Սեդա տատիս դրած կաղամբի կարմիր թթվի հոտն ուներ 1990-ականների ցուրտն ու մութը: Մինչև ավտոտնակից տուն կհասցներ համընդհանուր դժգույնի մեջ պսպղացող կարմիր թթուն՝ ափսեն կես էր ընկնում: Հարևանին, կարիքավորին բաժին էր հանում լուռ, գլուխը կախ, հաճախ՝ մեզանից թաքուն:
«Չունեն, ի՞նչ անեմ,- արդարանում էր,- Հա, մեր ունեցածն էլ շատ չի, բայց հո սովից մեռնելու՞ չենք»: Իսկ ո՞վ ուներ… Միակ բանը, որ բոլորն ունեին, նավթով լցված լամպն էր ու հաճախ հանգած, առանց փայտի մնացած վառարանը: Ձմռանը նրա ջերմությունը չէ, որ տաքացնում էր շուրջը խմբվածներին, այլ սերն ու մարդկանց ջերմությունը, միմյանց դարդուցավով ապրելու ու հոգսը կիսելու ծանր, բայց հաճելի պարտականությունը: Ինչքան անդորր կար իմ մանկության անգույն լույսերի մեջ, ինչքան քնքշանք ու բարություն: Ահել-ջահել, կին ու տղամարդ հասնում, օգնում էին իրար: Մեր հարևան ռուս «բաբուշկա» Վալյայի ձմռան փայտը մենք՝ թաղի երեխաներս էինք հավաքում: Մեկս մի ցախ, մեկս փայտի կտոր, մեկս ծառի չորացած ճյուղ էինք կտրում ու ուրախացնում երկու վերարկուով ձմեռ անցկացնող «բաբուշկային»: Երեկոյան լամպը ձեռքներին, երրորդ հարկից մեր տուն էին իջնում Մարուս տատն ու Զավեն պապը, հայրս ձայնում էր առաջին հարկի հարևան Դավոյին: Տղամարդիկ թղթախաղն էին սկսում, կանայք՝ մտածում՝ ով ինչ ունի տան անկյուններում պահած: Տիկին Լիլոն (Դավոյի կինը) սմբուկի խավիարը կբերեր, Մարուս տատը խաշած կարտոֆիլը՝ համեմված գլուխ սոխի կլոր-կլոր շերտերով, Անետիկը՝ մածունն ու պանիրը, տատս իր անմահական թթուն կհաներ, ու մայրս կանցներ սեղան գցելուն: «Դե բեր, բեր»,- կասեր Դավոն: «Չկա, վերջինը երեկ տվեցի»,- վրա կբերեր տատս: «Բեր, այ մեր»,- հորս համոզիչ խոսքից հետո Սեդա Պավլովնան կհաներ հերթական «վերջին» կես լիտր օղին: Մենք՝ ես, եղբայրներս, Վիկան, Վրեժը, Արմենը ծովամարտ կամ մրոցի կխաղայինք, մինչև հայրս կհրահանգեր վառարանը թեժացնել ու կարտոֆիլի շերտեր պատրաստել:
Թե ինչպես կարելի էր կիսավառ մի լամպի ներքո այդքան լույս ու սեր գտնել, մինչև այժմ էլ չեմ հասկանում: Չգիտեմ նաև՝ ինչպե՞ս կարելի էր կիսել չունեցածն ու ջերմանալ վաղուց հանգած վառարանով: Գուցե այն պատճառով, որ այն ժամանակ մեզ բոլորիս արհեստականորեն սևերի ու սպիտակների չէին բաժանել, քաղաքական հայացքների պատճառով միմյանցից զզվելու մոլուցք չէին ներարկել մեր մեջ, ինտերնետ չկար, հեռուստաընկերություններն էլ աղբ չէին հրամցնում: Ամենակարևորը՝ Facebook չկար, ու մարդիկ տարբեր տեսակետներ ու հայացքներ ունենալու պատճառով իրարից չէին նեղանում:
Համատարած ատելությունն ու անհանդուրժողականությունը դամոկլյան սրի նման այժմ կախված են մեզնից յուրաքանչյուրի գլխավերևում: Սոցիալական ցանցերում միմյանց վիրավորող, անպատվող գրառում-մեկնաբանություններն արդեն փողոց են տեղափոխում: Անգամ մտերիմ ընկերները, որ 90-ականներին նույն մոմի լույսի տակ են մեծացել ու դաս սովորել, այժմ մի «քոմենթի» պատճառով իրար հետ հաշիվ են մաքրում: Չգիտեմ՝ ով և ինչպես, բայց օր առաջ պետք է բուժել ու առողջացնել անեծքի վերածված ատելության այս մթնոլորտը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ