Եթե օտարերկրացուն հարցնելու լինենք, թե ինչ տպավորություն է ստացել չինական Ամանորից, ապա պատասխանը, հավանաբար, կհնչի այսպես. «Ասես պատերազմ սկսված լինի, միայն թե` ուրախ»։
Հիրավի, Նոր տարվա գիշերը Չինաստանում լինում են անհամար գունեղ կրակներ, վառ կարմիր անհամար զարդարանքներ ու թալիսմաններ փողոցներում ու տներում` սկսած ալ լապտերներից և վերջացրած բոսորագույն կծու պղպեղի մեծ փնջերով։ Եվ, իհարկե, շա՜տ, շա՜տ աղմկալի հրավառություններ, բենգալյան կրակներ ու ճայթուկներ։ Ամեն չինացի, անկախ տարիքից ու հասարակական դիրքից, իր պարտքն է համարում տոնական օրերին, իսկ դրանք մեկ շաբաթից ավելի են, և, իհարկե, ամանորյան գիշերը, «համազարկ» սարքել իր բակում` լինի գյուղում, թե խիտ բնակեցված մեգապոլիսում։ Այսպես աղմուկով նրանք քշում են չար ոգիներին և համոզված են, որ Նոր տարին միայն երջանկություն կբերի իրենց տուն։ Բացի այդ, անպայման անուշաբույր խունկ են ծխում, որը պետք է խաղաղություն ու երջանկություն բերի իրենց ընտանիքին։ Այնպես որ, Ամանորի գիշերը Չինաստանում քնով ընկնել չի կարելի։
Նկատենք, չինացիները, առհասարակ, սնահավատ ազգ են։ Այստեղ, օրինակ, մասնավոր ավտոմեքենաների վրա «չորս» թվանշան չես տեսնի, քանի որ այն, ըստ հավատալիքի, դժբախտություն է բերում, և չորրորդ հարկի բնակարաններն էլ, համապատասխանաբար, ավելի էժան են։ Փոխարենը «ութը», որը հավերժություն է խորհրդանշում, Չինաստանում շատ հարգի է։ Չինացուն ժամացույց նվիրելը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է, այլև մահվան ցանկություն, կանաչ գլխարկը` ամուսնու կամ կնոջ դավաճանության նշան։ Բացի այդ, պարզվում է, ձողիկները բրնձի մեջ ցցում են միայն հոգեհացին։ Կան նաև շատ այլ, մեր կարծիքով, տարօրինակ սովորույթներ։ Իհարկե, սնահավատությունը չի շրջանցել նաև Նոր տարին։ Մարդիկ այստեղ համարում են, որ տոնի հենց նախօրյակին հատակ ավլել չի կարելի` կսրբես-կթափես «ղսմաթը»։ Տունը տեղը տեղին մաքրում են նախապես, համարելով, որ այդ կերպ իրենք իրենց կյանքից հեռացնում են ամեն անհաջողություն և տեղ են բացում երջանկության համար։ Իսկ պարտադիր «երջանկություն» հիերոգլիֆը հարկավոր է դռան վրա կախել միայն «գլխիվայր»։ Ըստ ավանդախոսության, հնում աղախնուն հանձնարարում են մուտքի դռանը փակցնել «երջանկություն» հիերոգլիֆը, իսկ սա անգիտությունից գլխիվայր է փակցնում։ Տերը ցանկանում է պատժել աղախնուն, բայց հնարամիտ կառավարիչն ասում է. «Ծառան ամեն ինչ ճիշտ է արել, և այսօր ձեր տուն երջանկություն է եկել»։ Այստեղ տերը հիշում է, որ փողոցով անցնող մարդիկ, իրոք, ասում էին, որ իր տուն երջանկություն է մտել։ Բանն այն է, որ չինարեն «բախտը շուռ է եկել» հնչում է այնպես, ինչպես «բախտը բերել է»։ ՈՒ այդ ժամանակից ի վեր «երջանկություն» հիերոգլիֆը գլխիվայր փակցնելու սովորույթը մտել է չինացիների կենցաղ։ Բացի այդ, Նոր տարուն որևէ մեկին վնաս չպատճառելու նկատառումով տարեմուտի գիշերն արգելվել է դանակ, մկրատ օգտագործել, ջրհորից ջուր քաշել։
Բայց դառնանք տոնին։ Ինչպես հայտնի է` Չինաստանում Ամանորը կամ Չունցզեն գարնան տոն է։ Դա ամենակարևոր ու ամենաերկարատև տոնն է, որ նշվում է առանձնակի շուքով։ Չինացիները հավատում են, որ Նոր տարվա հետ իր իրավունքների մեջ է մտնում նոր կենսափուլը. բնությունն արթնանում է, և շուրջբոլորը լցվում է խինդով։ Չինական Նոր տարվա ճշգրիտ օրը որոշվում է Լուսնի փուլերով, որոնք փոփոխական են, և Գրիգորյան տոմարով այն համընկնում է հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածի օրերից մեկին։ Այս տարի չինական Նոր տարին կնշվի փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը։ Արևելյան տոմարով ամեն տարվան համապատասխանում է կենդանակերպի 12 նշաններից և հինգ տարրերից մեկը։ Համարվում է, որ դա գալիս է չինական հին ավանդապատումից։ Նրանում ասվում է, որ Նոր տարվա օրն էր հենց հայտնվում զարհուրելի հրեշն ու կուլ տալիս մարդկանց։ Սակայն մի օր մի խելացի ծերուկ որոշում է խորամանկել և հրեշին հավատացնում է, որ մարդիկ ոչնչություն են նրա համեմատ, և նրանց ոչնչացնելը պատիվ չի բերում իրեն։ Ապա, փոքր-ինչ դադար տալով, ծերուկն ավելացնում է, որ նա ավելի լավ կլինի պայքարի իրեն հավասարազոր գազանների հետ։ Այդ ժամանակվանից հրեշն ամեն տարի իրեն մրցակից է ընտրում 12 գազաններից մեկին։ Եվ մինչ գազանները սովորեցին սսկվել ու թաքնվել ահեղ հրեշից, մարդիկ էլ արդեն սովորեցին իրենց ու իրենց տները պաշտպանել նրանից։ Ամբողջ գաղտնիքը վառ կարմիր լապտերներն էին, որոնցից ահավոր վախենում էր հրեշը։ Այդ ժամանակից ի վեր էլ ավանդույթ է դարձել Նոր տարվա առաջին օրը կարմիր լապտերներ վառել, իսկ տոնախմբությունն ավարտվում է Լապտերների մեծ տոնով, որը նշվում է հանդիսությունների 15-րդ օրը։
Այս տարի, համաձայն չինական ավանդազրույցի, իշխանությունը Ջրային օձինն է։ Բայց հետաքրքիր է, որ այս տարին տարերային իր նշանակությամբ ասես անցած` Վիշապի տարվա շարունակությունը լինի, որը նույնպես սև էր ու ջրային։ Միայն եթե Վիշապն ունի վառ արտահայտված տղամարդկային բնույթ և գտնվում է Յանի նշանի տակ, ապա Օձը կունենա կնոջ բնույթ և կգտնվի Ինյի նշանի տակ։ Իսկ ընդհանրապես չինական մշակույթում, ինչպես որ, ի դեպ, նաև ուրիշ շատ հին մշակույթներում, դա վերին աստիճանի բարդ և ունիվերսալ նշան է, որը խորհրդանշում է մահն ու անմահությունը, չարն ու բարին։ Համարվում է, որ օձի մեջ այդ բոլոր հատկանիշները մարմնավորում են թե՛ երկծայր լեզուն, թե՛ թունավորությունը, թե՛ կենդանիներին ու թռչուններին հիպնոսելու առեղծվածային ընդունակությունը։ Մի կողմից օձի կերպարը կապված է մահվան հետ` օձերի թունավոր լինելը, մյուս կողմից` մաշկ փոխելը խորհրդանշում է վերածնությունը, իմաստնությունն ու հզորությունը, ինչպես և թույնի բուժական հատկանիշները։ Բացի այդ, Չինաստանում հավատում են, որ օձի մաշկը հարստություն է բերում, և դրանով արտասովոր գեղեցիկ զարդեր են սարքում։
Բայց չինական Նոր տարին մյուս տոներից տարբերվում է ոչ միայն հարյուր հազարավոր կարմիր լապտերներով ու խլացուցիչ հրավառություններով։ Վաղեմի ժամանակներից ընդունված է եղել այն նշել ընտանեկան մթնոլորտում։ Ընտանեկան խնջույքներին արգելված էր մասնակցել անգամ ամենամոտ բարեկամներին։ Ոչ ոք սեղանին չէր կարող մոտենալ, եթե բացակայում էր ընտանիքի թեկուզ մեկ անդամ, իսկ եթե նրանցից որևէ մեկը հարգելի պատճառով չէր կարողանում հասնել ընթրիքին, նրա տեղը սեղանի շուրջ նախատեսված էր լինում։ Եվ պատահական չէր, որ տոնի նախօրեի գիշերը կոչվում է «բաժանումից հետո հանդիպման գիշեր»։ Այդ օրը, նույնիսկ ոչ ամենահարուստ ընտանիքներում, սեղանները սովորաբար ճկվում են ուտելիքի ծանրությունից։ Հին առասպելի համաձայն, ամեն նոր տարվա սկզբին չինացիները հարկադրված են եղել պայքարելու Նյան անվանումով առասպելական կենդանու դեմ։ Նյանը գալիս էր Նոր տարվա առաջին իսկ օրը, որ խժռեր անասունները, հացահատիկն ու սննդի պաշարները, և անգամ գյուղացիներին ու հատկապես երեխաներին։ Նրանից պաշտպանվելու համար մարդիկ ուտելիք էին դնում տան մուտքի դռան առաջ։ Ավանդազրույցի համաձայն, որքան այն շատ լինի, այնքան բարի ու խղճով կլինի գազանը։ Մարդիկ հավատում էին, որ երբ Նյանը կշտանա, այլևս մարդկանց վրա չի հարձակվի և հանգիստ կթողնի նրանց։ ՈՒ հիմա տոնական սեղանին անպայման պիտի լինեն այնպիսի մթերքներ, ինչպիսիք են պելմենները, ձուկն ու բրնձի տեսակները, տապակած միսը, միրգն ու քաղցրավենիքը։ Չինաստանում ամանորյա սեղանին պարտադիր ճաշատեսակ է բրնձի քաղցր կարկանդակը, որը պատրաստվում է քառակուսի` որպես Երկրի խորհրդանիշ։ Հարուստ ընտանիքներում կարկանդակների մեջ թանկարժեք քարեր կամ մի կտոր ոսկի են դնում, աղքատ ընտանիքներում` հասարակ բաներ։ Համարվում էր, որ նոր տարում հաջողություն կունենա այն երջանիկը, ում բաժին կընկնի թանկարժեք իրով մի կտոր կարկանդակ։ Իսկ սեղանին ցորենով լի մի թաս են դնում, սեղանի վերևում կախում են բարեմաղթանքների երկտողեր։
Այս օրերին, եթե հյուր են գնում առանց նվերների, ապա ընդունված է տանտերերին երկու մանդարին նվիրել։ Չինարեն «ոսկի» բառի հնչողությունը շատ նման է «երկու մանդարին» բառերի հնչողությանը, և այդ նվերով տանտերերին բարօրություն են մաղթում։ Իրենց հերթին հյուրընկալ տանտերերը ևս, ի պատասխան, իրենց հյուրերին երկու մանդարին են նվիրում։ Երեխաներին ընդունված է հատուկ կարմիր ծրարներով կամ փոքրիկ քսակներով փող նվիրել, ցանկալի է նոր մետաղադրամներ։ Դա երեխաներին չար ոգիներից պաշտպանելու համար է։ Նոր տարվա առթիվ սիրելի մարդու համար լավագույն նվերը համարվում են թաղարով նարգիզի, ելակի, կակաչի, բամբուկի, վարդի թփերը։ Չինացիները վատ նշան են համարում քաղված ծաղիկներ նվիրելը։ Շատ ընդունված է հատկապես աշխատակիցներին և անգամ մրցակիցներին նոր տարվա գունագեղ օրացույցներ նվիրելը։ Բացի այդ, ըստ ավանդույթի, երկարատև տոնի վերջում բարեկամներն ու ընտանիքների անդամները միմյանց «երջանիկ փող» են նվիրում` երկար կյանք ունենալու մաղթանքներով։
Ավանդաբար չինական Նոր տարուն մարդիկ կարմիր հագուստ են հագնում, հատկապես ներքնազգեստը։ Այդպես նրանք իրենցից վանում են չար ոգին։ Այս առիթով ևս լեգենդ կա. մի անգամ մարդիկ տեսնում են, որ Գազանը վախենում է երեխայի կարմիր հագուստից և մտածում են, որ նա վախենում է կարմիր գույնից։ Այսպիսով, այդ ժամանակից ի վեր, Նոր տարուն մարդիկ կարմիր լապտերներ և կարմիր թղթեր են կախում իրենց տների դռներից ու պատուհաններից, գնում են նույն գույնի նոր զգեստ։ Բայց 2013-ին հարգի կլինեն նաև կապույտը, կանաչն ու սևը` Ջրային օձի գույները։
Ավանդույթը` ավանդույթ, բայց ներկա «նոր ժամանակը» Չինաստանում իրեն զգալ է տալիս։ Այսպես, Նոր տարվա նախօրեին լրատվամիջոցներում հետաքրքիր հաղորդագրություն երևաց ՉԺՀ-ում նոր միտումի դրսևորման մասին. չինացիները սկսել են ավելի հաճախ Նոր տարին դիմավորել Միացյալ Նահանգներում։ Ընդ որում, դա նոր ավանդույթ է դառնում միջին խավի չինական ընտանիքների համար։ Չինական զբոսաշրջային կազմակերպությունների տվյալներով` երկրի բնակիչները միայն անցած տարի ավելի քան 80 մլն ուղևորություն են կատարել արտերկրներ։ Իսկ դա, համաձայնեք, երկրի բարօրության պակաս խորհրդանիշ չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից