Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-9

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-9
23.09.2023 | 15:01

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով

(սկիզբը` այստեղ)

Եթե ոմանք կարծում են, թե Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին՝ Նիկոլը, Ալիևի և Էրդողանի հետ միասին, բավարարվելու է նրանով, ինչ կատարվեց Արցախի հետ, չարաչար սխալվում են:

Նիկոլը դեռ չի ավարտել իր և իր հետևում կանգնած արևմտյան և թուրքական ուժերի հայակործան ծրագիրը, և, եթե նրա ու նրա ոհմակի դեմը չառնենք, ի վերջո, Հայաստանն ու հայերիս է սկուտեղի վրա մատուցելու արտաքին թշնամուն: Եվ որպեսզի դա տեղի ունենա, փորձում ու փորձելու են իրականություն դարձնել ճանապարհային քարտեզի հերթական կետերը.

  1. Հասնել նրան, որ Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս գա:
  2. Հայաստանը հանել ՀԱՊԿ- ից:
  3. Հայաստանը հանել ԵԱՏՄ- ից:
  4. Չեղարկել Ռուսաստանի հետ ռազմական փոխօգնության, համագործակցության բոլոր միջպետական պայմանագրերը, հասնել նրան, որ Հայաստանից ռուսական 102- րդ ռազմաբազան դուրս գա:

Երբ Հայաստանը կհանվի ՀԱՊԿ-ից, 102-րդ ռազմաբազան էլ՝ Հայաստանից, և այսպիսով Ադրբեջանի և Թուրքիայի համար կստեղծվեն համապատասխան պայմաններ, Ադրբեջանը չի սահմանափակվի սոսկ նրանով, ինչին արդեն ձեռնամուխ է եղել Արցախում՝ արցախահայության կոտորածով, էթնիկ զտումներով, ըստ էության, ցեղասպանությամբ, այս առումով հերթը կհասնի Հայաստանին:

Նիկոլի ղեկավարած Հայաստանի և Սուրենի ղեկավարած ՊՆ-ի պարագայում Թուրքիայի անմիջական մասնակցության կարիքը գուցե չլինի էլ, ընդամենը բավարարվեն Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելով:

Եթե ոմանք չեն հավատում, որ ներքին և արտաքին թշնամիները վերոնշյալ ծրագիրն ունեն և հնարավոր ամեն կերպ փորձելու են այն իրականացնել, թող կարդան տարածաշրջանային և համաշխարհային կարևորագույն իրադարձություններին նախորդող մեր վերլուծական հրապարակումներում արտահայտված կանխատեսումները, որոնք բոլորն իրականություն են դարձել, դրանցից վերջինը, ամենաթարմը՝ հրապարակված Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից 1 օր առաջ, կարդացեք այստեղ:

Չե՞ն հավատում, որ ներքին և արտաքին թշնամիները չեն բավարարվելու սոսկ Արցախով, թող իմանան, որ Ադրբեջանի խորհրդարանում սեպտեմբերի 25-ին լսումներ են նախատեսված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. իրավական ասպեկտներ» թեմայով։ Ովքեր չգիտեն կամ մոռացել են, համապատասխանաբար տեղեկացնենք և հիշեցնենք՝ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» ասելով, նկատի ունեն Սյունիքի մարզը և Վայոց ձորի մարզի մի մասը։

Ինչպես հայտնում է APA-ն, միջոցառումը կներառի կարծիքների փոխանակում ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների զանգվածային տեղահանության և պապենական հողեր վերադարձի հարցերի շուրջ, Արևմտյան Ադրբեջան վերադառնալու իրավական ասպեկտները, հայերի կողմից կատարված հանցագործությունների իրավական գնահատականը և այլ հարցեր։ Բաքուն այսպիսով իր օրակարգում ունի «նոր» նպատակ՝ Սյունիքի գրավումը։ «Նոր» բառը չակերտավորում ենք, որովհետև նշված նպատակն Ադրբեջանում ավելի վաղ էլ է արտահայտվել:

Չե՞ն հավատում, որ Արցախին տիրելը թշնամու սոսկ առաջին քայլն էր, թող կարդան ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեի զգուշացումը՝ Ադրբեջանը չի սահմանափակվի Արցախում հայերի կոտորածով: Սենատորը հիշեցրել է, որ «Հայաստանն իր տարածքում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի աջակցությամբ»։

Չե՞ն հավատում, թող կարդան նաև երեկ X միկրոբլոգում ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆի զգուշացումը՝ «Հայաստանի անկախությունն այժմ լուրջ սպառնալիքի տակ է Ադրբեջանի դաժան բռնապետության կողմից»։

Իհարկե, Բուայեի և Շիֆի զգուշացումներն ընդամենը զգուշացումներ են, քանի որ մենք վերոնշյալ վտանգը չեզոքացնելու առումով թե՛ Ֆրանսիայից, թե՛ ԱՄՆ- ից առարկայական կամ իրական որևէ օգնություն չունենք (Արցախի մասով էլ միայն դատարկ կոչեր, հորդորներ, անատամ պահանջներ են), ընդ որում, ֆրանսիացի և ամերիկացի պաշտոնյաների զգուշացումներն էլ սոսկ նրա համար են, որ վաղը չասենք՝ չզգուշացրեցին և…

Ի վերջո, եթե ոմանք չեն հավատում, որ Արցախն արտաքին թշնամուն նվիրաբերելուց ու կործանելուց հետո հերթը Հայաստանին է հասնելու, թող չհավատան: Վաղը դառնակեզ ողբալու և ուշացած զղջալու են: Թե՛ 44-օրյա պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո երբ գրում, ասում էինք, որ Նիկոլին իշխանության են բերել և Նիկոլն իշխսնության է եկել Արցախն Ադրբեջանին հանձնելու համար, էլի չէին հավատում:

Ճանապարհային քարտեզի առաջին կետի իրականացման, այսինքն՝ Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրս գալուն հասնելու համար, ներքին թիվ 1 թշնամու զինակիցներից Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը (հայտնի է նաև Արաբատ Միրզոև և գործակալ Օմեգա անուններով) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երեկ կոչ է արել «Հնարավորություն ստեղծել, որպեսզի ՄԱԿ–ի մանդատով խաղաղապահ ուժ լինի Լեռնային Ղարաբաղում՝ պահպանելու ԼՂ–ում անվտանգությունն ու խաղաղությունը»:

Կասկածից դուրս է, որ Արցախում ՄԱԿ- ի խաղաղապահների հայտնվելու դեպքում ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս կգա այնտեղից, հետո ներքին և արտաքին թշնամիների կողմից կսկսվի ռուսական խաղաղապահների, Ռուսաստանի և նրա ղեկավարության առավել զանգվածային, հաճախակի և ագրեսիվ վարկաբեկումը:

Հանուն ճշմարտության, պետք է ասել, որ Ռուսաստանն էլ շատ լուրջ մտածելու և գործելու բան ունի. այն, ինչ արվեց, միայն Արցախի և Հայաստանի դեմ չարվեց, նաև իր՝ Ռուսաստանի դեմ արվեց, Արցախի կորստից, իսկ հետո Հայաստանը կորցնելուց հետո պանթուրքական ծրագիրը հաջողությամբ իրականացվելու է և կործանման հերթը հասնելու է իրեն:

Արցախից ՌԴ խաղաղապահների հեռանալու հնարավոր մյուս պատճառին ու դրանից հետո իրադարձությունների զարգացմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ