Զրուցակիցս Արցախի հերոս ՄԵՆՈՒԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրն է՝ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ:
-Տիկին Տոնոյան, երբ կարդում եմ Ձեր գրառումներին հաջորդած մեկնաբանությունները, տպավորություն է, թե շատերը զարմանում են, որ Դուք քաղաքական բնույթի գրառումներ եք անում:
-Հիմա ինձ շատերն են ասում, անգամ ավարտած սաներս, երբ սոցիալական ցանցերում գրառում եմ անում քաղաքական դաշտին վերաբերող, խնդրում են, որ չմտնեմ քաղաքականություն, ասելով, որ այն կեղտոտ ոլորտ է, և մնացեք մեզ համար միշտ ուսուցիչ: Բայց իմ պատասխանը մեկն է. ես շատ երկար չմտա քաղաքականություն, ինձ թվում էր, թե միայն կրթությամբ շատ բանի կարող ես հասնել: Հիմա առավել ևս նայելով զոհված հայ ասպետների դիմանկարներին, հասկանում եմ, որ եթե դու միայն կրթում ես հայրենասեր, բայց իրենց համար չես կառուցում այն երկիրը, որտեղ իրենք կարող են լավ ապրել, ուրեմն դու նույնիսկ դավաճան ես, որովհետև այդ երեխաներին ուղղակի զոհվելու ես մղում: Մեր բոլոր արշավներին խարույկների շուրջն իրենց ամենամեծ հայրենասիրությամբ եմ տոգորել և հիմա երբեմն մտածում եմ, որ եթե իրենց այդպես համոզիչ չդաստիարակեի, ողջ կլինեին: Ես լավ գիտեմ, որ հայրենիքները արյունով են ազատագրվում, և հաղթանակի համար է արյուն թափվում, բայց ոչ պարտության: Ինձ համար այս պարտությունը հազար անգամ ցավոտ է: Եվ որպեսզի ես մեղքս քավեմ՝ պիտի նոր սերունդ կրթեմ, որ հետ բերեն մեր հայրենիքը: Եվ ոչ միայն պետք է կրթեմ: Կրթելուն զուգահեռ պիտի փոթորիկ առաջացնեմ քաղաքական դաշտում, որ Հայաստանը չմնա սրիկաների ձեռքում: Տիկին Աննան լկտիաբար ասում էր՝ մեր որդիները ոչնչի համար զոհվեցին։ Այդպես չէ, պարզապես իրենց դավադրությանը զոհ գնացին:
-«Հայ ասպետ» հեռուստախաղը, որն այս իշխանության կողմից անտեսվեց, թերևս հայագիտական առաջին և կարևորագույն առաքելությունն էր իրականացնում:
-Իրենց համար ամենավտանգավորը «Հայ ասպետ»-ը եղավ, և դա բոլորովին պատահական չէր: Տեսեք, իրենք մեկ ոտքով արդեն հեռացած են, բայց էլի հայոց լեզվի դեմ դավում են: «Իմքայլականների» մեջ չկար որևէ մեկը, որ այդպես խորությամբ ընկալեր «Հայ ասպետ»-ի վտանգը, դա մտածել էին շատ ավելի խելացիները, որոնց ձեռքին սրանք գործիք են: Ընդհանրապես, այդ քաղաքական ծիծաղելի խմբակցության մեջ էական, շոշափելի ու լուրջ դավաճան չկար: Եթե գոնե մի պահ մտածենք, որ սրանք այնքան խելացի են, որ հենց իրենք քանդեցին երկիրը, ճիշտ չի լինի։ Քանդողն ուրիշ տեղ էր և շատ երկար էր դրան պատրաստվել:
Ժողովուրդը փոփոխություն էր ուզում, և Նիկոլն ու իր թիմը ժողովրդի հավատի ծառը ջրելով խաբեցին: Խաբելը միշտ հեշտ է:
Ամենացավալին այն է, որ կազմաքանդեցին բանակը, այո, մեր տարիներով փայփայած բանակը կազմաքանդեցին:
-Մեր երկրի ու ժողովրդի առաջ, ըստ Ձեզ, նման դավադրությունից հետո ի՞նչ խնդիրներ են դրված։
-Նախ՝ մաքրել, հեռացնել ամբողջ աղբը Հայաստանից, ոչ միայն իրեն, այլև իր թիմն էլ: Երկրորդ՝ ազգային ուժեր պետք է իշխանության բերենք և երրորդ՝ պիտի ստեղծենք դպրոցներ (հանրակրթության մասին չէ խոսքը), և այդ դպրոցները պետք է նախապատրաստեն ապագա հայ, այսինքն պետք է աղջիկներին ու տղաներին հատուկ պատրաստել բոլոր առումներով, այսինքն ազնվական դաստիարակությամբ պետք է մեծացնել, որ նրանց ձեռքը տան վաղվա երկիրը: Մենք նորից պետք է ստեղծենք հայ ազնվականությունը: Մենք պիտի առյուծածին մայրեր ստեղծենք, որովհետև, ինչպես Նժդեհն է ասում՝ «Մայրերի ափերի մեջ փնտրեք երկրի ճակատագիրը»: Երկիրը պիտի կառուցենք հայ ընտանիքի կառուցվածքով:
-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի TV-5-ին տված հարցազրույցի հաջորդ օրը՝ առավոտ լուսո, վարչապետի աթոռն ուզուրպացրած սուբյեկտն ուղիղ եթերով հայտարարեց. «Հիմա էլ մարտերում պարտության համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա. վարչապետը մա՞րտ է ղեկավարել»։ Այս առնչությամբ Ձեր մեկնաբանությունը կխնդրեի։
-Միայն սակավամիտը կարող է այդպիսի բան ասել: Ես ստույգ տվյալներ ունեմ, որ ինքն անընդհատ խանգարել է մարտերին: ՈՒնեմ հստակ տեղեկություններ, թե շտաբում ինչ կռիվներ են տեղի ունեցել հրամանատարների և իր միջև: Անընդհատ փորձել է քիթը խոթել ռազմական գործերում: Ես նրան կասեի՝ այո, դու մարտ չես ղեկավարել, որովհետև դու մարտ չէիր կարող մղել, բայց դու շատ փայլուն կազմակերպել ես դավադրությունը:
-Ձեր ֆեյսբուքյան գրառումների տակ բավականին ակտիվ են Փաշինյանի «աջակիցները»։ Դրանք անգամ չեն զլանում վիրավորական խոսքեր հնչեցնել: Ինչպես ասում են՝ փողը մութ տեղը լույս է տալիս, և ֆեյքերը կաշվից դուրս են գալիս «տիրոջը», իմա՝ վճարողին, հաճոյանալու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Անընդհատ ֆեյքերի ոհմակն է հարձակվում, գրում են՝ քո սգի մեջ մնա: Այսինքն սգի մեջ մնալն իրենց ծրագրի մի դրույթն էր, որ ես տապալել եմ: Ես սգի մեջ չեմ մնա ու չեմ մնում, մենք ժամանակ չունենք: Եթե իրենց նպատակը մեր որդիներին այնտեղ տապալելն ու սուգով մեզ կոտրելն էր, ապա չեն հասնի իրենց նպատակին:
-Հետագա ի՞նչ քայլեր ունեք:
-Ես ինքս եմ ոտքի հանելու բոլոր զոհվածների մայրերին, տանելու եմ պայքարի: Ես իմ ապագա պայքարի մեկ տոկոսն եմ ընդամենը իրականացնում, որովհետև դեռ որդուս մարմինն ինձ չի հասել, իսկ ես իրենցից անգամ ամենավերջին տականքությունն եմ սպասում: Թող որդիս ինձ հասնի, ես փառքով հանձնեմ իմ սուրբ հողին: Ես իմ ամենաթանկին եմ տվել՝ իմ ամենաթանկը: Պիտի այդ երկու թանկին միավորեմ ու իմանամ, որ ապահով են միասին, նոր իրենք կտեսնեն պայքարելու ձևը և կտեսնեն՝ կոտրեցի՞ն մեզ, թե՞ չկոտրեցին:
-Ինչ կասեք իշխանության կողմից թմբկահարվող հանդուրժողականության մասին:
-Կապ չունի, որ այսօր աշխարհում հանդուրժողականություն են քարոզում: Ոչ, մենք չենք հանդուրժելու ոչ մի այլասերվածի, ոչ մի օտարապաշտի: Շատ գործ ունենք անելու: Իշխանությունն իր փոսն այնքան խոր է փորել, որ ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է, թե երբ կընկնի այդ փոսը, կամ կարելի է ասել՝ իրենք արդեն այդ փոսում են: Իրենք, տականքի պես փոսն ընկնելով, մեր հայրենիքն էլ են փորձում քաշել փոսի մեջ:
Զրույցը՝
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ