38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ոչ ապրելն է ապրելու նման, ոչ հույսը՝ հույսի, ոչ մարդը՝ մարդու

Ոչ ապրելն է ապրելու նման, ոչ հույսը՝ հույսի, ոչ մարդը՝ մարդու
11.01.2023 | 07:28

Երանի նրան, ով կարողանում է մեկ վայրկյան մոռանալ գլխներիս պատուհասած աղետն ու աչքը բացելուն պես՝ առաջինը դա չի հիշում: Ոչ ապրելն է ապրելու նման, ոչ հույսը՝ հույսի, ոչ մարդը՝ մարդու: Ասես էլեկտրահարված լինենք ազգովի, սևացած, մոխրացած դիակների կույտի փոխված, ու մոխիրներից հառնումն էլ չի երևում: Մեռած՝ չթաղած այս վիճակը շատ երկարեց, գիտենք, որ մահացու է, բայց չենք էլ կարողանում դուրս գալ լեթարգիական մրափից: Շարունակում ենք բեմադրել ապրելը, ասես թե՝ նախկինի պես ապրում ենք: Սա բոլորիս հիվանդացնում ու շարունակում է հիվանդացնել. ո՞րն է դեղամիջոցը՝ վիճակից դուրս գալու: Էժանացել-մանրացել ենք, հիմա էլ, ազգային օրհասն ու հարցը մոռացած, խոսում ենք մի կիլո կարտոֆիլ հայթայթելու կամ կտրոնով բաշխելու մասին, հանգիստ քննարկում, թե որն է բարեբախտություն՝ երկիր ունենա՞լը, թե՝ չունենալը: Սա գետինը մտնելուն հավասար մի բան է: Ամեն բջիջ մեռել, միայն ցավի, իրար օգնելու անզորության նյարդն է արթուն:

Էս ինչ անառակ ցավ եկավ ու պատեց մեզ, ազգիս քաղաքական ու ռազմական այրերն արդյո՞ք այդքան անճար են, որ հնար չեն գտնում: Ճիշտն ասած, ես նրանց մասին ավելի լավ կարծիքի էի, ո՞նց կարող էին այսպես բոլորը միանգամից չոքել ու լռել, կամ միայն խոսել ու հայհոյել, ձանձրալիորեն կրկնել մեր իմացածները՝ իրականում ոչինչ չասելով: Ինչպես ասում են՝ около и вокруг… Ասածնե՞րն ինչ է՝ ոգևորված էլ կրկնում են. հետաքրքի՜ր զարգացումներ են սպասվում, մեծ պատերազմ է լինելու…. Ու բերանները բաց՝ սպասում այդ պատերազմին: Եվ ո՞րն է այդ հետաքրքիր զարգացումը՝ մեծ պատերա՞զմը: Ու շատերին էլ թվում է, թե այդ պատերազմը «նի պուխա, նի պերա» է լինելու, զինվորն էլ խուրջինից է վայր ընկել, գիշեր ու զօր փափագում է, թե երբ է զոհվելու... Իսկ գուցե պայքարի ձևը փոխեք, միաբանվեք, սթափվեք, չկենտրոնանաք ու չշեղվե՞ք էժան մտքերի վրա:

… Տասը օրով, կարելի է ասել, առաջին անգամ Հայաստան եկած պետերբուրգցի մեր տղային երբ ճանապարհում էինք, փորձելու համար հարցրի՝ ի՞նչ կմաղթեր մեզ բոլորիս, Հայաստանին: Իրերը դասավորում էր, գլուխը մի պահ բարձրացրեց, լրջացավ ու, առանց վարանելու, ասաց՝ հոգեկան հանգստություն: Կարևորեց հոգեկան հանգստությունը, բայց որտե՛ղ էր տեսել մեր անհանգիստ վիճակը, ձգտել էինք նրա օրը հնարավորինս լավ տպավորություններով լցնել:

Պարզվում է՝ ոչ միայն տեսել է, նաև, առանց մեր լեզուն իմանալու, հասկացել է, թե այդ տոնական օրերին, տարբեր տեղեր ու սեղանների շուրջ, տարաբնույթ մարդկանց ու հյուրերի հետ ինչի՛ մասին էինք անընդհատ խոսում ու վիճում, զայրանում, ըմբոստանում, աներևույթ թշնամու քիթն ու մռութը ջարդում… Մեր տղան լիովին եզրակացրել է, որ մենք ամենքս էլ հոգեկան խաղաղության կարիք ունենք, և շատ տխուր մտքերի մեջ՝ գնաց: Իրոք, առաջինը մեզ հենց դա է պետք. հոգեկան անհավասարակշիռ մարդը երբեք չի կարող ոչ պայքարել, ոչ կռվել, առավել ևս, ոչ էլ՝ հաղթել: Էլ ե՞րբ կտեսնենք նրան, գուցե՝ հինգ, տասը, քսան տարի հետո. ո՞ղջ կլինենք, թե մեռած… Քանի օր է՝ Ավետիս Ահարոնյանի խոսքն եմ նորից ու նորից հիշում. «Ազատությունը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ, նաև՝ մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երևանցի, և նրան՝ մեր փրկիչին, չհասկացանք, և ազատությունը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացավ»:

Սա ասում էր մի մարդ, ով հասկացել էր, որ, միջազգային աննպաստ իրադրությունից զատ, հայության ամենաառաջին թշնամին անմիաբանությունն է։ Գիտեմ, որ այս պահին ես էլ դարձա բոլորի պես մի սովորական, տրաֆարետ ու ձանձրալի խոսող մեկը, բայց գոնե իմ խոսելն արդարացնելի է. կանայք, ընդհանրապես, մի քիչ ձանձրալի են, երբ խոսում են, բայց երբեմն արժե նրանց էլ լսել, որ զանգ կախելիս՝ ձեռքներդ չդողա, պատվիրան խախտելիս էլ՝ փրկությունը երևա:

Սուսաննա Բաբաջանյան

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 15982

Մեկնաբանություններ