Աշխարհը համարավակի դեմ է պայքարում, ադրբեջանցիները պատերազմ են սանձազերծում։ Գրող, ազատամարտիկ ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ թուրքերը միշտ խորամանկ քաղաքականություն են վարել. «Հայոց ցեղասպանությունը նույնպես իրենք իրավիճակից օգտվելով արեցին. աշխարհը զբաղված էր համաշխարհային պատերազմով, իրենք գիտեին, որ գերտերությունները ժամանակ չունեն խառնվելու, իրականացրին։ Հիմա աշխարհը զբաղված է համավարակի խնդիրներով, իրենք ուզում են այս իրավիճակն էլ օգտագործել։ Դա իմ կարծիքն է, չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ»։
Անդրադառնալով «Թուրքիան բացահայտ հայտարարում է Ադրբեջանին սատարելու մասին, Հայաստանը զորահավաք է իրականացնում, ինչ-որ բան պե՞տք է փոխվի Արցախը ճանաչելու իմաստով» հարցին Հովիկ Վարդումյանն ասաց, որ մինչ այս Արցախի անկախությունը չէին ճանաչում, մտածելով, որ ավելորդ տեղը չգրգռեն, պատերազմական իրավիճակ չստեղծեն, բայց պարզվում է, անկախ ամեն ինչից, պատերազմը կա, հիմա էլ լայնածավալ պատերազմ է սկսվել։ Գրող-ազատամարտիկի կարծիքով՝ պետք է ընդունել Արցախի անկախությունը. «Իրավիճակը շտկվում է, ամբողջ հայությունը ոտքի է կանգնում։ Աշխարհի բոլոր հայերը պետք է միասնականանան. մի մասը պետք է զենք վերցնի, մի մասը ֆինանսապես օգնի դրսից, մի մասը թիկունքում աշխատի։ Մենք ունենք հզոր բանակ, բայց նրա թիկունքը պետք է ապահով լինի։ Ես նայում եմ հիմա ԱԺ արտակարգ նիստն ու ուրախանում եմ. բոլորը միասնական են, մոռացել են հակամարտությունը` ո՞վ է վարչապետը, ո՞վ են իրենք, բոլորը միասնական մի ուղղությամբ աշխատում են։ Դա ներուժ է, ու դրանով մենք հաղթելու ենք։ Կարծում եմ՝ երկար չի տևելու սկսված պատերազմը, մի քանի օրից կամ մի տասն օրից թուրքերը նորից խնդրելու են Մոսկվային՝ միջնորդի, որ հրադադար լինի»։
Մեր զրուցակիցը հավելեց, որ 94 թվականի հրադադարի ժամանակ տխրել էր, կարող էինք գնալ առաջ ու պիտի գնայինք մինչև վերջ, հարցը լուծեինք-վերջացնեինք, այսօր էլ ոչ մի խնդիր չէինք ունենա. «Հիմա եթե հնարավորություն լինի, մենք պիտի ինչքան հնարավոր է առաջ գնանք։ Ոչ թե պաշտպանվենք ու կանգնենք, այլ ավելի առաջ գնանք, ավելի շատ տարածք ազատագրենք, որովհետև թուրքերին խեղճացնելու միակ ճիշտ ձևը դա է»։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ