«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԳՈՐԾԸ ԲԱՐԴԵԼ ԵՆ ՋԱՀԵԼ-ՋԻՎԱՆ ՍՑԵՆԱՐԻՍՏԻ ՈՒ ՌԵԺԻՍՈՐԻ ՎՏԻՏ ՈՒՍԵՐԻՆ»
Ես այն մարդկանցից եմ, որոնք Հանրային հեռուստատեսություն չեն նայում: Եվ ոչ միայն վերջին մեկուկես տարում, այլև այն ժամանակվանից, երբ սկսեց կոչվել Հանրային և վերածվեց իշխանության սպասարկուի ու քարոզչական լծորդի: Սակայն երբ իմացա, որ Հանրայինը 4 մասից բաղկացած շուրջ 2-ժամանոց հեռուստաֆիլմ է նկարահանել Կոմիտասի մասին, նայեցի տեսագրությունը. մի քանի անգամ:
Փոշմանեցի՞, որ ժամանակ եմ վատնել, ամենևի՛ն:
Որովհետև վայելեցի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի իմաստնությունը, որն աներևակայելի փիլիսոփայական ընկալմամբ հեռուստադիտողին ըմբռնելի է դարձրել Անմահի երաժշտարվեստը:
Որովհետև արվեստագիտության դոկտոր Մհեր Նավոյանը դրսևորել է բարձրագույն պրոֆեսիոնալիզմ: Ընդ որում, ոչ միայն երաժշտագիտության, այլև պատմական փաստերի վերլուծության ընթացքում. ոչ մի ավելորդ բառ, ամեն ինչ ճշգրիտ ու տեղին:
Այսքանով, ցավոք, վե՛րջ:
Տիտրերից առանձնացրել եմ երեք գլխավոր անձանց:
Ռեժիսոր և օպերատոր Գուրգեն Ջանիբեկյան: Ո՞վ է: Ծնվել է 1982-ին, 2003-ին ավարտել Երևանի մանկավարժականը, 2000-ից աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, հիմա՝ հավանաբար Հանրայինում: Օպերատոր է մեկ տասնյակ ֆիլմերի, կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
Հեղինակ Սոսսի Խանիկյան: (Հեղինակ ինչի՞, ենթադրաբար՝ սցենարի): Ո՞վ է: Ավարտել է Երևանի լեզվաբանական համալսարանը, սովորել է լրագրություն, հիմա աշխատում է Հանրայինում:
Գլխավոր պրոդյուսերն է Մարգարիտա Գրիգորյանը՝ Հանրայինի գործադիր տնօրենը, բանասիրական գիտությունների թեկնածուն, ում անունը շաղկապված է զանազան տհաճ պատմությունների հետ, որոնք ինձ բնավ չեն հետաքրքրում:
Ինձ չեն հետաքրքրում նաև այն ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, որոնք ծախսվել են «Վարդապետը» ֆիլմի համար, ինձ հետաքրքրում է զուտ կինոնկարը, որպես հեռուստատեսային արտադրանք:
Եվ այսպես, ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ՝ Հանրայինի ընդերքում, որոշում են Կոմիտասի 150-ամյակի առթիվ նրա կյանքի ու գործունեության մասին փաստագրական, իմա՝ ճշմարիտ, փաստացի ստույգ ֆիլմ նկարահանել: Եվ, առաջնորդվելով «իրենցոնքով» բանը գլուխ բերելու մտայնությամբ, որոշում են այդ պատասխանատու գործը բարդել ջահել-ջիվան սցենարիստի ու ռեժիսորի վտիտ ուսերին: Վերջիններս էլ, աղոտ պատկերացում ունենալով Կոմիտաս-երևույթի մասին, ձեռնամուխ են լինում կատարելու հանձնարարությունը, արդարացնելու բարձր վստահությունը:
Ի՞նչ են արել. Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Գերմանիայից ու Ֆրանսիայից ընդգրկել են տասնյակից ավելի մարդկանց, խոսեցրել ու բաժանել ֆիլմի չորս մասերում: Դա հին, դեռևս խորհրդային ժամանակներից եկած հնարք է՝ խոսեցնել այլոց՝ պատասխանատվությունը թողնելով նրանց իսկ վրա, նրանց ասածներից որոշ բաներ վերցնել ու մատուցել որպես սեփական, «ինքնուրույն» խոսք:
Դա հիմնարար սխալ է, բանը պատասխանատվություն ստանձնելու մեջ է, և անկախ այն բանից, թե խոսք ասողն ինչ է ասում, պատասխանատվությունը կրում են ֆիլմի հեղինակները, տերերը:
Լինեմ ավելի առարկայական: (Բայց հենց սկզբից հայտնեմ, որ հարգալից վերաբերմունք ունեմ բոլոր այն մարդկանց վաստակի հանդեպ, ովքեր ֆիլմում խոսք են ասել):
Կոմիտասագետ, երաժշտագետ Տիրան Լոքմագյոզյանն ասում է, թե Կոմիտասը թողել է չորս ինքնակենսագրություն (և դա կրկնում է սցենարիստը «իր» տեքստում): Տվյալ պարագայում այս «թողնել» բայը խորամանկ բառ է: Ի՞նչ է նշանակում՝ «թողնել», արդյո՞ք գրել է չորս ինքնակենսագրություն: Չեմ կարող համաձայնել, այդպես չէ: Վարդապետը գրել է մեկ ինքնակենսագրություն 1908 թ. հունիսի 24-ին: Այդ թվականին Կոմիտասը Թիֆլիսում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս Լիպարիտ Նազարյանին, գրական կեղծանունով՝ Ռուբեն Լեռնյանին, և խնդրում իր ինքնակենսագրությունը թարգմանել ռուսերեն՝ Պետերբուրգի ինչ-որ երաժշտական պարբերականի ուղարկելու համար: Ինչ-ինչ պատճառներով թարգմանությունը չի արվում: Հետագայում Կոմիտասը Պոլսում հանդիպում է Լ. Նազարյանին և վերջինիս հարցին՝ թարգմանե՞մ, պատասխանում. «Ձգէ: Պահէ քովդ, օր մը թերևս պէտք գայ»: 1924-ին, երբ վարդապետը Վիլ-ժյուիֆ հիվանդանոցում էր, Լ. Նազարյանն այդ ինքնակենսագրությունն առաջին անգամ տպագրում է Բոստոնի «՛Հայրենիք» ամսագրում՝ իր առաջաբանով ու վերջաբանով:
1931-ին նույն ինքնակենսագրությունը՝ սեփական ծանոթագրություններով, Փարիզի «Անահիտ» ամսագրում տպագրում է Ա. Չոպանյանը:
1936-ին Մխիթարյան Հայր Ղ. Տայանը նույն ինքնակենսագրությունը տպագրում է «Բազմավէպ»-ում՝ իր ծանոթագրություններով, բայց առանց Կոմիտասի աշխատությունների ցանկի հատվածի:
ՈՒրեմն, «թողած» ի՞նչ չորս ինքնակենսագրության մասին է խոսքը: Գուցե և պահպանվել են Կոմիտասի ձեռամբ ինչ-ինչ հավելումներով, խմբագրումներով տարբերակներ, բայց դրանք պարտավոր էին ցուցադրել հեռուստադիտողին:
Տ. Լոքմագյոզյանն ասում է նաև, թե Կոմիտասի՝ աքսորից վերադարձին նպաստել է Հալիդե Էդիբը, բայց ինքը չի հավատում: Անկասկած, պարոնին ծանոթ են Հ. Էդիբի «Հուշեր» գիրքը և դրա չորս էջերը, որոնք վերաբերում եմ վարդապետին: Բայց այդտեղ թրքուհին գրում է ոչ թե իր, այլ ամուսնու՝ Ադնան Ադըվարի միջնորդության մասին (ինչը, ի դեպ, ևս կեղծիք է): Անշուշտ, Տ. Լոքմագյոզյանը շփոթվել է, բայց ինձ չի հետաքրքրում որևէ մեկի սխալը կամ շփոթմունքը, պատասխանատվություն է կրում եթեր հեռարձակողը:
Այնուհետև ֆիլմի հեղինակները հեռուստադիտողին երկար ժամանակով ներքաշում են մի անհիմն և անպտուղ, հնաբույր վեճի մեջ՝ հիվա՞նդ էր Կոմիտասը, թե՞ ոչ:
Այսպես, հոգեբանության դոկտոր, ինչպես նշված է տիտրերում՝ Կոմիտասի ազգականուհի (այդպես էլ չհասկացա, թե վարդապետի հետ ինչ ազգակցական կապ ունի), համակրելի տիկին Մելինե Գարագաշյանը հայտարարում է, թե բժիշկ Վահրամ Թորգոմյանը վարդապետին պիտի չտաներ թուրքական հոգեբուժարան, երբ Պոլսում կար հայկականը, թե Թորգոմյանը իրավունք չուներ Կոմիտասով զբաղվելու, թե Թորգոմյանը Կոմիտասին արգելել էր հիվանդանոցում ստեղծագործել…
Այս ամենը, մեղմ ասած, իրականության հետ որևէ աղերս չունի: Նախ, Պոլսում հայկական հոգեբուժարան գոյություն չուներ, կար ֆրանսիական «Օպիտալ դե լա Պե» հիվանդանոցը, որն Առաջին աշխարհամարտի սկզբին թուրքերը բռնագրավել էին և գլխավոր բժիշկ նշանակել հոգեբույժ, Եվրոպայում կրթություն ստացած Մազհար Օսմանին: Թորգոմյանը, հույն հոգեբույժ Կոնոսը և Օսմանն են ախտորոշել Կոմիտասի հիվանդությունը և վճռել վարդապետին տեղափոխել հիվանդանոց: Կոմիտասի մտերիմ, հարազատ ընկեր, նրա հետ աքսորված Թորգոմյանն ինչու՞ իրավունք չուներ հոգ տանելու վարդապետին: Ինչպե՞ս կարող էր նա Կոմիտասին արգելել ստեղծագործել, երբ ինքը «Օպիտալում» չէր աշխատում և արգելանք դնելու որևէ իրավասություն չուներ:
Եվ պատասխանատուն ոչ թե ասողն է, այլ ֆիլմի հեղինակները, որոնք իրենց անգիտության պատճառով ամեն ինչ հալած յուղի տեղ են ընդունել:
Երբ 1916-ին Կոմիտասի ռումինական «Տասիո» (և ոչ թե «Տաշիո», ինչպես ասվում է հեղինակային տեքստում) նավով տեղափոխում են Ֆրանսիա, Փարիզում պրոֆեսոր, հոգեբույժ Կ. Աղաջանյանը, բժիշկ Պ. Քոլոլյանը և մի քանի ֆրանսիացի մասնագետներ կրկին զննում են Կոմիտասին, ախտորոշում հոգեկան խանգարում ու տեղավորում Վիլ-Էվրար հիվանդանոցում: Բայց ուշագրավ է, որ բժիշկ-մասնագետների ախտորոշմանը չի հավատում նաև Սբ. Էջմիածնի միաբան աբեղա Ասողիկ Կարապետյանը, որը հայտարարում է, թե Կոմիտասը ոչ թե հիվանդ էր, այլ… լռակեցության ուխտ էր պահում: Ի՞նչ ուխտ, երբ հայտնի է, որ վարդապետը շատ այցելուների վռնդում էր, իսկ ոմանց հետ էլ միանգամայն խելամիտ զրույցներ ունենում:
Ի վերջո, ավելի լավ չէ՞ր լինի, եթե ֆիլմի հեղինակներն առհասարակ անտեսեին, շրջանցեին վարդապետի հիվանդ լինել-չլինելու հանգամանքը և լուսաբանեին շատ ավելի կարևոր, էական խնդիրներ:
Օրինակ, այն, որ Կոմիտասի հիվանդության բուն մեղավորները թուրք ցեղասպաններն էին: Բայց ֆիլմում դուք այդ մասին ոչինչ չեք լսի:
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ, ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՁԱԽՈՂԱՆՔ
Սցենարի հեղինակն ասում է, թե Կոմիտասը Եգիպտոսում ունեցել է 17 համերգ և 10 դասախոսություն: Ինձ հայտնի է, որ 1911 թ. վարդապետը Ալեքսանդրիայում ձայնաքննում է կատարել, կազմել 190 հոգուց բաղկացած երգչախումբ, հունիսի 16-ին համերգով հանդես եկել «Ալհամբրա» շքեղ դահլիճում, ևս մեկ համերգ տվել երեք շաբաթ անց՝ Կահիրեում: Իրավացի է Տիգրան Մանսուրյանը, երբ ֆիլմում ասում է, թե Կոմիտասը դեռևս ուսումնասիրելու ու բացահայտելու կարիք ունի: Այս միտքն անուղղակիորեն ինձ էլ է վերաբերում, շատ հնարավոր է, որ կան բաներ, որոնք չեմ հետազոտել ու չգիտեմ: Ահա կուզենայի Ս. Խանիկյանից իմանալ՝ ի՞նչ աղբյուրների հիման վրա է նա պնդում 17 համերգի ու 10 դասախոսության մասին:
Սցենարի հեղինակը բարբառում է, թե 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալվել է 2345 հոգի, այդ թվում և՝ Կոմիտասը: Որտեղի՞ց է վերցրել այդ թիվը: Ցեղասպանության մասին այբբենական գիտելիքներ ունեցող ամեն ոք գիտե, որ հին տոմարով ապրիլի 11-ին ձերբակալվել և աքսորվել է 250-300 հոգի, ընդ որում ոչ միայն մտավորականներ, այլև ամենատարբեր զբաղմունքի տեր մարդիկ: ՈՒրեմն, ի՞նչ 2345 հոգու մասին է խոսքը:
Ս. Խանիկյանին ծանոթ է Գրիգորիս ծ. վրդ. Պալաքյանի «Հայ Գողգոթան» գիրքը, նա այդտեղից մեջբերումներ է անում և նշում, թե ձերբակալվածներին Հայդարփաշա կայարան են տեղափոխել «Շիրքեթ-67» շոգենավով: Բայց բոլորովին ծանոթ չէ մեկ այլ աքսորական-վերապրածի՝ Արամ Անտոնյանի «Աքսորի ճամբուն վրայ» հուշագրությունը, որտեղ նա երեք անգամ այդ նավն անվանում է «Շիրքեթ-42»: Կասեք՝ մանր բան է, չեմ համաձայնի, որովհետև սատանան մանրամասների մեջ է, մանր ստերից է ծնվում մեծ կեղծիքը:
Ստամբուլից մեկնել են Կուտինա/Քյոթահիա, առանց իմանալու ուր են գնում: Գոնե մոտավոր պատկերացում ունենալու համար առնվազն պետք է կարդացած լինեին Արշակ Ալպոյաճյանի «Յուշամատեան կուտինահայերու» աշխատությունը, այդժամ կիմանային երկու եկեղեցիների անունները (ի դեպ, վարդապետը 100 թրքախոս հայ երեխա էր հավաքել ու ցնցող ելույթ ունեցել Սբ. Թորոս եկեղեցում) և այն, որ հախճապակեգործներից զատ ավելի մեծ թիվ էին կազմում կոշկագործները (որոնցից էին Կոմիտասի հայրն ու հորեղբայրը) և գորգագործները:
Սա դեռ ոչինչ, հեռուստադիտողին հրամցնում են իսկական զավեշտ: «Խիստ գաղտնիության պայմաններում» նկարահանել ու ցույց են տալիս 2 թե 3-հարկանի մի բարվոք տուն ու անթաքույց հրճվանքով ազդարարում՝ կատարվեց հրա՜շք, մենք գտանք Կոմիտասի հայրական տունը… Ինչպե՞ս գտան, ապացույցներն ու՞ր են: Ժամանակակիցները վարդապետի հայրական տունը նկարագրել են, որպես «փայտաշեն ու կիսավեր», գոնե ասեին, թե այդ տեղում է գտնվել հայրական տունը:
Առհասարակ տպավորություն է ստեղծվում, թե նկարահանող խումբը մեկնել է Թուրքիա՝ թուրքական իշխանությունների հասցեին կծու խոսք չասելու հստակ հանձնարարական ունենալով: Դրա վկայությունն է թեկուզ այն, որ ինձ՝ Հանրային չնայող հեռուստադիտողիս, ցույց են տալիս գեղեցկատես Գեզա պարկից տեսարաններ, առանց ասելու, որ այդ զբոսայգին կառուցվել է հայոց ավերված Սուրբ Հակոբ գերեզմանատան տեղում, այն հանգստարանի, որի մուտքի դիմաց, Բանկալթի, թիվ 47 հասցեում բնակվում էին Կոմիտասն ու Փանոս Թերլեմեզյանը:
Բայց այդ ամենի մասին՝ ո՛չ մի բառ: Դրա փոխարեն՝ կցկտուր, հեզ ու կիսաբերան դժգոհություն, թե՝ թուրքերը թույլ չեն տվել այսուայնտեղ մուտք գործել, այսուայն նկարահանումներն անել: Լա՛վ են արել, ճի՛շտ են արել: Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ պարզ չէ՞ր: Հա՛, մենք «դեմոկրատ» ենք, և հենց նույն Հանրայինը առիթը բաց չի թողնում հրճվելու, երբ ինչ-որ թուրք հեռուստալրագրող մեր երկիր է այցելում:
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ, ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՁԱԽՈՂԱՆՔ
ՈՒսումնառության տարիներին Կոմիտասը բնակվել է Բեռլինի Կոխշտրասսե փողոցի 5-հարկանի տներից մեկի ամենավերին հարկում: Սցենարիստն ասում է հասցեն՝ Կոխի փողոց, թ. 73: Կհավատայի, եթե նախորդող մանր ու մեծ խեղաթյուրանքներն այդքան շատ չլինեին: 1896 թ. վարդապետին այցելել է նրա ճեմարանական ընկեր Մանուկ Աբեղյանը և, առանց որևէ հասցե նշելու, մանրամասն նկարագրել Կոմիտասի սենյակը: Սցենարի հեղինակը պարզապես պարտավոր էր այդ նկարագրությունն ընդգրկել իր տեքստում (եթե, իհարկե, տեղյակ լիներ):
1913 թ. Կոմիտասը կրկին գտնվել է Բեռլինում ու բնակվել Կանտշտրասսե, թ. 40 հասցեում, և նրան այցելել է արվեստաբան Գարեգին Լևոնյանը: Նկարահանող խումբը գնացել-հասել է Բեռլին, է՛, թող այդ հասցեն էլ ցուցադրեին, միևնույն է՝ անիմաստ փողոցապատկերների պակաս չկա:
Ի վերջո, սցենարիստը կարող էր նաև պատմել Կոմիտասի ու Ռիխարդ Շմիդտի անչափ հետաքրքիր մարդկային փոխհարաբերությունների մասին (եթե, իհարկե, տեղյակ լիներ):
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՁԱԽՈՂԱՆՔ
Ոչ մի խոսք չեք լսի Կոմիտասի ու նրա բարերար, բոլոր ժամանակների խոշորագույն հայ բարեգործ Ալ. Մանթաշյանցի մարդկային փոխհարաբերությունների մասին: Կրկին բառակույտեր և ոչինչ չասող նկարահանումներ:
Բայց փոխարենը հեռուստադիտողին մատուցվում է մեկ այլ անհեթեթություն: Ֆիլմում ընդգրկել են նաև Վրաստանի ժողովրդական արտիստ Վ. Ազարաշվիլու խոսքը, ու ենթադրում եմ, որ նրա իսկ փոխանցմամբ է Ս. Խանիկյանը ազդարարում հետևյալը. թե, իբր, 1909 թ. Կոմիտասը Թիֆլիսի օպերային թատրոնում մասնակցել է եկեղեցական երաժշտության փառատոնի և գրավել 1-ին տեղը… Հնարավո՞ր էր նման բան, երիցս՝ ո՛չ: 1909-ին Կոմիտասը գտնվում էր ծանր բարոյահոգեբանական վիճակում, Էջմիածնի բարձրաստիճան հոգևոր պետերի հալածանքը հասել էր բարձրակետի, ինչպե՞ս կարող էր նա մասնակցել ինչ-որ փառատոնի: Այդ թվականին նա, իրոք, մի քանի օրով գնացել է Թիֆլիս ու մասնակցել Ալ. Մանթաշյանցի կնոջ հուղարկավորությանը, հոգեհանգստի ժամանակ կատարել մի քանի երգ՝ արցունք կորզելով հավաքվածներից: Ըստ իս, աղջնակը պարզապես կուրորեն հավատացել է ինչ իրեն ասել են, բացի այդ, իրեն հասկանալի, հոգեհարազատ են «փառատոն», «մրցանակ» բառերը: Իրականում Ե. Փիթոյանի և Ալ. Մանթաշյանցի կառուցած Արտիստական թատրոնում տեղի է ունեցել միջդավանաբանական հոգևոր երգերի համերգ, որին մասնակցել է վարդապետը և այդ առթիվ գրել՝ «գերազանցեցինք բոլորին»: Բայց մի՞թե այս բառերից կարելի է եզրահանգել, թե Կոմիտասը մասնակցել է փառատոնի և արժանացել 1-ին մրցանակի:
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ, ՍՑԵՆԱՐԱԿԱՆ ՁԱԽՈՂԱՆՔ
Ամենախայտառակ բանն այստեղ է կատարվել:
Ոչ մի խոսք Կոմիտասի հոգեհանգստյան արարողության և 11 պատվարժան անձանց, այդ թվում՝ Ֆրանսիայի երաժշտագիտական ընկերության նախագահ Ամեդե Գաստուեի, գերմանացի նշանավոր երաժշտագետ ու բանահավաք Կուրտ Զաքսի դամբանականների մասին:
Ոչ մի խոսք այն մասին, որ վարդապետի դին զմռսել են, իսկ դագաղի գլխամասը եղել է ապակեպատ, որպեսզի հազարավոր ֆրանսահայեր կարողանան վերջին անգամ տեսնել Անմահի դեմքը:
Այցելել են Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի ու «չեն նկատել» Աստծո այդ տաճարը կառուցած Ալ. Մանթաշյանցի կիսանդրին ու եկեղեցու մյուս բարերարների պատվո խորշը:
Տեղի քահանան իրենց (ու մեզ) ասում է, որ Կոմիտասի աճյունը շուրջ 7 ամիս մնացել է եկեղեցու նկուղում, բայց դա ֆիլմի հեղինակներին չի հետաքրքրել, ո՛չ մի կադր: Դրա փոխարեն ինձ՝ Հանրային հեռուստատեսություն չնայող հեռուստադիտողիս, լիուլի ցույց են տալիս ժամանակակից Վիլ-Էվրարի ու Վիլ-Ժյուիֆի հոգեբուժարանները, ինչ-որ բժշկական անոթներ, սարքեր, հիվանդասենյակներ ու փորձում «բացահայտել» հոգեբուժության «գաղտնիքները»: ՈՒ՞մ է դա պետք:
Վարդապետի դին Փարիզից Մարսել են տեղափոխել 1936 թ. մայիսի 8-ին՝ 400 ներգաղթյալների հետ, բայց այդ մասին՝ ոչ մի խոսք:
Մարսելում փարիզահայերին միացել են ևս 1400 ֆրանսահայեր, բայց այդ մասին՝ կրկին ոչ մի խոսք:
Մարսելից Բաթում ներգաղթյալներին ու Կոմիտասի աճյունը փոխադրել են ոչ թե «Սինայ» (ինչպես ասվում է տեքստում), այլ «Սինայա» շոգենավով, և դա պարզ երևում է ՀԲԸՄ-ի նկարահանած ֆիլմի կադրերից, որ օգտագործել են իրենց հեռուստաֆիլմում:
Սցենարիստին չի հետաքրքրել, թե Երևանում ինչպես է կազմակերպվել Կոմիտասի հողարկեքը և ամենակարևորը՝ ե՞րբ:
Ս. Խանիկյանի թույլ տված կոպիտ փաստական սխալները, անգիտության, նյութին չտիրապետելու պատճառով առաջացած խեղաթյուրանքը հիմք են տալիս ամբողջ սցենարական աշխատանքը որակել մեկ անմեղ բառով՝ ծանծաղամտություն:
ՌԵԺԻՍՈՐԱԿԱՆ ՁԱԽՈՂԱՆՔ
Ռեժիսոր-օպերատոր Գ. Ջանիբեկյանը չի ըմբռնել մի տարրական բան՝ փաստագրական ֆիլմ նկարահանելու լավագույն գործիքներից մեկը լուսանկարչությունն է: Կոմիտասի ժամանակի շունչը հաղորդելու համար հարկ էր ցուցադրել ոչ թե վարդապետի «հայրական» տունը, ներկայիս «Օպիտալ դե լա Պեն» (որտեղ, ի միջի այլոց, թուրքերը թույլ չեն տվել մուտք գործել, և խեղճը շենքը «գաղտնի» նկարահանել է դրսից՝ փողոցից), ոչ թե ժամանակակից Ստամբուլի, Թբիլիսիի ու եվրոպական երկու մայրաքաղաքների փողոցները, ոչ միայն առանձին անձանց դիմապատկերները, այլ Կուտինայի, Պոլսի, Թիֆլիսի, Փարիզի ու Բեռլինի՝ Կոմիտասի օրոք արված բազմաթի՜վ համայնապատկերային, խմբակային, շենք-շինությունների լուսանկարները:
Դրա փոխարեն նա «գյուտ» է արել՝ սքեմ է հագցրել վարդապետի հետ հեռավոր նմանություն ունեցող դերասանին, որն ուրվականի նման ֆիլմի տարբեր մասերում կամ գրում է, կամ՝ քայլում, կամ՝ խորհրդածում: Սա այնքան մակերեսային, տտիպ ու ծաղրալի հնարք է, որ չեմ կարող այլ կերպ բնութագրել, քան առնվազն անհարգալից վերաբերմունք Կոմիտասի հիշատակի հանդեպ:
Մի քանի խոսք էլ երաժշտական ձևավորման մասին: Ամբողջ հեռուստաֆիլմում հնչում է ինձ անհայտ Արթուր Թադևոսյանի երաժշտությունը: Ո՞վ է, փորձեցի պարզել: Երաժշտության ասպարեզում առաջին քայլերն անող երիտասարդ ստեղծագործող է: Անշուշտ, տարիքը և ով լինելը նշանակություն չունեն, բայց նրա երաժշտությունը որևէ ազդեցություն չի գործում ունկնդրի ոչ մտքի, ոչ հոգու վրա: Կասեք՝ ճաշակի հարց է, այո՛, բայց մենք խոսում ենք մեծն Կոմիտասի՝ հայ դասական երաժշտության հիմնադրի մասին: Լսեք, մեզ է հասել Կոմիտասի կատարմամբ 15, նրա նվագակցությամբ և Ա. Շահմուրադյանի կատարմամբ՝ 20 երգ, և այս ամենից ֆիլմում հնչում են մի քանի երգերից հատվածներ: Մի՞թե չէր կարելի Ա. Թադևոսյանի երաժշտության փոխարեն ա՛յդ երգերը կամ գոնե բազմաթիվ կոմպոզիտորների՝ ժամանակի փորձությունը բռնած հրաշալի ստեղծագործություններն օգտագործել:
Ի ՍԿԶԲԱՆԵ ԷՐ ԲԱՆԸ, ՍԽԱԼ ԲԱՆԸ
Ես չեմ մեղադրում ֆիլմի երիտասարդ հեղինակներին, ի վերջո՝ նրանք դեռ կենսուղի պիտի անցնեն, ընդամենը կատարել են իրենց տրված հանձնարարությունը ու կատարել անընդունելի վատ: Ինձ զարմացնում, եթե չասեմ՝ զայրացնում է, հանձնարարություն տվողի՝ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի վերաբերմունքը: Ես նույնիսկ ուզում եմ հավատալ, որ տիկնոջ կայացրած որոշման մեջ դիտավորություն չի եղել:
Բայց Հանրայինի ղեկավարությունը պարտավոր էր իմանալ, որ Կոմիտասը երաժշտարվեստի համաշխարհային մեծություն է: Որ նա հայ մշակույթի վեմն է: Որ նա հային վերադարձրել է իր ազգային ինքնությունը: Եվ քանի դեռ ողջ է հայ ժողովուրդը, անմահ կմնա նաև հանճարեղ Կոմիտասը:
Եվ նա՝ իր 150-ամյակի կապակցությամբ, արժանի չէր նման որակի հեռուստաֆիլմի:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ