Շատ անսպասելի ու անհիմն է այն հրճվանքը, որ պոռթկաց մեր լրատվամիջոցներում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը տեղեկացնելուց հետո, հատկապես զարմանալի ոգևորության հասնելով այն լուսանկարի մեկնաբանություններում, որում մեր հայրենակիցը երկու ազրի մեջտեղում էր, թևերը ոլորած:
Ո՞ր մեկիդ է անձամբ որևէ դառնություն պատճառել Ռուբեն Վարդանյանը:
Ինչու՞ եք հրճվում: Եթե ձեր շատ սիրելի լոզունգային բառի՝ դավաճանության հետ որևէ կապ ունենար այդ մեծահարուստը, այսօր առայժմ Արցախում ի՞նչ գործ ուներ:
Մինչև վերջ նա մնաց իր ժողովրդի հետ, կիսեց նրա ողջ դժվարություններն ու տագնապները, փորձեց օգնել նրան:
Նրա ձերբակալմամբ հրճվողներից շատ շատերը ոչ այդ մարդու ինտելեկտուալ մակարդակին են գոնե մոտենում, ոչ նրա հայրենասիրությանը:
Նա տքնեց օգնելու անտեր արցախցիներին, ելք փնտրեց ճգնաժամը հաղթահարելու, այլ բան է, որ իրականությունն ու պայմանները դեմ գտնվեցին թե արցախցուն, թե Ռուբեն Վարդանյանին:
Կարծում եք նրա տրամաչափի անհատը չէ՞ր կարող ուրիշների նման այսօր ճողոպրել վտանգից, նրա դեմքին վախ կամ անզորությու՞ն տեսաք:
Ես միայն համառ հայի տեսա, և շատ, շատ, շատ ափսոսացի փաստով, որով այդքան հրճվում եք...
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ