Շուտով բացվելու է տուրիստական սեզոնը: Դրան անհամբեր սպասում են օրավարձով բնակարանների սեփականատերերը և... ՊԵԿ-ը: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ անխնա տուգանելու է եկամտահարկ չվճարող անշարժ գույքի վարձատուներին:
Հատուկ ՊԵԿ-ի համար փորձեմ հաշվարկ ներկայացնել: Հեռու եմ այն մտքից, որ հաշվարկը ճշգրիտ է 100 %-ով, սակայն վստահ եմ` այն ողջամիտ է և հիմնավոր:
ՈՒրեմն, բնակարանը գտնվում Երևանի կենտրոնի մերձակայքում, մետրոյի կայարանի անմիջական հարևանությամբ, լավ վերանորոգված է, կահավորված է: Բնակարանում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է նորմալ կյանքի համար` սպասք, ինտերնետ, անկողին:
Շուկայում այդ բնակարանի ողջամիտ գինը կազմում է, ամենաքիչը` 600 ԱՄՆ դոլար (շուրջ 243 000 ՀՀ դրամ), օրական` 20 ԱՄՆ դոլար (շուրջ 8100 ՀՀ դրամ):
Բնակարանն օրավարձով է տրվում տուրիստական կայքերի միջոցով: Սկսենք հաշվել:
Կայքերի կողմից բնակարանի վարձակալման համար միջնորդավճար, նվազագույնը` 15%:
Վարձակալված բնակարանի վարձավճարի բանկային փոխանցման միջնորդավճար, նվազագույնը` 15%:
Ստացված գումարի կանխիկացման համար բանկի կողմից պահվող գումար` 2%:
ՊԵԿ-ին վճարվող եկամտահարկ` 10%:
Կոմունալ վճարումներ (ինտերնետ, օդորակիչ կամ կաթսա, էլեկտրաէներգիա, գազ, ջուր)` 20%:
Բնակարանի մաքրություն` 5%:
Բնակարանում կենսական անհրաժեշտ պարագաների առկայություն` 1%:
Մաշվածություն, նվազագույնը` 10%:
Ստացվեց, որ սեփական բնակարանն օրավարձով հանձնելիս, վարձատուն պետք է վճարի վարձակալության դիմաց ստացված գումարի, ամենաքիչը` 78%-ը: Դիտարկվող դեպքում, այն կազմում է 468 ԱՄՆ դոլար: Այսինքն` վարձատուի իրական եկամուտը կկազմի 600-468=132 ԱՄՆ դոլար (53 460 ՀՀ դրամ), օրական` 4.4 ԱՄՆ դոլար (1760 ՀՀ դրամ):
Այժմ հարց. ո՞վ կհամաձայնվի իր` Երևանի կենտրոնամերձ, վերանորոգված, կահավորված և բնականոն նորմալ կյանքի համար պիտանի բնակարանը վարձակալությամբ հանձնել ամսական 53 460 կամ օրական 1760 ՀՀ դրամով:
Եթե գտնվեն այդպիսիները, ապա պատրաստ եմ վարձակալել ամբողջ Երևանը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Հ.Գ.
Ի դեպ, հաշվարկում չներառեցի անսպասելի կամ այլ ծախսերը: Դրանից բացի` անտեսեցի անբարեխիղճ, գույքը կոտրող, փչացնող և ավերող վարձակալներին: