Ս. թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը:
Տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի, ՀՀ Ազգային Ժողովի, սահմանադրական դատարանի և երկրի նախագահի կարծիքները, իրեն իրավունք է վերապահել ստորագրել փաստաթուղթ Արցախի վերաբերյալ՝ չունենալով Արցախի կողմից իրեն տրված մանդատ: Տևական ժամանակ ԶԼՄ-ներով ապատեղեկատվություն է տարածվել ճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչի արդյունքում հանրության և պետական ինստիտուտների թիկունքում տեղի է ունեցել սույն փաստաթղթի ստորագրումը:
Բարձր գնահատելով պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ շահագրգռությունը և ողջունելով նրա խաղարարար ուժերի մուտքը Արցախի Հանրապետություն, միաժամանակ շեշտում ենք, որ տվյալ համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ ոչ հայանպաստ դրույթներ, որոնք, նախքան կիրարկումը, կարիք ունեն պարզաբանման և փոխզիջումային համաձայնեցման:
Մասնավորապես.
1. հստակեցված չեն Արցախի Հանրապետության սահմանները և կարգավիճակը:
2. Ստեղծվել են ոչ հավասար պայմաններ Արցախի հայ փախստականների և Ադրբեջանի փախստականների համար: Օրինակ՝ նախատեսվում է Քելբաջարում բնակեցնել Ադրբեջանցի փախստականների, այն դեպքում, երբ այնտեղ արդեն բնակվում են Շահումյանի շրջանից 90-ականներին գաղթած հայ փախստականներ:
3. Հստակեցված չեն 2020 թ. պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայ փախստականների իրենց բնակության վայրեր վերադարձի հնարավորությունը և ժամկետները:
4. Արձանագրելով այն փաստը, որ պատերազմող կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջան-Թուրքիա-ջիհադիստներ ալյանսը, իսկ Հայաստանը չի հանդիսանում պատերազմող կողմ, ապա նրան վերաբերող ցանկացած որոշում՝ մասնավորապես Մեղրիի միջանցքի մասին որոշումը, բացարձակ անընդունելի է:
5. Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու համար ստեղծված Մինսկի խումբը պետք է խստագույնս դատապարտի Թուրքիայի պահվածքը և Եվրամիության ու ՄԱԿ-ի առաջ բարձրացնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ ԼՂՀ հանդեպ պատերազմ սանձազերծելու, Ադրբեջանի ռազմական գործողությունները նախագծելու և ղեկավարելու, նրան նորագույն ռազմական տեխնիկա տրամադրելու ու շահագործումը իրականացնելու, տեռորիստներ ընդգրկելու համար:
6. Ելնելով՝ հանրապետությունում ստեղծված ներքաղաքական և արտաքին քաղաքական, ինչպես նաև հասարակության լայն, բարոյա-հոգեբանական ծանր ու լարված իրավիճակից, որի մեղքի մեծ բաժինն ընկնում է ներկա վարչակարգի վրա, ներքոստորոգրյալ կազմակերպությունները պահանջում են շտապ կերպով անցկացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ։ Ներքոստորագրյալ կազմակերպությունները պահանջում են վարչապետի հրաժարականը։ Դա են պահանջում հանրապետության պետական և ազգային շահերը։
7. Բացի այդ այդ կազմակերպությունները պահանջում են քրեական գործընթաց սկսել իրենց պարտականությունները չկատարելու մեջ կասկածվող պաշտոնատար անձանց նկատմամբ՝ անկախ նրանց զբաղեցրած դիրքից ու պաշտոնից։ Հայրենիքի դավաճանները, եթե այդպիսիք կան, պետք է կրեն արժանի պատիժ։
8.Թուրքիային պետք է պարտադրվի մուծելու խոշոր չափերի տուգանք՝ նպատակաուղղելով այն Արցախում զոհերի ընտանիքների խնդիրները հոգալու, ավերածությունները վերացնելու համար:
9. Առանց վերը նշված դրույթների հստակեցման, անթույլատրելի է ադրբեջանցիների վերաբնակեցումը Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:
10. Ամենայն խորությամբ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգները, համարում ենք, որ վերը շարադրված կետերի իրականացումը անհրաժեշտ է, որ դառնա քաղաքական օրակարգ, որի լուծմանը միտված կլինեն հանրության և պետության բոլոր ինստիտուտները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ողջ ներուժը և արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցերին քաջածանոթ երկրների դիվանագիտական կառույցները:
11. Արցախի և ՀՀ իշխանությունները պարտավոր են վերը նշված հարցերում դրսևորել անսասան կամք ու ջանք՝ ծանր իրավիճակը հայանպաստ ելքի բերելու համար:
1. Հայաստանի մտավորականների ֆորում, ֆորումի ավագանի
2. «Քաղացիական խորհուրդ» միավորում
3. «Հայրենիք ու Պատիվ» կուսակցություն
4. «Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն
5. «Հայք» - հայկազուններ կուսակցություն
6. «Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
7. Համայքների ռազմավարական ծրագրերի կենտրոն
8. Համահայկական հիմնախնդիրների գիտավերլուծական կենտրոն
9. «Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպություն
10. «Զարթոնք ակումբ» հասարակական կազմակերպություն