«Սպառողական, կրավորական մտածողությունը (ա՜խ այդ Մարքսը) մշակույթը դիտում է որպես ազգային կյանքի մի գեղեցիկ զարդ, վայելք, որ նեղ օրերին կարող է և չլինել, որը լավ և հաճելի է, երբ փորդ կուշտ է»։
Սերգեյ ԽԱՉԻԿՕՂԼՅԱՆ
ՀԱՆՐԱՀՌՉԱԿՈՒՄԸ` ՓՐԿՕՂԱԿ
Եկեք ելնենք փողոց և քայլենք դեպի կրթյալ որևէ հաստատություն։ Դիցուք, հյուրընկալվենք որևէ մասնավոր բուհում։ Կամ բախենք առաջին պատահած փաստաբանական գրասենյակի դուռը։ Գուցե հանգրվանենք Օվալաձև դահլիճու՞մ։ Միգուցե հարցախույզի ենթարկենք անցորդներին մայրաքաղաքի որևէ արվարձանում, կամ Վանաձոր պատվարժան քաղաքում, կամ տաղանդների բնօրրան Կումայրի-Գյումրիում։
Հյուրընկալվենք, հանգրվանենք, փորձենք պարզել, թե արդյոք հանրությանը ծանոթ են Ռուբեն Շահվերդյանի, Ալբերտ Պարսամյանի, Վարոս Շահմուրադյանի, Հրաչյա Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի անունները։ Նմանապես ազգային կերպարվեստի այլ նշանավոր վարպետների անուններն են գրեթե անհայտ։ Մի՞թե հայ ազգային կերպարվեստի հետսարյանական ժամանակաշրջանի զարմանահրաշ գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանը գնահատված է հավուր պատշաճի։ Արդ ամփոփ ընթերցողի ուշադրությանը ներկայացնեմ Հովհաննես Զարդարյանի կերպարը, այնուհետև ի լուր աշխարհի հայտարարեմ ազգային կերպարվեստի զորականչը։ Եկեք ուշի ուշով զննենք նրա ներքոհիշյալ արարումները. «Աղբյուր», «Կակաչներ», «Մայրություն» և «Պլեադներ» նկարաշարքից որևէ գործ և փորձենք այս զարմանալի վարպետին պատկերացնել, դիցուք, Անկախ հայկական պետության նկարիչ, որը ոտնիգլուխ տրված իր արվեստին, արարում է Մշո դաշտում` ամռան տապին, խոր աշնանը` Բյուրականում, սառնաշաքար ձնահոսքի ուղեկցությամբ Սասնա քարաստան աշխարհում և վաղ գարնանը` Արցախի Արարատ լեռան` Մռավի լանջերին։
Հաճախ են այս հրաշալի վարպետի կյանքն ու գործը ներկայացնողները հատկանշում ուշագրավ մի հանգամանք... Զարդարյանը հիմնականում ապրել-արարել է Բյուրականում, շփվել է մեծն աստղագետի հետ, զննել է տիեզերաշխարհը, գերվել է, մտորել է, և այս ամենը հանձնել է կտավին, կտակել սերունդներին։ (Տե՜ր իմ Երկնավոր, արդյո՞ք Սարյանը Հայկական աշխարհը չէր կերպավորի, եթե ճակատագրի շարժանիվը նրան պատսպարեր Հրո Երկրում։ Եվ մի՞թե Յակուլովն իր վերերկրային թատերական ձևավորումները չէր իրականացնի, եթե հանգրվաներ, մշտապես բնակվեր էսկիմոսական մի ավանում)։ Ամբողջացնեմ միտքս` Զարդարյանը օծյալ նկարիչ էր, և նրա բյուրականյան կյանքն ընդամենը հովվերգական դրվագում է, ուրիշ ոչինչ։ Այս ամենով հանդերձ, նա բեղմնավոր կյանք է ապրել։ Ապրել է իբրև մեկը, որին ազնվական հոգեաշխարհի և կեցվածքի համար սիրել, գնահատել են ամենքը, վարչական վերնախավը, արվեստասեր հանրությունը և կերպարվեստի վարպետները։
ՄԱՐԴԸ ՄԱՏԵՆԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ
Վաղու՜ց, դեռ կյանքիս վաղ երիտասարդական շրջանից եմ զգացել, որ հայ ազգային մշակույթի և արվեստի որոշ երևելիներ ասես դուրս են սահել մեր մատենական նկարչությունից, այլ կերպ ասած` մանրանկարչությունից։ Հիշեք հետայսու ներկայացվող երևելիների կերպարը և պատկերացրեք նրանց միջնադարի որևէ նշանավոր ծաղկող-նկարչի մատենական մանրանկարում։ Մի՞թե Ազնավուր չի պատկերվել հռչակավոր Թորոս Ռոսլինի որևէ մանրանկարում։ Ռոսլինի երկու-երեք ափաչափ տարածք զբաղեցնող, սակայն մի քանի կանգունի համարժեք կոթողայնության որևէ գլուխգործոց վերցրեք և այնտեղ փնտրեք ու գտեք մեծն Շառլին։ Նմանապես մատենանկարչության կերպարներ են Միքայել Թարիվերդիևը, Անաստաս Միկոյանը, Արտավազդ Փելեշյանը, Եղիշե Չարենցը և… Հովհաննես Զարդարյանը։ Նրանց միավորում է մանրանկարչական կոթողայնությունը։ ՈՒշի ուշով վերհիշեք նշված անմոռանալի կերպարները և նրանց արվեստում փնտրեք-գտեք արարչական հայկականության հետագիծը։ Պարզ ու կառուցիկ կերտումներով վերոնշյալ արվեստագետները համաշխարհային նշանակության քաղաքակրթական մակընթացումներ են առաջացրել։
Հովհաննես Զարդարյանը խիստ հեռու էր բոհեմական ինքնահռչակումից։ Արհեստավարժ արվեստաբանները, անշուշտ գնահատել են նրա ինքնության հորինվածքն ու գունաշխարհը։ Նա, անկասկած, խորհրդահայ կերպարվեստի ներկայացուցիչ էր, բայց նա, թերևս ավելի, քան այլ մեկը հիմնավորեց իր ողջ կյանքով, որ ստեղծագործող անհատի ներշնչանքային ազատությունը երբևէ չի սահմանափակվում իշխող ժամանակի գաղափարական կաղապարներով։ 1948 թվականին Զարդարյանի «Խաչատուր Աբովյան» ստեղծագործությունն արժանանում է ՀՍՍՌ պետական մրցանակին։ Մեկ տարի անց, 1949-ին նա արժանանում է ՍՍՌՄ Գեղարվեստի ակադեմիայի մրցանակին` «Սևանգէսի շինարարների հաղթանակը» նկարի համար։ 1956-ին պարգևատրվում է «Աշխատանքային Կարմիր դրոշ» շքանշանով։ Նույն տարում այցելում է Իտալիա, մասնակցում Վենետիկիի բիենալեին։ (Բազմիցս է մասնակցել Վենետիկի հռչակավոր բիենալեներին)։ Մեկ տարի անց Զարդարյանը մասնակցում է խորհրդային արվեստագետների առաջին համամիութենական կոնգրեսին։ Արդեն 1958-ին Զարդարյանի «Գարուն» կտավը Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում արժանանում է «Մեծ արծաթե» մեդալի։
Այս խիստ յուրօրինակ վարպետը շատ է ճամփորդել։ Մասնավորապես ցուցահանդեսներով ներկայացել է քմահաճ և բազմատես արվեստասերների և տեսաբան-վերլուծաբանների, անշուշտ նաև գործընկեր նկարիչների դատին` Նյու Յորքում և Մեխիկոյում, Հավանայում ու Կահիրեում, Վարշավայում և Բեռլինում, Բեյրութում և Տոկիոյում, Փարիզում և Բուխարեստում, մի խոսքով` արար աշխարհում։ Զուգահեռաբար նա արժանանում է կառավարական այլևայլ շնորհների։ Բայց ստեղծագործում է այնպես, կարծես ապրում է Ֆրանսիայում, ստեղծագործում է Մատիսի հարևան արվեստանոցում, ցուցադրվում է Յակուլովի հետ, ճամփորդում է արևելքում՝ Սարյանի առաջնորդությամբ։
Զարդարյանի մասին բացմիցս գրել են։ Կարծես հիմա էլ գրում են։ Կասկած չկա, տեսանելի ապագայում (հուսանք և չհուսախաբվենք) նրա արվեստը կդառնա գիտական թեզերի նյութ։ Գիտակ մարդիկ (այն է՝ ծանրաբարո, միաժամանակ ազատախոհ արվեստաբանները) նշում են վարպետի նշանավոր «Գարուն» և «Ձգտում» գործերի հիմնարար նշանակությունը խորհրդային բազմանիստ և գերհարուստ կերպարվեստի գաղափարական կաղապարները «քնքշորեն խորտակելու» գործում (բնորոշումը՝ հեղինակի)։ Ըստ իս, նրա ազատության ընկալումը կենսաձև էր, ձգտում չէր, կյանքի ուղեկից էր և՛ ստալինյան մետաղյա պարփակումների, և՛ խրուշչովյան թավշե բռնադատումների, և՛ բրեժնևյան փափկանկատ բյուրոկրատիայի օրերին։ Նրա «Գարուն» կտավը ինքնակենսագրական երևույթ է։ «Աղբյուր», «Կակաչներ», «Մայրություն», Պլեադներ» շարքերը զարմանահրաշ գեղագիտության, անվերապահ շնորհի և անաղմուկ ու անկեցվածք անհնազանդության ցնծագին արգասիք են։
Զարդարյանի կակաչնե՜րը... Դրանք զուտ հորինվածք չեն և կամ էլ ձոն բնաշխարհին։ Սա գրելով անկեղծանում և խոստովանում եմ, որ ինքս էլ չգիտեմ, թե դրանք ինչ են, գեղագիտական ո՞ր չափման մեջ են գտնվում։ «Կակաչների» շարքը (և, իհարկե) մյուս գործերը կերպարվեստի հմայիլներ են, որոնցով պետք է զմայլվել, ուրիշ ոչինչ։
Հովհաննես Զարդարյանի կակաչները հորինվածքային անակնկալներ են, դրանք կարծես գորգ ու կարպետ են, զարմանալի աշխարհակառույց են, երբ նա աշնան սկզբին Բյուրականի լանջից զննում էր լեռնաշխարհը, որսում այս ու այնտեղ բոցկլտացող հուր կարմիր կենաց-պտուղ կակաչները։ Թերևս ոչ մի ծաղիկ մեր երկրում կակաչի պես բազմատեսք և բազմախորհուրդ չէ։ Արարատյան դաշտի կակաչը այնքան էլ ինքնուրույն ծաղիկ, բնության զարդ չէ, քանզի շրջապատում մրգերի թագավորությունն է։ Դե փորձիր մրցակցել սաթեողկույզ խաղողի, որդան կարմիրով կողը շպարած ծիրանի կամ թեկուզ հեթանոսության խորհրդանշան փշատի հետ։ Նախալեռներում կակաչն ազատ է իր վայելքներում, սակայն մաքառելով խստաբարո բնության հետ, չի զորանում։ Շքեղաշուք են դեպի Աղվերան տանող ճամփեզրի կակաչները ամռան վերջին։ Այս ամենը վարպետը պատկերագրել է ասես մագաղաթի մակերեսին, հինավուրց ծաղկողի սիրով։
ՀԵՏԳՐՈՑ
Մշակույթի համակարգող ենթանախարարությանը հորդորում ենք՝ դարձի գալ և հայ ազգային կերպարվեստը դիտարկել (ինչպես ժամանակին ասել-պնդել եմ) որպես երկրի տնտեսության անփոխարինելի մի քարշակ։ Եկեք ձեռք ձեռքի (առայժմ մտովի) կառուցապատենք «Կերպարվեստի Երուսաղեմ երկիր» Երևանում, Վանաձորում, Գյումրիում, այլ կերպ ասած, հայկական աշխարհում, որտեղ ապրում-արարում են հայ կերպարվեստագետներ և ուրվագծվում են երևելի վարպետների հետքերը։
Սա թող հնչի որպես կոչ` թանգարաններ ստեղծել ամենուր։ Եթե գործում են Հակոբ Կոջոյանի և Երվանդ Քոչարի, Մարտիրոս Սարյանի ու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանները, եթե դռները բացել են այլ թանգարաններ և պատկերասրահներ, ապա ժամանակն է, որ բացվեն Ռուբեն Շահվերդյանի, Հրաչյա Հակոբյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի և մյուս, ոչ այնքան հանրածանոթ, սակայն առաջնակարգ վարպետների թանգարանները։ Այսպիսով ինքնին կստեղծվի ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՐԿԻՐԸ։
Հովհաննես Զարդարյանը, ինչ խոսք, որ նշյալ երկրի պատվավոր բնակիչներից մեկն է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ