ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՇԱՏԱԽՈՍԸ

ՇԱՏԱԽՈՍԸ
20.05.2011 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ

Գոյություն ունի մարդկանց երկու տեսակ. մեկը լռում է, երբ հագենում է խոսելուց, մյուսը սկսում է խոսել, երբ մի կուշտ ու երկարատև լռություն է պահպանում։ Սկզբում լսենք շատախոսին։
Ամեն մարդ ծաղկում է յուրովի։ Շատախոսը ծաղկում է միայն այն ժամանակ, երբ խոսք է ստանում։ Այդ պահին նա գտնում է ինքն իրեն, բուրմունք է արձակում բոլոր կողմերը, սավառնում իր տարերքում։ Ավելորդ և անարդար կլիներ խանգարել նրան այդ բուրելու և սավառնելու պահին։ Դա ներքին խոյանք է, որը տանում է նրան, մի չգիտակցված անհրաժեշտություն, որին նա ենթարկվում է` բացվել, թույլ տալ ինքն իրեն խփել բառերի շատրվանին։ Նրա մեջ յուրատեսակ զգացողություն է, որ ինքը մշտապես գերլցված է։ Ինչո՞վ` ինքն էլ չգիտի, ինչպես և չգիտի այն, թե որտեղից է հոսում նրա «մտքերի» հեղեղն ու ինչպես է այն առաջանում։ Սակայն միշտ կա ջրապատվար։ Նա պետք է բացի անցախցերը (շլյուզները), հակառակ դեպքում հեղեղ կառաջանա։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նա խոսում է ինչ-որ բանի մասին, ինչը նա անկարող է արտահայտել, և ինչը դուրս է պրծնում հենց նրանից. միշտ չափից դուրս շատախոս, քանզի այն չէ, ինչը պետք է, միշտ վրիպելով, ինչից էլ` բառերի այդ հավերժ ծարավը։ Եթե նա գոնե իմանար, թե իր մեջ որտեղ է խրված թարախոտ փուշը...
Խոսքը նրա համար արարք չէ, ոչ էլ գործողություն. այդպես է տեղում ձյունը, թափվում ավազը։ Խոսելը դառնում է նրա գլխավոր հոգևոր շարժիչը, բերանը` գլխավոր կենսական օրգանը։ Մտածել, զգալ, ցանկանալ նա կարող է միայն այն ժամանակ, երբ խոսում է։ Այդ պատճառով նրա զգացողություններն ավելին չեն, քան խոսքերը դրանց մասին, նրա մտքերը միայն շուրթերի շարժումներ են, նա նույնիսկ չի նկատում, թե ինչպես է փախչում ելման «տեսակետից» դեպի հակառակ տեսակետը։
Ինչքան հաճախ է նա թույլ տալիս «համոզել» ինքն իրեն միայն այն բանի համար, որ առանց խոչընդոտի շարունակի խոսել։ Թե ինչ է «խոսքը», նա առհասարակ չգիտի, քանզի խոսքերը նրա միջից ժայթքում են պարապ-սարապ զվարճասերների ամբոխի պես։ Նա հայտնի վատնիչ է, սակայն վատնում է միայն բառեր, որոնց մեջ ներդնում է սարսափելի քիչ իմաստ։ Նա նման է աղացի առանց շտեմարանի, կամ շռնդալից հրավառության, որից հետո մնում են տհաճ հոտ և կեղտ։
Շատախոսի համար լռությունը տհաճ է, հաճախ անտանելի։ Այնպիսի տպավորություն է, թե նա սարսափում է անդորրությունից, չի դիմանում միայնությանը, կամ, մնալով միայնակ, խոսում է ինքն իր հետ։ Հասարակության մեջ խոսում է այնպես, ասես մենակ է։ Նա զայրանում է իր հետ միաժամանակ խոսել ցանկացողի վրա. դա նրա հակառակորդն է։ Ընդհատողին նա արհամարհում է որպես անդորր խախտողի։ Նրան հարկավոր է լռակյացը կամ, ավելի ճիշտ, նրա ականջները։ Զրուցելիս նա դադարները զգում է որպես անախորժ մի բան, որպես ճեղքվածք շփման մեջ, ու երբեք չի կարող ըմբռնել այն, որ դադարները, որոնք լի են նշանակալիությամբ և բովանդակությամբ, մարդկային շփմանը կարող են տալ սփոփանք և ուրախություն։
Այն, ինչ նա ասաց, երբեք պետք չէ լուրջ ընդունել. դրանք աշնանային անձրևի միայն կաթիլներն են, որոնց չեն հաջորդում ո՛չ ամպրոպ, ո՛չ արևի շողեր. դա բառերի ճռճռոց է, լիցքաթափում առանց լիցքի, «լցված» դատարկության արտահոսում։ Եթե նա խոստանում է ինչ-որ բան, ապա այնքան, որ թվում է, թե ասածի մեջ սխալվել է։ Նրա խոսքերը նման են անվճարունակ չեկի։
Ինչքան քիչ գիտի նա մեր մասին` իր բարեկամների...
Ինչքան քիչ է, առհասարակ, հակված «մարդկանց ճանաչելու»։
ՈՒ երբ նա ամբողջովին «սպառում է ասելիքն» ու վերջապես հեռանում, ի՜նչ հաճույքով ենք վերցնում կարթը, որ վայելենք փոքրիկ ձկնիկների լռությունը խոր լճում, որ հանգստանանք ունայնությունից։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ