Թթի հյութ, պաշտետ՝ թթի կամ խաղողի հյութով ու աղացած ընկույզով, գրեթե նույն բաղադրությամբ սուջուխ, այսպես կոչված՝ Արևելյան քաղցրավենիք։ Առանց հավելումների այս անուշեղենը պատրաստվում է արևային տեխնոլոգիայով, և արևի ճառագայթների ազդեցությունից սննդանյութերի մեջ առաջանում են վիտամիններ, հատկապես D վիտամին, որն ընդհանրապես օգտակար է, կորոնավիրուսի դեպքում ՝ առանձնապես։ Գաղափարը «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԻՆՆ է։ Նա նշում է, որ սուջուխը 5000 տարվա պատմություն ունի մեր երկրում։ Երկրորդային ազդեցություններ չունի և էներգիայի աղբյուր է։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես վերականգնողական միջոց։ Կարևոր արտադրանք կարող է լինել հիվանդանոցների, բանակի համար, առհասարակ, կարող է ընդգրկվել առողջ ապրելակերպի ջատագովների սննդակարգում։
Արևելյան քաղցրավենիքի վերոնշյալ տեսականին գիտնականը տրամադրել է Սպիտակի բժշկական կենտրոնին՝ բուժանձնակազմի և հիվանդների շրջանում «փորձարկում» իրականացնելու համար։ Նշում է՝ եթե արդյունքը գոհացուցիչ լինի, կարող են առաջարկել ամբողջ աշխարհին։
Արևային քաղցրավենիքի փորձարկման արդյունքների, աշխարհում տիրող համավարակային իրավիճակի մասին զրուցել ենք Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՍԱԿՅԱՆԻ հետ։ Նշենք, որ Սպիտակի բժշկական կենտրոնը հունիսի 9-ից, կառավարության որոշմամբ, վերապրոֆիլավորվել է՝ միանալով Covid-19-ի բուժում իրականացնող թիմին։ Սակայն շուրջ 40 հազար բնակչի սպասարկող բազմապրոֆիլային այս կենտրոնում շարունակում են գործել «Համաբուժարանը», «Շտապ օգնության» և «Անհետաձգելի օգնության» ծառայությունները։
Վահան Համազասպյանի առաջարկը մեր զրուցակիցը համարում է հետաքրքիր, ոգևորիչ նաև փորձարարական։ «Պարոն Համազասպյանը մարդասեր, հայրենանվեր անձնավորություն է, ամեն ինչ անում է, որ իր գիտական ձեռքբերումները ներդնի ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Իմանալով, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է, ցանկություն հայտնեց իր պատրաստած բնամթերքը տրամադրելու կորոնավիրուսով հիվանդներին։ Վստահեցրեց ու հիմնավորեց, որ դրանք մեծապես նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը»։ Տնօրենն իր հերթին փաստում է՝ այն հիվանդները, որ ընդունում են նշված բնամթերքը, ավելի արագ են ապաքինվում։ Բուժանձնակազմի պարագայում նույնպես արդյունքն ակնհայտ է. հունիսի 9-ից աշխատում են վտանգավոր գոտում և մինչ օրս ոչ ոք չի վարակվել։ Մեր զրուցակիցը հույս ունի, որ ոչ ավանդական այս պրակտիկան շարունակական կլինի, տարածում կգտնի բժշկական այլ կենտրոններում նույնպես։
Այլ կերպ ասած՝ քիմական դեղորայքի հետ ցանկալի է ոչ ավանդական բուժման մեթոդների կիրառումը, տվյալ դեպքում՝ առողջ սնունդը։ Տնօրենի խոսքով՝ Covid-19-ով վարակված հիվանդները ծավալուն քիմիաթերապևտիկ բուժում, հզոր հակաբիոտիկներ են ստանում, և փորձը ցույց է տալիս՝ բուժումը՝ սննդային հավելումների հետ, ավելի արդյունավետ է, քան առանց դրա։
Առողջ ապրելակերպ պետք է վարել միշտ, բոլոր ժամանակներում, ոչ թե միայն վտանգի նախաշեմին կամ արդեն խնդրի առաջ կանգնելուց հետո։ Մեր զրուցակիցը փաստում է՝ այն մարդիկ, ովքեր ստացել են և շարունակում են ստանալ առողջ սնունդ, չունեն քրոնիկ հիվանդություններ, շատ ավելի արագ են ապաքինվում։
Սակայն բժշկական կենտրոնի ղեկավարը անթույլատրելի է համարում ինքնաբուժումը, եթե կան որոշակի ախտանշաններ, հիվանդը ջերմում է և այլն, «որպեսզի բուժումը ճիշտ ընթանա, պետք է հետևել բժշկի ցուցումներին։ Վերջինս կորոշի՝ պե՞տք են հետազոտություններ. կարող է լինել լաբորատոր, ռենտգեն կամ բիոքիմական հետազոտություն։ Ի վերջո, Covid-19-ից բացի այլ հիվանդություններ էլ գոյություն ունեն։ Մարդիկ սևեռված են միայն այդ հիվանդության վրա, շատ այլ հիվանդություններ աչքաթող են անում, բժշկի չեն դիմում, ինչն էլ իր հերթին հետագա բարդությունների պատճառ է դառնում»։
Անդրադառնալով մեր՝ «Այս անհասկանալի վիրուսի դեմ պայքարի ի՞նչ ձևեր են կիրառվում, հետևու՞մ եք միջազգային փորձին, փոփոխվու՞մ են ցուցումները, պայքարի ձևը, դեղորայքը» հարցերին, Վարդուհի Սիսակյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը, առողջապահության նախարարությունը, Ազգային ինստիտուտը «Զում» ծրագրով պարբերաբար առցանց սեմինարներ են անցկացնում, տեղեկություն են հայտնում ոչ միայն միջազգային, այլև հայաստանյան փորձի մասին, որն ինքնին բավականին մեծ է։ Արձանագրվել են մեծ թվով վերանայումներ, փոփոխություններ, օրինակ, դեղորայք կա, որ արդեն չի կիրառվում, դեղորայք կա, որ պարտադիր է կիրառումը և այլն։
Փորձեցինք պարզել նաև՝ ի՞նչ տրամադրություններ են տիրում վերապրոֆիլավորված հիվանդանոցներում։
«Սա մի ուրիշ աշխարհ է թե՛ բժշկի համար, թե՛ հիվանդների։ Հիվանդները շատ տարբեր են, նրանց հոգեբանությունը փոխվում է, բժիշկներինը՝ նույնպես։ Հայրենանվեր, աստվածահաճո այնպիսի՜ ծառայություն է իրականացվում։ Հիվանդը կարեկցանք աղերսող աչքերով նայում է քեզ ու հարցնում՝ բժշկուհի ջան, սավանս կուղղե՞ս, քթիս անցքը չորացել է շնչառության սարքից, ձեթ կքսե՞ս... Այստեղ բոլոր սահմանները վերացած են՝ մայրապետ, բուժքույր, բժիշկ, տնօրեն։ Արվում է ամեն ինչ, որ հիվանդն իրեն լավ զգա։ ՈՒ երբ դու տուն ես գնում, գլուխդ բարձին ես դնում, օրդ ամփոփում, բավարարված ես զգում քեզ, որ կարողացել ես թեկուզ մի տարեց մարդու ժպիտ պարգևել»,- ասաց մեր զրուցակիցը, նշեց նաև՝ թեև ինքը մասնագիտությամբ սրտաբան է, անհետաձգելի դեպքերի շատ է հանդիպել, բայց այս հիվանդությունը հիվանդների ներաշխարհն է փոխում, բժիշկների ներաշխարհն է փոխում։ Օրինակ է բերում։ Մայրապետը դուրս է գալիս հիվանդի սենյակից ու ասում՝ «Բժշկուհի ջան, Բուզանդը հաց կերավ, հանգիստ եղիր»։ Բուզանդը խնամքի կենտրոնից է տեղափոխվել, կերակրման խնդիր ունի, հատուկ խնամք է տարվում։ Տնօրենն ասում է՝ ես վերագտել եմ ինքս ինձ, նոր աշխարհ եմ բացահայտել թե իմ ներսում, թե բուժաշխատողների։ Շնորհակալ է կառավարությանը, նախարարությանը, որ իրենց ներգրավել են համավարակի դեմ պայքարի թիմում։ Հուսով է, որ պատվով են դուրս գալու վտանգավոր այս իրավիճակից։ Մտավախություն էլ ունի. ուզում է, որ մարդիկ սթափվեն, հասկանան՝ բուժանձնակազմը անսպառ չէ, նրանք էլ առողջություն, զգացմունքներ ունեն։ Ընդգծում է՝ զգացմուքներն ամենակարևորն են Covid-19-ի դեմ պայքարում։ «Մարդիկ պետք է հասկանան, որ սա ծանր հիվանդություն է։ Պատկերացրեք, որ ծնողին չեն ուզում տուն տանել, խնդրում են 14 օր հիվանդանոցում պահել... վախենում են վարակվելուց։ Իսկ հիվանդն ուզում է, որ իրեն ձեռք տաս, շոյես, բարի խոսքեր ասես, միայն դեղորայքը չէ։ Քիչ առաջ դուրս եկա հիվանդի մոտից, ասաց՝ ես չգիտեմ, Դուք ինչ դեղ եք ինձ տալիս, բայց Ձեր հայացքով, ձեր ժպիտով ինձ բուժում եք»։
Վարդուհի Սիսակյանը Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2019-ի նոյեմբերից։ Մասնագիտությամբ սրտաբան է։ Հույս ունի՝ սեպտեմբերից ոչ միայն վարչական աշխատանքով (որպես տնօրեն), այլև իբրև բժիշկ աշխատել Covid-19-ի դեմ բուժում իրականացնող թիմում։ Նկատում է ՝ պաշտոնն իր համար մասնագիտություն չէ։ Այս ընթացքում հասկացել է՝ հիվանդներն ունեն իր կարիքը։
Վերադառնալով Վահան Համազասպյանի առաջարկած բուժման քաղցր, ապահով ու դյուրին եղանակին, որը հաջողությամբ փորձարկվել է Սպիտակի հիվանդանոցում, պետք է հույս հայտնենք, որ արևային երկրում արևային նորարարությունների իրականացման մասին գրելու այլ առիթներ էլ կունենանք։
Վահան Համազասպյանը ուշագրավ գաղափարների հեղինակ է։ Նախատեսում է ՝ Հայաստանում և Արցախում ստեղծել արևային էներգիայով չորացված մրգերի գործարաններ, որտեղ ոչ միայն արևելյան քաղցրավենիք կարտադրվի, այլև չորացած մրգեր, մրգային ու բանջարեղենային պահածո։ Գիտնականը վստահեցնում է՝ հայկական հիմքով և նոր տեխնոլոգիայով պատրաստած բարձրորակ արտադրանքով կարող են դուրս գալ միջազգային շուկա։ Տնտեսության զարգացման համար այս ուղղությունները կարևոր են։
Վահան Համազասպյանը հաճախ է առաջ քաշում նաև Հայաստանի՝ արևային էներգիայի արտադրության աշխարհի կենտրոնը դառնալու գաղափարը։ Ըստ նրա՝ Հայաստանի տարածքով անցնում է այնքան արև, որը բավական կլինի աշխարհի էներգետիկ պահանջարկը բավարարելու։ Արդյունքում՝ էներգետիկ անկախություն ձեռք կբերենք, տնտեսության ոլորտում արդյունաբերության նոր բնագավառ կզարգացնենք, կունենանք մաքուր բնություն և այլն։
Առայժմ այս գաղափարները ստվերվում են՝ չարժանանալով պետության ուշադրությանը։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ