Հուլիսի 8-ին Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլևսկու պատվո հովանավորության ներքո տեղի ունեցավ Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա էին նաև հոգևորական դասի այլ բարձրաստիճան անդամներ, Լոձի վոյեվոդության և մունիցիպալ մարմինների ղեկավարներ, Լեհաստանի հայկական համագումար կազմակերպության, ինչպես նաև լեհ հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Սիերաձի հոյակերտ տաճարում Հռոմի պապի պատվիրակ կարդինալ Զենոն Գրոխոլևսկին մատուցեց պատարագ, որի քարոզը նվիրված էր հինավուրց ավանդույթներ ունեցող քրիստոնյա հայ ժողովրդին: Հռոմի պապի պատվիրակը, բարձր գնահատելով հայոց եկեղեցու և հայ ժողովրդի դերը քրիստոնեության տարածման և ժամանակակից քաղաքակրթության ձևավորման գործում, համոզմունք հայտնեց քույր եկեղեցիների հետագա մերձեցման հնարավորության վերաբերյալ: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:
Տեղեկանք: Սանդոմեժի թեմի առաջնորդական տեղապահ Ստանիսլավ Պինդերան հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ: Վերոնշյալ ալբոմը հրատարակվել է 2008թ. և արժանացել է հայ ընդհանուր բարեգործական միության (AGBU) «Կարբիս Փափազյան» հեղինակավոր պարգևին` Հայաստանի ճարտարապետական կոթողների հավերժացման և հայանպաստ քարոզչության համար: ՀՀ դեսպանության միջնորդությամբ հեղինակը ներկայացվել է նաև ՀՀ պետական պարգևի ու ՀՀ մշակույթի նախարարի հրամանով պարգևատրվել ոսկե մեդալով: