Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Ջահի պես վառված, մոմի պես հալված կյանք

Ջահի պես վառված,  մոմի պես հալված կյանք
05.06.2012 | 02:14

Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդ, անթագակիր ասպետ, արդարության մարտիկ, հայրենիքի ու գաղափարի մեծագույն նվիրյալ… Այսպիսին էր նա։
Ցավոք, նոսրանում են մեր ժամանակի հերոսների շարքերը, հերոսներ, որոնք գույն, լույս ու ջերմություն էին հաղորդում մեր միապաղաղ, տաղտկալի, անդեմ ու անգույն իրականությանը, իմաստավորում մարդ-գոյի կյանքը։
Միքայել Ապրեսյանը արժանի զավակն էր իր զարմի և հավերժող փարոսն իր սերունդների:
Նա ծնվեց 1954-ին և ապրեց հարուստ ու բեղմնավոր կյանք:
Արցախյան շարժումը շատերին ոտքի հանեց, բայց քչերը գիտակցեցին իրենց առաքելությունը, և եզակիներն անմնացորդ նվիրվեցին հայրենիքի ազատության գաղափարին` չխնայելով ոչինչ` տուն, տեղ, ունեցվածք, դիրք, կարողություն: Քչերը կարողացան պատերազմի թոհուբոհում պահպանել մարդկային դեմքն ու արժանապատվությունը, կռվի դաշտում ունեցած գլխապտույտ հաջողություններից` մարդկային էությունը: Նա այդ եզակիներից էր։
Թողեց ամեն ինչ ու մտավ Սամվել Վարդանյանի Բյուրեղավանի ջոկատ, դարձավ շտաբի պետ: Այնուհետև, երբ Շահումյանում զոհվեց Սամվելը, դարձավ «Արցախի պաշտպանության գնդի» հրամանատար: Կռվեց Շահումյանում, Մարտակերտում, Լաչինում, Շուշիում, բոլոր վտանգավոր կետերում: Ինչպես վկայում է իր զինակիցներից մեկը` Թորոս Գյուլեսերյանը (թիկունքի պետ), նա այնքան տաղանդավոր էր իբրև մարդ և այնքան հմուտ` իբրև հրամանատար, որ պատերազմի ողջ ընթացքում իրենց գունդն ամենաքիչ զոհերը տվեց: Ինքը` Միշան, մի անգամ կոնտուզիա է ստացել, բայց երբեք չի վիրավորվել:
Հետագայում այս գունդը հիմք է դառնում 31-րդ Ասկերանյան գումարտակի կազմավորման համար:
«Մեր ժողովուրդը յոթ հազար շատ թանկ զոհ է տվել` ազատագրելու համար մեր հայրենիքի առանձին տարածքները, որոնց վերաբնակեցմամբ բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր…»,- ցավով էր նշում Միքայել Ապրեսյանն իր, թերևս, վերջին հրապարակային ելույթում` փախստականների համագումարի նախագահության նախաձեռնած և Մարաղայի ջարդերի 20-րդ տարելիցին նվիրված հավաքում: Ապա շարունակում. «…Ոչ ոք այդ դեպքում չէր կարող խոսել, առավել ևս` մտածել տարածքների վերադարձի մասին: Ավելին, Հայաստանը պարտավոր է միջուկային զենք ունենալ` սեփական անվտանգությունն ինքնուրույն երաշխավորելու համար»:
Տա՛ Աստված, որ գա այն ժամանակը, երբ իրականանան Միքայել Ապրեսյանի բոլոր երազանքները, որոնք խիստ համահունչ ու ներդաշնակ են մեր ժողովրդի հոգու ձգտումներին, և գուցե այնժամ նրա հոգին խաղաղվի, ու նրա հանդեպ ապրողներիս պարտքը ինչ-որ կերպ փոխհատուցված լինի…


Սուսան ՄԵԼԻՔՅԱՆ
Ադրբեջանից փախստականների
համագումարի նախագահության անդամ, ազգագրագետ

Դիտվել է՝ 2722

Մեկնաբանություններ