...Որ Արցախը կայանա ու օրինակ դառնա աշխարհին
27.09.2019 | 00:54
ՏԵՂԵԿԱՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1993 թվականից սկսած, Հայաստանի մի խումբ գիտնականների ու ինժեներների նախաձեռնությամբ, մշակվել է արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման մի համալիր ծրագիր, որը մեր հանրությանը հայտնի է որպես «Երկրների հելիոֆիկացիայի ծրագիր»: Այն ենթադրում է արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ, նաև մասնավոր հատվածում անցում կատարել դեպի արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների լայնածավալ կիրառումը՝ արևային տեխնիկայի զարգացումը տանելով չծեծված ճանապարհներով՝ էականորեն տարբերվելով արևային էներգետիկայի բնագավառում աշխարհում իրականացվող բազմաթիվ գործող ծրագրերից՝ հիմնական շեշտը դնելով արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների կիրառման ոլորտների ընդարձակման վրա: Արևային բիզնեսի մեջ էներգետիկ ոլորտը ունենալու է սիմվոլիկ նշանակություն, չնայած նրան, որ հելիոֆիկացիայի ծրագիրը լայն հնարավորություններ է ընձեռում նաև այդ ոլորտի խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացումը թույլ կտա շրջադարձային փոփոխություն կատարել Արցախի տնտեսության զարգացման ռազմավարության մեջ՝ գիտատար, ոչ նյութատար և ոչ էներգատարի փոխարեն առաջարկելով զարգացնել գիտատար, ոչ նյութատար ու խիստ էներգատար ճյուղերը՝ թիրախում պահելով արևային գերէժան ջերմային էներգիայի վրա հիմնված կանաչ տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Հելիոֆիկացիայի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կլինի օգտագործել սփյուռքի տեխնիկական ու տեխնոլոգիական աջակցությունը, Արցախում կազմակերպել հելիոտեխնիկական արդյունաբերության ու հելիոտեխնիկական մեքենաշինության նոր ոլորտները:
Իր տնտեսական, սոցիալական ու քաղաքական կարևորությամբ այն չի զիջելու ԳՈԷԼՌՈ լենինյան ծրագրին: Գիտական խումբն ավարտին է հասցրել անհրաժեշտ տեսական, ինժեներական, գիտահետազոտական ու փորձարարական աշխատանքները, մնացել է լուծել ներդրման հետ կապված հարցերը: Առաջնահերթ խնդիրների թվում են, 20 կվտ ջերմային հզորության հելիոհամակարգերի կիրառմամբ, առաջին հելիոֆիկացված գյուղի, Արցախի զբոսաշրջային կենտրոններում արևային փորձնական սրճարանների, գյուղերում կոլեկտիվ օգտագործման արևային վերամշակող գործարանի կազմակերպումը, ինչպես նաև Արցախի օդային ու ցամաքային սահմանների պաշտպանության համար նախատեսված տեխնիկայի ստեղծումը:
Անցած 30 տարիներին Հայաստանում մշակվել են բազմաթիվ նախագծեր, որոնց կոմերցիալիզացիան թույլ կտա տնտեսական զգալի հաջողությունների հասնել: Այդպիսի նախագծերից է «Երկրների հելիոֆիկացիայի ծրագիրը», որը մշակվել է իմ նախաձեռնությամբ և հասցվել ներդրման փուլին, մնում է իրագործել հելիոֆիկացիայի ծրագիրը, և ամեն ինչ կստացվի: Հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումն Արցախին թույլ կտա հսկայական քաղաքական ու ճանաչման դիվիդենդներ ստանալ՝ դառնալով առաջին երկիրը, որը գտել է էներգետիկ ու էկոլոգիական դժվարին խնդիրների լուծման ճանապարը՝ օրինակ ծառայելով համայն աշխարհին: «Համայն աշխարհ» բառակապակցությունն այստեղ պատահաբար չի ասված, դա այն համայն աշխարհն է, որն այսօր կանգնած է երկրի գլոբալ տաքացման պատճառով զարգացող էկոլոգիական աղետի առաջ, վերջին տարիները դասվում են երկրի պատմության ամենաշոգերի թվին, միջազգային փորձագետները կարծում են, որ ներկայիս սերունդը վերջինն է, որը դեռ կարող է դրականորեն ազդել կլիմայի փոփոխության վրա, կանխել Երկիր մոլորակի գլոբալ տաքացման պրոցեսը ու մարդկությունը փրկել սպասվող էկոլոգիական աղետից, եթե դա չստացվի անել հիմա, ապա հաջորդ սերունդների համար արդեն ուշ կլինի: Աշխարհի բոլոր երկրներում լրջորեն մտածում են այդ խնդիրների լուծման մասին, ամեն տարի հսկայածավալ գումարներ են ծախսվում էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման վրա, աշխարհում տարեկան 900 միլիարդ դոլարի չափով ներդրումներ են կատարվում այդ ուղղությամբ, բայց բաղձալի արդյունքները դեռևս չեն տացվում, չկան, որովհետև, ըստ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի, գումարները հիմնականում յուրացնում ու մսխում են միջազգային բյուրոկրատական հաստատությունները: Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում աշխարհի հելիոֆիկացիան Արցախից սկսելը: Պետք է ընդգծել հելիոֆիկացիայի ծրագրի հույժ կարևորությունը հայերիս համար՝ երեք առումներով.
ա) հելիոֆիկացիան նշանակում է համաշխարհային նշանակության խնդրի լուծում,
բ) հելիոֆիկացիան իրատեսական ու հուսալի ճանապարհ է Արցախի տնտեսության զարգացմանը տեմպ հաղորդելու հումար,
գ) հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը հնարավոր կլինի մի շարք գիտական ու տեխնիկական խնդիրների լուծումից հետո, որը Արցախին թույլ կտա դառնալ նոր ու զարգացող բնագավառի միջազգային լիդերը՝ իր պատվավոր տեղը զբաղեցնելով աշխատանքի միջազգային բաժանման մեջ:
Չի կարելի ասել, թե արևային տեխնիկայի ասպարեզում Հայաստանում և Արցախում գործեր չեն արվել, արվում են, բայց դրանք կրում են սիմվոլիկ բնույթ: Օրինակ, վերջին տարիներին Հայաստանում կազմակերպվել են մի քանի ընկերություններ, որոնք զբաղված են արևային ֆոտոպանելների արտադրությամբ, որոնք, նաև արտահանվում են այլ երկրներ: Իրականում դրանք չինական արտադրանքի հավաքման արտադրամասեր են, որոնք այդ երկրին օգնում են իրացնելու միկրոէլեկտրոնային սեփական արդյունաբերության թափոնները և ուրիշ ոչինչ: Տվյալներ ունենք, որ Եվրոպայում ու Ռուսաստանում դադարեցվում են ներդրումները՝ արևային ֆոտոպանելների բնագավառում, ինչը մենք կանխատեսել էինք, որովհետև դա չէ խնդրի լուծման ճանապարհը՝ տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Հելիոֆիկացիայի թեման ավելի արդիական է դարձրել 16-ամյա շվեդ դպրոցական Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ սկսված էկոլոգիական շարժումը, որը անհավանական լսարան ու աջակիցներ ստացավ աշխարհի բոլոր երկրներում: Այն, ինչի մասին երազում է Գրետա Թունբերգը, հնարավոր է իրականություն դարձնել հայկական տեխնոլոգիաների միջոցով, ինչը ունի հայկական ծագման մեկ անուն՝ երկրների հելիոֆիկացիա: Ցավոք, հայկական իշխանությունները չհասկացան հելիոֆիկացիայի քաղաքական, տնտեսական ու բնապահպանական նշանակությունը, այն, որ հելիոֆիկացված երկրում չէին ծագի Ամուլսարի, Երևանի աղբահանության (աղբի վերամշակման), Սևանի ջրերի աղտոտման և, իհարկե ու առաջին հերթին, Իջևանի անտառահատման խնդիրները: Ինչևիցե, հելիոֆիկացիայի ծրագրից խուսափելը Հայաստանի բոլոր իշխանությունների ցավոտ բացթողումն է: Այն կիրականացնենք Արցախ աշխարհում։ Աստված մեզ օգնական:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հելիոտեխնիկական արդյունաբերություն, Արցախի հելիոֆիկացիա, արևային գյուղատնտեսություն, արևային էներգետիկա, Արցախի էներգետիկ անվտանգություն և Արցախի էներգետիկ կենսունակություն: Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք մեզ մոտ մշտապես ու անհիմն ձևով մեկտեղվում են մեկ ընդհանուր` «այլընտրանքային էներգետիկա» հասկացության մեջ, որի համակարգողի դերում մշտապես հանդես են գալիս երկրների էներգետիկ կառույցները: Սա աններելի սխալ է, ինչի պատճառով մշտապես կասեցվում են հելիոֆիկացիայի կարևորագույն ոլորտի ճիշտ զարգացումը Արցախում ու Հայաստանում` մեր երկրներին զրկելով խոր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ռեալ հնարավորությունից:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսական ճգնաժամը կարող է հաղթահարվել միասնական ծրագրված քայլերով և քրտնաջան աշխատանքով: Նախ պետք է հասկանանք ներկա էտապում համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի ու այլ ոլորտներում աճի տեմպերի թուլացման օբյեկտիվ պատճառները, որպեսզի կարողանանք գտնել դրանց հաղթահարման ձևերն և միջոցները: Հայաստանի ու Արցախի տնտեսությունների զարգացման խոչընդոտները նույնն են. երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, համաշխարհային տնտեսական ճգնաժամ և այլն: Ի՞նչ անել: Միասնական ուժերով պետք է փորձենք լուծել տնտեսության վերականգնման, ժամանակակից արդյունաբերություն և գյուղատնտեսություն ստեղծելու խնդիրները: Մեր գիտական հասարակության խնդիրն է գտնել տնտեսական երկնիշ հաջողությունների հասնելու հնարավոր, հասանելի և սեղմ ժամկետներում իրագործելի ճանապարհները: Հարց է առաջանում. ինչպիսի՞ արդյունաբերություն է պետք ստեղծել, որպեսզի կարողանանք դուրս գալ միջազգային շուկա` վստահաբար ապահովելով մեր մրցակցային առավելությունը: Արդյունաբերության ո՞ր նոր ճյուղն է պետք զարգացնել, որը մեզ արագ հաջողություն կբերի: Այստեղ պետք է հաշվի առնել մեր իրական հնարավորությունները: Մեր իրավիճակում իր վճռական խոսքը կարող է ասել միայն գիտությունը, որը թույլ կտա ժամանակից առաջ ընկնել՝ հաշվի առնելով, որ բաց շուկայական հարաբերությունների պայմաններում հաջողության հասնելու համար ժամանակին համընթաց քայլելը այսօր հարց չի լուծում: Պետք է մի քանի քայլ առաջ մտածել, պետք է մի քանի քայլ առաջ ընկնել, միջազգային շուկաներում պետք է նոր արտադրատեսակներով և նոր տեխնոլոգիաներով հանդես գալ, այլապես տնտեսական հաղթանակները կմնան որպես բաղձալի երազանք: Շուկաներում եղանակ ստեղծում է նա, ով տիրապետում է տեխնոլոգիաների: ՈՒրիշների մշակած տեխնոլոգիաների հիման վրա սեփական մրցունակ արդյունաբերություն կազմակերպել չես կարող: Ո՞ր ուղղություններն են, որ մենք պետք է զարգացնենք Արցախում, որպեսզի արտասահմանյան ներդրումներ կատարվեն ու զարգացվեն: Աշխատել աշխարհում արդեն ձևավորված արդյունաբերական ոլորտների ուղղությամբ անիմաստ է, դրանք հեռանկարներ խոստանալ չեն կարող, որովհետև մեր երկրի արդյունաբերությունն ու ընդհանուր տնտեսությունը մշտապես պահելու են հետին պլանում, դա նույնիսկ կործանման տանող ճանապարհ է: Եթե Ռուսաստանն ու մյուս գերտերությունները ստիպված են զարգացնել գիտությունն ու տեխնիկան՝ իրենց բոլոր հնարավոր ուղղություններով (դա գերտերությունների ճակատագիրն է), ապա Արցախի խնդիրներն ավելի պարզ են ու համեստ: Գիտությունը, տեխնիկան և արդյունաբերությունը կարելի է զարգացնել սահմանափակ ուղղություններով: Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագիրը բավարարում է Արցախի արդյունաբերությանն ու տնտեսությանը առաջադրվող պահանջներին: Կարելի է ասել, որ հելիոֆիկացիայի ծրագրի իրականացումը հիանալի էտյուդային տարբերակ է Արցախի համար, որը ենթադրում է արևային էներգիայի լիարժեք օգտագործումը նախ Արցախում, ապա Հայաստանում և ողջ աշխարհում: Հելիոֆիկացիան լուծում է Արցախի տնտեսության առջև ծառացած հիմնական խնդիրները, այդ թվում՝ երկրի էներգետիկ կենսունակության, էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովումը, բավարար աշխատատեղերի ստեղծումը, փակում է արտագաղթի ճամփան, զարկ տալիս երկրի տնտեսական և ռազմական հզորացմանը: Միայն տարակուսել կարելի է, թե ինչու են էներգետիկ նվազ ռեսուրսներ ունեցող Հայաստանը և Արցախը հապաղում արևի էներգիայի օգտագործման հարցում, առավել ևս, որ այսօր մնացել է լուծել միայն ստեղծված գիտական արդյունքների կոմերցիալիզացիայի խնդիրները:
ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Սա արդյունաբերության նոր ոլորտ Է, որի նպատակն է կազմակերպել արևային սարքերի կամ հելիոհամակարգերի մշակման, փորձարկման, սերիական արտադրությունների կազմակերպման և ներդրման գործընթացները: Համաշխարհային բիզնես հանրությանը հայտնի են այդ նոր և դեռևս վերջնականապես չձևավորված արդյունաբերության ոլորտի համաշխարհային շուկայի ծավալները: 2020 թվականին այն կկազմի 40 տրիլիոն դոլար (Անգելա Մերկել, Մեծ ությակի գագաթնաժողով, Տոկիո, 2008 թ.): Ի՞նչ է 40 տրիլիոն դոլարը հայերիս համար: Հիշենք, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 7 միլիարդ դոլար է: 40 տրիլիոն դոլարը գերազանցում է մեր երկրի արտաքին պետական պարտքը 5500 անգամ: Մեր գիտնականներին հաջողվել է մինչև վերջին նրբությունները մշակել արդյունաբերության այդ նոր ոլորտի բոլոր բաղադրիչները, քայլ առ քայլ նշելով զարգացման գործընթացը: Որքա՞ն նոր աշխատատեղեր կստեղծի հելիոտեխնիկական արդյունաբերությունը Արցախի քաղաքացիների համար, եթե մեզ հաջողվի զբաղեցնել արևային տեխնիկայի համաշխարհային շուկայի ընդամենը մեկ տոկոսը (0,4 տրիլիոն դոլարի շուկան): Խնդիրը կարելի է ձևակերպել այսպես. Արցախում ստեղծել հելիոտեխնիկական արդյունաբերության մի նոր ոլորտ, որի արտադրանքի չնչին մասը կիրացվի ներքին շուկայում (0,2 միլիարդ դոլարի չափով) և կարտահանվի՝ 400 միլիարդ դոլարի չափով: Աշխատատեղերի հարցը լուծվում է հետևյալ հաշվարկով. ընդունենք, որ տարեկան մեկ միլիոն դոլարի արտադրական ծավալների դեպքում հայկական ընկերություններում կարող է բացվել 20 աշխատատեղ, մեկ միլիարդի դեպքում՝ 20 հազար, 400 միլիարդի դեպքում՝ 8 միլիոն աշխատատեղ: Եթե արտաքին շուկայի պահանջարկը բավարարվի 10 տարվա ընթացքում, ապա Արցախում իրատեսական կլինի 800 հազար աշխատատեղի բացումը:
2005 թվականից սկսած` մեր արդյունաբերությունը տեխնիկապես և տեխնոլոգիապես արդեն պատրաստ էր սկսելու DVH տիպի անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը՝ առաջին հելիոտեխնիկական բազային գործարանը գործարկելով Սպիտակում: Այս խնդիրը արդեն դուրս է եկել մեր օրակարգից, որովհետև 2017 թվականին քանդվեց աղետի ու Հայաստանի ամենակարևոր մեխանիկական գործարանը, որտեղ մենք կարող էինք, առանց ժամանակ կորցնելու, սկսել արևային համակարգերի հոսքագծային արտադրությունը: Նշեմ, որ արևային տեխնիկայի զարգացման 5 հայտնի ուղղություններից՝ ա) արևային ջերմային էլեկտրակայաններ, բ) արևային կիսահաղորդչային էլեկտրակայաններ, գ) արևային «Ստիռլինգ» դասի էլեկտրակայաններ, դ) արևային կենցաղային ջրատաքացուցիչներ, ե) հայելային կոնցենտրատորների բազայի վրա հիմնված հելիոհամակարգեր, մեր մասնագետներն ընտրել են զարգացման 1-ին և 5-րդ ուղղությունները. արևային էլեկտրակայանների ստեղծում՝ ակադեմիկոս Պարիս Հերունու «Արև» ծրագրի շրջանակներում, զ) անհատական կոմբինացված հելիոհամակարգերի ստեղծում՝ տ.գ.դ. Վահան Համազասպյանի «Երկրների հելիոֆիկացիա» ծրագրի շրջանակներում: Ավելին, մեր գիտական խմբերը, որոնք հիմնականում համալրված են խորհրդային ռազմարդյունաբերական համալիրի մասնագետներով, ստեղծել են բոլոր անհրաժեշտ նախադրյալները, որպեսզի DVH տիպի օրիգինալ անհատական կոմբինացված հելիոհամակարգերի զանգվածային արտադրությունը սկսվի հենց Արցախից:
DVH տիպի հելիոհամակարգերը աշխարհում հայտնի արևային տեխնիկայից շահեկանորեն տարբերվում են իրենց սպառողական հատկանիշներով՝ ցածր գներով, հուսալիությամբ, ֆունկցիաների բազմազանությամբ, սպասարկման պարզությամբ, ջերմային հզորությունների 1-ից մինչև 2 հազար կվտ-ի հասնող դիապազոնով, նոր (պատվիրված) սարքերի նախագծման, ֆիզիկական մոդելավորման և պատրաստման նվազագույն ժամկետներով: Նման ցուցանիշների հնարավոր չէր հասնել՝ օգտագործելով միայն գոյություն ունեցող ունիվերսալ հաստոցները, գործիքները և տեխնոլոգիաները: Էական առաջընթացի համար մեր մասնագետները մշակել են նոր տեխնոլոգիաներ, դրանց կիրառման համար ստեղծել հատուկ հաստոցներ` հիմք դնելով հելիոտեխնիկական մեքենաշինության նոր ոլորտի առաջացմանը, մշակել են հատուկ էլեկտրոնային սենսորներ, էլեկտրոնային հսկող-ղեկավարող սարքեր (արևային էլեկտրոնիկա), գործիքներ, չափիչ սարքեր և սարքավորումներ (մետրոլոգիա), բանվորական, ինժեներական և գիտական կադրերի պատրաստման, հելիոտեխնոլոգիաների տարածման ու զարգացման և հելիոսարքավորումների փորձարկման հատուկ տարածքային կենտրոններ (հելիոպոլիգոններ) և, որպես այս ամենի տրամաբանական շարունակություն, նախագծել են նաև արևային սարքերի արտադրության համար նախատեսված տիպային (բազային) գործարան: Արևային սարքերի տիպային գործարանները, որոնց թողունակությունը հաշվարկված է մինչև 1000 կոմպլեկտ x 5 կվտ հզորությամբ հելիոհամակարգեր, կարող են կառուցվել նաև այլ երկրներում:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ