Հեռավար դասերից ազատվեցին թե՛ ծնողները, թե՛ երեխաները, թե՛ մանկավարժները, սակայն դասաժամերն անցկացնելու նոր կարգն էլ չի ընդունվում։ Բացատրությունը մեկն է՝ կանխարգելում են համավարակի տարածումը։ Բայց ոչ բժշկական, ոչ հոգեբանական, ոչ իրավական տեսանկյուններից հիմնավորված փաստարկներ չկան, որ քաղաքացին ընդվզելու փոխարեն միանա համավարակի դեմ պայքարին։ Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ՎԻՐԱԲՅԱՆԻ հետ։
-Դիմակ կրելու պարտադրանքը տարածվել է դպրոցահասակ երեխաների վրա, կրճատվել են դասամիջոցները, կան նաև այլ ցուցումներ՝ պահպանել սոցիալական հեռավորություն, դասը նստած տեղից պատասխանել և այլն։ Ինչպե՞ս եք վերաբերվում ստեղծված իրավիճակին։
- Թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես ծնող, թե՛ որպես փաստաբան, շատ բացասաբար եմ վերաբերվում այդ ամենին։ Հասկանում եմ, որ ապրում ենք համավարակի շրջանում, բայց ամեն ինչ պետք է լինի ողջամտության սահմաններում։ Դպրոցական երեխաներին՝ սկսած 6 տարեկանից, պարտադրել, որ առավոտից կեսօր դիմակ կրեն, խայտառակություն է։ Եվ դա այն դեպքում, երբ թույլատրվում են մինչև 60-հոգանոց հավաքներ, որոնց ընթացքում չի վերահսկվում, թե ով է դիմակով, ով՝ առանց դիմակի, ու ինչ հեռավորություն են պահպանում միմյանցից։ Հետագայում մենք այս ամենի պտուղները քաղելու ենք։ Զարմանում եմ, որ բժշկական ոլորտից որևէ մեկը չի բարձրաձայնում՝ արդյոք դիմակների գործածումը 100 տոկոսով պաշտպանու՞մ է վարակից։ Եվ կշեռքի վրա պետք է դրվեն դիմակ կրելու վնասները՝ թթվածնային քաղց, ալերգիաներ, մաշկային խնդիրներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակումները շատ հակասական են։ Առայժմ մենք չենք տեսել որևէ փորձաքննության արդյունք, գիտական հոդված, որ ապացուցում են դիմակի արդյունավետությունը։ Գիտենք, որ համավարակի հենց սկզբից հակասական ցուցումներ են տրվել։ Անտրամաբանական է նաև դասամիջոցների կրճատումը։ Երեխան հոգնում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, ու չի կարող անընդհատ նստած վիճակում լինել։
-Երեխայի դիմակ չկրելը կարո՞ղ է համարվել իրավախախտում, թե՞ հակառակը՝ սահմանափակվում են, խախտվում հենց երեխաների իրավունքները։
-Եթե որպես հիմք ունենք հիմա արդեն ոչ թե պարետի, այլ առողջապահության նախարարի որոշումը, երեխայի դիմակ չկրելը չի կարող դիտվել որպես իրավախատում։ Նախ, որովհետև վարչական իրավահարաբերության սուբյեկտ կարող է լինել չափահաս քաղաքացին։ Տվյալ դեպքում, երևի ավելի շատ պատասխանատվությունը թողնում են դպրոցների վրա, ու վերջիններս, բացասական, հետևանքներից խուսափելու համար, պարտադրում են։ Բնականաբար օրենքի խախտում է պարտադրանքը։ Առհասարակ դիմակ չկրելը իրավական ակտ չի կարող համարվել, որովհետև իրավական ակտերի մասին օրենքով իրավական ակտ կարող են ստեղծել սահմանադրությամբ որոշված մարմինները։ Պարետը, որպես այդպիսին, խորհրդատվական մարմին է, չի կարող վարքագծի կանոն, նորմ սահմանել և իրավական ակտի ուժ տալ դրան։ Այսինքն, մինչ այս եղած դիմակ չկրելու տուրքերը օրենքի խախտումով էին։
-Դուք նկատեցիք, որ բժիշկները մասնագիտական գնահատականներ չեն հնչեցնում խնդիրների մասին։ Ի՞նչ են անում իրավաբանները՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով։
-Ինքս առաջին քայլն արել եմ. բարձրաձայնել եմ հարցը և վարչական դատարանում բողոքարկել իմ իսկ ակտը։ Որպես քաղաքացի գուցե չբողոքարկեի, բայց որպես իրավաբան սա սկզբունքի հարց է, և հետաքրքիր է, թե դատարանն ինչ եզրահանգման կգա։ Նախապես ասեմ, որ ես գնալու եմ մինչև վճռաբեկ դատարան։
-Եթե դատը շահեք, ի՞նչ կտա դա քաղաքացիներին, կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ։
-Վարչական դատարանի ակտը նախադեպային չէ, բայց գոնե կտա որոշակիություն՝ արդյոք դա իրավական ա՞կտ է, թե՞ ոչ։ Եթե հասնենք արդյունքի, քաղաքացիները այս լույսի ներքո կարող են բողոքարկել ակտերը՝ վկայակոչելով այս օրինակը։ Եթե հայցս չբավարարվի, մինչև վերջ գնալու եմ զուտ իրավունքի զարգացման համար։ Չեմ ուզում նախապես կանխորոշել։
-Ի՞նչ կասեք վերջում։
-Մենք հասկանում ենք, որ վարչական մարմինները, ոստիկանությունը շատ անպատրաստ են և մեղավոր չեն, որ չեն տիրապետում օրենքներին։ Ամեն օր ականատես ենք լինում աբսուրդային տեսարանների։ Մաքուր օդում քաղաքացին իր իրավունքն է բանեցնում՝ շնչելու, սնվելու, այս ամենը այսքան աբսուրդի հասցնելը բացասական տրամադրութուն է ստեղծում վարչական մարմնի նկատմամբ։ Մարդիկ շատ ավելի հարգանքով կվերաբերվեին ու իրենց կամքով կկրեինք դիմակները, եթե դա լիներ ողջամտության սահմաններում։ Այս սահմանը վաղուց անցել է արդեն։ Եվ գիտե՞ք ինչն է աբսուրդ նաև, թեկուզ միջազգային փորձով. այն մարդիկ, որ անցել են հիվանդության միջով, ունեն հակամարմիններ, համապաստասխան թեստի առկայության դեպքում կարող են դիմակ չկրել։ Որովհետև բժշկական առումով ապացուցված է, որ իրենք վարակակիր չեն և չեն կարող վարակվել։ Հայաստանում չկա նման բան։ Որէ մեկը կարո՞ղ է ասել՝ թե ինչու…
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ