Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Փոխհատուցվեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը

Փոխհատուցվեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը
28.12.2012 | 20:10

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կրթաթոշակի հավաստագրեր տրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում ստացան Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։

Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշեց, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սիրիահայերի խնդիրների լուծմանը։ «Ես ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել։ Մենք հետևելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, և դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը»,- նշեց ՀՀ վարչապետը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայ ուսանողները՝ անկախ նրանից, սովորում են պետական, ոչ պետական բուհերում, թե միջին մասնագիտական կրթական հաստատություններում։ Կ. Ավագյանը հայտարարեց նաև հայաստանցի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի մեկնարկի մասին, որի համար ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ։ Նա ընդգծեց, որ սոցիալական վիճակը չպետք է խոչընդոտ լինի որևէ երիտասարդի՝ կրթություն ստանալու համար։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ԿԳ նախարարության կարողությունները բավարար էին, որպեսզի սիրիահայերի հետ կապված նախապես չպլանավորված իրադարձություններին օպերատիվ և բովանդակային արձագանք տրվեր։ «Բազում մեխանիզմներ են ներդրվել սիրիահայերի կարիքները բավարարելու համար թե՜ հանրակրթության, թե՜ մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում։ Մենք, յուրաքանչյուր սիրիահայ երեխայի կրթական կարիքի բավարարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, պատրաստ ենք հաջորդ տարի նույնպես պետական քաղաքականության շրջանակներում նույնական վերաբերմունք ցուցաբերել տեղացի և սիրիահայ աշակերտների և ուսանողների համար»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Մուրադ Պողոսյանը Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող է։ Երեք ամիս առաջ է Սիրիայից տեղափոխվել Հայաստան։ Նա իր երախտագիտությունը հայտնեց ուսման վարձի փոխհատուցման համար՝ նշելով, որ այն որոշակիորեն կլուծի իր խնդիրները։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Վրույր Բիլամջյանն ուրախ է, որ Հայաստանում է և նշում է, որ հայրենիքում իրեն ընդունել են գրկաբաց, կառավարությունը մեծ աջակցություն է հայտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սիրիայում ապրող սիրիահայերին։ Վրույրը համոզված է, որ և՜ ինքը, և՜ այստեղ գտնվող իր սիրիահայ ընկերները մասնակցելու են Հայաստանը զարգացնելու, բարելավելու գործին։

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ