Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԱՅԻ ՇՈՒՆ, ԹՈՒՐՔԻ ՁԻ ԵՎ ՔԵՌԻ ՊԵՏՈ

ՀԱՅԻ ՇՈՒՆ, ԹՈՒՐՔԻ ՁԻ ԵՎ ՔԵՌԻ ՊԵՏՈ
24.06.2011 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Եթե Աստված կարծում է, որ ինքն անքննելի է, թող այդպես էլ կարծի։ Ի՞նչ է մնում գալիքի իմաստուններին, եթե ոչ համակերպվել տիեզերական ըմբռնողության դաշտի կուռ տրամաբանությանը։ Այնուամենայնիվ, ես, ով գալիքի իմաստունների շարքում դասվելու հիվանդագին հավակնություն չունի, չսակարկելով հանդերձ արարչի անքննելիության փաստը և հնարամտորեն օգտվելով ամեն ինչին կասկածելու իմ նույնքան անժխտելի իրավունքից, հայտարարում եմ. «Աստծո տեսադաշտում նույնպես հորիզոններ կան, և դրանցից անդին ինչե՜ր ասես, որ չեն պատահում»։
Կարծում եք Աստված, իր գահավորակին բազմած, անխռով դիտո՞ւմ էր, թե ինչպես է հայ դյուցազունը, առանց աչք ճպպացնելու, արտասանում. «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը»։ Կարծում եք Ադոլֆ Հիտլեր անունով հրեշը «Ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» ճշմարտությունը բարձրաձայնելիս նկատի չունե՞ր նաև Արարչին և հե՛նց Արարչին։ Ես և Հիտլերը, կասկածելով Աստծո ամենատեսությանն ու ամենակարողությանը, ճիշտը որ ասեմ, նրան փրկում ենք «Ամեն ինչ տեսնելու և լռելու» անհարկի մեղադրանքներից։ Ոչ ավելի, ոչ պակաս՝ ես և Հիտլերը Աստծուն կասկածում ենք, որովհետև հավատում ենք։
Եթե ամենակարող Աստված իր աստվածային կաշվից գեթ մի պահ դուրս գալու ցանկություն ունենար, հայի ու թուրքի կարծիքը չէր հարցնի, և ապագայում մի ոմն հայ գրող, Հիտլերի պոչը բռնած, Աստծո անքննելիության գերագույն ճշմարտությունը կասկածով չէր հոտոտի։
Արդեն պատրաստվում էի Հիտլերին մի կողմ թողնել և, աստվածուրացության մեղքն ամբողջովին ստանձնած, Արարչի հետ զրուցել նրա ստեղծած արարածներից երեքի՝ հայի շան, թուրքի ձիու և քեռի Պետոյի մասին, երբ ամենատես կինս, աչքի պոչով այս պարբերությունը կուլ տալով, բողոքի ցույց մոգոնեց.
-Ծայրեծայր անհեթեթություն է,- ասաց,- Աստված անսահմանության տիրակալն է... ի՜նչ կաշի, ի՜նչ բան։
-Եթե անսահմանություն է, էլ ի՞նչ տիրակալ,- ասում եմ և փորձում տրամաբանությամբ խեղճացնել նրան,- չկա՛ սահման՝ չկա՛ տիրակալ։
-Հայ ու թուրք խելք խելքի տվել, մի վիժվածքի պոչը բռնած, մեկդ իր խեղճությունը, մյուսը՝ կեղտը, ուզում եք Աստծո վզին փաթաթել,- ասաց նա,- ուշքի եկեք։
-Մեծ-մեծ խոսում ես,- ասացի,- բայց հենց մատդ փուշ է մտնում, սկսում ես նրան քարկոծել։
-Աստված ասելիս ես հենց Աստծուն նկատի չունեմ։
-Բա ո՞ւմ, լույսի տեսուչի՞ն։
-Ի՞նչ ես մի ճապաղ պատմվածքի համար ոտ ու ձեռ ընկել՝ հա՜յ... թո՜ւրք... Աստվա՜ծ... պարզ բաների մասին մտածիր։
-Լվացքի մեքենայի՞,- խայթում եմ։
-Հենց էլ լվացքի մեքենայի,- ասաց նա,- մարդու հոգս է թեթևացնում, ձեր կեղտերն է մաքրում։
-Կուզե՞ս վերնագիրը փոխեմ,- հեգնեցի,- «Լվացքի մեքենա» դնեմ։
-Ամա՜ն, ես քո ցնդաբանությունների հետ գլուխ չունեմ։ Ա՜յ, եթե Չեխովը լիներ, կգրեր։ Առանց Աստծո անունը շահարկելու, հայի ու թուրքի կեղտոտ սպիտակեղենը կլցներ լվացքի մեքենայի մեջ ու այնքան կպտտեր, որ արդյունքում լվացքը բաժանելիս թուրքի շապիկը հային բաժին կընկներ, հայի շապիկը՝ թուրքին։ Չեղա՞վ պատմվածք։
Ի՜նչ արած, եթե կինս վեճ է սկսում, ավարտում է հաղթանակով։ Պարտությունս լուռ մարսելով` կփորձեմ հետևել նրա խորհրդին՝ հայի ու թուրքի մասին պատմվածք կգրեմ առանց Աստծո անունը հիշատակելու։
Կար ժամանակ, երբ հայի շունը չէր գիտակցում, որ ինքը հայի շուն է։ (Շատ տարիներ անց նույն անտեղյակության մեջ էր նաև հայ երեխաների ճիպոտների հարվածները իր մաշկի վրա ընդունող թուրքի ձին)։ Ապրում էր իր շնային կյանքով։ Հաֆ-հաֆ... հա՛ֆ-հա՛ֆ՝ տուն էր պահպանում չար ու շառից, գող ու ավազակից։ Ոչխարի հոտը արոտ էր ուղեկցում՝ ճամփեքին գել ու գազանի շուքի հետ կռվելով, տիրոջն իր հավատարմությունը խաղարկելով, արևից իր բաժին ջերմությանը արժանանալով, տիրոջ կրծած ոսկորը վերստին կրծելով, երբեմն էգի տիրանալով, երբեմն էլ իր կարոտը աղեկտուր ոռնոցի մեջ պարպելով։ Ինքը տիրոջն էր փառք տալիս, տերը՝ նախախնամությանը։
Չգիտեր նույնիսկ` տերը հա՞յ է, թե՞ թուրք (թե ում կողմից էր ծեծվում՝ հայի՞, թե՞ թուրքի, չգիտեր նաև հիշյալ ձին)։ Ոչ մի կրոնի չէր դավանում, հաչում էր ու հաչում։ Չես ասի, որ խելոք շուն էր։ Եղավ այնպես, որ հեռուներից եկած մի հայ հեղափոխականի գզեց, և տերը գավազանը իր վրա շպրտեց։ Իր սխալն անմիջապես զգաց և ինքն իրեն պատժեց. երկու օր տիրոջ նետած ոսկորին մոտ չգնաց։ Տերը ներողամիտ էր, շանը մոտ կանչեց, ականջների տակ քորեց, գզգզված բուրդը տիզերից մաքրեց և շան ականջին շշնջաց. «Օտարական էր, բայց մերն էր, Չալո»։ Շունը երդվեց ու բովանդակ կյանքում նույն սխալը չկրկնեց (շները, ի տարբերություն մարդկանց, այդ արատը չունեն)։ Օտարականը մնաց Չալոյի գզած առաջին ու վերջին հեղափոխականը։ Շնային կյանքը կարճ, բայց իրադարձություններով ակաղձուն է։ Ամեն բան չէ, որ նրանց ուզածով է լինում։ Օրերից մի օր պայթյուններ դղրդացին, թոզ ու դուման բարձրացավ, մարդ ու անասուն իրար խառնվեցին, ջրերը ցամաքեցին, տներն ավերվեցին կամ դատարկվեցին, և շները մնացին անտեր։
Անտեր Չալոն իր պես անտեր շների հետ, Սասուն աշխարհի անունն էլ չյուրացրած, հայրենիքի մասին տարրական գիտելիքներից զուրկ, հայի ու թուրքի սահմռկեցուցիչ բնազդներին անտեղյակ՝ սոված, հալածված ու անտեր, մարդկային դիակները հոտոտելով, արյան անսովոր համ ու հոտից որձկալով, դես ու դեն ընկավ՝ հարազատ քար ու թփերի մեջ որոնելու անցած-գնացած երջանիկ օրերի իր շնային տեսլականը։
Կարծես թե ասել-խոսելու, կաշվից դուրս գալով հայի ու թուրքի ոտն ու գլուխը տնտղելու, եղածին նոր բան ավելացնելու հարկ չկա։ Անտեր մնացած մի շան պատմությամբ հայ դատի աշխարհով մեկ սփռված գրասենյակների վավերագրական հաստափոր հատորների պարունակությունը հարստացնելու մեր չնչին ջանքը, սակայն, այլ մեկնակետ ունի։ Ամենքս էլ տեսնում ենք, որ մարդու կյանքին առնչվող բաներն արդեն ձանձրացնում են աշխարհի հզորներին։ Եվ որպեսզի Օբաման ու Պուտինը չհորանջեն, հիշեցնում եմ՝ խոսքը շան մասին է և իր զոհին հայտնաբերելու թուրքական հանճարի։ Զանգվածային կոտորածների ժամանակ հատ ու կենտ հայեր հաջողեցին քրդերի կերպարանքով ծպտվել նրանց ընտանիքներում։ Ծպտված հայերին հայտնաբերելու համար թուրք իմաստունները հորինեցին զենքերից ամենադիվայինն ու կատարյալը՝ շնային հավատարմությունը։ Տեղահանված ու կոտորված հայերի անտեր շները կալանելով, նրանց կերակրելով ու կարգի բերելով, թուրքերը շնային դասակներ կազմեցին ու ներխուժեցին քրդական գյուղերը։ Ազգաբնակչությանը դրսում շարելով, թուրք զինվորականները բաց էին թողնում հայերի անտեր շներին։ Սրանք էլ կարոտից ու հավատարմությունից այրվելով և ճանաչելով քրդերի մեջ ծպտված իրենց տերերին, կլանչելով վազում և փաթաթվում էին նրանց ոտքերին։ Թուրքական ռազմարվեստի այդ հանճարեղ գործողություններից մեկի ժամանակ էլ Չալոն ճանաչեց իր տիրոջը։
Չալոն այդ պահին էլ չիմացավ` իր տերը հա՞յ է, թե՞ թուրք։ Շներին տրված չէ այդ շնորհը։ Նույնիսկ տիրոջ գլխատվելուց հետո իր մեղքը չզգաց։ Եվ երբ թուրք սպան Օսմանյան կայսրությանը մատուցած ծառայությունների համար որպես պարգև նրան նետեց իր կրծած ոչխարի կրծքամասի մի հյութալի կտոր, նա բնազդով նետվեց դեպի այն։ Հետո, հավանաբար, հիշելով հայ հեղափոխականին գզելու դրվագը, տիրոջ զայրույթը, ինքն իրեն պատժելու դատավճիռը, գռմռալով հետ-հետ քաշվեց ու աչքի պոչով նայեց արյան լճակի մեջ դեռևս ցնցվող տիրոջը։ Չալոն չգիտեր, թե ինչ բան է մատնությունը. կլանչեց-կլանչեց և թուրք զինվորականների ծափահարությունների ներքո, որպես պատերազմի հերոս և Մեծն Տիրոջից անարգված արարած, գնաց ավարտին հասցնելու իր շնային կյանքի վերջին օրերն ու այս պատմությունը։
Անցյալն անցյալից հանեմ, հային ու թուրքին մնաք բարով մաղթեմ ու դառնամ պարոնայք աշխարհակալներին ասեմ. «Դուք, որ կենդանիների սիրահարներ եք և նրանց պաշտպանության համար միջազգային հիմնադրամներին մեծ-մեծ գումարներ եք հատկացնում, ինչո՞ւ Չալոյի շնային հավատարմության իրավունքի ոտնահարման աղաղակող փաստի առթիվ թուրքական կառավարության վրա ճնշում չեք գործադրում»։ Ասեմ-չասեմ, մեկ է, հորանջելու են։ Ճիշտը կինս է, որ ասում է. «Ձեր «ճիտին պարտքը» ուրիշի վզին մի դրեք»։ ՈՒրիշ բաներ էլ է ասում կինս, ափսոս լսող չկա։ Այս պատմվածքների առիթով էլ ճիշտ ասաց. «Վերնագիրը դրել ես ու կրակն ընկել։ Չալոն գնաց, իսկ քեռի Պետոն ու թուրքի ձին չկան»։ Հետո Չեխովի «պատից կախված հրացանի» օրինակով շշպռելու է ինձ։ Ո՞վ չգիտի, որ քեռի Պետոն և թուրքի ձին, եթե վերնագրի մեջ են մտել, պետք է «կրակեն»։ Տնաշեն, չի թողնում, որ հայի շան դառնահամը ներծծվի իմ մեջ։ Կարծում եք` հե՞շտ է ցավի բլթբլթացող կաթսայի մեջ մտնել և այնտեղից դուրս գալ առանց ցավ զգալու։
-Մի բան, որ սկսում ես, պետք է ավարտես,- ասաց կինս` սուրճի բաժակը դեմս հրելով,- կիսատ-պռատ բաների մեջ ճշմարտությունը մեռնում է։ Էլ չեմ ասում՝ մարդը։
-Ես չեմ հորինել այս շիլա-շփոթը, ով սկսել է, նա էլ թող ավարտի։- Ասում եմ ու զգում, որ ասածս հիմարություն է։
-Չեխովը...
-Ի՞նչ ես կպել Չեխովից,- զայրացած սուրճի բաժակը հետ եմ հրում։
Դառնահամ հեղուկը թափվում է ափսեի մեջ, ափսեից` ձեռագրերի վրա։ «Մեծն Տիրոջից անարգված» բառակապակցությունն անընթեռնելի է դառնում։
-Երեխեքիս արև,- ասում է կինս,- հենց էդ հատվածն էլ ուզում էի ջնջել։
-Ի՞նչ ես քիթդ խոթում պատմվածքիս մեջ, ի՞նչ իրավունքով։
-Որ պատմվածքդ կարդում եմ՝ թուրք... թուրք... գլուխդ լավ թափ տուր, կտեսնես, թե ով է քիթը խոթում և որտեղ։
-Ի սեր...
-Անունը չտաս,- ասաց կինս,- քեռի Պետոյին անցիր, այլ ելք չունես։
Անձամբ ճանաչում եմ քեռի Պետոյին (նաև թուրքի ձիուն եմ անձամբ ճանաչում, որովհետև նրան ճիպտողներից մեկն եմ)։ Քեռի Պետոն և ես ապրում էինք մի գյուղում, որն Արաքսի ափին էր։ Ճիշտ է, գետափին ենք, բայց միայն մեկ անգամ է ինձ հաջողվել ոտքերս թրջել Արաքսի ջրով։
Ռուս սահմանապահների հսկողությամբ մերոնք ափամերձ տարածքում խոտ էին հնձում, մենք էլ իբր օգնում էինք։ Գետի մյուս ափից թուրք երեխեքը քարեր էին շպրտում մեր ուղղությամբ, իսկ մեզ արգելված էր պատասխանել։ Համը հանում էին թուրքի լամուկները։ Պատահում էր` ռուս զինվորները հենց էնպես ավտոմատի փողն ուղղում էին նրանց կողմը։ Վայրկենական փախչում-մտնում էին իրենց հոլիկների հետևը և այնտեղից ձեռնածություններ անում։
Հինգ-տասը տարեկան երեխեք էինք, լռում էինք, լռում, և այդ լռության հետ մեր մեջ դանդաղ ներծծվում էր ատելության թուրմը։ Երկուստեք բխող ատելության ճնշման տակ գետը երբեմն բարակում էր, կծկվում, երբեմն էլ զայրույթով ափերից դուրս գալով` սպառնագին հոխորտում ափամերձ բնակավայրերի վրա։
Սահմանամերձ գյուղում քեռի Պետոյի մասին ասում էին, որ մահը նրանից երես է թեքել։ Գաղտնիք ուներ քեռի Պետոն, և այդ գաղտնիքն ամենևին էլ գաղտնիք չէր։ Խոսում էինք շշուկով, տարվա բոլոր եղանակներին և օրվա բոլոր ժամերին։ Ցրտին ցուրտն էր սաստկանում, շոգին՝ շոգը։ Այդ պատմությունը գլաքարի պես այնքան էր հղկվել, որ թվում էր` Թումանյանի ձեռքով է անցել։ Հեռու քաղաքներից մարդիկ ոտով, ձիով, թե բեռնատարներով գալիս էին մեր գյուղ` անձամբ համոզվելու համար, որ այն հորինովի չէ։
-Ճի՞շտ է, քեռի Պետո։
-Ավելի ճիշտ չի լինում. էս կոտրած ձեռքերով կրակ տվեցի։
Այն, ինչ քեռի Պետոյին էր վիճակվել, դեռևս էն ժամանակ, երբ ինքը մի պատանի էր, թուրքական եղեռնագործության նախշազարդ գորգի մի նախշն էր միայն։
Հայ հալածյալ ընտանիքները մարագը լցնելով` թուրք ասկյարներն ուզում են կրակ տալ ու այդ խարույկի վրա տաքացնել իրենց սառած ձեռքերը։ Թուրք սպան, որն ապագայում դառնալու էր թուրքական գրականության նահապետ, ասաց.
-Էֆերիմ, էնպիսի մի խարույկ բեմադրեմ, որ, ձեռքերից զատ, մեր հոգիներն էլ ջերմանան։
Թուրք սպան մարագում խցկված «փայտամթերքից» ջոկեց մի գեղեցիկ պատանու և ասաց.
-Սիրուն հայ, աչքունքով տղա ես, հեչ խորովվելու բան չես։ Անունդ բաշխիր։
-Անունս Պետո է, սասունցի եմ։
-Լավ է, որ սասունցի ես,- ասաց սպան,- աշխարհն առանց սասունցիների տխուր կլինի։ Ես քեզ ձեր ցեղը շարունակելու միջոց կտամ։ Սրանցից մեկին-երկուսին էլ քեզ կբաշխեմ, որ քեզ փրկիչ զգաս։ Փոխարենը՝ խարույկը վառելու պատիվը քեզ կշնորհեմ։ Եթե հրաժարվես, ինքս կստանձնեմ էդ պատիվը ու քեզ էլ խարույկի ամենաթեժ հատվածում կտեղադրեմ։
Ի՞նչ եք բոլորդ սուրբ ձևանում, աշխարհը հո հերոսներով չի՞ շնչում։ Քեռի Պետոն, որն այն ժամանակ աչքունքով սիրուն մի պատանի էր, ընտրեց իր ցեղը շարունակելու և փրկչի հեռանկարը։
Թուրք սպան որպես հավելում ասաց.
-Ճիշտ վարվեցիր, սիրուն հայ։ Դու դարձար փրկիչ, իսկ ես ապագայում կգրեմ. «Հայերն իրենց ձեռքով իրենց տունը վառեցին»։
Պետոյին բաշխված մեկ-երկու հայերն էլ դարձան մեր սահմանամերձ գյուղի կորիզը։ Մի քիչ որ փորփրեմ, ինքս էլ, որ այս պատմությունը գրում եմ, Պետոյի հորինած ցեղից դուրս կգամ։
-Ճի՞շտ է, քեռի Պետո...
-Ճիշտն էն է, գառնուկներ, որ վառվողները վառվեցին-գնացին, իսկ ես մինչև օրս էլ շարունակում եմ վառվել։
Կարելի էր հենց այստեղ էլ վերջակետ դնել և փայփայել թուրք սպայի միտքը. «Աշխարհն առանց սասունցիների տխուր կլինի»։ Կարելի էր նաև սպանել քեռի Պետոյին և սպանելով փրկել մեր փրկչին։ Հենց խոսքը հայ ու թուրքին է գալիս, հազար ավարտ է ծնվում, և նրանցից ոչ մեկը կատարյալ չէ։ Թերի ավարտով պատմվածքները թուրքական խարույկների պես ցավ են արտաշնչում։
Եթե կնոջս լսեի ու վերնագիրը նախօրոք դրած չլինեի, թուրքի ձիու պատմությունը ապագային կթողնեի։ Այդպես էլ կվարվեի, եթե նա, ում անունը երդվել եմ այլևս չհիշել, իր կյանքի վերջին հանգրվանում մխացող քեռի Պետոյին տեղաշորից չհաներ, ձեռնափայտը ձեռքը չտար ու չասեր. «Գնա՛, մեղքդ քավիր»։
Իսկ քեռի Պետոյին վերևից իջած հրամանից առաջ սահմանի այն կողմում արածող թուրքի ձիու խելքին փչեց սահմանը հատել ու մեր կողմն անցնել։ Մինչ սահմանախախտ ձիու ճակատագիրը կորոշեին երկու երկրների պետական այրերը, ձին կոլխոզի գոմն արեցին։ Մեզ էլ ի՞նչ էր պետք։ Մի քսան երեխայով քսան ճիպոտով զինված ներխուժեցինք գոմ ու սկսեցինք հաշվեհարդարը։ Ատելությունը մեր մանկական խելքից ուժեղ դուրս եկավ։
Էս էլ թուրքի ձին։ Նա էլ, ինչպես Չալոն, չգիտեր` հայն ինչ բան է, թուրքն ինչ բան է։ Չգիտեր, թե ինչպես է կոչվում այն երկիրը, ուր ինքը ապրում է, և որտեղի՞ց է սկսվում և որտեղ է ավարտվում այն գետը, որն ինքը հատեց։ Չգիտեր` ինչ բան է սահմանը և ո՞վ է այն գծել։ Նա ձի էր և ձիու իր կյանքը ավելորդ բաներով չէր լցնում։ ՈՒզում էր հասկանալ, թե ինչո՞ւ է անգթորեն ծեծվում, ինչո՞ւ են էս մի մատ երեխեքը իրեն ատում։ Ամեն կենդանի արարած այս աշխարհում իրավունք ունի գիտակցելու իր մեղքը։ Ծեծը, որը մենք հորինեցինք որպես հատուցում այն ամենի, ինչը տեսել էինք ու լսել, մինչև այսօր էլ կշարունակվեր, եթե նա, ով առաքելություն էր ստանձնել, չհայտնվեր հայի ու թուրքի դառնահամ պատմության ճիշտ կիզակետում։
«Մոռանում է նա, ով հիշում է»,- մտածեց նա և տարիներ շարունակ իր մեջ բանտած բամբ ձայնով որոտաց.
-Էս ի՞նչ եք անում, երեխեք։ Ախր էս ձին մեր հող ու ջրի ծնունդ է։
Ձեր հոգուն մեռնեմ, ախր էսպես չի լինի, ոչ ձեր զոհին եք ճանաչում, ոչ էլ դահճին։ Ի՛նձ ճիպտեք, ես իմ մեղքը խոստովանում եմ։
Եվս մեկ ավարտ, որի սկիզբը այրվում է խարույկի մեջ։ Հայի շունը, թուրքի ձին և քեռի Պետոն մի քանի օրից պատմվածքից դուրս կգան։ Նրանց ճակատագիրը այլևս իմ ձեռքում չէ։ Անկեղծ ասած, այլևս Չեխովից չեմ վախենում։ Ոչ այն բանի համար, որ ինքս էլ պարզ բաներից խոսեցի։ Հայի ու թուրքի պատմությունն այնքան էլ պարզ բան չի, էդ մենք ենք, որ պարզեցնում ենք։ Եթե մի զտարյուն թուրք ձեռքս ընկներ, էս պատմվածքը նրան կկարդայի։ Թող լսեր ու խճճվեր. միտքը լարած վերջ ու սկիզբ ման գար, իր մեղքն ու իմ մեղքը իրարից զատեր։ Եթե գլուխ հաներ, կասեի՝ կեցցե՛ս, թուրք։
Եթե ինքը իմ պատմվածքից գլուխ չհանի, ես նրա պատմվածքից ո՞նց գլուխ հանեմ։ Հա, ասացի՝ Չեխովից չեմ վախենում։ Ճիշտ լսեցիք։ Մինչև ե՞րբ պետք է վախենանք. ես՝ Չեխովից, դուք՝ պատմությունից, քեռի Պետոն՝ իր ճակատագրից, հայի շունը՝ իր հավատարմությունից, թուրքի ձին՝ քավության նոխազ դառնալուց, հանրապետությունը՝ իր նախագահներից։
Հիմա արդեն հանգիստ խղճով կարելի է այս պատմվածքը կնոջս դատին հանձնել, չնայած ասելիքը գիտեմ. մի երկու բերան հորանջելուց հետո քեռի Պետոյի բառապաշարով կրակելու է.
-Ախր էսպես չի լինի, գրող ախպեր, աջ-ձախ խփում ես, ոչ ընթերցողին ես խղճում, ոչ էլ քեզ։

Դիտվել է՝ 5018

Մեկնաբանություններ