Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Կայացավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը

Կայացավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը
19.01.2013 | 15:11

Հունվարի 18-ին Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայկյան 10-րդ մրցանակաբաշխությունը, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից սահմանված Հայկյան մրցանակներ ստացան 2012թ. երիտասարդական ոլորտում իրենց լավագույնս դրսևորած ուսանողական և երիտասարդական կառույցները, լավագույն երիտասարդական ծրագրերը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է խրախուսել բոլոր այն երիտասարդական կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում առանձնացել են իրենց ակտիվությամբ, ծրագրային բովանդակությամբ և ծրագրերի քանակով։ «Մրցանակաբաշխության գլխավոր նպատակը մեր երկրում հասարակության, այդ թվում երիտասարդների կյանքն ակտիվացնելն է: Ակտիվացումը նաև նշանակում է խրախուսում տարվա ընթացքում առանձնացած կազմակերպություններին»,- ասաց Կարեն Ավագյանը` ավելացնելով, որ մրցակցությունը մեծ է եղել, և շատ դեպքերում բավականին դժվար էր ընտրություն կատարել: Կ. Ավագյանը նշեց նաև, որ մրցանակաբաշխությանը հայտ ներկայացնողների թիվը տարեցտարի մեծանում է։

Հայկյան մրցանակներ էին սահմանված 12 անվանակարգում։ Մասնավորապես, ՙԼավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, ՙԼավագույն երիտասարդական գիտական նվաճում՚ անվանակարգում՝ Արմեն Սարգսյանը։ ՙԻնքնատիպ երիտասարդական նախագիծ՚ անվանակարգում առաջինը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից իրականացված սոցիալապես անապահով ուսանողներին սննդով աջակցման ծրագիրն էր։ ՙԼավագույն միջբուհական ծրագիրը՚ ԵՊԼՀ ուսխորհրդի կողմից իրականացվող «Դասավանդում են բրյուսովցիները» նախաձեռնությունն էր։ ՙԼավագույն երիտասարդական ՀԿ Երևանում՚ անվանակարգում մրցանակի արժանացավ ԱՐՄԱԿԱԴ-ը։ Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիրը «Նոբելյան մրցանակակիրների հանրային դասախոսությունները» ծրագիրն էր։

Չորս հատուկ մրցանակները հանձնեց անձամբ ՀՀ նախագահը: Հանրապետության ղեկավարից իրենց մրցանակները ստացան «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը՝ «Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց» անվանակարգում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ «Երիտասարդության շրջանում մշակութային արժեքները լավագույնս ներկայացրած կազմակերպություն» անվանակարգում, Արարատյան Հայրապետական Թեմի «ԱՐԱՐԱՏ» հոգևոր միությունը՝ «Երիտասարդության շրջանում հոգևոր դաստիարակությանն ուղղված ծրագրերի համար» անվանակարգում և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը՝ «Հայաստանի Հանրապետությունում ուսանողական շարժման կազմավորման ակունքներում կանգնած կառույց» անվանակարգում:

Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և կարևորեց այս նախաձեռնությունը՝ մաղթելով հետագա հաջողություններ: Հանրապետության ղեկավարը երիտասարդներին հորդորեց արդյունավետ օգտագործել իրենց ժամանակը, ակտիվ կենսակերպ վարել և իրենց գործունեությամբ փորձել հնարավորինս օգտակար լինել մեր հասարակությանն ու պետությանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ