ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19.11.2010 | 00:00

Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրականացված մարդահամարի տվյալներով, Հայաստանում ազգային փոքրամասնությունների թիվն ավելացել էր, ապա 80-90-ականներից սկսած մեր հանրապետությունում իրավիճակը կտրուկ փոխվեց, ինչը պայմանավորված էր ղարաբաղյան հակամարտությամբ, Սպիտակի երկրաշարժով, սոցիալ-տնտեսական կտրուկ անցումներով, ԽՍՀՄ-ի փլուզմամբ, արտադրության անկմամբ և այլն: Այս ամենի հետևանքով սրվեց նաև միգրացիոն իրավիճակը, սկիզբ առավ բնակչության արտահոսքը, որը, բնականաբար, չշրջանցեց նաև ազգային փոքրամասնություններին: 90-ականներին հանրապետությունում արձանագրվեց ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` հրեաների, հույների, ռուսների, ուկրաինացիների, արտահոսք, որը պայմանավորված էր սոցիալ-տնտեսական բնույթի դժվարություններով: Այդ տարիներին, նշված պայմանների պատճառով, հանրապետությունից հեռացան նաև հարյուր հազարավոր հայեր: Հետևաբար, ՀՀ-ում նվազեց ոչ միայն ազգային փոքրամասնությունների, այլև հայ բնակչության թիվը: Եթե 1989-ի մարդահամարի տվյալներով Հայաստանում հայերը 93,3 տոկոս էին, իսկ ազգային փոքրամասնությունները` ՀՀ բնակչության 6,7 տոկոսը, ապա ներկայումս, ըստ պաշտոնական տվյալների, նրանք ՀՀ ընդհանուր բնակչության շուրջ 3 տոկոսն են, մոտ 68 000 մարդ, ինչը պայմանավորված է նաև 1988-90-ին Հայաստանից շուրջ 170 000 հայաստանաբնակ ադրբեջանցիների արտագաղթով:
Ինչպե՞ս են այսօր Հայաստանում բնակվում ազգային փոքրամասնությունները, ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունեն, ինչպե՞ս է հայ հասարակությունը վերաբերվում այդ ազգերի ներկայացուցիչներին:
Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԻ` Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խնդիրները հիմնականում կրթական բնույթի են: Ազգային փոքրամասնություններն ունեն իրենց մայրենի լեզվի ուսուցման իրավունք և այն գործածելիս չեն հանդիպում հակազդեցությունների: «Սակայն բոլոր ազգային փոքրամասնությունների համար առկա են և՛ մասնագետների, և՛ կրթական ծրագրերի պատրաստման խնդիրներ: Բացառություն է ռուսական համայնքը, քանի որ ուսումնական նյութերը ստացվում են Ռուսաստանից, որտեղ պատրաստվում են նաև անհրաժեշտ մասնագետներ: Խնդիրներ կան դպրոցական դասագրքերի հրատարակման և որակի հետ կապված: Կոմպակտ բնակավայրերում չեն գործում մանկապարտեզներ, ինչը լուրջ անհանգստություն է առաջացնում ազգային փոքրամասնությունների շրջանում»,- նշեց Վ. Ասցատրյանը:
Վերջինիս հավաստմամբ, Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության խնդիր չկա ո՛չ պետական, ո՛չ էլ հասարակական մակարդակներում, օժանդակվում են եզդիական, ռուսական, քրդական, ասորական, վրացական համայնքները։ Ավելին, հանրապետության որոշ դպրոցներում հայերենի հետ դասավանդվում են վերոհիշյալ ազգությունների լեզուները: Եզդի ազգության համար Հայաստանում հայ գիտնականները կազմել են այբուբեն և ուսումնական ձեռնարկներ: Հայաստանում բնակվող ազգությունների ներկայացուցիչներից 11-ն են ճանաչվում ազգային փոքրամասնություն, հետևաբար, ՀՀ պետբյուջեից ամենամյա միջոցներ են հատկացվում այդ համայնքների հասարակական կազմակերպություններին (10 մլն դրամ): Այդ միջոցներով համայնքների ղեկավարներն ու մանկավարժներն իրենց գրասենյակներում մայրենի լեզվի ուսուցման պարապմունքներ են կազմակերպում:
Հայաստանում ի՞նչ թիվ են կազմում ադրբեջանցիները, ինչպե՞ս են նրանք շփվում հայ հասարակության հետ, հանդուրժողականությունն ի՞նչ մակարդակի վրա է: Ըստ Վարդան Ասցատրյանի, մշտական գրանցում ունեցող ադրբեջանցիների թիվը 1000-ից պակաս է, շփումները սահմանափակվում են ազգականների ու հարևանների շրջանակով: Սակայն դա չի վերաբերում միգրանտներին, որոնց հարցերով այլ գերատեսչություն է զբաղվում:
Այլ բան են վկայում ազգագրագետներն ու փորձագետները: Նրանց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գրանցում չունեցող էթնիկ ադրբեջանցիների թիվը 8000-ի է հասնում: Վերջիններս ոչ միայն չեն թաքցնում իրենց ինքնությունը, այլև ազատ և անկաշկանդ շփվում են հայերի հետ: Նրանց մեջ կան այնպիսիները, որոնք չեն հիշում նույնիսկ իրենց ծագման մասին, քանի որ իրենք ոչ միայն «ձուլվել» ու «հայացել են»` սեփականացնելով մեր երկրի ավանդույթները, լեզուն, այլև անձնագրերում են փոխել իրենց ազգությունն ու անունը: Հայաստանի տարածքում ազգամիջյան հարաբերությունները, ըստ պարոն Ասցատրյանի, միշտ էլ բարյացակամ են եղել, նրանց միջև երբևէ բախումներ չեն արձանագրվել, հայերը հանդուրժող վերաբերմունք են ունեցել իրենց երկրում ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների նկատմամբ: Նման վերաբերմունքը շարունակվել է նաև խորհրդային տարիներին: Նույնիսկ տեղի իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների նկատմամբ դուրսմղման քաղաքականություն երբևէ չի իրականացվել: «Ազգային փոքրամասնությանը պատկանող անձանց իրավունքների ոտնահարման առանձին դեպքերը պայմանավորված են ոչ թե ազգային պատկանելությամբ, այլ կենցաղային հանգամանքներով, որն անխուսափելի է նաև ՀՀ բոլոր բնակիչների համար»,- պարզաբանեց Վ. Ասցատրյանը: Վերջինիս հավաստմամբ, գոյություն չունի նաև հասարակության մեջ ազգային փոքրամասնությունների ինտեգրման խնդիր, քանզի նրանց երեխաները հաճախում են հայկական դպրոցներ և տիրապետում հայերենին, մինչդեռ քիչ չեն փաստերը, երբ ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ հայերենի չիմացության պատճառով չեն կարողանում ընդունվել ցանկացած բուհ կամ աշխատանքի տեղավորվել: Իսկ սա արդեն ինտեգրման խնդիր է:
Ի դեպ, ըստ ազգագրագետների և քաղաքագետների, Հայաստանում կան չգրանցված ազգություններ` աբխազներ, բուլղարներ, որոնց թիվը թեև հասնում է մի քանի հարյուրի, սակայն, որպես հասարակական կազմակերպություններ, գրանցված չեն: Իսկ լեհերը, գերմանացիները կամ հրեաները, որոնք թվով ավելի քիչ են, ներկայացված են որպես գրանցված համայնք և ազգային փոքրամասնություն: Պատճառը, ըստ Վ. Ասցատրյանի, «ինքնակազմակերպվելու կարողություն ունենալն է, ինչը ոչ բոլորն ունեն», այդ իսկ պատճառով որոշ ազգություններ թեև թվով փոքր չեն, սակայն գրանցված չեն որպես համայնք: Հետաքրքիրն այն է, որ վերը նշված աղբյուրներից տեղեկանում ենք նաև, որ թե՛ բուլղարները, թե՛ աբխազները ոչ միայն կազմակերպված ժողովուրդ են, այլև գործում են միասնաբար և համագործակցում միմյանց հետ, հետևում իրենց ավանդույթներին, պահպանում լեզուն ու մշակույթը: ՀՀ կառավարության համապատասխան կայքում կարդում ենք, որ եթե այսօր Հայաստանի ազգային փոքրամասնությունների մի մասը չունի իրենց համայնքներում մայրենի լեզվով դպրոցներ բացելու կամ լուրջ մշակութային միջոցառումներ իրականացնելու հնարավորություն, դա ոչ թե պետության կամ բնիկ բնակչության կողմից կիրառվող խտրականության ու ստեղծված խոչընդոտների արդյունք է, այլ պետության հնարավորությունների կտրուկ կրճատման և հասարակության մեծ մասի սոցիալ-տնտեսական անբարենպաստ վիճակի հետևանք: Դրա վկայությունն այն է, որ երկրի հայազգի բնակչության ճնշող մեծամասնությունը ևս այսօր գտնվում է աղքատության մեջ` զրկված լինելով որակյալ կրթություն ստանալու, բավարար չափով հոգևոր մշակութային արժեքների հետ հաղորդակցվելու, որակյալ առողջապահական սպասարկում ստանալու հնարավորությունից:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ