«Մարդիկ ապրում են ամեն մեկին միայն մի անգամ բաժին տված զարմանալի կյանքն ու թեև մեռնում-հեռանում են անդարձ, սակայն իրենց լինելությունը հաստատող զորավոր վկայություններ են թողնում երկրի երեսին։
Մնում են նրանց ստեղծվածքները, իսկ առավել երկար, համարյա հավիտենապես` աշխարհ բերած նրանց գրքերը, որտեղ ամբարված են գնացողների լեզուն, խոսքն ու զրույցը, երազանքն ու ապրումները, նույնիսկ ձայնը»։
Վիգեն ԽԵՉՈՒՄՅԱՆ
ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՔԱՐՏԵՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ
(լավատեսական տրագիֆարս)
Շաքարավազը վերստին ինքնորոշվեց։ Հաղթանակների ամիս մայիսին հանրապետության տնտեսական, վարչական և, բնականաբար, քաղաքական առօրյան բավականին զվարճալի է։ Շախմատում, «Եվրատեսիլում», բռնցքամարտում։
Եվ, իրոք, զարմանալի է մեզ բաժին ընկած կյանքը։ Եվ թեև մեռնում-հեռանում ենք, թողնում ենք զորավոր վկայություններ երկրիս երեսին, երրորդ հանրապետության լեռնանցքներում, արոտներում և վաճառատներում։
Եվ այսպես բավականին զվարճասեր է հայոց շաքարավազի մենաշնորհատերը։ Զվարճասեր և հնարագետ։ Եվ մինչ օրենսդիրն ու գործադիրը քննարկում են մենաշնորհատերերին դարձի բերելու գերխնդիրը, շաքարավազի (նաև մյուս խիստ անհրաժեշտ որոշ տեսականու) գները «ճախրում են վեր»։ Դե, ինչ պահանջես ինքնորոշման ուղին բռնած դեմքից կամ դեպքից։ (ԱԻՄ-ը քեզ օրինակ)։ Այսպիսով պետություն-մենաշնորհատեր դարի մրցամարտը թևակոխում է գոյապայքարի փուլ։
Ո՞վ և ո՞ւմ։ Առայժմ տակտիկական (թերևս ռազմավարական) տեսանկյունից շատ ավելի ճկուն-գործնական են մենաշնորհատեր տնտեսավարողները։ Զի նույնքան երազկոտ-դժվարահաճ են պետության ներկայացուցիչները` օրենսդիրը, գործադիրը, իրականացնողները։ Զի մինչ նրանք «մե՛կ-երկո՛ւ» քայլարշավում են (ինչպես կասեր Թումանյանը), մենաշնորհատերը հերթական տեխնիկական նոկաուտն է արձանագրում։ Ինչպե՞ս, կհարցնեք զարմացախառն։ Շատ պարզ ու դյուրին։ Զի, մինչ պետական կողմը փաստում է գերշահույթի հերթական դեպքը, մինչ գերշահագրգիռ նիստեր է գումարում, մինչ «բերման է ենթարկում» գերշահույթի հեղինակի ներկայացուցչին, գերշահույթը գերագույն երանությամբ փաստում է պատմական դեպքը և ինքնաբուխ հաճույքով պետական տուգանքը վճարում։ Ի դեպ, ուշադրություն դարձրեք, ՏՄՊՊՀ նիստերում շատ ավելի տագնապալից են հանձնաժողովականների դեմքերի արտահայտությունները։
Մի խոսքով` այս գործերում առկա է երկու շահող և մեկ պարտվող կողմ։ Ինչպե՞ս, դարձյալ զարմացախառն զայրանում եք։ Հենց այսպես, մելամաղձոտ մեկնաբանում եմ։ Դիցուք, գերշահույթը 5 մլն դոլարի օգտավետություն ունի։ Պետական կողմը, հենվելով օրենսդրի արմատական նախաձեռնությանը, մեկ ճշտմամբ արմատախիլ է անում զանցանքը` առավելագույն չափի տուգանք սահմանելով` 5 մլն դրամ։
Եվ ահա գործը, հասնելով «դիվանբաշուն», կնքում է մահկանացուն։ («Երրորդն» ավելորդ է, ավետում եմ խրոխտ)։
«Երրորդը» հանրությունն է, ժողովուրդը, ես և դուք (նաև արժանապատիվ տիար Շաբոյանը)։
Եվ «Երրորդը» երրորդ հանրապետությունում դատապարտված է հավերժական նոկդաունի։
Վերջնարդյունքում մենաշնորհատերը, մեկ վագոն յուրացնելով, տուգանվում է մեկ զամբյուղով։
Մեկ զամբյուղը լիուլի բավարար է պետգանձարանի հավերժ քաղցած ստամոքսը գեթ մեկ ակնթարթ լռեցնելուն։
Շահե՞ց «երկրի աղ» մենաշնորհատերը։ Անշո՛ւշտ։
Բարոյաֆիզիկական բնույթի հպանցիկ հաղթանակ տոնե՞ց պետական կողմը։ Անվերապահ։
Ելքը պարզորոշվում է։ Երկրի կայուն զարգացման, աննահանջ բարգավաճման և անխաթար օրինապահության բանալին գտնված է։ Այլևս և այսուհետ։
Բացում ենք Պանդորայի արկղը «Ազատության» հրապարակում։ Կարապետիչն ինքնաբացահայտվեց մերկացուցիչ անկեղծությամբ, շեփորելով նոր, երրորդ, կենտրոնամետ քաղաքական ուժի ծնունդը։ Ինչպե՞ս էր այն որակվել։ Անհավանականության աստիճանի հիշարժան. հայրենասիրական ուժերի միավորում։ Հապավումը` ՀՈՒՄ։
ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ` 2050-ԻՆ
(տրագիֆարսը շարունակվում է)
Ցնծա՛, աշխատավոր հայ ժողովուրդ։ Զի աշխարհիս երեսին չի՛ք որևէ քաղաք, ուր մետրոպոլիտենի տոմսավճարը 50 դրամ է, համահավասար Սախարովի հրապարակ-Աբովյան փողոց հատվածում դիրքավորված առաջապահ ուզվոր Բաբկենի միանվագ-մեկօրյա տուրքին։
Ցնծացե՛ք և դուք, երթուղային գծերի «դիտորդներ» և հաճախորդներ։ Զի արագընթաց և սիրառատ (սիրառատ, քանզի 10-30 րոպե կամ քեզ գրկում են, կամ դու ես անծանոթ մեկին խտտում, կամ քեզ ակամայից թույլից-չափավոր խեղանդամում են, կամ ինքդ ես կամավոր հիմունքներով բարեկազմ ու բուրումնաբույր դրկիցուհուդ առնում գոգդ, և երանավետ բուրաստաններ են բացվում երթուղայինի «մահապարտային» խցում, այսպես տարին բոլոր` օրը նվազագույնը երկու անգամ), մեր հանրությունը վստահաբար նախապատվությունը կշրջի դեպի երթուղայիններ։ Զի (վաղուց եմ նկատել) մենք մետրոպոլիտենից օգտվում ենք վերամբարձ քմահաճությամբ։ Մի քիչ էլ վախվորած. չլինի թե խնամի Վարդիշաղը նկատի ու լուրը տարածի մոլորակով մեկ։
«Գծի տեր»։ Հնչում է նույնքան հայրենակարոտ, որքան, օրինակ, կհնչեր նախկինում «Տրեստի կառավարիչը»։ Ստոպ-կադր։ Համեմատությունը կաղում է։ Միանգամից երկու ոտքով։ Զի խորհրդահայ կառավարիչը ամսական մի 57 հազար ռուբլին գրպանում էր` պայքարելով 5-7 ճակատում։ Նախ` վերահսկելով շիննյութերն աճպարարի տաղանդով ձեռքից ձեռք փոխատեղող աշխղեկներին, սիրաշահելով շրջկոմական վերադասին, ծնկի բերելով ստուգիչ-վերահսկիչ այլևայլ ակտիվիստների։ Վերջապես, մարդասիրական-ազգանպաստ տուրքը մատուցելով մերձմայրաքաղաքային ռեստորաններին, մերձբալթյան լողափերին և, բնականաբար, տիկնանց տիկնոջը` գերսիրառատ սիրուհուն։ Իսկ գծատերը ինքնիշխան կոչում է, հանրային պարտամուրհակ, համապետական գերակայություն։ «Գիծը» ասֆալտապատ մայրուղիներն են, փողոցներն ու նրբանցքները։ Որոնք դեռևս պետական մենաշնորհ են։ Գծատերը, այսպիսով, փոքրիշատե ներդրումներ է կատարում, ձեռք բերում 10-20 շարժակազմ, անպատճառ շահում գծերի շահագործման հերթական մրցույթը, և խնդրեմ, պահն է հասունացել պատմանյութական, հերթական նորհայկական ռոկֆելլերիկն է ազդարարում նորամուտը բիզնես-դաշտավայր։
Ամենամոտավոր հաշվարկներով` յուրաքանչյուր գիծ շահագործողին յուրաքանչյուր օր «հասցնում է» շուրջ 500 ԱՄՆ դոլար։ Շարժակազմի վրա կատարվող միակ ծախսը պարտադիր-պայմանագրային է, բենզինով կամ գազով մեքենան սնուցելը, վարորդին նվազագույն օրավարձ շնորհելը և պետական հարկն ու տուրքը։ ՈՒ թե ինչու պետությունը, ի դեմս կառավարության և քաղաքապետարան-գյուղապետարանների, չի ստանձնում «գծի տիրոջ» պատվաբեր պարտավորությունների բեռը, մեր իրականության գերակա գլուխկոտրուկներից է։ Որը, ի միջի այլոց, բավականին դյուրին լուծելիք խնդիր է։ Առանց գլուխ ցավեցնելու։ Առանց մաթեմատիկական հաշվարկների և երկրաչափական չափումների։ Առկա է չափորոշիչը` երկրիս իշխանավարչական վերնակույտում սակավ չեն գծատերային մորմոքով տառապող իշխանիկները։ ՈՒրեմն բավարարում ենք նրանց հավակնությունները, հագուրդ տալիս կրքերին («Հավակնոտ ծրագրեր», հնչեց բարձրագույն օթյակներում և թավալվեց լեռնաշխարհով մեկ)։
Եվ ինչ, կառուցենք մետրոպոլիտենի հերթական կայարանները և հացից կտրենք հավակնոտ ծրագրերի տիրակալների՞ն։ Չի լինի։ Երևանի մետրոպոլիտենը վերաիմաստավորում ենք համազգային կարուսելի։ Նշանաբանը` «պտույտ մը մայրաքաղաքի որովայնում»։
Այսպիսով` 2050 թվականն է։ Մայրաքաղաքի ծերունազարդ քաղաքագլուխը (անունը չտանք, գուշակեք մեղեդին) պատանի գրոհայինների ուղեկցությամբ կտրում է «Աջափնյակ» կայարանի ժապավենը։ Այն հանրապետության մետրոպոլիտենի թանգարանն է։ Մյուս կայարանները վաղո՜ւց, շատ վաղուց ծառայում են որպես երթուղային տաքսիների սպասարկման կայաններ։ Յուրաքանչյուրի առջև լայն ժողովրդականություն վայելող և 1995-2045 թթ. երթուղային տրանսպորտի կայունացումն ու բարգավաճումն ապահոված գծատերերի հուշակոթողն է։
ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԼՃԱՑՈՒՄՆԵՐ
(վատատեսական ցնցակաթված)
Մեր օրենքների, որոշումների, հրահանգների ու հրովարտակների կատարումը նրանց ոգուն և տառին հարիր հիշեցնում է ապարանյան նշանավոր անեկդոտներից մեկը (թե որը, ցնցակաթվածների վերջում կռահեք սեփական նախաձեռնությամբ)։ Սա հետևյալն է նշանակում` վիրտուալ իրականության վիրտուալ կոծկում։ Ծածկադմփոց։ Երևակայականի աքացին իրականությանը։ Եվ այլն։
Ինչո՞ւ։ Քանզի և վասնզի։ Եվ որովհետև մի բան է, երբ օրենքներ ես թխում, բոլորովին այլ է, եթե դրանք պետք է ճաշակեն հաճույքից խելքամաղ լինելով։ Մի խոսքով, օրենսդիրը հերթական օրենքը թխեց, գործադիրը տեղազննեց այն, ախտահանեց հակակոռուպցիոն ոջիլներից, եռագույն ժապավենով քարկապեց և ի տնօրինում հանձնեց հայոց ընդերքի նկատմամբ վառվռուն և անխորտակելի սիրով տառապող գործարարների խմբին։ Սրանք շահագործում են հանքավայրը։ Ապականում են շրջակա միջավայրը։ Նույն եռանդով պարարտացնում են մանր, միջին և խոշոր տրամաչափի ստուգիչ-կարգավորիչ-վերահսկիչ-չինովնիկական հանձնախմբերի դրամապանակները։
Եվ ի՞նչ։ Նրանք ցնծում են, մենք` մորմոքվում, պետական բարձր ատյանները` բորբոքվում։
Բայց ապականումը շարունակվում է։ Սակայն, ասացեք, խնդրեմ, ի՞նչ պարտադիր է, որ Սևանի իշխանը ոսկեթեփուկ և ծիծաղախայտ լինի։ Թափոնների շնորհիվ Սևանում շատ շուտով նոր ձկնատեսակներ ի հայտ կգան։ Ասենք, եռապոչ կողակներ, երկգլուխ սիգեր, իշխանն էլ, իր հերթին, ասպարեզ կելնի որպես ջրահարս։ Եվ հանդես կգա որպես պետական գերակայություն` զբոսաշրջության հեռանկարներով։ Պատկերացնենք միայն. ջրահարս-իշխանը եռագույն սկուտեղի վրա եռապոչ կողակ և երկգլուխ սիգ է մատուցում խափշիկին, նորզելանդացուն և, ինչու չէ, հայաստանցուն։ Միանգամից դառնում ենք զբոսաշրջության Մեքքա։
Եվ թող կեցցե՛ն հանքարդյունաբերության տիրակալներն ու նրանց ստնտուները հայոց պետության վերին օթյակներից։
ԿԱՐԿՏԱՀԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ
(կայտառ վերջաբան)
Ի՞նչ է հակակարկտային կայանը։ Մի՞թե անհասկանալի է։ Հակա-կարկտային։ Ասել է թե` կարկտաբեր ամպերը տարրալուծող, բերքատու ծառերի վախը չափող, գյուղաբնակի հոգսը քաշող, գյուղնախարարության պատիվը գետնով չտվող հարվածային ուժ։ Թնդանոթաձգություն։ Հրետակոծություն։ Ողբ ու կական վերջնարդյունքում։ Կարկտաբեր ամպերի և հակակարկտային կայանների մենամարտում թիկունքը գետնովը տվեց կայանը։
Առհասարակ մայիսը 2011-ի խոհեմ պարտությունների շրջան էր։ Ահա նաև կարկուտը միավորներով հաղթանակ տոնեց։ Շահեց ո՞վ։ Գործամոլ-ներկրողը։ Ով աղուն փախցնող առնետին հարիր օգտվում է պահի հրամայականից և ջարդուկտոր ծառերի չպտղակալած բերքի փոխարեն մի երկու-երեք վագոն ծիրան ու սալոր է ներկրում։ Է, չանի՞։
Սակայն ցավոտ մի լճիցլճյան թնջուկ ևս։ Ցոգոլի գերխնդիրը։ ՈՒ զարմանալի է. մի հանրապետությունում, ուր վերահսկիչ-կարգավորիչ մարմինները թվակազմով գրեթե համահավասար են պտղատու ծառերի և բերքատու մարգերի քանակին, լիասիրտ կանաչ ճանապարհ է բացվում ցոգոլային տեղայնացված կլանների առջև։ Եվ մտածում եմ` մեծ բարեբախտություն է, որ կաղամբն ու սեխը, ձմերուկն ու դդումը տղայահասակ պահին, այսինքն` ցոգոլային շրջափուլում, չեն հանվում վաճառքի։
Այսպիսով, հնչում են կոչեր լճիցլճերում։
Ցոգոլը հայտարարվում է համապետական արգահատանք։ Ցոգոլավաճառը, իր հերթին, բնականաբար, ազգային չարագործ է։
Սակայն դարձյալ ստոպ-կադր։ Գուցե տղայամիտ հոխորտո՞ւմ ենք։ Գուցե գործարկվել է համակառավարական (կառավարություն-մարզպետարան-գյուղապետարան կասկադի մասին է խոսքը) գերգաղտնի ծրագի՞րը։
Եվ ցոգոլը նույնպես գրանցվել է զբոսաշրջային գերակայությունների սննդային առաջնահերթությունների ցանկո՞ւմ։
Ասենք էսպես։ Ջրահարս-իշխանաձուկը եռապոչ կողակը զարդարում է ցոգոլային աղցանով։
Աննման, գերգայթակղիչ խայծ է։
ՈՒրեմն կեցցե՛ն ցոգոլն ու ցոգոլային ոգին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Գժվել կարելի է։ Կամ հանդարտ ու մեղմագորով խենթանալ։ Տնտեսաքաղաքական վերնակույտի (ըստ իրենց` ազգային վերնախավի) մեքենայամոլուցքը զարհուրելի թափով պատուհասել է հանրապետությունն ու քաղաքամայրը։ Այլևս սովորական են դառնում ավտովթարները` մահաբեր ելքերով։ Եվ մի՞թե անբնականության գագաթնակետը չէ, երբ իշխանական գալարափողերն ինքնաբավ հիացմունքով շեփորում են, թե տեսեք-լսեք-հիացեք։ 2011-ի առաջին եռամսյակում 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 7 հազար մեքենա ավելի է ներկրվել։ Սակայն խոհեմաբար մոռանում են հիշել, թե որքան են ավելացել մահաբեր ավտովթարները։