Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ԿԻՆՈՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ Է, ՈՎՔԵՐ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՄՏԱԾԵԼ»

«ԿԻՆՈՆ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ Է, ՈՎՔԵՐ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՄՏԱԾԵԼ»
27.03.2012 | 00:00

Առաջին անգամ նկարահանվում է գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ սումգայիթյան իրադարձությունների մասին: Սցենարի հիմքում Գրետա Վերդիյանի «Չորս մայրերը» վիպակն է: «Երկու աշխարհից ի հիշատակ» ֆիլմը նվիրվում է ազգամիջյան հակամարտությունների զոհերին: Այն փոքրիկ աղջկա` Աշենի մասին է, ում ծնողները բաժանված են և ապրում են սահմանամերձ քաղաքի տարբեր հատվածներում: Իրադարձությունները զարգանում են Խորհրդային Ադրբեջանում: Աշենի ծնողները հայ են: Նրանք չեն կարողանում որոշել` որտե՞ղ պետք է երեխան ապրի, ու ժամանակ առ ժամանակ «փախցնում» են իրարից: Աշենի հոր երկրորդ կինը` ազգությամբ ռուս, նրա համար դառնում է երկրորդ մայր, քանի դեռ նա ապրում է հոր մոտ: Փոքրիկ աղջկա համար բոլոր մարդիկ լավն են, անկախ ազգությունից: Սկսվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: ՈՒթամյա աղջկա մանկությունը պաշտպանված չէր մեծահասակների աշխարհի ագրեսիայից: Աշենին փրկում է ադրբեջանցի հարևանուհին` կորցնելով սեփական դստերն ու հայ ամուսնուն:
Ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր ՆԻԿԱ ՇԵԿԸ մեզ հետ զրույցում նշեց, որ երբ սկսել են ֆիլմի նկարահանումները, սումգայիթյան իրադարձությունների մասին անգամ վավերագրական ֆիլմեր չեն եղել, հայկական կողմից չեն կարողացել ձեռք բերել թեմային վերաբերող տեղեկություն: «Փոխարենն ադրբեջանցիները համացանցում և այլուր տարածում են կեղծ տեղեկություն, թե ինչպես են հայերը կոտորել իրենց: Տեղեկատվական դաշտում նրանք ակտիվ են, հայերը լռում են, և տպավորություն է ստեղծվում, թե մենք ենք ագրեսորը»,- ասաց նա` տեղեկացնելով, որ ֆիլմի նկարահանումները կավարտվեն սեպտեմբերին:
«Երկու աշխարհից ի հիշատակ» ֆիլմին աջակցում են Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Միքայել Բաղդասարովը, սակայն նկարահանող խումբը ֆիլմն ավարտում է պարտքերով: Նիկա Շեկի խոսքով` ֆիլմն ունի նաև համապրոդյուսեր Գերմանիայից, բայց, քանի որ թեման քաղաքական է, օտարերկրյա պետական ֆոնդերը խուսափում են որևէ կերպ աջակցելուց: Հակառակ դեպքում ֆիլմը վաղուց ավարտված կլիներ, նշում է ռեժիսորը: Ի դեպ, ֆիլմի ստեղծման լուրը հասել է ադրբեջանցիներին, նրանք հոդված են տպագրել, որտեղ ասվում է, թե ֆիլմը ֆինանսավորում են գերմանացի նեոֆաշիստներն ու հայ նեոնացիստները: Մեր հարևանները, Նիկա Շեկի հավաստմամբ, շատ այլ զավեշտալի բաներ են անում. հայ կինոգործիչների, կինոկենտրոնի ներկայացուցիչների հարցազրույցները թարգմանում են, տեղադրում Bakutoday.net կայքում այնպես, իբր պատասխանել են իրենց թղթակցի տված հարցերին:
Մի բան հստակ է, ֆիլմը նախատեսված է հայ և ոչ միայն հայ հանդիսատեսի համար, նկարահանվելուց հետո այն կներկայացվի միջազգային փառատոներում, կցուցադրվի Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում և այլուր:
Առհասարակ, ռեժիսորը նշում է, որ նախագծերը շատ են, քիչ են հնարավորությունները: Նիկա Շեկը և նրա ամուսինը` Սարիկ Հովսեփյանը (ով նաև «Երկու աշխարհից ի հիշատակ» ֆիլմի համապրոդյուսերն է), հիմնել են Հայաստանի երիտասարդ կինոգործիչների ասոցիացիա, մշակել են կինոյի զարգացման վերաբերյալ ընդարձակ ծրագիր, որը փորձում են իրականացնել տեղի և արտասահմանյան հիմնադրամների միջոցով:
Նիկա Շեկը համագործակցում է արտերկրի կինոստուդիաների հետ: 26 խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է («Ինչի մասին են երգում քարերը», «Այնտեղ տեսա ես աշխարհը», «Միադարպասային խաղ»):
Ռեժիսորն անդրադարձավ նաև հայ կինոյում առկա խնդիրներին: «Հայաստանը չունի կինոյի մասին օրենք, ու այստեղից են սկսվում բոլոր խնդիրները: Կինոարտադրության համակարգը մեզ մոտ գործում է հին խորհրդային մոդելով, երբ կար «Հայֆիլմ» կինոստուդիա, և միակ պրոդյուսերը, կարելի է ասել, պետությունն էր,- ասաց նա:- Մենք այսօր ունենք մասնավոր պրոդյուսերներ, բայց չկա հստակեցում և ճիշտ ուղղորդում: Կինոյի մասին օրենքը պետք է կարգավորի բոլոր այդ մեխանիզմները, մշակի ճիշտ ֆինանսավորման մեխանիզմ: Որոշ երկրներում, օրինակ, օրենքը նախատեսում է, որ գովազդատուները, ծխախոտի, ալկոհոլի և այլ բիզնեսների սեփականատերերը տարեկան իրենց եկամտից մի չնչին տոկոս տրամադրեն կինոարտադրության բյուջեին։ Սա կօգնի ուշքի բերելու կինոյի համակարգը, միաժամանակ կթեթևացնի պետության հոգսը: Այսօր բացակայում է կենդանի, առողջ մրցակցությունը: Շատ քիչ են կինոընկերությունները, որպեսզի կարողանան մրցակցել: Էլ չենք խոսում այն մասին, որ ունենք մեկ կինոթատրոն, որը շատ անկեղծ ասում է` հոգնեցրիք ձեր «վատ» ֆիլմերով, ավելի լավ է հոլիվուդյան «լավ» ֆիլմ ցույց տամ ու գումար աշխատեմ, կլինի՞ դուք ընդհանրապես չնկարեք, կամ վճարեք ու ցույց տվեք ձեր կինոն: Այնինչ ժամանակին Երևանն ուներ 28 կինոթատրոն»: Ռեժիսորը համաձայն չէ այն տեսակետին, որ այսօր կինոն չունի հանդիսատես: Ըստ նրա` կինոթատրոնների առկայությունը հնարավորություն կընձեռի ներկայացնելու և՛ հեղինակային, և՛ եկամտաբեր ֆիլմեր: Անհնար է շրջանցել նաև այն փաստը, որ այսօրվա սերիալները, հեռուստահաղորդումները փչացնում են ժողովրդի ճաշակը: «Սա նույնպես մեծ խնդիր է և պետք է կարգավորվի պետական ծրագրով,- ասաց նա:- Սերիալներին սովոր մեր հանրությանը, իհարկե, այսօր դժվար է մատուցել ֆիլմ, որը ստիպում է մտածել: Մարդիկ գերադասում են նայել «իրենց» սերիալն ու, ինչպես ընդունված է ասել, «անջատել» ուղեղը: Ալեքսանդր Գորդոն ասում էր` կինոն նրանց համար է, ովքեր նախընտրում են մտածել: Որպես օրինակ, ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 2011-ին ունեցավ համաշխարհային պրեմիերա Ասիայի ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում: Հայաստանն առաջին անգամ հանդես եկավ «Պուսան»-ում, որից հետո Միքայել Վաթինյանը ֆիլմ նկարելու բազմաթիվ առաջարկներ պետք է ստանար: Միայն մեր երկրում կարող է ռեժիսորի կյանքում «Պուսանից առաջ և հետո» ոչինչ չփոխվել: Մեզ մոտ ամեն ինչ պլաստիլինից է, ամեն ինչ կարող են վերաձևել, կարող են ասել` չունենք լավ կինո, կամ ընդհանրապես կինո չունենք»:
Վերադառնալով սումգայիթյան ջարդերին վերաբերող ֆիլմին, նշենք, որ նախագիծը արժանացել է Գերմանիայի, Ֆրանսիայի, անգամ Թուրքիայի կինոգետների հավանությանը:
Ֆիլմում նկարահանվել են պրոֆեսիոնալ դերասաններ և` ոչ միայն: Գլխավոր դերակատարը` 8-ամյա Անժելիկան (Անժելիկա Մաշուրան), ռեժիսորի խոսքով, միակն էր, որ նկարահանվում էր մեկ փորձից և ներկայացնում էր հանճարեղ խաղ: Դերասանական իր տաղանդով փայլել է նաև աղջկա խորթ մորը մարմնավորող, մասնագիտությամբ հոգեբան Ելենա Պրոխորենկոն: Երեխայի հարազատ մոր դերը կատարել է վերը նշված «Ժաննան և ձայները» ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարուհին` Արմինե Անդան:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2153

Մեկնաբանություններ