետ։ Քանի դեռ մարդն առողջ է, չի մտածում, որ հիվանդանալու դեպքում իր համար ամենակարևորն առողջությունը վերականգնելն է, կյանքը փրկելը։ Քանի դեռ մեր տների մոտ ռումբեր չեն պայթում, քանի դեռ մեր տուն, բակ չի եկել թշնամի, չի գերեվարում, թալանում, մենք չենք հասկանում, թե ինչ է անվտանգությունը։
-Ինչու՞ են հասարակության անվտանգության բնազդները թուլացել, արդյոք դրանում իրենց լուման չունե՞ն տարիներ շարունակ տարբեր գրանտներով իրականացվող ծրագրերը, հետևողականորեն թրքասիրություն սերմանելը։
-Միանշանակ, պատճառներից մեկն էլ դա է։ Դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, որոնք մեր երկրի ներսում թելադրում են օտարածին օրակարգեր, մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիք են։ Երբ այս մասին խոսում եմ, շատերն ինձ մեղադրում են կեղծ օրակարգ առաջ քաշելու մեջ։ Մի պարզ օրինակ ներկայացնեմ. կար հասարակական կազմակերպություն, որը հայտարարում էր, թե հայ մայրը զինվոր ծնող ապարատ չէ։ Բայց այսօր մենք ունեցանք պատերազմ ու խայտառակ իրավիճակ։ Բա այսպիսի անհասկանալի քարոզները վտանգավոր չե՞ն։ Երկրում այդ առումով կա խնդիր, ու դա այսօր չի եղել։ Իսկ այս 2,5 տարվա ընթացքում ապաշնորհ, հնարավոր է նաև ուղղորդված քաղաքականությունը հատուկ է իրականացվում։ Այս հարցերին կարող է պատասխանել միայն քննությունը։ Այդ տեսակ գործողությունները հանգեցրին այս վիճակին։ 2,5 տարի երկիրը «Ֆեյսբուքով» կառավարել հնարավոր չէ։ Ներսի լսարանին կարող ես խաբել, բայց արտաքին լսարանի հետ այդ գործելաոճը չի անցնում։ Մեկ-երկու անգամ խաբում ես, հետո էլ ստանում ես այն, ինչ այսօր ունենք։ Նկատե՞լ եք, որ այս պատերազմում, բացի ՌԴ-ից, այլ երկիր ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի որևէ քայլ չարեց։
-Հայաստանը բոլորի հետ փչացրե՞լ է հարաբերություններն այն աստիճանի, որ այն սարսափներին, որոնց միջով անցավ հայ ժողովուրդը, անհաղորդ մնաց արտաքին աշխարհը։
-Մենք փչացրել ենք հարաբերությունները Վրաստանի, Իրանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների հետ։ Ավելին, 2,5 տարվա ընթացքում հետևողականորեն ամեն ինչ արվել է, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ փչանան։ Ալիևը և Էրդողանը, այս ամենը վերլուծելով, հասկանալով, պահն օգտագործեցին ու հարձակվեցին։ Ցավոք, ճիշտ դուրս եկան նրանց գնահատականները։ Ամիսներ առաջ Հրանտ Բագրատյանն ասաց՝ եթե Ալիևի տեղը լինեի, կհարձակվեի Հայաստանի վրա։ Դրանից հետո բոլորը հայտարարեցին, թե Հրանտ Բագրատյանը դավաճան է։ Երբ հունվարին ասացի, որ արցախյան հակամարտության հարցը վտանգված է, որովհետև եթե չկան բանակցությունները, դրա այլընտրանքը պատերազմն է, ինձ մեղադրեցին և համարեցին դավաճան։ Ի՞նչ տեսանք։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ