Հայ ժողովրդի իշխանությունը բռնությամբ, կեղծիքով ու խաբեությամբ յուրացրած հանցավոր վարչախումբը, բախվելով դիմադրության նորանոր օջախների առաջացման և դրանցում երկրի տեր քաղաքացիների ծննդի, հասունացման ու համախմբման բնականոն և անկասելի գործընթացին, խուճապի է մատնվել:
Այդ խուճապը նրան հերթական անգամ դրդում է բացահայտ ու ցինիկ կերպով անտեսել Սահմանադրության, միջազգային իրավունքի և ազգային օրենքների պահանջներն ու հանդես գալ իր իրական դեմքով և գործել «թնդանոթները թագավորի վերջին փաստարկն են» սկզբունքով:
Այս անգամ խուճապի պատճառը աննախադեպ թափ, ծավալ ու կազմակերպվածություն դրսևորած «Դեմ եմ» նախաձեռնության գրագետ, ակտիվ և մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ տոգորված գործողություններն են:
Վարչախմբի անունից «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին բնական իրավունքից բխող սահմանադրական և միջազգային-իրավական հանրաճանաչ նորմերով երաշխավորված քաղաքացիական անհնազանդության գործողությունների համար քրեական ու վարչական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ դատախազությունը:
Խորհրդային ամբողջատիրական պատժիչ համակարգի հոգեզավակներից բաղկացած ՀՀ դատախազության կազմը սովորության համաձայն գործում է ըստ վարչախմբի պարագլխի հրահանգների և ի վիճակի չէ տեսնելու իրավիճակի արմատական ու անդառնալի փոփոխությունների ընթացքը և դրա հետևանքները:
Նրանք ի վիճակի չեն հասկանալու, որ մինչ օրս ցանկալի արդյունք ապահոված սպառնալիքի ու բռնության լեզուն «Դեմ եմ» նախաձեռնության ու հետզհետե ծավալվող դիմադրության այլ օջախներում ծնվող իրավատեր քաղաքացիների պարագայում արդյունավետ չէ:
Նախախորհրդարանը հավաստիացնում է, որ ամեն կերպ աջակցելու է «Դեմ եմ» նախաձեռնությանը և բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ է անում միանալ նրա նախաձեռնած դիմադրությանն ու պայքարել այնքան ժամանակ, մինչև վարչախումբը ստիպված կլինի ընկրկել քաղաքացու առաջ և ընդունել իր պարտությունը:
12.04.2014 թ.