Հուլիսի 17-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սուրբ Աթոռի արևելյան եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վատիկանի ամուր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ հիմնված լինելով դարերի խորքից եկող պատմական կապերի, քրիստոնեական արժեհամակարգի և հարուստ մշակութային ժառանգության վրա: Հայաստանի արտգործնախարարն երախտագիտություն հայտնեց Հայաստանում Սուրբ Աթոռի բազմամյա բարեգործական գործունեության համար:
Նախարար Նալբանդյանն ու կարդինալ Սանդրին կարեւորեցին անցյալ դեկտեմբերին ՀՀ Նախագահի Սերժ Սարգսյանի այցելությունը Վատիկան եւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հետ հանդիպումը՝ որպես հարաբերությունների բարձր մակարդակի ևս մեկ վկայություն:
Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ կապերի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ: