Մեծարգո նախագահ:
Նախ, ուզում եմ հայտնել, որ մենք տուն-տեղովի, ազգ-ցեղովի լավ ենք, առողջ ենք, ամենակարևորը՝ ԱՊԱՀՈՎ ենք, ինչը Ձեզ եմ ցանկանում՝ հատկապես փետրվարի 18-ից հետո:
Գալով փետրվարի 18-ին, համոզված եմ, որ նախագահական ընտրությունում դուք հաղթելու եք: Իմ հարևան Գուգուշն է այդ մասին վկայում, ով վերջերս տառապում է պայծառատեսությամբ: Տառապում է, որովհետև նա իր ստացած թոշակով հազիվ է յոլա գնում, բայց բոլոր գուշակությունները կապված են թանկացումների հետ և, հակառակի պես, կատարվում են: Ասում եմ՝ այ Գուգուշ, մի անգամ էլ լավ բան գուշակիր, էլի՜: Ասում է՝ իրավունք չունեմ, իմ գուշակությունները վերևից են նախանշված: Ուստի, մեծարգո նախագահ, կխնդրեի, որ եթե հնար ունեք, այնպես արեք, որ մինչև 18-ը գոնե ձուն չթանկանա, քանի որ ձմեռ է, հարբուխի վտանգ կա, ձու խմենք՝ ձայններս չկտրվի, տանք Ձեր օգտին:
Խոստովանեմ, երբ իմացա, որ նախագահի թեկնածուների թիվը 15 է, առաջին պահ քիչ մնաց զանգահարեմ Գագիկ Շամշյանին: Բայց երկրորդ պահին մտածեցի՝ ափսոս, որ 16-ը չեն, կդառնար իսկը ձեր սիրած շախմատը ՝ 16 ֆիգուրով: Արքան ունեինք, թագուհին, քաղաքական փղերն ու լող տվող նավակներն առաջադրվել էին… Իսկ ավելի լուրջ, պարոն նախագահ, չնեղանաք, թեկնածուների շատության հարցում մեղավորը Դուք եք: Ժամանակին, եթե մեր երկրում իսպառ վերջ տայիք գործազրկությանը, այսքան պարապ մարդ մի տեղի համար չէր հավաքվի:
Բայց եղածը եղած է, և, ըստ իմ հարևան Գուգուշի պայծառատեսության, հայ ժողովրդի պատմությունը կրկնվում է՝ աննշան շեղումներով:
Օրինակ, ասորագետին փոխարինելու է գալիս էպոսագետը:
Եթե առաջինը հայ ժողովրդին մղեց նախնադար, երկրորդը գոնե առաջընթաց կունենա ու միջնադարով կբավարարվի:
Հունան Ավետիսյանի նմանությամբ, յուրայիններից պոկված, ինքնառաջադրվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ,,Ժառանգությունը,, հազիվ հասցրեց նրա հետևից գոռալ, որ նրան աջակցում է: Բոլոր նախադրյալները կան. փետրվարի 19-ին նրան կհերոսացնեն՝ տարփողելով, թե արդյունքները կեղծվել են:
Մեր վաղեմի հռչակավոր Հրանտ Բագրատյանն էլ, հերոս պիոներ Գրիշա Հակոբյանի պես, ՀԱԿ-ի իր հարազատներին ՀԱԿա հայտարարեց, «կուլակաթափ» արեց ՝ հանուն «Ազատության» և իր վեհ կերպարի: Մյուսների նկատմամբ նախկին վարչապետի առավելությունն այն է, որ նա այդպես էլ չի գիտակցում, որ ինքը, ավաղ, անկրկնելի նախկին է: Ինչ մնում է Պարույր Հայրիկյանին, ապա, ըստ Գուգուշի, նա տեղովը մեկ կրկնվող պատմություն է ՝ ամեն ընտրական գործընթացի:
Գուգուշը հուսով է, որ «Ռադիո հայ»-ի Անդրեասին ավելի մոտիկից կճանաչի, երբ նա քարոզչության ժամանակ կխոսի թոշակների բարձրացման, օրենքի գերակայության, գործազրկության վերացման և անցած ընտրությունների խոստումների ցանկից անպակաս այլ բաների մասին: Բայց, այ, ղարաբաղցի Արման Մելիքյանի մասին, Գուգուշը, ինչպես յուրաքանչյուր սթափ հայաստանցի, գերադասում է լռել:
Եվ այսպես, ընտրությունները մոտենում են, և մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ մեր ազատ, անկախ հայրենիքում, միակ բանը, որ այսքան ժամանակ պակասել էր, դա մեր ԱՊԱՀՈՎ լինելն էր: Դա էլ՝ էսօր-էգուց: