38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել. Վահե Հովհաննիսյան

Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել. Վահե Հովհաննիսյան
17.07.2022 | 11:44

Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։ Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։
Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը կանգնեցնելու։


Կարո՞ղ են «դժոխքից փրկվածները» և «դժոխքում հայտնվածները» միասին պետություն պահել ու զարգացնել։
Պատասխանը միանշանակ է. այո´, կարող են, և ոչ միայն կարող են, այլև՝ ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Այսօրվա հանրային դաշտում կան կրթված մարդիկ, ովքեր գիտեն, որ ազգերի կենսունակությունը ոչ այնքան ընդհանուր անցյալով է պայմանավորվում, որքան՝ ընդհանուր ապագայի հնարավորությամբ։


Մեզ պետք է ընդհանուր ապագա ունենալու կամքը։
Որևէ պարագայում չի կարելի երասխահունցուն կամ Նիկոլին ծափերով դիմավորող մյուս գյուղացիների երևույթին մակերեսորեն վերաբերվել։ Գուցե դա բեմադրված տեսարան է. հավանական է, որ ցանկացած իշխանության ղեկավարի նույն գյուղերում նույն մարդիկ նույն բանը կասեն։ Վաղը փոխվի իշխանություն՝ նույնը կադրերը հանգիստ կարելի է ստանալ։ Դա չէ էականը։


Պարզվում է՝ Երասխահունում չկա դպրոց, չկա մանկապարտեզ, չկա ջուր, չկա հոսանք։ Սա մեր իրավահասար քաղաքացու կենսամակարդակն է։ Երթերը գլխավորող շարքերում նման խնդիր գոյություն չունի։ Ահա այստեղ առաջանում է լուրջ խզվածություն, որը բերում է իրար չհասկանալուն, միասնական տագնապ և միասնական օրակարգ չունենալուն։
Նման փոքր երկրում ո՞նց էր հնարավոր այսքան սոցիալական բևեռացվածություն։ Խզվածությունն այնքան մեծ է, որ խոսքն արդեն ոչ թե զուտ սոցիալական բևեռացվածության, այլ՝ քաղաքակրթական բևեռացվածության մասին է։ Դպրոց, մանկապարտեզ, հոսանք և ջուր չունեցող ՀՀ քաղաքացին դժվար է հասկանալու 100 հազարանոց մեքենաներով հանրահավաքի եկող, երեխային 200 հազար դրամանոց մանկապարտեզ ու ԱՅԲ տանող խավին։
Ադրբեջանում էլ կա ծայրահեղ սոցիալական անարդարություն, բայց հաղթանակը միառժամանակ դրանք մեղմում է և ստեղծում ընդհանուր հաղթանակի մթնոլորտ։ Իսկ պարտությունը շատ նենգ բան է։ Ընդհանուր պարտության գիտակցության գալը շատ բարդ խնդիր է։ Դրա համար կոնսոլիդացնող ուժեղ լիդերներ կամ նոր թարմ հոսանքներ ենք պետք, որոնք իսկապես տեր կկանգնեն իրականությանը և ընդհանուր արդար պետության մթնոլորտ կստեղծեն։


Քանի դեռ սա չկա, մենք մեծ վտանգի տակ ենք. այս ամենը հարցականի տակ է դնում ոչ միայն պետության գոյության հեռանկարը, այլև՝ իմաստը։
Սա կարող է բերել նաև սոցիալական ագրեսիայի նոր, իսկապես արյունալի փուլին, և ռեսուրսների տիրապետող խավը, կարծում եմ, այս ռիսկը պետք է աչքաթող չանի։
Երասխահունը և Նիկոլին ծափահարող կողքի գյուղերի մեր քաղաքացիներն իրականում հուշում են լուծումները։


Ընդդիմադիր խմբակցությունները պետք է գնան նույն գյուղերը՝ Երասխահուն, Պտղունք, Արգինա, Հովտամեջ և այլն։ Գնան, հանգիստ խոսեն մեր հայրենակիցների հետ։ Տեսնեն իրական պատկերը, անկեղծորեն ցույց տան, որ հասկանում են նրանց սոցիալական խնդիրները, և որ նրանց օրակարգը ընդդիմադիր շարժման օրակարգի կարևոր մասն է։ Փորձեն բացատրել, որ մենք հիմա ոչ թե դժոխքից ենք դուրս եկել, այլ՝ ուղիղ գնում ենք դեպի դժոխք։ Բոլորով։
Մղձավանջի լուծման բանալին ոչ թե «Հայաստանն առանց թուրքի» վանկարկման մեջ է, այլ՝ «Հայաստանն առանց իրար ատող ու իրար չհասկացող հայերի», «առանց ներքին թշնամանքի ու գռեհիկ անարդարության» գաղափարների, ընդհանուր հայկական ապագայի տեսլականի մեջ։


Խնդրի լուծումը, պայմանական ասած, Երասխահունում է. գնալ, խոսել, լսել իրար, ունենալ ընդհանուր օրակարգեր։
Հայաստանի նոր լիդերությունը հայ ժողովրդին պետք է ներկայացնի համատեղ ապագայի պրոյեկտ։
Հայաստանի հիմնական վտանգը սահմանից այն կողմում չէ, այս կողմում է։ Մեր ազգը կազմաքանդված է այն աստիճանի, որ կորել է միասնական ապագայի գաղափարը։ Իսկ ազգերը կենսունակ են ապագայով։


Թե վճռորոշ դառնա գիտակցումը, որ պատմական աղետից ու ստեղծված ծայրահեղ վտանգավոր վիճակից ելքը միայն ու միայն նոր համատեղ ապագայի պրոյեկտն է՝ գրագիտության, արժանապատվության ու պրագմատիզմի վրա, ստեղծվեն աշխատանքի անհրաժեշտ միավորներ և ռեսուրսներ, վեց ամիս հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ կլինի։ Եթե սա չի արվում, ապա լինելու է Նիկոլ՝ ինքն իր համար, Հայաստան՝ փլուզման իր ինքնահոսով, և առավելապես իրավապաշտպան միավորի վերածվող ընդդիմադիր համակարգ։ Հայաստանն ունի մեծ վտանգ և միաժամանակ՝ մեծ պոտենցիալ, հեռանկար։ Մենք կամ կսպասարկենք այդ վտանգը կամ կիրացնենք պոտենցիալը։ Ընտրությունը կախված է այն բանից, թե որին ունակ կլինենք մենք։

Դիտվել է՝ 15654

Մեկնաբանություններ