Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԱՅՍ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»

«ԱՅՍ ՆԿԱՐՆԵՐՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, ԿԱ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ»
26.11.2010 | 00:00

Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է «Մարմին. նոր պատկերային արվեստը Հայաստանում» խորագրով ցուցահանդես: Կերպարվեստը, իբրև առանձին արվեստի տեսակ, սկզբնավորման պահից մշակել է կանոններ մարդկային մարմնի պատկերման ու ընկալման մասին: Ցուցահանդեսը համադրող արվեստագետները (Արարատ Սարգսյան, Սարգիս Համալբաշյան, Արևիկ Արևշատյան, Արման Գրիգորյան, Դավիթ Կարեյան) միավորել են կերպարվեստի կարևորագույն հարցերից մեկը` մարմինը: Ներկայացված է 39 արվեստագետների ավելի քան 50 աշխատանք: Ներառվել են արվեստի տարբեր տեսակներ` քանդակ, լուսանկար, գեղանկար, վիդեո` արտ, ինստալյացիա: Առաջին անգամ Հայաստանում փորձ է արվում համատեղ ներկայացնել տարբեր սերունդների տարբեր մեթոդներով աշխատող արվետագետների, վերացնել դասականների ու ժամանակակիցների միջև եղած ներքին հակամարտությունը, ինչը, ըստ վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանի, կվերացնի սեկտայությունը և ավելի հետաքրքիր կդարձնի արվեստի միջավայրը: Էդվարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Արման Գրիգորյանի, Հակոբ Հակոբյանի, Էմիլ Գազազի և այլ արվեստագետների կողքին ներկայանում են երիտասարդ արվեստագետներ Դիանա Հակոբյանը, Օվսաննա Շեկոյանը, Սվետլանա Անտոնյանը (Օկիան), Տիգրան Խաչատրյանը… Ինչի՞ համար է մերկ մարմինների այս ցուցադրությունը, կամ ինչո՞ւ է անվանվում նոր պատկերային արվեստ: Պարզվում է` այստեղ կան գործեր, որ արվել են խորհրդային տարիներին ու պահվել արվեստանոցներում: «Խորհրդային նկարիչը մերկ մարմին կարող էր նկարել, եթե պատկերում էր մարզիկի, այլ մերկ մարմին եթե նկարեր, չէին ցուցադրի: Այսինքն, քո ամբողջ ուսումնական պրոցեսը, որ հիմնված է մերկ մարմնի վրա, դառնում էր ավելորդ: Ավարտում էիր և չէիր կարողանում ցույց տալ գիտելիքներդ,- ասում է Արարատ Սարգսյանը։- Մեր ցուցահանդեսը նաև տաբուները հաղթահարելու խնդիր է առաջ քաշում»: Իսկ խնդիրը մարդն է և իր մարմինը, ընդվզումը մարմնի դեմ: Ոմանք պլաստիկ վիրահատություններ են անում, կռվում են իրենց մարմնի դեմ, կարծում են` ինչ-որ բան սխալ է: Բայց, արվեստագետի համոզմամբ, ոչինչ սխալ չէ: Մարդիկ տարբեր են, պետք է համակերպվել սեփական մարմնի հետ, ոչ թե կռվել: Իսկ պատրա՞ստ է այսօր մեր հասարակությունը նման ցուցադրությունների: «Մենք` արվեստագետներս, հայ հասարակության հետ, կարծես, և՛ կապ ունենք, և՛ չունենք: Այս ցուցահանդեսը նկարիչներով ենք համադրել: Սկսենք նրանից, որ դա պիտի անեին արվեստաբանները, բայց արվեստաբանները Հայաստանում ցուցահանդես չեն անում, նրանք չեն մտածում, որ պետք է միջնորդ դառնալ հասարակության և արվեստագետի միջև: Երեխան այսօր բաց տեսարաններ կարող է դիտել հեռուստատեսությամբ և չհասկանալ` ինչ է դա: Մեզ մոտ շատ անգամ դա տաբուներ չի կոտրում, տաբուներ ավելացնում է»: Ազատությունից գռեհկացում մի քայլ է` նկատում եմ, այս դեպքում չկա՞ նման վտանգ: Իսկ պատասխանն այսպիսին է. «Այս նկարներում ազատություն չկա, կա ճշմարտություն: Նկարիչներն ազատ մարդիկ են, ազատ լինելու խնդիր չունեն»: Թե ինչ տաբուներ են կոտրելու բազմաձև մարմինների բաց տեսարանները, դժվար է ասել: Բացասական արձագանքներ լսելի էին մինչ ցուցահանդեսի բացումը: Ցուցասրահի ապակեպատ փակ դռան հետևից նայող մարդիկ, ակնարկելով կանացի մարմինը պատկերող նկարներից մեկը, բազմանշանակ մեկնաբանություններ թողեցին ու հեռացան` «արդեն տեսնում ենք, թե ինչ լավ ցուցահանդես է» ասելով։ Զրուցակցիս աշխատանքներում ռոմանտիկ քնքշություն կար: Հետաքրքրվեցի` «ինչի՞ մասին են» ներկայացված գործերը: «Իմ աշխատանքները «Սեր» կոչվող փոքրիկ բրոնզե քանդակներ են, հիմնականում սիրային պատկերներ, ներկայացվում է մարմինը` սիրո պահին»,- ասաց Արարատ Սարգսյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2731

Մեկնաբանություններ