-Որպես կանոն, որևէ արմատական փոփոխություն միանշանակ ու հեշտությամբ չի ընդունվում։ Դժգոհության ալիքը կանխատեսել էր նաև ԿԳՄՍ նախարարը։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է դժգոհության հիմնական պատճառը գրականության չափորոշիչների պարագայում՝ ապազգային տարրե՞ր էին նկատվում, թե՞ մասնագիտորեն հիմնավորված չէին։
-Կարծում եմ` նյութի մատուցման ձևի փոփոխություն, այսպես թե այնպես, պետք էր. այն ժամանակաշրջանում, որ ես անցել եմ այդ գրականությունը, մատուցման ձևերն ուրիշ էին, դրանք չեն կարող մնալ նույնը. սերունդ, ընկալողականություն, պահանջմունքներ և տեխնոլոգիաներ են փոխվել։ Այնպես չէ, որ նախկինում շեշտվել է, թե գրականությունը պետք է լինի բացառապես ազգային, մանավանդ որ, մեր ազգային արժեքներն անաղարտ վիճակում չեն տարբերվում համամարդկային արժեքներից, այն է՝ մարդասիրությունից. մնացածը ժամանակավոր և անցողիկ է: Նախ` քոնը պետք է լավ ու ճիշտ մատուցես, քոնը պետք է լավ իմանաս: Հիանալի է, որ ժամանակակից գրողները ներգրավվեցին ծրագրում, բայց չափորոշիչների առաջին տարբերակում ընդամենը երկու-երեք գրող էր ներառված, հետո դարձան քսան-քսանհինգ։ Ինչքան էլ փորձում են վստահեցնել, թե առաջին-երկրորդ տարբերակ չի եղել, իրականում եղել է։ Չգիտեմ` անուշադրությա՞ն արդյունքում, թե՞… Չեմ ուզում մտածել՝ նպատակային, բայց բոլորն էլ գիտեին, որ առաջին տարբերակում չի եղել հայ գրականության ոսկեդարը և միջնադարը, երկրորդ տարբերակում վերականգնվել էր։ Իսկ երբ նայում ես գրականության չափորոշիչների առարկայացանկի մեջ ընդգրկված ժամանակակից գործերին, տպավորություն է ստեղծվում, որ դրանց գերակշիռ մասն ընտրվել է ճանաչված, դրանց մասին բազմիցս խոսված լինելուց ելնելով, շատ դեպքերում դրանց ասելիքը և փոխանցելիքը քննության չի առնվել։ Թե՛ ժամանակակից, թե՛ համաշխարհային գրականության՝ երկրորդ տարբերակում ընդգրկման մեջ մի տեսակ հախուռն ու շտապողական դրսևորում է նկատվում: Շատ գրողներ գիտեմ, որ անակնկալի են եկել, երբ տեսել են իրենց այս կամ այն գործը ներառված: Տեսեք, հարցը լավ կամ վատ ստեղծագործությունը չէ, այլ այն, թե տվյալ գործը և դրա ասելիքը որքանով է տվյալ տարիքի մարդուն համապատասխան, անհրաժեշտ, և ինչ արդյունք կլինի, թե այդ տարիքում ընթերցվի:
-Համաշխարհային գրակության մասով ի՞նչ կասեք։
-Եթե պատճառաբանվում էր, թե Րաֆֆու «Սամվելը» կամ «Վարդանանքը», «Ոդիսականը» ծանր գործեր են, ինչպե՞ս են Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» ներառում թեկուզ և ոչ պարտադիր ընթերցանության ցանկում։ Վերջերս սոցիալական հարթակներում հարցում էր արվում, թե ո՞ր գիրքը երկրորդ անգամ չէիք կարդա, 80 տոկոսը նշել էին «Հարյուր տարվա մենությունը»։ Եթե երեք գործ ես ներառում հակաուտոպիստական գրականությունից, ինչու՞ էքզիստենցիալիզմ չես ներառում, օրինակ, էքզյուպերին է դուրս մնում։ Կամ մի հեղինակից մի քանի գործ եք ներառում, Ռեմարկից՝ ոչինչ, այն դեպքում, երբ նա ամենասիրելի և ընթերցված հեղինակներից է (բարձր դասարաններից սկսած), իսկ երբ մի գործ ավելի սիրելի է, և՛ քննարկելն է հեշտ, և՛ հասկանալը, թե՛ ուսուցիչների համար, թե՛ աշակերտների։ Շատ գրքեր ու հեղինակներ, վստահ եմ, ուսուցիչների մեծ մասին է անգամ անծանոթ։ Թող վերապատրաստեն, բայց մարսելու խնդիր կա։ Ասես շերտազերծված լինի գրականությունը։ Հույս ունեմ, որ սա վերջնական տարբերակը չէ։
-Ինչպե՞ս կբացատրեք շերտազատում ասածը։
-Որոշակի շերտեր արտահայտող ստեղծագործություններ ուղղակի ներառված չեն։ Հեղինակներ կան, որոնց լավագույն գործերը, օրինակ, կրոնական ենթատեքստ կամ կրոնական սյուժե ունեն, բայց դրանք ներառված չեն։
-Երբ ասում են՝ էլիտարացնում ենք կրթությունը, պետք է հասկանալ, որ ազգայինը հակասու՞մ է էլիտարացմանը։
-Երեսուն տարի մեր «էլիտան» օլիգարխներն են կազմել, կասկածելի համբավ ունեցող մարդիկ, նրանց են ձգտել, անգամ երազել նմանվել մանավանդ պատանիներից ու երիտասարդներից շատերը։ Էլիտարացման առաջին գրավականը ազնվականացումն է, բայց ես չեմ կարծում, թե մեր մնայուն ազգային արժեքները գեղջկական են կամ էլ քաղքենիություն են սերմանում։ Էլիտար կրթությունը, ըստ իս, նախ էլիտար մասնագետներ պետք է մատուցեն, և հասարակության մեջ էլիտար պետք է համարվի ընդհանրապես կիրթ մարդը: Այ հենց վատ խառնուրդի արդյունքում է ի հայտ գալիս այն, ինչը խորշելի է: Այստեղ կարևոր է, թե ինչ նպատակ է դրվել, ուզում են՝ աշխարհաքաղաքացի՞ դառնա մարդը, շատ լավ, բայց, ի վերջո, աշխարհում յուրաքանչյուր մարդ ներկայանում է իր ազգությամբ և իր ունեցածով, ոչ թե վերցնում է դրսինը ու մոռանում կամ փնովում իրենը, մանավանդ որ, պակաս ներկայանալի չենք։
-Հնարավո՞ր է՝ համընդահուր դժգոհությունների արդյունքում այնպիսի ծրագիր ներկայացնեն, որ բավարարի հանրությանը։
-Հնարավոր է, դրա համար ես նշեցի, որ հուսով եմ՝ որոշակի բաներ վերջնական չեն։ Մյուս կողմից՝ հարց է, թե ովքեր են մասնակցում քննարկումներին։ Օրինակ, երբ թեկուզ հպանցիկ նայում ես այլ առարկաների մեջ ներառված կրոնի և եկեղեցու պատմության թեմաներին, ակնհայտ է, որ ոչ մասնագետ է կազմողը։ Ինչպե՞ս կարելի է Հոգեգալուստը գրել Ոգեգալուստ, կամ Նահատակ համարվող զորավարներին զինվորներ կոչել։ Տվյալ առարկայի հետ կապված օրինակները շատ են, թվարկելիս թեմայից կշեղվենք:
-«Հայ եկեղեցու պատմություն» առարկան նախկինում էլ էր վիճարկվում։ Չե՞ք կարծում, որ խոցելի կողմեր ուներ դասագիրքը։
-Ես ինքս մասնագիտության և աշխատանքի բերումով ուսումնասիրել եմ այդ դասագրքերը դեռ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր խոսում դրանք փոխելու-հանելու մասին, երբ դրանք դեռ նոր մտել էին դպրոց։ Հարցը կտրել-թափելով չպետք է լուծվեր։ Բոլորն էլ գիտեին և գիտեն, որ այդ առարկաները մշակման կարիք ունեն։ Պետք է տարբերակում մտցնել. հարց է ծագում՝ այդ առարկայի դեմ բողոքողները կամ այն դպրոցական ծրագրից հանողները դեմ են, որ իրենց երեխաները կրոնի պատմություն անցնե՞ն, թե՞ դեմ են Հայ եկեղեցու պատմություն անցնելուն։ Իրականում վերջինին դեմ լինողների մեծ մասը ոչ միայն դեմ են առարկային, այլև Հայ եկեղեցուն ընդհանրապես: Չես կարող երեխային ընդհանրապես չներկայացնել կրոնները, դրանց առանձնահատկությունները, տարբերությունները և նմանությունները, չես կարող ավելի խոր գիտելիք չտալ այն եկեղեցու և քրիստոնեական ուղղության մասին, որը քեզնից առաջ ու համոզված եմ,քեզնից հետո շարունակելու է իր լինելիությունը և ոչ պակաս արժեհամակարգային ուղենիշ է թելադրելու: Անգամ շատ եվրոպական երկրներում են կրոնի պատմություն անցնում։ Պարզապես հիմնականում ընտրական է կամ ազատ, եթե քո կրոնական համոզմունքներին դեմ է այդ առարկայի ընթացքում դասավանդվող նյութը, կարող ես ուղղակի չմասնակցել։ Գիտակից կամ, այսպես ասած, էլիտար քաղաքացի դառնալու համար պետք է իմանաս ամեն ինչ ու քո դիրքորոշումը ձևավորես որոշակի տարիքում։
-«Հայ եկեղեցու պատմությունը» գոնե ներառված է, ասում են, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան առհասարակ դուրս է մնացել կրթական ծրագրերից։
-Մի կողմն ասում է՝ դուրս է մնում, մյուս կողմը՝ ներառվում է. ես տեղյակ չեմ, ուղղակի այնքան անորոշ ու լղոզված են թե՛ հարցերը, թե՛ պատասխանները։ Երբ դու կտրուկ կարծիքներ կամ հերքումներ ես հնչեցնում, չի նշանակում, թե ճշմարտությունն ես ասում։ Առաջին հայացքից, լավ է, որ փոփոխությունների ծրագիրը դրվում է հանրային քննարկման, բայց եթե ծրագիրը (ոչ միայն կրթական) կազմում է պրոֆեսիոնալների X խումբ, պետք է այն առավելագույնս անխոցելի դարձնել և նոր հրամցնել, ոչ թե սևագիր տարբերակ ներկայացնել, հետո, հանրության տրամադրութունները հաշվի առնելով, փորձել փոփոխություններ կատարել։ Պետք է նաև գիտակցել, որ հանրությունը միատեսակ չի մտածում։ Պատրա՞ստ ես դեմ կարծիքները հաշվի առնել ու որոշակի փոփոխություններ անել, տեսնենք…
-Միշտ լինելու են թեր և դեմ կողմեր, դժվար է, այսպես ասած, բոլորին գոհացնել։
-Հենց այդտեղ էլ առաջին պլան է գալիս նպատակը։ Յուրաքանաչյուր չափորոշիչի մեջ նպատակները, վերջնարդյունքը ներկայացված է, բայց վերջնարդյունքին հասնելու ձևերը կարող են տարբեր լինել։ Բացի այդ, շեշտվել է, որ փոփոխությունները կտրուկ են արվելու, աստիճանական փոփոխության մասին խոսք լինել չի կարող։ Գոհացնելու և արդարանալու խնդիր չի առաջանում, երբ գործդ ու նպատակդ ազնիվ են լինում, երբ ինչ-որ բան բարձրացնելու համար մեկ այլ բան չես ցածրացնում, երբ մի կողմի, մի խմբի շահը չես գերադրում մնացածի իրավունքներին կամ չես սպասարկում այս կամ այլ խմբի շահերը:
-Երբեմն էլ թյուր մեկնաբանման արդյունքում է դժգոհության ալիք բարձրանում:
-Կոնկրետ գրականության չափորոշիչների մեջ ընդգրկված գործերի ցանկի առումով թույր կարծիք կա, թե պարտադիր ընթերցանության համար են այս կամ այն գրքերն ու ստեղծագործությունները, ուշադրություն չի դարձվում այն հանգամանքին, որ դրանցից շատերը հավելյալ ընթերցանության նյութ են։ Եթե բարձր դասարանի աշակերտն ուզում է «Թքած ունենալու նուրբ արվեստը» կարդալ դասերից դուրս, դա է կարդալու։ Ի վերջո, եթե դու ազատ ընտրության հնարավորություն ունես, կարող ես և ոչինչ չընտրել։ Դա էլ է ընտրություն։
-Կցանկանայի՞ք, որ Ձեր գործերիցդ ներառվեին գրականության ցանկում։
-Բարձր դասարանում՝ գուցե որոշ գործեր, այն էլ միայն հաշվի առնելով արձագանքերը, որոնց առնչվել եմ դպրոցներում կազմակերպված հանդիպումների ժամանակ։ Ինձ համար տարբերություն չկա՝ կընդգրկվեն, թե ոչ, մինչև հիմա, որ չեն ընդգրկվել, 10-11-րդ դասարանի աշակերտները չե՞ն կարդացել, կարդացե՛լ են, դպրոց չե՞ն հրավիրել հանդիպման, հրավիրե՛լ են։ Այսինքն ընդգրկվել-չըդգրկվելը չափանիշ չէ և չպետք է լինի։
-ՈՒզում եք ասել` ժամանակակից գրողին ժամանակն է զատելու։
-Ժամանակներն էլ են փոխվում, գնահատման ձևերն ու չափանիշներն էլ: Ընթացքում ներառված հեղինակներից մի քանիսը դուրս կմնան, ոմանք էլ կավելացվեն: Մեկ ստեղծագործությամբ կամ մեկ գրքով չի որոշվում գրական ուղին: Ի՞նչ գիտես՝ հետո ինչ է լինելու, յուրաքանչյուր ժամանակակից, այն էլ երիտասարդ, գրական ճանապարհ պետք անցնի, վստահ եմ՝ ոմանց մոտ շատ բան փոխվելու է՝ թե՛ ձեռագիրը, թե՛ ասելիքը։ Ոմանք իրենք իրենց են հեռանում ասպարեզից, ոմանք էլ դեռ հայտնվելու են վստահաբար:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ