Նախախորհրդարանը ՄԱԿ-ում Ղրիմի հարցով Հայաստանի քվեարկության մասին տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը:
Անվտանգության ապահովման պատրվակի տակ ռուսական նորկայսերապաշտական շահերի կամակատարի նվաստացուցիչ դեր ստանձնած հայաստանյան վարչախումբը չունի հայկական շահերի պաշտպանության խնդիր և որդեգրել է Հայաստանի Հանրապետության և Արցախի անվերապահ զոհաբերումը ռուսական գաղութատիրական նկրտումներին՝ ի շահ սեփական կլանային իշխանության պահպանման: Դժվար է տարբերակել որևէ կարմիր գիծ, որից այն կողմ ապաշնորհ և ապազգային վարչախումբը Հայաստանը չի ենթարկեցնելու արտաքին, տվյալ դեպքում՝ ռուսական թելադրանքին, և չի վերածվելու «Կարսի բերդը հանձնողի»:
Միջազգային իրավունքի ասպարեզում, հատկապես վերջին տարիներին նկատվող ազգերի ինքնորոշման սկզբունքի ընտրողական կիրառությունը (Կոսովո, Աբխազիա, Օսիա, Ղրիմ և այլն) հանգեցնում է այդ նույն իրավունքի վրա կառուցված աշխարհակարգի շարունակական ապակայունացմանը, որի վկայությունն է ուկրաինական ճգնաժամը: Ո՞րն է ուկրաինական իրադարձությունների գլխավոր այն դասը, որը պետք է սերտի Արևմուտք-Ռուսաստան-իսլամական աշխարհ աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող, արցախյան խնդիր և տարբեր բևեռներում հաստատված սփյուռք ունեցող հայ ժողովուրդը:
Բարդ իրականությունը անհրաժեշտաբար թելադրում է բարդ վարք: Դա մի կողմից միջազգային երաշխիքների վրա հույս չդնելու, սեփական ուժերին ապավինելու, մյուս կողմից տարածաշրջանում հաստատված աշխարհաքաղաքական ուժերի միջև հարաբերական հավասարակշռությունը հարգող և նրանց միջև հնարավորինս կամուրջի դեր կատարելու, աշխարհաքաղաքական որևէ ուժի կամակատար չդառնալու և աշխարհին հասկանալի արտաքին քաղաքական ռազմավարության որդեգրումն է:
Ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքն այսօր ոչ միայն պատերազմի վտանգն է, այլև ներկայիս անձեռնհաս քաղաքական վերնախավի կողմից ճակատագրական որոշումների կայացումը օտարին փոխանցելու բարոյազրկող որոշումը: Հայաստանը, հայությունը չներկայացնող մի խումբ արկածախնդիրներ ամբողջ ժողովրդի անունից որոշումներ են կայացնում, որոնց համար տասնյակ տարիներ պետք է ծանրագույն գին վճարեն գալիք սերունդները:
Այսպիսով քաղաքական վերնախավի արմատական նորացումը դառնում է ազգային օրակարգի գլխավոր խնդիրը և հնարավոր է միայն Դիմադրության ցանցային լայն ճակատի ստեղծմամբ, ընդ որում քաղաքական-քաղաքացիական պայքարի ողջ զինանոցի օգտագործմամբ:
Մե՛նք ենք տերը մեր երկրի: