Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին շատ է խոսվում։ Մասնագետները նշում են, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքը, այդ թվում` ջրագոյացման-ջրաբաշխման համակարգը։ Ծանր մետաղներ, ռադիոակտիվ տարրեր և վտանգավոր այլ նյութեր պարունակող հանքային փոշով աղտոտվելու են հարակից տարածքները։ Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան բնակության համար վտանգավոր և ժամանակի ընթացքում կամայացվեն, ինչը կհանգեցնի Հայաստանի բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը։
Վերը նշված նյութերով աղտոտվելու է նաև Սևանա լիճը։ Այդ հանքի շահագործումը ծանր ու անուղղելի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, ինչն առավել կխորացնի սոցիալական լարվածությունը։ Ամուլսարի հանքում հանքաքարի և դատարկ ապարների մեջ կան որոշ տարրեր, որոնք, ըստ մասնագետների, բացասական ազդեցություն կարող են ունենալ մարդկանց առողջության վրա։ Նշենք դրանցից մի քանիսը։ Ալյումինի փոշին ախտահարում է թոքերը, առաջացնում է օրգանիզմի հյուծվածություն, ախորժակի անկում, մարսողության խանգարում, շնչահեղձություն, հազ, շնչուղիների բորբոքում, էպիլեպսիա, թոքերի ասթմա և ֆիբրոզ, լսողության վատացում, լնդերի արյունահոսություն և այլն։ Մոլիբդենը արգելակում է սաղմի ոսկորների ձևավորումը, առաջացնում է աճի ուշացում, աղեստամոքսային խանգարումներ, սակավարյունություն, իմունակենսաբանական ցուցանիշների նվազում և այլն։
Նիկելը և նրա միացությունները սաղմնաթունավոր են, արյան ճնշման բարձրացման հետևանք են դառնում, առաջացնում են շնչուղիների, երիկամների, փայծաղի, ուղեղի, սրտանոթային, թոքերի հիվանդություններ, գլխացավ, շնչահեղձություն, ստամոքսային ցավեր, թոքերի, աղիների և ստամոքսի քաղցկեղ, էկզեմա և մաշկային այլ հիվանդություններ։ Պղնձի և դրա միացությունների մեծ քանակությունները թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխարհի վրա, խաթարվում են հողի հստակ կառուցվածքը և ջրաթափանցելիությունը։ Պղնձի միացությունները խիստ թունավոր են ջրային բոլոր տեսակի բույսերի և կենդանիների համար։ Սահմանային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը մարդկանց մեջ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, գլխացավ, մկանային ցավ, ջերմության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների ֆունկցիոնալ խանգարում և այլն։ Սնդիկը բարձրակարգ թույն է կյանքի ցանկացած ձևի համար, կանխում է բույսերի աճը, խաթարում է ֆոտոսինթեզը, արագացնում է ծերացումը, առաջացնում է թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում, շնչուղիների բորբոքում, բրոնխիտ, լնդերի, մաշկային և այլ հիվանդություններ, ստամոքսի ցավեր, փսխում, արյունախառն փորլուծ, լեյկոցիտոզ, երիկամների ախտահարում։
Տիտանը և դրա միացությունները ճնշում են ֆոտոսինթեզը, նվազեցնում բույսերի բերքատվությունը, օրգանիզմում խախտում են սպիտակուցային փոխանակությունը և թքի շնչառական-հոտառական գործառույթը։ Ցինկը և նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը։ Մարդու մեջ առաջացնում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, աղմուկ ականջներում, անքնություն, հիշողության և լսողության վատացում, թոքերի ծավալի հիվանդոտ մեծացում, աղեստամոքսային և այլ հիվանդություններ։ ՈՒրանը ընդհանուր բջջային թույն է, ազդում է բոլոր օրգանների և հյուսվածքների վրա։ ՈՒրանի և դրա միացությունների վնասաբեր ազդեցությունը բնութագրվում է խիստ արտահայտված քիմիական թունավորությամբ և ուրանի իզոտոպների ռադիոկենսաբանական էֆեկտով։ ՈՒրանի միացությունների ճնշող մեծամասնությունը կուտակվում է երիկամներում և քայքայիչ ազդեցություն ունենում՝ առաջացնելով ֆունկցիոնալ և մորֆոլոգիական խանգարումներ։ Այս շարքը կարելի է շարունակել, սակայն նշվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար հանքի շահագործման հնարավոր վնասները մարդու առողջության վրա։
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ