ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ

ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ ՁԵԶ ԵՎ ԲԱՐԻ ՊԱՏՐԱՆՔ
21.12.2010 | 00:00

Մի քանի օրից 2010-ը կվերջակետենք և հանրագումարի ատյանում ծանրութեթևելով կորուստներն ու ձեռքբերումները` յուրովսանն կփորձենք պարզել` բարի՞ էր տարին, թե՞ թող շուտ անցնի: Իրականում անցնողը մեր կյանքի ժամանակն է, և բարի, թե չար, այդ ժամանակը գրում է մեր կյանքի պատմությունը, իսկ բոլորիս մեկտեղած` մեր երկրի պատմությունը:
Անցնող օրերի մեջ որոնելով մեզ հասանելիք հաջողությունը ու փորձելով փորձանքները շրջանցել` մենք հաճախ հենց հաջողությունն ենք ոտնահարում ու որոգայթում հայտնվում, որովհետև երբ մարդիկ ծրագրում են իրենց կյանքը, Աստված ընդամենը ծիծաղում է նրանց մտադրությունների վրա, ինչպես վկայում են ֆրանսիացիները: Իսկ նրանք անցնող դարերի մեջ կյանքի իմաստնություն կուտակել են չսխալվելու չափ:
Հետահայացը անցյալին բնորոշ է բոլոր ազգերին ու բոլոր մարդկանց: Բայց երբեմն ստացվում է այնպես, որ սևեռվում են հետահայացի վրա, և անցյալն այնքան է ծանրանում, որ սերունդների համար դառնում է ապագայի հիշողություն: Դա տեղապտույտի բանաձևն է, որ ներելի է մեկի համար, տասի, հարյուրի, բայց կործանարար է ժողովրդի պարագայում: Հաջողությունը սիրում է համամասնություն նաև կյանքի ժամանակի չափումներում, հավասարակշռել է պետք անցյալն էլ, ներկան էլ, ապագան էլ: Եթե ուզում ես շարունակվել, եթե ուզում ես, որ անցյալդ էլ ապագա ունենա: Եթե չես ուզում ներկադ դարձնել անցյալի կորուստների համար նվնվոցի դաշտ, որովհետև այդպես ճիշտ է, հեշտ է, այդպես կարող ես ոչինչ չանել ու արդարացնել քեզ. չէ՞ որ դու պատմական անարդարության զոհ ես։
Հենց այդ ժամանակ գալիս են ժողովրդի մարգարեները ու ասում են իրենց խոսքը` բացատրելով, առաջնորդելով, իմաստավորելով: Նրանք արդեն ասել են` ով ենք մենք, որտեղից ենք եկել ու ուր ենք գնում, նրանք արդեն ասել են` մի նվա ու ձիավորվիր, քո բոլոր պարտություններն արդեն պարտվել ես, քո հաղթանակի ժամանակն է, նրանք արդեն ասել են` մտածեք էս երկրի մասին, նրանք տարածքը Հայրենիք դարձնելու դասն են ուսուցանել ու Հայրենիքի` տարածք դառնալու ցավն են ապրել ու մանրամասն սիրելով իրենց հայրենիքը` իրենց կծուլեզու ներկայությամբ արթուն ու զգոն լինելու են պարտադրել։
2010-ին, 2011-ին, 2012-ին ու միշտ ժամանակը մի հարց է տալիս, որ կյանքը պիտի պատասխանի` հետո ի՞նչ։ Ամենադաժանն ու պարադոքսալն այս պարագայում` որ մտադրությունները, ցանկությունները, կարողությունները չեն արձանագրվում, կա մերկ ու սառը, անքթիթ ու անտարբեր վիճակագրություն` եղել է ու չի եղել-ի նժարներին պակասում կամ ավելանում է միայն նորին մեծություն փաստը։ Փաստարկները զրոյանում են տեղնուտեղը։
Մեզնից յուրաքանչյուրը հանրագումարի իր ատյանում 2010-ը վերջակետելիս թող ոչինչ չհիշի ու ոչինչ չմոռանա` ինչ պետք չէ հիշել ու ինչ պետք չէ մոռանալ, յուրովսանն ամփոփելով իր ու իր երկրի կյանքի մեկ տարին: Սա ընդամենը 365 օր է` ոչինչ ավելին: Օրերի անվերջության մեջ: Եվ թող ծրագրի միայն հաջողություններ, Աստված գուցե ծիծաղի, իսկ գուցե և ոչ: Ո՞վ ասաց, որ ֆրանսիացիները իրենց ամբողջ իմաստնությամբ երբեք չեն սխալվել:
«Բարի կաղանդ ձեզ ու բարի պատրանք»` ինչպես բառերից հետո բանաստեղծել կարողացող բանաստեղծն է մաղթել:
Թող 2011-ին հետահայացն ուղղվի ապագային, որովհետև այլևս հաղթելու ժամանակն է:
Մեր կյանքի լավագույն ժամանակը, որ մեզ հետ է, երբ գիտակցում ենք:

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ