Ո՞րն է ելքը
02.06.2020 | 00:08
Մեր պարագայում այն չի առնչվում կազմակերպված պետության, ճիշտ հաշվարկի, կառավարման արդյունավետ համակարգի, խիստ խորքային խաղացողների համերաշխության հետ: Մանավանդ որ չունենք դրանցից և ոչ մեկը:
Տխուր-հեգնախառն հարց. բա մեր ազնիվ ցեղը էսպես կորչի-գնա՞: Անելք վիճակներ կա՞ն այս մեծ տիզերքում: Ոչ: Միշտ կա ելք, մանավանդ, երբ բոլոր դռները փակ են, գտնվում է ամենաճիշտ հնարավորությունը: Որն է ելքը: Փոխել մտածողությունը: Դիմանալ հարվածներին:
Ակնհայտ է նաև`. նոր աշխարհակարգը մեր «վրայով» չէ, մենք այլոց խաղում լրացուցիչ բեռ ենք, եթե ոչ թնդանոթի միս, եթե, Աստված մի արասցե, իրականանան գլոբալիստների պլանները, որոնք ողջ աշխարհում հզոր դեմարշ են ձեռնարկել, այնպիսին, որ անգամ ԱՄՆ-ը դուրս չի մնացել այդ քաոսից: Այնտեղ վիճարկվում է պահպանողականներ-դեմոկրատ-գլոբալիստներ ձեռնամարտը. Թրամփը չի նահանջում, Բայդեն-Սորոս-գեյթսականները ողջ թափով գործարկման մեջ են դրել «գունավոր հեղափոխության» ամերիկյան տարբերակը:
Հասկանալի է` ԱՄՆ-ը չոր դուրս կգա այս խաղից, այնտեղ չկա պետություն կորցնելու, վերպետական ընկալումները վնասելու մնացած բոլորին սպառնացող վտանգը: Խնդիրը մնացյալների համար է վտանգավոր: Եթե Թրամփին հաջողվեց չոր դուրս գալ Մինեսոտայի խառնարանից, գործընթացները համեմատաբար կանխատեսելի կլինեն, Ռուսաստանը կանի իր «պարադը», հանրաքվեն, իսկ եթե Թրամփը դուրս չթռավ, հնարավոր է ներքին կինետիկ էներգիան, ինչպես կարծում են փորձագետները, ուղղորդի արտաքին աշխարհ, ընդ որում, նկատառվում է Իրանի նկատմամբ լուրջ գործողությունների հնարավորություն, այդ դեպքում, իհարկե, առաջին պլան է գալիս Ղարաբաղի հարցը:
Տեսանելի է` խնդիրը իր փխրուն ուսերին է առել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: Լինենք անկեղծ` նա հենց դրա համար էլ «բերվել» է: Ի դեպ, նրա մոտ, ինչպես և Նիկոլ Փաշինյանի, տարընթերցումների բավականին լուրջ սանդղակ է: Իր բեմելը վերջինս սկսեց` «Արցախը Հայաստան է, և վերջ» այդպես էլ հասկանալի չդարձած նշանային համակարգով: Հետո բավականին լուրջ «հաթաթա» տվեց Ալիև-կրտսերին` վերջինիս ռազմատենչ հայտարարությունների մասով, տակից մեղմորեն «սղացնելով», թե` հա, եթե փուլային տարբերակով հարցի լուծումն է օրակարգում, ապա առաջինը` կարգավիճակի հարցը: Ո՞ր կարգավիճակի հարցը` Արցախը Հայաստան է, վերջ, անկախ հանրապետություն է, թե՞ ինչ է…
Բոլոր դեպքերում, դատելով երկկողմ հայտարարությունների ենթախորքերից, տեսանելի է, որ առավել քան երբևէ կողմերը շատ մոտ են ռազմական բախմանը, ինչն էլ, ասացինք, կախված կլինի աշխարհաքաղաքական դասավորություններից:
Ընդ որում, չպետք է անտեսել ամենակարևոր խաղացողին»` կորոնավիրուսը, ինչի համար էլ այն ստեղծվել է: Հայաստանում կորոնավիրուսը նույնքան նշանային եղավ, որքան Նիկոլի հեղափոխությունը. խոստացան, ունեցան` 10 հազար հիվանդ… Ձգենք պաուզան` նոր նշանային համակարգի համար արձանագրելով. հազար առողջություն Նիկոլ Փաշինյանին ու յուր զավակներին, սակայն իր ծննդյան օրը, ռեյտինգի անկման ամենաահավոր օրերին, ծխախոտա-ադամանդային «միրաժի», զենքի առևտրի ֆոնին մեր գերագույն գլխավոր հրամանատարը (Աստված մի արասցե` պատերազմի դեպքում) ընտանյոք հանդերձ, կորոնավիրուսով է վարակվել:
Չէ, չենք հարցնելու, իսկ ինչ էիք անում, որ այդպես չլիներ, թե՞ անում էիք ամեն ինչ, որ այսպես լիներ. բացի նրանից, որ ամեն օր ասում էիք` դիմակ դրեք. բառեր, որ կարող էր ցանկացած ձայնագրիչ ասել:
Բոլոր դեպքերում և այնուհանդերձ, չի լքում զգացումը` կարծես «ինադու» արված լինի: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ցանկացած երևույթ Նիկոլ Փաշինյանի ձեռքում փոշիանում, փսորվում, դրսևորում է իր ամենահատակային բնույթը: Փաստացի` կորոնավիրուսը կարող է ամբողջովին ջլատել ազգի էթնիկ հատակը, դիմադրողականության ֆիզիկական-հոգևոր պլանը և ազգն իսկապես փռել ասֆալտին, պատին` ուր ասես:
Ասենք` որքան էլ Նիկոլ Փաշինյանը գլոբալիստների ներարժեքն է յուր սատելիտներով, և փորձեց քանդել-քայքայել ողջ Հայաստանը` տնտեսություն, եկեղեցի, դպրոց, մանկություն, սեռ…. նրան դա ամբողջապես չհաջողվեց. կորոնավիրուսը ամենազորեղ «համադամն» է մեր քայքայման:
Չերկնչենք ասել` ինչին էլ ինքը գնաց անձնազոհաբար:
Կարծում ենք նաև, որ Նիկոլի համար ճգնաժամային այս օրերին նրա հետևում կանգնած դրսի ուժերը ճգնաժամային մի քանի նախագծեր են նախատեսել:
Ինչի արդյունքում էլ Նիկոլը չոր դուրս կգա այս ամենից, երկիրն ու մնացյալք.... Աստված պահապան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ