Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Պետք չէ աղանդավորների նման դռնեդուռ ընկնել և ուսանողներին համոզել»

«Պետք չէ աղանդավորների նման դռնեդուռ ընկնել և ուսանողներին համոզել»
28.02.2013 | 15:59

Մի քանի օր շարունակ դասադուլ կազմակերպելու փորձերն անցնում են ապարդյուն։ Հայաստանի բուհերի շուրջ 100-200 ուսանող փետրվարի 25-ից անժամկետ դասադուլ է հայտարարել՝ իրենց բողոքն արտահայտելով փետրվարի 18-ին կայացած ընտրություններում տեղ գտած ընտրակեղծիքների դեմ։ Դասադուլ հայտարարած ուսանողները ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրողներն են, ովքեր, բուհից բուհ անցնելով և «Դասադուլ», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ ուսանող» բացականչելով, փորձում են համալրել իրենց շարքերը։ Համալրողներ, սակայն, չկան կամ գրեթե չկան։ Մի քանի րոպե բուհերի առաջ կանգնելուց և իրենց կարգախոսները հնչեցնելուց հետո՝ դասադուլի նախաձեռնությամբ հանդես եկողները ձեռնունայն հեռանում են։ Իսկ իրենց չմիացածներին անվանում են ստրուկ, քծնող։ Հաճախ նաև հանդիպում են ուսանողների սուր դիմադրությանը, ծաղրուծանակին, դասը չխանգարելու պահանջով համապատասխան ակցիաներին։

Հետաքրքիր է, որ դասադուլի կազմակերպիչներն ու բուհերի առաջ կոչերով հանդես եկողները հիմնականում ոչ թե ուսանողներ են, այլ բնապահպանական շարժման ակիտվիստներ, հայտնի աղբյուրներից դրամաշնորհներով սնվող և այլ երկրներում թրեյնինգներ անցած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր վաղուց դուրս են եկել ուսանողական տարիքից։
Հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի ուսանող ԴԱՎԻԹ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց բուհի ուսանողները դասադուլին չեն մասնակցել։ «Մեր համալսարանն ուսանողների թվով երկրորդ մեծ բուհն է Հայաստանում։ ՈՒնենք 10-12 հազար սովորող, և համալսարանում դասապրոցեսը նորմալ ընթանում է։ Եթե բացակայություններ էլ կան, ապա միայն հիվանդության կամ հարգելի պատճառներով, և նրանց թիվը նույնն է, ինչ ուսումնական տարվա մյուս օրերին։ Ակցիայի կազմակերպիչների պահանջները ծիծաղելի են։ Եթե դասադուլ, ապա այն կարելի է անել միայն բուհի ղեկավարման կամ ուսումնական խնդիրների համար, և ոչ թե փորձեն ուսանողներին կողմնորոշել ինչ-ինչ խնդիրների շուրջ։ Մանկավարժական համալսարանի ուսանողները դրա կարիքը չունեն, նրանք այնքան գիտակից են ու կողմնորոշված, որ այլ մարդկանց ուղղորդման կարիքը չունեն։ ՈՒսման համար մեր ծնողները հսկայական գումարներ են վճարում, ովքե՞ր են այդ մարդիկ, որ պետք է գան ու փորձեն խաթարել մեր դասապրոցեսը, և ամենակարևորը՝ ինչի՞ համար։ Ակցիայի կազմակերպիչները, հավանաբար, հույսը դրել են նրա վրա, որ ուսանողները, որպես կանոն, ռոմանտիկ են, մի քիչ նաև՝ խենթ, ունակ ծայրահեղ քայլերի։ Բայց եթե պահը գա, հաստատ միայնակ կթողնեն ուսանողին ու կկանգնեցնեն նրան փաստի առաջ»,- ասում է Դավիթ Ալեքսանյանը։ Դավիթը նշում է նաև, որ բուհի ղեկավարության կողմից ուսանողների վրա ճնշումներ չկան. «Եթե ուսանողը ցանկանար մասնակցել դասադուլի, ընդհանրապես դասի չէր գա։ Ինչո՞ւ պետք է գար համալսարան, որ հետո դասի կեսից դուրս գար, միանար դասադուլավորներին»։
Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի մագիստրանտ ՎԱԶԳԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ էլ փետրվարի 25-ին իրենց բուհի առջև դասադուլի կազմակերպիչների հետ հիմնական բանակցողներից էր։ Վազգենը նշում է, որ այսօր ուսանողության մոտ դասադուլի պահանջ չկա։ Եթե լիներ մարտահրավեր, ապա ուսանողությունը պատրաստ կլիներ համախմբվելու, ոտքի կանգնելու, ինչպես 88 թվականին։ «Դասադուլի մասին տեղեկությունը բոլոր ուսանողներին էլ հասել է, և եթե նրանք ցանկանային, ապա կմիանային այդ ակցիային։ Եթե չեն եկել, ապա դրա ցանկությունը չունեն։ Այդքանից հետո պետք չէ աղանդավորների նման դռնեդուռ ընկնել և ուսանողներին համոզել։ Շատ ուսանողներ ուղղակի բողոքում են, թե ինչու են գալիս ու խանգարում իրենց դասապրոցեսը»,- ասում է Վազգենը։ Նա նաև իր տարակուսանքն է հայտնում, որ դասադուլի կոչերով հանդես են գալիս մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն ուսանողության հետ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ