ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՂ ԿԵՍԸ

ՄԱՐԴԻԿ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏՐՎԱԾ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՂ ԿԵՍԸ
31.05.2011 | 00:00

Հաճախ կարելի է լսել «գլուխս ցավում է» արտահայտությունը: Այս խնդիրը չի շրջանցում ոչ ոքի: Գլխացավերը լինում են ժամանակ առ ժամանակ, երբեմն էլ քրոնիկ ու տանջող բնույթ են ունենում: Որպես կանոն, մարդիկ ցավը մեղմելու համար օգտագործում են տարբեր ցավազրկող դեղամիջոցներ` անալգին, տեմպալգին, սպազմալգոն, ասկոֆեն և այլն: «Ցավազրկող միջոցները չեն կարող օրգանիզմը ներդաշնակ վիճակի բերել, կազդուրել: Դրանք չեն վերացնում գլխացավի բուն պատճառը, մանավանդ որ շատ դեպքերում պատճառները մի քանիսն են»,- ասում է ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ և հավելում, որ գլխացավը նաև ինքնապաշտպանության ձև է, օրգանիզմն ահազանգում է, որ ինչ-որ մի բան այն չէ:
Ներկայացնում ենք Գագիկ Կարապետյանի պարզաբանումները թեմայի շուրջ:
«Հիմնականում գլխացավերը կապված են մարդու օրգան-համակարգի գործունեության խանգարման հետ,- ասում է ակադեմիկոսը։- Հարկ է հայտնաբերել ու բուժել հիմնական հիվանդությունը: Գիտնականների կարծիքով` գլխացավերի հիմնական պատճառը նյութափոխանակության խանգարման հետևանքով որոշակի նյութերի կուտակումն է արյան մեջ: Պրոֆեսոր Գարի ՈՒիլյամսը (ապրել է 114 տարի) համոզված էր, որ գլխացավերը հիմնականում կապված են աղիքային տրակտի ոչ լիարժեք գործունեության հետ, դրա համար էլ գլխացավերը հաճախ ուղեկցվում են փորկապությամբ:
Եթե ցավում է գլխի մեկ հատվածը, կա պուլսացիա, ցավն ուժեղանում է ցանկացած շարժումից, խոսելուց, ուժեղ լույսից, հավանաբար, միգրեն է: Եթե ցավն ի հայտ է գալիս առավոտյան, ունի ճնշող և սեղմող բնույթ, հարկ է չափել ճնշումը, քանի որ դա նման է հիպոտոնիայի: Եթե ցավն առաջանում է համակարգչի մոտ երկար նստելուց, ընթերցանությունից, ուրեմն, պայքարեք աչքերի հոգնածության դեմ: Եթե ցավը սեղմող բնույթ ունի և հայտնվում է աշխատանքային օրվա միջնամասում կամ վերջում, ուրեմն, լարել եք պարանոցի մկանները կամ ունեք պարանոցային օստեոխոնդրոզ:
Գլխացավը կարող է լինել նաև ուռուցքի հետևանք: Այդ դեպքում ցավերը հիմնականում լինում են առավոտյան և ուղեկցվում սրտխառնոցով: Հիվանդի վիճակը գնալով վատանում է, կարող են լինել քաշի կտրուկ իջեցում և ցնցումներ:
Կտրուկ սկսվող գլխացավը, որն ուղեկցվում է տեսողության խանգարմամբ, խոսքի վատացմամբ, կոորդինացիայի կորստով, սրտխառնոցով, կարող է լինել գլխի ծանր վնասվածքի հետևանք:
Գլխացավի հետևանք կարող են լինել նաև սուր ինֆեկցիոն հիվանդությունները, իմունային համակարգի թուլացումը, դեղամիջոցների անհետևողական ու անտեղի ընդունումը, սթրեսները, դեպրեսիան, հարթաթաթությունը, ողնաշարային տարբեր խնդիրները, հատկապես պարանոցի շրջանում: Կարելի է մեջքի վրա պառկած դրությունից աջ և ձախ կողմից սեղմել ականջների հետևում տեղակայված կետերը, խոր շնչել և պահել երեք րոպե: Ապա աչքերը փակել և մոտ հինգ րոպե հանգիստ պառկել:
Կան գլխացավերի դեմ պայքարի ավանդական միջոցներ: Զարմանալի գուցե թվա, բայց, եթե խմեք մի բաժակ տաք ջուր, քսան րոպե հետո կարող է անցնել գլխացավը, քանի որ այն երբեմն ջրային բալանսի խախտումից է առաջանում: Երկու պճեղ սխտորը նույնպես կարող է օգտակար լինել: Օգտակար միջոց է նաև սամիթի յուղով ճակատի քունքային հատվածը մերսելը: Կարելի է խմել նոր քամած կարտոֆիլի հյութ (ուտելուց կես ժամ առաջ` երկու մեծ ճաշի գդալ, մոտ երկու- երեք շաբաթ): Մեկ ճաշի գդալ աղացած եզան լեզուն տաք ջրով թրմում եք 15 րոպե, թուրմը փոքր կումերով խմում երկու օրը մեկ: Բազուկի հյութը բամբակի տամպոններով դնում են ականջներին: Կարելի է նաև սոխը մեջտեղից կտրել, 15 րոպե դնել քունքերին ու կապել: Խորհուրդ է տրվում նաև գլուխը դնել պատուհանի ապակու վրա ու հետո ընդունել հանգիստ դիրք: Շատ է օգնում Խե- գու կետերի մերսումը, որոնք գտնվում են բթամատի և ցուցամատի հատման փոսիկում: Այդ կետը ցավազրկում է օրգանիզմը, երկու րոպե ժամացույցի սլաքի ուղղությամբ այն մերսելուց հետո անցնում է գլխացավը: Ոտքի բութ մատի մերսումը նույնպես կարող է անցկացնել գլխացավը:
Գլխացավերի համար դիմում են նևրոպաթոլոգին, սակայն դժվար թե նա կարողանա բացահայտել գլխացավի բուն պատճառը: Ոչ ավանդական բժշկությունն առաջարկում է ասեղնաբուժություն, որը, ըստ գիտական ուսումնասիրությունների, ավելի արդյունավետ է (բուժվում է հիվանդների 43 տոկոսը), քան դեղորայքային բուժումը (բուժվում է հիվանդների 16 տոկոսը):
Առհասարակ, անհրաժեշտ է կոփել մարմինը, երկու օրը մեկ սառը ցնցուղ ընդունել, հաճախ քայլել, կարելի է գոնե մեկ-երկու րոպե կանգնել ձյան վրա: Պետք է խուսափել ալկոհոլից, ծխելուց, դրանք թունավոր նյութեր են պարունակում, որոնք թափանցում են գլխուղեղ: Երբեմն թյուրիմացաբար ասում են, որ ալկոհոլը կամ ծխախոտը դադարեցնում են գլխացավը, բայց դրանք թմրեցնող և ժամանակավոր ազդեցություն ունեն: Ցանկալի է շաբաթը մեկ ոչինչ չուտել (18-20 ժամ), շաբաթվա ընթացքում գոնե 12 ժամ բնության գրկում լինել: Շատ կարևոր են շնչառական վարժությունները, որովհետև մեծ մասամբ գլխացավերը լինում են թթվածնի վատ մատակարարումից դեպի գլխուղեղ: Չինական բժշկությունն ասում է` սիրիր բնությունը, եթե ուզում ես կայուն հոգեվիճակ ունենալ, պատվիրում է օգնել մարդկանց, հիվանդներին, աղքատներին և դա անել ի սրտե: Այսինքն` բարի լինել: Կարևոր նախապայման է նաև ժպիտը: Հոնքերի մեջտեղի կետը համարվում է «երրորդ աչք», այն չպետք է կնճռոտվի: Որքան էլ զարմանալի է, դրա համար պետք է հաճախ ժպտալ: Դեպրեսիաներն արյան մեջ ադրենալին են արտադրում և վատացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը:
Հայերը, որպես տխուր ժողովուրդ, քայլում են փողոցներում մտազբաղ, կնճռոտված դեմքով: Արտասահմանում, տեսնելով համատարած ժպտացող դեմքեր, զարմանում են, այնինչ իրենց հոգեբաններն են խորհուրդ տալիս` հաճախ ժպտալ, կենսախինդ լինել: Երբեմն մարդն անտանելի գլխացավ է ունենում, բայց հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ մի խնդիր չունի: Մարդը բարդ էներգետիկ կառույց է: Պատահական չէ, որ երբ ցավում է գլուխը, էներգետիկ բժշկության մեջ ասում են` աուրան խախտված է: Պետք է հաղթահարել վախը, հպարտությունը, չարությունը, նախանձը, խանդը, լարվածությունը:
Ժամանակակից տեխնիկան` համակարգիչը, բջջային հեռախոսները, նույնպես բացասաբար է ազդում օրգանիզմի վրա` առաջացնելով գլխացավեր: Բջջային հեռախոսը պետք է կաշվե տուփի մեջ դրվի, չի կարելի դնել բարձի տակ, պահել սրտի մոտ: Հիմա մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առաջ: Շարժումների սահմանափակումը (հիպոդինամիա) դարձել է մարդկանց հիվանդությունների հիմնական պատճառներից մեկը: Մեզ մոտ ընդունված է գլխացավի դեպքում սուրճ խմել: Ասեմ, որ սուրճը չի օգնում գլխացավի ժամանակ, պարզապես ներշնչում ես ինքդ քեզ, և թվում է` օգնում է: Ինչպես գուշակը մի բան է ասում, այնքան ես մտածում և տրամադրվում, որ, ի վերջո, իրականություն է դառնում:
Մարդկանց տրված է 150-180 տարի` ապրելու համար, սակայն իրենց սխալների պատճառով ապրում են ուղիղ դրա կեսը»:
Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 10170

Մեկնաբանություններ